The "Big Pause" in the Greater Middle East
Թե որոնք են Մեծ Մերձավոր Արևելքի սահմանները, յուրաքանչյուրը յուրովի է որոշում` համաձայն իր աշխարհայացքի, մտածողության ու պատկերացման, օժտվածության ու հավակնությունների ընդգրկման։ Համենայն դեպս, դա մի վիթխարածավալ տարածություն է, որ փռված է Նեղոսից ու Բոսֆորից մինչև Կովկաս ու Պամիր։ Այս տարածքի հանդեպ ավանդաբար ուշադիր ամերիկացիներն այնքան ոգևորվեցին ԽՍՀՄ-ի փլուզմամբ, որ նրանց թվաց, թե մնացած խնդիրները կլուծվեն ինքնըստինքյան։ Բայց դա այդպես չէր, և նրանք ստիպված եղան կռվելու հերթով` Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու Կենտրոնական Ասիայում։
Մերձավոր Արևելքի իրադարձությունները տպավորություն են ստեղծում, թե ինչ-որ մեկը մոլորության մեջ է գցել ամերիկացիներին ու նրանց գործընկերներին և արաբներին, մասնավորապես, առաջնորդել է պատմական զարգացման այլ ուղիով։ Աշխարհի աչքի առջև ԱՄՆ-ը մի տեսակ շփոթված է և, թվում է, պատրաստ չի եղել այդ հեղափոխական իրադարձություններին։ Բայց չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը, որտեղ գործող անձինք, այսպես կոչված, նեոպահպանողականներն էին, բազմիցս հայտարարել է, թե ԱՄՆ-ը նոր քաղաքականություն է սկսում «Մեծ Մերձավոր Արևելքում», ըստ էության, միայն իսլամական աշխարհի տասնյակ երկրների համընդհանուր ժողովրդավարացում։ Այդ նպատակը մի տեսակ շատ արագ մոռացվեց։ Մերձավոր Արևելքը, ներառյալ Թուրքիան ու Իրանը, բավականին երկար ժամանակ գտնվում էր «մեծ դադարի» վիճակում, երբ ներքին դժգոհությունները հպանցիկ բնույթ էին կրում և էական ազդեցություն չէին գործում քաղաքական կարևորագույն գործընթացների վրա։
Հիմա առաջ է եկել տարածաշրջանի պատմական հեռանկարի հիմնական հարցը. ո՞վ իր ձեռքը կվերցնի նախաձեռնությունը, ո՞վ կստանձնի իշխանության ղեկավարումը, համենայն դեպս, Մերձավոր Արևելքի առանցքային երկրներում։ Եթե այդ գործընթացներն իշխանության բերեն «աշխարհիկ» քաղաքական վարչակազմեր, ապա ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը կպահպանի իր դիրքերը և դարձյալ որոշիչ ազդեցություն կգործի տարածաշրջանի վրա։ Եթե իսլամական շարժումները և կուսակցությունները տիրանան իշխանությանը, խնդիրներ կառաջանան ոչ միայն ԱՄՆ-ի, այլև մյուս համաշխարհային «ուժի կենտրոնների» համար։ Դա լիովին հասկանալի է, բայց կա նաև այլ հեռանկար, որն այժմ ինչ-որ չափով հաշվի չի առնվում. երբ արաբական պետական ազգայնականության տիպի այլընտրանք է առաջանում, որը կնախընտրի ավելի ազատական քաղաքական պայմաններ։
Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ում մշակվում է նոր հեռանկարային ծրագիր` նախատեսված 15-25 տարվա համար, հաշվի առնելով բազմաթիվ համաշխարհային և տարածաշրջանային խնդիրներ. նավթի ու գազի պաշարների ու արդյունահանման նվազումը, պարենամթերքի շարունակական պակասն ու ճգնաժամը, խմելու ջրի սակավությունը, ժողովրդագրական «պատերազմները», գաղթի, սոցիալական և ներքաղաքական ճգնաժամերի խնդիրը, համաշխարհային և տարածաշրջանային տիրապետության գաղափարների տարածման նոր պատմական միտումները, նոր կայսրությունների ստեղծման փորձերը, ռազմաքաղաքական դաշինքների ստեղծումը, խոշոր պետությունների և դրանց խմբերի հակամարտության նոր սցենարների մշակումը, համաշխարհային ֆինանսական և տնտեսական համակարգի փլուզումը, մեկուսացած շուկաների գոյացումը, տիեզերքից սպառնացող վտանգները, համապարփակ բնական և տեխնածին աղետները, կլիմայի խնդիրը։
Ինչ վերաբերում է Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանին, ապա ԱՄՆ-ում մշակվում են շատ սցենարներ և հակամարտությունների մարման եղանակներ։ Այդ մշակումներով զբաղված են ոչ միայն «նեղ պրոֆիլի» պրոֆեսիոնալ վերլուծաբաններ, այլև համալսարանական գիտնականներ ու հետազոտողներ, տեղեկատվական-հետախուզական կառույցներ, բիզնես շրջանակներ, կրոնական գործիչներ։ Առաջին անգամ ԱՄՆ-ում արտքաղաքական սցենարների մշակման գործում ներգրավվել են միանգամայն տարբեր ուղղության այդքան շատ փորձագետներ։ Ընդ որում, այդ մշակումներին ավելի ու ավելի շատ են ներգրավվում արտասահմանցի հետազոտողներ։ Սակայն, ԱՄՆ-ը դեռ հեռու է արտքաղաքականության խնդիրների մեծ մասի լուծումն ընկալելուց, և ամբողջ 2010 թվականն անցել է առավել լուրջ ըմբռնման փորձերի փնտրտուքով։
Մեծ Մերձավոր Արևելքի առնչությամբ չկա մի հայեցակարգ, մի փոքրիշատե ամբողջական պատկերացում խնդիրների լուծման վերաբերյալ, կան միայն հետազոտողների նոր խմբեր, և տեղի է ունենում բանավեճ այն հարցի շուրջ, թե ինչպիսին պետք է լինի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ապագայում` ավելի մեկուսացա՞ծ, թե՞, ընդհակառակը, շատ ուղղություններում, հիմնական խնդիրներում ավելի ակտիվ։ Եթե փորձենք ներկայացնել Մեծ Մերձավոր Արևելքի վերաբերյալ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները փորձագետների ու քաղաքական նախագծողների նոր խմբերի պատկերացմամբ, ապա կարելի է մատնանշել մշակումների հետևյալ կոնֆիգուրացիան։ Եգիպտոսում և արաբական այլ երկրներում տեղի ունեցած իրադարձությունները դարձան վերլուծական մշակումների թուլության նշան, բայց, այսպես թե այնպես, Մերձավոր Արևելքի առնչությամբ ԱՄՆ-ի ծրագրերը դեռևս առօրեական են։ Եթե ԱՄՆ-ը փոքր-ինչ շփոթված է, ապա դա ամենևին չի նշանակում, թե նա չգիտի ինչպես վարվել մարտավարական ու ռազմավարական ձևաչափում։ Այդ բանը չգիտեն Եվրամիությունը, Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Իրանը, բայց ոչ երբեք ԱՄՆ-ը։
Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմի, ռազմական ու քաղաքական ներկայության նպատակը եվրասիական ուղղությամբ Չինաստանի շրջափակումն է։ Աֆղանստանը պետք է մասնատվի, նրա տարածքում պետք է ստեղծվի մի քանի ազգային պետություն` որպես բոլոր ուղղություններով կառավարելիության և ճնշման կարևոր պայման։ Նույնպիսի ապագա է սպասում Պակիստանին, որն անընդունակ է լինելու կայուն, շատից-քչից ժողովրդավարական, անգամ ավտորիտար պետություն։ Ներկա աֆղանա-պակիստանյան տարածության վերահսկման առավել ընդունելի եղանակը մի քանի պետության ստեղծումն է։ Այդ տարածքը կոչված է դառնալու Չինաստանին զսպելու գլխավոր զանգվածը, և դա ԱՄՆ-ի, ապա նաև Եվրոպայի ու Ռուսաստանի գերնպատակն է 21-րդ դարում։
