articles

About Artsakh issue, again | There is no need to answer for the sins of others

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի` նորերս HardTalk-ի ձեւաչափով BBC-ին տված հարցազրույցը կրկին արդիականացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջազգային դիվանագիտության թեման: Նախեւառաջ ի հայտ եկավ կոնֆլիկտային իրավիճակի էության գնահատականներում մեծ տարաձայնությունների փաստը: Շատերը նախարարին մեղադրեցին արցախյան հակամարտության էությունը բացահայտելու անկարողության մեջ: Ճշմարտության մասնիկ դրանում կա. Հայաստանի իշխանություններն արդեն քառորդ դար միջազգային տարբեր հարթակներում իրենց հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքներ են «կուլ տալիս» միջազգային իրավունքի կանոնները խախտելու համար: Մնացականյանը բացառություն չէ: Իսկ հայկական իշխանությունների այդօրինակ դիրքորոշման պատճառը միանգամայն տրիվիալ է. չափազանց մակերեսորեն է ընկալվում միջազգային իրավունքի իմաստը: Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ երբեք չենք ունեցել սեփական իրավունքների ողջամիտ ընկալում` ի սկզբանե, դեռեւս 1994 թվականից, համարվում էր, որ մեր գործողությունները հակասում են միջազգային իրավունքին եւ միջազգային հանրության դիրքորոշմանը: Առաջին հերթին` դա վերաբերում է կոնֆլիկտային իրավիճակի տարածքային բաղադրիչին: Ներկայիս Արցախի հանրապետության տարածքում չձեւավորվեց սեփական իրավունքների տրամաբանական եւ հասկանալի հայեցակարգ: Եվ, ընդհանրապես, իրավունք հասկացությունն այդպես էլ չիմաստավորվեց` որպես սեփական դիրքորոշման փաստարկման մեխանիզմ:

Գործերի այդպիսի վիճակը Ադրբեջանին ու նրա կողմնակիցներին հնարավորություն տվեց անդադրում պնդել Արցախի դեմ օրինական հիմունքով զենք կիրառելու իր իրավունքի մասին: Իսկ Հայաստանին մնում էր միայն արդարանալ` զինվելով Արցախի բնակչության անվտանգության պաշտպանության մասին փաստարկով: Բնականաբար` պարբերաբար գտնվում են մարդիկ, ովքեր ուղղակի Հայաստանին մեղադրում են միջազգային իրավունքը խախտելու համար: Հայաստանի պատասխանատու անձանց գլխում ոչ մի կերպ չծագեց այն միտքը, որ միջազգային հանրության հետ իր բանակցային ծրագրահենքն ու խոսքը պետք է կառուցել 1992թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ամենասկզբից միջազգային իր պարտավորությունների կոպիտ խախտման համար Ադրբեջանին խստորեն մեղադրելու հենքի վրա: Եվ բանն ամենեւին Ադրբեջանի կողմից հայ բնակչության իրավունքների ոտնահարումները չեն, այլ` ստանձնած պարտավորությունների կոնկրետ խախտումը, որն էլ Արցախի ներկայիս ստատուս-քվոյի կազմավորմանն էր հանգեցրել:

Արցախի հանրապետությունն, իր ներկայիս սահմաններով, ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումից Ադրբեջանի հրաժարման ուղղակի հետեւանք է: Համապատասխանաբար` Արցախի հանրապետության տարածքում Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի: Ոչ մի իրավունք չունի նաեւ այդ տարածքի ապագա կարգավիճակը որոշելու: Այդպիսի իրավունքների մասին Ադրբեջանը կարող էր խոսել, եթե պահպաներ ստանձնած միջազգային պարտավորությունները: Մանավանդ որ, հակամարտության կարգավորման բանակցությունները վարվում են ԵԱՀԿ-ի շրջանակներում, որտեղ ընդունվել էին այդպիսի պարտավորություններ:

Հակիրճ պարզաբանենք վերն ասվածը: Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական փուլ մտավ ԽՍՀՄ-ի եւ նրա Սահմանադրության վերացումից հետո: ԽՍՀՄ-ը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, գոյությունը դադարեցրել է 1991 թվականի դեկտեմբերի 26-ին: Հետխորհրդային տարածքում հարաբերությունները կարգավորելու իրավական ոչ մի մեխանիզմ այն ժամանակ չկար: ԽՍՀՄ նախկին հանրապետությունները սկսել էին իրենց միջազգային ճանաչումը ստանալ: Ոչ ոք հատուկ չէր շտապում դա անել: Ռուսաստանն, օրինակ, Ադրբեջանը` որպես անկախ պետություն, ճանաչել է միայն 1992 թվականի ապրիլի 10-ին: Սակայն այդպիսի կիսաճանաչված վիճակում նոր երկրները սկսել էին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության (ԵԱՀԽ) մեջ մտնել:

Մի տեսակ տարօրինակ է. այդ միջազգային ձեւաչափում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Հանելուկ էր մնում, թե ինչպես էին այդտեղ հայտնվել ԵԱՀԽ-ի ընդամենը մի քանի անդամի կողմից ճանաչված նոր պետությունները: Բայց, հավանաբար, դեր է խաղացել հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը: ԵԱՀԽ-ն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի` այդ կառույց մտնելու հետ միաժամանակ (Պրագա, 30 հունվարի 1992թ.): Այսինքն` հակամարտության կարգավորումն այդ երկրների միջազգային ճանաչման նախաբանը եղավ: ԵԱՀԽ-ի գործողություններից դա նկատելի է ողջ ակնհայտությամբ:

1992 թվականի հունվարի 30-31-ին ԵԱՀԽ արտաքին գործերի նախարարների խորհուրդը փարիզյան հանդիպման ժամանակ որոշում էր ընդունել իր զեկուցողներին ուղարկել արցախյան հակամարտության գոտի: 1992 թվականի փետրվարին ԵԱՀԽ հատուկ առաքելությունը Միջազգային հելսինկյան ֆեդերացիայի նախկին նախագահ, Չեխոսլովակիայի նախագահի այն ժամանակվա կաբինետի ղեկավար Կարել Շվարցենբերգի գլխավորությամբ այցելել էր Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Այցի արդյունքներով պատրաստվել էր զեկուցում, որը քննարկման առարկա էր դարձել ԵԱՀԽ-ի 1992 թվականի փետրվարի 27-28-ին եւ մարտի 13-14-ին կայացած` Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի (ԱՊԱԿ) 7-րդ եւ 8-րդ նիստերում: Փետրվարի 28-ին ԱՊԱԿ-ն ընդունել էր որոշում, որի գլխավոր բաղադրամասերն էին` հրադադարը, մարդասիրական միջանցքների ստեղծումը եւ հակամարտության տարածաշրջան սպառազինությունների մատակարարման բռնարգելքը:

Այստեղ մենք մոտենում ենք սույն հոդվածի գլխավոր թեմային: 1991 թվականի նոյեմբերից, երբ ԽՍՀՄ ներքին զորքերը լքեցին Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանն արդեն շրջափակման մեջ ու հրետակոծության տակ էր պահում Արցախը: Սկսած 1992 թվականի հունվարի 30-ից` Ադրբեջանը պարտավոր էր դադարեցնել թշնամական գործողությունները, քանի որ ԵԱՀԽ-ում միջազգային պարտավորություններ էր ստանձնել:

ԵԱՀԽ-ի Եզրափակիչ ակտում գրված սկզբունքների համաձայն, այդպիսի պարտավորություններ են մասնավորապես.

  • մասնակիցները միմյանց միջեւ եղած վեճերը լուծելու են խաղաղ միջոցներով՝ այնպես, որպեսզի չվտանգեն միջազգային խաղաղությունը եւ անվտանգությունը;
  • մասնակիցներն ընդունում են սեփական ճակատագիրը տնօրինելու՝ ժողովուրդների իրավունքը:

Այդպիսի պարտավորությունների ստանձնումը եղել է Ադրբեջանին ԵԱՀԽ ընդունելու գնով: Բայց այդ երկիրն այնքան էլ լուրջ չվերաբերվեց այնպիսի հասկացությանը, ինչպիսին է միջազգային պարտավորությունը մի կազմակերպությունում, որը կանոնակարգում է տարածքի, սահմանների, ինքնորոշման, կարգավիճակի նկատմամբ իրավունքների օրինականությունը: Եթե լուրջ վերաբերվեր՝ չէր հայտնվի այսօրվա իրավիճակում: Այդ իմաստով կարելի է արձանագրել հետեւյալը. արդեն 1992-ի փետրվարին Ադրբեջանը չկատարեց ստանձնած պարտավորությունները՝ «Գրադ» համակարգ կիրառելով Ստեփանակերտի դեմ, այսինքն՝ խախտեց Հելսինկյան եզրափակիչ ակտը: Այդ պահից Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ ագրեսիա, որն ավարտվեց 1994 թվականին նրա պարտությամբ: Արցախի հանրապետությունը ներկա տեսքով Ադրբեջանի ագրեսիայի ուղղակի հետեւանքն է:

Չի կարելի պնդել, թե միջազգային հանրությունն անտեսել է այդ փաստը: Դրա հաստատումն են բազմաթիվ բանաձեւերը: Օրինակ՝ 1999թ. մարտի 11-ին Եվրախորհրդարանն ընդունեց «Կովկասում խաղաղ գործընթացին աջակցելու մասին» բանաձեւը, որում ճանաչում է փաստը, որ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը իր անկախությունը հռչակել է 1991 թվականի սեպտեմբերին` ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ համանման անկախություն էին արդեն հռչակել նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունները» (https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=uriserv:OJ.C_.1999.175.01.0251.01.ENG)

Ինչպես տեսնում ենք, սեփական ճակատագիրը տնօրինելու՝ Լեռնային Ղարաբաղի իրավունքը ճանաչվում է առանց այլեւայլության: Մինչ այդ, ընդունվել էին բանաձեւեր, որոնք մատնացույց էին անում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի թշնամական գործողությունները: Եղան նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով: 1994 թվականին ԵԱՀԽ-ի կողմից ճանաչվել էր զինադադարի մասին մայիսի 12-ի պայմանագիրը, որը հակամարտության մյուս կողմերի հետ միասին ստորագրել էին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները:

«Աննկատ» էր մնացել (ավելի ստույգ՝ պաշտոնապես չամրագրված) միայն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման փաստը, ինչը ծանր հետեւանքներ ունեցավ բոլորի եւ, առաջին հերթին, հենց իր համար: Դա թույլ է տալիս Ադրբեջանին «իրավունք ճոճել» ողջ աշխարհի առջեւ: Այդ ամենը հանգեցրեց նաեւ նրան, որ Ադրբեջանը երկրորդ անգամ միջազգային իրավունքը խախտեց 2016 թվականի ապրիլին՝ չկատարելով 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի պայմանները:

Ի՞նչ իրավունքների մասին կարող է խոսել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները խախտած երկիրը: Եվ Հայաստանի կողմից միջազգային իրավունքի ի՞նչ չհարգման մասին կարող են խոսել` որտեղ էլ որ լինի: Ադրբեջանը չպետք է պատերազմ սկսեր` շրջանցելով ընդունած միջազգային պարտավորությունները, եւ տանուլ տար այդ պատերազմը: Քանի որ դա կատարվել է` կասկածի տակ են նաեւ Ադրբեջանի իրավունքները:

Հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցող` Հայաստանի պատասխանատու անձինք պետք է լավ իմանան հակամարտության կողմերի իրավունքների եւ պատասխանատվության մասին: Պետք է լավ իմանան նաեւ ներկայիս ստատուս-քվոյի ծագումնաբանությունը: Դա նրանց թույլ կտա հեռանալ մեր երկրին պարտադրվող` աշխարհում ինչ-որ մեկի առջեւ ունեցած կարծեցյալ պարտավորություններից: Ադրբեջանի եւ միջազգային հանրության հետ հարկավոր է խոսել միայն տարածաշրջանի ժողովուրդների առջեւ այդ երկրի պատասխանատվության մասին: Եվ ուրիշ` ոչ մի բանի: Իր իրավունքները պետք է պահպանել եւ ոչ ոքի թույլ չտալ ոտնձգություն կատարել դրանց նկատմամբ: Մնացած ամեն ինչը կարելի է կարգավորել:

Եվ պետք չէ ասել, թե «աշխարհը կառուցված է ազգային շահերի վրա», թե` «իրավունքը կեղծիք է», թե` «ուժն է ծնում իրավունք»: Ավելի լավ է մտածել` արդյո՞ք կա Ուժ, եւ որտեղից է այն ծնվում: Այդժամ հնարավոր կլինի հասկանալ, որ «ուժը ծնվում է սեփական իրավունքների ճանաչման պայքարից»: Միայն հարկավոր է հավատալ իր ճշմարտացիությանը:

Սա պոեզիա չէ, այլ քաղաքականության աշխարհի պարզ տրամաբանություն: