articles

"Soft participation" from "hard influence"

Վերջին քսան տարում Արևելյան Եվրոպայի երկրներն անցան պետությունների և հասարակությունների կայացման ու զարգացման մի բարդ ուղի, մեզ հետ այդ ուղին կտրեց նաև ԱՄՆ-ը, որի գլխով շատ պատրանքներ, հույսեր ու հիասթափություններ անցան, և հենց Արևելյան Եվրոպայի ասպարեզում պարզվեց, որ ԱՄՆ-ը, ըստ էության, երիտասարդ ու քաղաքականապես անփորձ մի պետություն է։
Ամերիկացիներն Արևելյան Եվրոպա եկան քաղտեխնոլոգիաների ու ռեսուրսների հսկայական պաշարով, որը մշակվել էր տասնամյակների ընթացքում և փորձարկվել այլ տարածաշրջաններում։ Բայց նրանց Արևելյան Եվրոպայի երկրներում վիճակված էր բախվել միանգամայն այլ ավանդույթների, շարժառիթների ու խառնվածքների։ Մոտ 200 տարի լինելով Լատինական Ամերիկայի հարևանը, ԱՄՆ-ը մտադրություն չի ունեցել նպաստելու այստեղ ժողովրդավարության զարգացմանը, և Արևելյան Եվրոպայի առնչությամբ լավ հայտնի հնարքներն ու ստանդարտները կիրառվում էին կառավարության ու վերահսկողության ունիվերսալ համակարգի ստեղծման նպատակով։
Չի կարելի ասել, թե ԱՄՆ-ն առհասարակ ոչ մի հաջողության չի հասել։ Եվ իրոք, ժողովրդավարության շատ սկզբունքներ արդեն բավականաչափ խոր արմատներ ունեն, բայց ոչ թե իբրև վարքագծի ու հասարակական արժեքների էթիկական համակարգ, այլ, ավելի շուտ, օրինակարգ որոշումների տեսքով։ Բայց մենք կցանկանայինք մտորել ոչ թե Արևելյան Եվրոպայի, այլ ԱՄՆ-ի քաղաքականության մասին, որը միջազգային քաղաքականության մեջ կոշտ փակուղում է հայտնվել։ Ընդ որում, քաղաքական գրականության մեջ և քաղաքական բանավեճում արդեն կանխադրույթներ դարձած տարատեսակ վարկածները (ինչպես` միաբևեռ աշխարհը չի կայացել, և եկել է աշխարհում ԱՄՆ-ի նշանակության նվազման ժամանակը) ոչ այլ ինչ են, եթե ոչ բարի ցանկություններ։ Այնպիսի փաստարկներ, ինչպիսիք են Չինաստանի առաջանցումը ՀՆԱ-ի ծավալներով, լիակատար անմտություն են, քանի որ մինչև ընթացիկ դարի վերջը Չինաստանին չի հաջողվի որակական չափանիշներով մոտենալ ԱՄՆ-ին։ Առայժմ միաբևեռ աշխարհը կմնա նույնը, և հարցն այն է, թե ուժի մյուս համաշխարհային կենտրոնները որքան են պատրաստ համագործակցելու ԱՄՆ-ի հետ կամ չհամագործակցելու։
Ամերիկան գտնվում է ներքաղաքական բանավեճի, շփոթմունքի վիճակում և որոնման մեջ` եթե ոչ աշխարհում և պատմության մեջ նոր դերի, ապա գոնե արտաքին քաղաքականության մեջ նոր մոտեցումների մշակման։ Լիովին հնարավոր է, որ ԱՄՆ-ն ընդունի միջազգային տարբեր հարցերում «կոշտ ներգործության» ոճից «փափուկ մասնակցության» ոճի անցնելու սկզբունքային որոշում։ ԱՄՆ-ն այնքան է կախված աշխարհի տնտեսական ու քաղաքական խնդիրներից, որ իրեն «մեկուսականություն» թույլ չի տա անգամ պատկերավոր արտահայտությամբ։ «Մեկուսականությունը» ԱՄՆ-ի համար միանգամայն անթույլատրելի է, քանի որ այդ երևակայական դոկտրինի հետևանքով վնաս կպատճառվի ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։ Դրա հետ մեկտեղ, աշխարհում առաջ են եկել նոր ուժային «բևեռներ», որոնք չեն կարող թույլ տալ ԱՄՆ-ի դիրքորոշումից ավելի մեծ կախում, քան կա հիմա։ Առանց ակտիվ արտքաղաքական միջամտության ԱՄՆ-ը չի կարողանա ապահովել իր հաջող տնտեսական գոյությունը։ Աշխարհաքաղաքականությունն ավելի ու ավելի է տնտեսականացվում, և նրա տեղը միջազգային հարաբերություններում զբաղեցնում է աշխարհատնտեսությունը, ինչը, առաջին հերթին, պայմանավորվում է ԱՄՆ-ի տնտեսական շահերով։ ԱՄՆ-ի առջև ծառացած է տնտեսության մեջ «ինքնաբավությունը» որոշ չափով մեծացնելու կարևոր հարցը։ Խոսքն այն մասին է, որ ընդլայնվի ազգային տնտեսության «ինքնավարացումը», մեծացվի նրա անկախությունը հումքի արտաքին աղբյուրներից ու արտաքին շուկաներից։ Այսպիսով, ԱՄՆ-ի առջև շատ հակասական խնդիրներ են ծառացած, և ԱՄՆ-ի ներկա քաղաքական ու ֆինանսական վերնախավը զգում է, որ պատրաստ չէ այդ խնդիրների իրագործմանը։
Արդեն ակնհայտ է, որ ազգային, ժողովրդագրական, սոցիալական իրողությունները մեկուսական տրամադրությունների աճի հիմնագործոն են դարձել, և արդեն տրամադրություններն անցնում են քաղաքական ու գաղափարախոսական համոզմունքի փուլ։ Կաթոլիկության և ազգային խմբերի ներգործության աճը մեծ ազդեցություն է թողնում արտաքին քաղաքականության վրա։ Միանգամայն հասկանալի է, որ, օրինակ, իսրայելա-արաբական հակամարտության նկատմամբ Բ. Օբամայի դիրքորոշումը մեծապես պայմանավորված է այդ գործընթացներով։
Դեռ վերջերս` մի տասը տարի առաջ, եվրոպական և ռուսական քաղաքագիտությունը շարունակում էր պնդել, թե ԱՄՆ-ի դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների միջև էական սկզբունքային տարբերություն չկա։ Դա արտացոլում էր եվրոպական և ռուսական վաղեմի ձախ ավանդույթը, որը վաղուց է այդ կարծրատիպը մշակել ԱՄՆ-ի առնչությամբ։ Հիմա Եվրոպայի հենց ձախ-ազատական գործիչներն են փորձում գլուխ հանել ԱՄՆ-ում տեղի ունեցող նոր գործընթացներից, պարզել այս կամ այն քաղաքական շարժառիթի նրբերանգները։ Ամերիկյան հասարակական-քաղաքական կյանքի գաղափարական տարբերությունները շարունակում են մեծանալ։ Ըստ երևույթին մեծանում է ինչ-որ սոցիալական կամ սոցիալիստական մոդելի նշանակությունը, ինչը սերտորեն կապված է ձախ-ազատական մտավոր խավի գործունեության հետ, որն ավելի ու ավելի նախընտրելի դիրքեր է գրավում ԱՄՆ-ի նույնիսկ առավել պահպանողական համալսարաններում և վերլուծական կենտրոններում։ Ըստ էության, «ամերիկյան երազանքին» փոխարինելու է գալիս սոցիալիզմի եվրոպական մոդելը` իր «ստից» կառավարչական մեխանիզմներով, բայց հասարակության լայն աջակցությամբ։ Ամերիկայի` իբրև արմատապես աջ հասարակարգի մասին պատկերացումները պատմության գիրկն են անցնում։ Ներկա իրավիճակը հիշեցնում է անցած դարի 30-ականները, երբ վիթխարատարած ճգնաժամի պայմաններում ակտիվացան և մեծ նշանակություն ձեռք բերեցին ձախ քաղաքական ուժերը, կուսակցություններն ու արհմիությունները։ Ձախ-ազատական փորձարկում սկսվեց Բ. Քլինթոնի օրոք և շատ թե քիչ հաջողությամբ անցկացվեց, քանի որ կար շատ նպաստավոր համընդհանուր տնտեսական իրավիճակ։ Բ. Օբաման շատ ավելի քիչ նպաստավոր պայմաններում էր ու, երևի, նախագահական երկրորդ ժամկետն ավելի արդյունավետ կլինի Ամերիկայի սոցիալիզացման առումով։
Իհարկե, ամերիկյան քաղաքական բառապաշարում կան որոշակի «տաբուներ», բայց այդ արգելքներն էլ կհաղթահարվեն։ Խնդիրն այն է, թե այդ ձախ-ազատական մոդելն ի՞նչ չափով ազդեցություն կգործի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, քանի որ Եվրասիայի տասնյակ պետություններ շահագրգռված են տարբեր տարածաշրջաններում ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությամբ։ Քաղաքական պատասխանատվությունն ԱՄՆ-ի գործընկերների ու ենթագործընկերների վրա «գցելու» Բ. Օբամայի քաղաքականությունը հանգեցրել է ամբողջ Մերձավոր Արևելքում և Եվրասիայում ճգնաժամային գործընթացների սաստկացմանը։ Բ. Օբամայի և Հ. Քլինթոնի քաղաքականությունն այդպես էլ չհանգեցրեց Չինաստանի նվաճողամտության զսպումն ուժեղացնելուն, քանի որ Չինաստանի զսպման մտադրությունը և պատասխանատվությունը գործընկերների վրա գցելու ձգտումն անհամատեղելի են։
Ներքաղաքական խնդիրը նաև այն է, որ տեղի է ունենում ԱՄՆ-ի երկու առաջատար քաղաքական կուսակցությունների կարևոր շատ դրույթների քայքայում և ձևախեղում։ Հանրապետական կուսակցությունում շատ ուժեղ են մեկուսական տրամադրությունները, դեմոկրատական կուսակցությունում էլ ուժեղ են ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու տրամադրությունները։ Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել քաղաքական նախապատվությունների աղյուսակի, ինչ-որ չափով նաև քաղաքական գաղափարախոսության նկատելի փոփոխություն։ Եթե առաջ դեմոկրատական կուսակցությունն անվանում էին «պատերազմի կուսակցություն», իսկ հանրապետականը` մեկուսացման կողմնակից, ապա հիմա իրավիճակը փոխվել է առնվազն երկու անգամ։ Դեռ վերջերս դեմոկրատական վարչակազմը պատերազմում էր Բալկաններում, իսկ հանրապետականներն իրենցից հետո պատերազմի ժամանակների ծանրագույն ժառանգություն էին թողել։ Նախագահական ընտրարշավի ժամանակ հանրապետականները Բ. Օբամային մեղադրում էին արտաքին քաղաքականության պասիվության մեջ, որը մոտ է «պարտվողականությանն» ու «թուլությանը»։ Բայց կարելի էր նկատել, որ Մ. Ռոմնին այդպես էլ արտաքին քաղաքականության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ որևէ հայացք չշարադրեց։ Ամենաընդհանուր գծերով խոսվեց Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի մասին, մի փոքր ավելի մանրամասն` Իրանի։ Ոչ մի արտքաղաքական դոկտրինի մասին ոչ մի բառ չասվեց ո՛չ Օբամայի, ո՛չ Ռոմնիի կողմից։ Հատկանշական է, որ արտաքին քաղաքականության հարցերը ամերիկացի քաղաքագետների կողմից ընտրությունների խնդիրների շրջանակներում շոշափվեցին խիստ մակերեսորեն, ավելի շուտ ենթադրություններով ու գուշակություններով։
Կարելի է ենթադրել, որ արտաքին քաղաքականության առումով դեմոկրատներն ու հանրապետականները, իրոք, դատապարտված են իրար հար և նման պատկերացնելու հիմնական խնդիրները։ Այսինքն, շատ նման է այն բանին, որ ներքաղաքական և սոցիալական գործընթացները, այդուամենայնիվ, ազդեցություն գործելով արտքաղաքական ոճի վրա, զգալիորեն անկախ են արտաքին քաղաքականություններից։ Հնարավոր է, նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում հանրապետականներն ավելի անզիջում կլինեին, առաջարկելով ավելի արմատական հայտարարություններ, հնարավոր է նաև, որ դա ավելի գործուն կլիներ առանձին դեպքերում և առանձին խնդիրների հետ կապված։ Դրա հետ մեկտեղ, հազիվ թե Հարավային Կովկասն ավելի մեծ ուշադրության արժանանար։ Հարցը կարող է այլ լինել. խուսափելով արտաքին քաղաքականության մեջ խոշորածավալ գործողություններից, հանրապետականները կարող էին, բացի Չինաստանի խնդրից, կենտրոնանալ մի քանի այլ խնդիրների վրա, որոնք կարող էին հանգեցնել, օրինակ, Ռուսաստանի, Չինաստանի և անգամ եվրոպական պետությունների հետ քաղաքական սակարկության ավելի կոշտ կանոնների, իհարկե, տարբեր պայմաններում ու տարբեր ոճով։ Դիմելով նախընթաց շրջանում նոր-պահպանողականների փորձերին, երբ այդ թիմը Ջ. Բուշի վարչակազմում տերուտնօրինություն էր անում առաջին նախագահական ժամկետի շրջանում, արտաքին քաղաքականությունն ավելի արմատական էր, բայց հետո ավելի չափավոր դարձավ։ Նայած ինչ մարդիկ կհավաքվեին հանրապետականների թիմում, արտաքին քաղաքականությունը կարող էր ունենալ ավելի պակաս ընդգրկման այս կամ այն գերակայությունը, և ժամանակի առումով փոփոխության կենթարկվեր։ Բայց դարձյալ նախագահ դարձավ Օբաման, և պետք է փորձել քիչ թե շատ մանրամասն կանխատեսել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը։
ԱՄՆ-ը, փաստորեն, նախաձեռնել է մշակել և ընդունել ՆԱՏՕ-ի նոր դոկտրին, որը վերաբերելու է թե՛ սպառազինությունների, կառուցվածքային ու կառավարչական վերափոխումների հարցերին, թե՛ աշխարհաքաղաքական հարցերին, ինչը նշանակում է հակառակորդների, սպառնալիքների ու գործընկերների որոշում։ Փաստորեն, անվտանգության համընդհանուր համակարգը նոր ուրվագծեր ու ձևաչափեր է ձեռք բերում։ ՆԱՏՕ-ն գործընկերների կարիք ունի տարբեր տարածաշրջաններում, նախ և առաջ Սև ծով-Կովկաս-կասպյան շրջանում, Մերձավոր Արևելքում, Հարավային Ասիայում, Հարավարևելյան Ասիայում, Հեռավոր Արևելքում։ Ընդ որում, շատ հարցեր կլուծվեն ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի և դաշնախմբի մյուս անդամների հետ դիրքերի մերձեցման և համագործակցության զարգացման միջոցով։ Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները լիովին հաստատում են նախկին ենթադրություններն ու փաստարկները, միանգամայն նոր պատկերացումներ են առաջանում Եվրասիայի անվտանգության մասին։ Կասկած չկա, որ Ռուսաստանը կշարունակի դիմադրությունը և փաստարկված անվստահություն կցուցաբերի ՆԱՏՕ-ի ծրագրերի նկատմամբ, առավել ևս, որ ի հայտ կգան ընթացիկ շատ խնդիրներ, որոնք հակասությունների և անգամ թշնամության պատճառ կդառնան։
ԱՄՆ-ի քաղաքականությունն իրականանում է Կոնգրեսի ուժեղ ազդեցությամբ, և ներկայացուցիչների պալատը, որտեղ գերակշռում են հանրապետականները, իհարկե, կնախընտրի վարել սուր քննադատական քաղաքականություն, պնդելով, որ արտաքին քաղաքականության ասպարեզում ԱՄՆ-ն ավելի ակտիվ դեր խաղա։ Այդ ճնշմանը կմասնակցեն ամեն կարգի էներգետիկ և ռազմարդյունաբերական ընկերություններ, լոբբիստական խմբեր։ Շատ բան կախված կլինի նաև պետդեպարտամենտի կադրային կազմից։ Բ. Օբամայի նախագահական առաջին ժամկետին պետդեպարտամենտը, գաղափարախոսական տարբեր ուղղությունների ամերիկյան վերլուծաբանների գնահատմամբ, ստեղծագործ կադրերով աչքի չի ընկել ու, փաստորեն, Մերձավոր Արևելքի, Իրանի, Թուրքիայի և ուրիշ շատ տարածաշրջանների գծով փոքրիշատե ակնառու մասնագետներ չկային։ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում իր քաղաքականության ձևաչափը սահմանել է, երբ տարածաշրջանի պետություններին տրվել են որոշակի գործընկերային դերակատարումներ. Վրաստանին` տարանցման, Ադրբեջանին` տարանցիկ բազավորման, Հայաստանին` տարածաշրջանում ուժերի հավասարակշռության։ Հայաստանը դիտվում է նաև որպես Թուրքիայի նվաճողամտության զսպման բազմաթիվ գործընկերներից մեկը։ Առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ Հարավային Կովկասի վերաբերյալ ԱՄՆ-ի հայացքներն ու մտադրությունները էապես կփոխվեն։ Ավելի շուտ, այդ ձևաչափը սահմանվել էր ոչ միայն ներկա վարչակազմի որոշումներով, այլև մշակվել ռազմավարական պլանավորման կարգով։ Հասկանալի է, որ Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ փորձառական շրջանն անցել է, և այն փաստարկները, թե տարածաշրջանում ԱՄՆ-ի շահագրգռությունն ու դիրքորոշումները նվազել են, տրամաբանական չեն և իրողությունը չեն արտացոլում։ Նվազել է ԱՄՆ-ի ակտիվությունը, բայց, միաժամանակ, ավելի որոշակի է դարձել ներկայության և համագործակցության ձևաչափը, ինչպես նաև քաղաքական գործառույթները` համընդհանուր անվտանգության ռազմավարության շրջանակներում։
Վերջում պետք է ասել, որ, ինչպես և ենթադրվում էր, ներկա փուլում ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունը, երևի, իրոք շահագրգռված չէր իշխանությանը տիրելով, ինչի մասին խոսում է նաև նախագահի պաշտոնի հավակնորդի անձը։ Հարկ է աշխատել ներկա պայմաններում և հուսալ, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունն ավելի կակտիվանա տարբեր գործոնների ազդեցությամբ։