Կենտրոնական Ասիան, եթե նկատի ունենանք նախկին խորհրդային Միջին Ասիայի տարածքն ու հանրապետությունները, պետք է ինտեգրվի Հարավային Ասիային, նախ և առաջ Հնդկաստանին, նպատակ ունենալով թույլ չտալ, որ այդ տարածաշրջանի ռեսուրսները հոսեն Չինաստան։ ԱՄՆ-ը հասկացել է, որ Ռուսաստանը վաղուց արդեն ԱՄՆ-ի մրցակիցը չէ և չի կարող լինել Կենտրոնական Ասիայում, և առհասարակ Ռուսաստանի դերը Եվրասիայում ԱՄՆ-ի պատկերացմամբ շատ սահմանափակ է, իսկ ամերիկա-ռուսական դաշինքը մոտ ապագայում պետք է ուղղված լինի Չինաստանին զսպելուն։ Ո՛չ աֆղանա-պակիստանյան տարածքի, ո՛չ Կենտրոնական Ասիայի նկատմամբ ԱՄՆ-ը մտադիր չէ կիրառել ժողովրդավարացման որևէ սխեմա կամ միջազգային քաղաքականության այլ բաղադրիչ։ Առաջնայինը պետք է լինեն կայունությունը, անվտանգությունը, Չինաստանի և այլ տարածաշրջանների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը համարժեք մասնակցությունը։
Իրանը իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում պետք է դառնա ԱՄՆ-ի մերձավորագույն դաշնակիցը և տարածաշրջանային քաղաքականության մեջ հավասարակշռող առանցքային պետության դեր խաղա։ ԱՄՆ-ը չի հավատում, որ Իրանի կառավարող վարչակազմը երկար կգոյատևի, և Իրանի հակաամերիկյան քաղաքականությունը կշարունակվի։ Ամերիկացիները համոզվել են, որ Իրանը քաղաքակրթական կոդով և ոգով ավելի մոտ է Արևմտյան քաղաքակրթությանը, քան տարածաշրջանի այլ պետություններ ու ժողովուրդներ, և որ առանց նրա ակտիվ մասնակցության անհնար է Մեծ Մերձավոր Արևելքում որևէ ծավալուն քաղաքական նախագիծ իրականացնել։ Ամերիկյան փորձագետները շեշտը դնում են այն բանի վրա, որ Իրանը տարածաշրջանի մյուս պետություններից ավելի ունի անվտանգության երաշխիքների կարիք, և այդ երկրի իշխանությունը կլինի այն խմբերից մեկը, որոնք հանրությանը կառաջարկեն արտաքին անվտանգության անհրաժեշտ մակարդակ։ Հենց այդ պայմանի հիմքով էլ ԱՄՆ-ը հույս ունի գործընկերություն ծավալելու Իրանի հետ։
ԱՄՆ-ը Թուրքիան համարում է Արևմտյան ընկերակցության գոյաբանական հակառակորդ, որն այլևս ընդունակ չէ կատարելու գործընկերոջ գործառույթներ և ավելի ու ավելի է դառնում թշնամական պետություն։ ԱՄՆ-ը մանրամասնորեն մշակում է Թուրքիայի աշխարհաքաղաքական շրջափակման և մեկուսացման սխեմաներ` այդ պետության մասնատմամբ, նրան ներքաշելով տարածաշրջանային մի շարք լուրջ հակամարտությունների, բայց է՛լ ավելի մեծ չափով` հարևան մեծ ու փոքր պետությունների հետ դիմակայության մեջ։ ԱՄՆ-ը Թուրքիային շատ ավելի մեծ ուշադրությամբ է հետևում, քան ցույց է տալիս հրապարակային քննարկումների ժամանակ։ Ամերիկացիները հակաթուրքական ճակատ են ներքաշում Բալկանների, Կովկասի, արաբական պետություններին, բայց թուրքական հարցում ԱՄՆ-ի գլխավոր գործընկերը Եվրոպան է` ինչպես Եվրամիությունը, այնպես էլ առաջատար եվրոպական պետությունները։ Չնայած ԱՄՆ-ը դեռևս Թուրքիայի շրջափակման համար անհրաժեշտ քաղաքական ու նյութական ռեսուրսներ չունի, բայց այդ աշխատանքը շարունակվում է։
ԱՄՆ-ն արդեն մոտ է արաբական պետությունների հետ լիակատար փոխըմբռնման և ռազմավարական սերտ գործակցության հարաբերություններին, և արաբական քաղաքական ու ֆինանսական վերնախավը լիովին ինտեգրված է ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական շահերի ոլորտ, ուստի ամերիկացիները սկզբունքորեն նոր մշակումների կարիք չունեն։ Դրան զուգընթաց, արաբական սահմանափակ, բայց բավականին ընդարձակ տարածքում, ներառյալ Միջագետքն ու ամբողջ արաբական աշխարհը, ձևավորվել է սահմանների ոչ այնքան համարժեք ուրվագիծ, ինչը խոչընդոտում է քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ԱՄՆ-ը ձգտում է սկսել Իրաքից, ուր կստեղծվեն նոր պետություններ, և պետությունների այդ տրոհումը տարածել Պարսից ծովի արևմտյան ափի, հնարավոր է նաև Արաբիայի արևմուտքի վրա, ստեղծելով սոցիալ-քաղաքական կառուցվածքով տարբեր ոչ մեծ պետություններ։ Արաբական աշխարհի վերաձևման հետ մեկտեղ, կա նաև համադաշնության ստեղծման, այսինքն արաբական պետությունների միավորման նախագիծ, ինչը, ըստ էության, միևնույն նպատակն է հետապնդում` տարածաշրջանի նկատմամբ գործուն վերահսկողության հաստատումը։
Մեծ Լևանտի առնչությամբ (նկատի է առնվում Միջերկրական ծովի արևելյան ափը), որը ներառում է Գազան, Իսրայելը, Արևմտյան ափը, Հորդանանը, Լիբանանը և Սիրիան, առաջարկվում է խնդիրը լուծել Արևմտյան ընկերակցության հետ, կամ ավելի ճիշտ Եվրամիության հետ ինտեգրման հիմքի վրա` ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ և օգնությամբ։ Նկատի առնելով այդ տարածաշրջանի ազգային, դավանական և համայնքային առանձնահատկությունները, ամերիկացիները հույս ունեն փոխելու իրադարձությունների պատմական ընթացքը, արագացնելու այդ երկրների արևմտականացումը կամ եվրոպականացումը, նրանց մոտեցնելով քաղաքական գոյության ավելի եվրոպական նորմերին ու կանոններին։ Ամերիկացիները համոզված են, որ անգամ Լիբանանի ու Պաղեստինի առավել արմատական խմբավորումները շատ արագ ավելի չափավոր նպատակներ ու հիմնավորումներ են ընդունում քաղաքական գործունեության մեջ և լիովին կկարողանային ինտեգրվել Արևմտյան ընկերակցությանը։
Արաբական աշխարհի մեծ մասի նկատմամբ վերահսկողության լուրջ լծակներից մեկը ջրի հարցի լուծումն է, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Եգիպտոսի, Սուդանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Էմիրությունների, Հորդանանի, Եմենի համար։ Արաբական աշխարհի ոչ մի պետություն, չնայած նյութական մեծ պաշարների առկայությանը, չի կարող տարածաշրջանի ջրամատակարարման նոր համակարգ կազմակերպել առանց ԱՄՆ-ի ու Եվրամիության օգնության ու մասնակցության։ Տարածաշրջանը կղեկավարեն նրանք, ովքեր կստեղծեն ջրամատակարարման այդ համակարգը և, ըստ երևույթին, այդ վիթխարի ենթակառուցվածքի ստեղծումը կսկսվի մոտ 20-25 տարի հետո, երբ աղետն արդեն տեղի կունենա, քանի որ հենց սուր ու համապարփակ ճգնաժամը կհանգեցնի նման խոշոր նշանակության համատեղ լուծումների արժեքի ընկալմանը։
Կովկասը ԱՄՆ-ի շահերի կողմից դիտարկվում է որպես առավել հարմար և ընտելունակ տարածաշրջան։ Այն այնքան կանխատեսելի ու հասկանալի է ամերիկացիների համար, այդ թվում` արտաքին ազդեցության տեսակետից, որ նրանք քաղաքական ոչ մի լուրջ քայլ չեն նախաձեռնում տարածաշրջանի խնդիրների լուծման ուղղությամբ, քանի որ բոլոր հիմնական խնդիրներն արդեն լուծված են։ Ամերիկյան նախագծողները նախկինում Կովկասին երկու գործառույթ էին վերապահում` էներգետիկը և տարանցման հաղորդուղիները։ Բայց հիմա այդ գործառույթները թեև պահպանվել են, բայց սահմանափակված են, և ծնունդ են առել նոր գործառույթներ` կապված ոչ թե Ռուսաստանի կամ Իրանի, այլ Թուրքիայի զսպման հետ։ Ամերիկյան քաղաքական նախագծումներում այդ գործառույթը Կովկասին կվերապահվի շատ երկար ժամանակով, տասնամյակներ շարունակ, և դա ամենայն ակնհայտությամբ երևում է մի շարք մշակումներում, թեև դրանք այնքան էլ հրապարակային բնույթ չեն կրում։
Կովկասի պետությունների առնչությամբ ամերիկացիները քննարկում են հետևյալ խնդիրները, որոնք, ըստ էության, ոչ թե խնդիրներ են, այլ ընդամենը հանգամանքներ։ Դրանք են` թույլ չտալ Հայաստանի ռազմական, տնտեսական ու քաղաքական թուլացում, ինչը ենթադրում է պաշտպանական ոլորտում նրա սերտ հարաբերությունները Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև տնտեսության ոլորտում, որտեղ Հայաստանը հարաբերությունների ոչ մի սահմանափակում չի ունենա ոչ մի ուղղությամբ։
Վրաստանի ներկա դրությունը` նրա կողմից իր տարածքի որոշ մասի կորստյամբ հանդերձ, լիովին ձեռնտու է ԱՄՆ-ին, եթե միաժամանակ հաջողվում է պահպանել փոխըմբռնումը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, երբ երաշխավորված են տարանցման միջանցքի գործառության պայմանները։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ամերիկացիներին փոքր-ինչ անհանգստացնում է նրա ղեկավարության հավակնոտությունը, ինչն ամենևին հիմնավորված չէ և կարող է հանգեցնել տհաճ հետևանքների։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը շահագրգռված չէ տարածաշրջանային դաշինքի ստեղծմամբ, որոնք, ինչպես ցույց տվեց ՎՈՒԱՄ-ի փորձը, սահմանափակ կլինեն իրենց կազմով և տարածաշրջանում անհարկի առճակատման պատճառ կդառնան։ Ամերիկացիները շատ լավ են հասկանում Հարավային Կովկասի լուսանցքային վիճակը, ներքին ու արտաքին խնդիրների հետ կապված սպառնալիքներն ու վտանգները, և այնքան էլ չեն ձգտում լիակատար պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանի անվտանգության համար, այդ պատասխանատվության մի մասը զիջելով Ռուսաստանին` ԱՄՆ-ի ուժեղ ներկայության պահպանման պայմանով։
Այս մշակումներն այնքան էլ նոր չեն և մեծ մասամբ պատճենում են հին սխեմաներն ու սցենարները, բայց հետաքրքիր է այն, որ ԱՄՆ-ը վերանայում է արտաքին քաղաքական առաջնայնություններն ու նպատակին հասնելու շատ եղանակներ ու նախաձեռնություններ։ Ներկայումս, ուսումնասիրելով բազմաթիվ ամենատարբեր վերլուծական և հետազոտական աշխատանքներ, կարելի է այն հետևությանը հանգել, որ ԱՄՆ-ը ձգտում է չդիմակայել մնացորդային կոշտ գործընթացներին, ընդհակառակը, դրանք օգտագործել` նվազագույնի հասցնելու սպառնալիքներն ու վտանգները, առաջին հերթին ելնելով իր ազգային շահերից։ Դրանում որոշ ինքնամեկուսացման հետք կա, բայց ոչ թե չմիջամտելու և չմասնակցելու, այլ ավելի ռացիոնալ և հաշվենկատորեն մասնակցելու իմաստով։ Ձևավորվում է արտաքին քաղաքականության նոր ոճ, և շատ պետություններում, հատկապես ոչ մեծ պետություններում, համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության մեջ իր դերն ու տեղը հաջողությամբ գտնելու հնարավորություն է առաջանում։