articles

Armenia allows Azerbaijan to shoot

Ադրբեջանը, օգտվելով այն վիճակից, որը ստեղծվել է միջազգային դիվանագիտական հարաբերություններում, շփման գծում նպատակաուղղված կրակոցները սարքել է, իրենց խոսքով՝ «ռազմական դիվանագիտության» մաս: Եթե հիշում եք՝ Ադրբեջանի արտգործնախարարը մի առիթով ասել է, թե ռազմական դիվանագիտությունը նպաստում է դիվանագիտական պրոցեսներին:
Այսինքն՝ խփում են մեր զինվորներին այն պահերին, երբ բանակցային պրոցես է: Ադրբեջանին պատասխանել նույն ձեւով՝ խնդրի լուծում չէ: Նրանք շատ ավելի ուրախ կլինեն, որ պատասխանենք, որովհետեւ իրենք ներկայացնում են, որ վիճակը շփման գծում խաղաղ չէ, եւ միջազգային հանրությանը հորդորում լինել ավելի ակտիվ եւ լուծել խնդիրը հօգուտ Ադրբեջանի:
Մինչդեռ չգիտես ինչով է զբաղված Հայաստանի դիվանագիտությունը, ինչով են զբաղված բոլոր պատասխանատու անձինք: Նախ շատ վաղուց պիտի մտածեին, որ ամեն մի սպանված զինվորի կյանքի պատասխանատվության հարցն իրենց վրա է: Ի վերջո՝ պետք է փոխել այս վիճակը, ոչ թե աշխարհով մեկ նվնվալ, թե՝ վայ, տեսեք ինչ եղավ: Իսկ որն է ճիշտ ճանապարհը:
Ստեղծել դիվանագիտական վիճակ շփման գծում, որպեսզի Ադրբեջանի կողմից արձակված ամեն մի կրակոց շատ թանկ նստի վերջինիս վրա եւ դառնա լրջագույն քաղաքական եւ միջազգային պրոբլեմ: Չէ որ ամեն մի կրակոց հենց տվյալ կողմի պրոբլեմն է, ո՞նց… Չէ որ Սոչիում Մինսկի խմբի ներկայությամբ կողմերի միջեւ պայմանավորվածություն հաստատվեց, որ յուրաքանչյուր միջադեպ պետք է հանգամանալի ուսումնասիրվի, իսկ այդ պրոցեսին բոլոր կողմերի ներկայությունը պարտադիր պայման ընդունվեց:
Մինչդեռ դրանից հետո առաջին իսկ միջադեպի ժամանակ Ադրբեջանը չի ներկայացել եւ դրանով իսկ խախտել է իր իսկ կողմից հաստատած պայմանավորվածությունը: Հետաքրքիր է` ինչո՞ւ սա չի դարձել միջազգային բանակցությունների կենտրոնական խնդիրը: Մինչեւ այդ խնդիրը չլուծվեր, եւ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկեին, Հայաստանը պետք է հրաժարվեր այլ հարց քննարկելուց:
Բայց դա չի արվել, անտեսվել է, իսկ Ադրբեջանն էլ հասկացել է, որ հանգիստ կարելի է շարունակել, եւ շարունակում է: Զինվորները զոհվում են, պատասխանատու անձինք ոչ մի պատասխանատվություն չեն կրում: Ադրբեջանն այսպիսով պատերազմի շանտաժն օգտագործում է Հայաստանի դեմ` միակողմանի զիջումներ կորզելու նպատակով: