articles

"The Old World" in the conditions of changes| The crisis is deepening in international institutions

Ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչու հանկարծ ԱՄՆ-ը որոշեց լքել Սիրիան եւ իր դաշնակից քրդերին թողնել նրանց գլխավոր թշնամու՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմհանդիման: Փոխարենը շատերին հետաքրքրեցին Թուրքիայի հետ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի այլ անդամների միջեւ ծագած հակասությունները: Եվ, ինչպես կարելի է նկատել, ԱՄՆ-ի գործողությունները կապված են ավելի շուտ Թուրքիայի հետ, այլ ոչ թե քրդերի: Վերջիններս միջազգային քննարկումներում ընդամենը շախմատային զինվորի դերում էին հայտնվել:

Թուրքերի համար ստեղծեցին Սիրիայի տարածքում քրդական ուժերին ճնշելու պայմաններ, ինչից էլ նա օգտվեց առանց հապաղելու: Բայց կարեւոր ամեն ինչ սկսվեց դրանից հետո: ՆԱՏՕ-ի անդամները դատապարտեցին Թուրքիային եւ կոչ արեցին նրան՝ հրաժարվել Սիրիայի տարածք ներխուժելու իր ծրագրերից: Եվրոպական առանցքային երկրները որոշում ընդունեցին հրաժարվել իրենց դաշնակցին զենք մատակարարելուց: ԱՄՆ-ը որոշում կայացրեց Թուրքիայի հանդեպ լուրջ պատժամիջոցներ կիրառելու մասին: Միացյալ նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երկուշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, հայտարարեց, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «բոլոր միջոցներով պատրաստ է» Թուրքիայի նկատմամբ կիրառել ռազմական ուժ... այդպիսի գործողություններ պահանջող իրադարձությունների ի հայտ գալու դեպքում»:

Ինչպիսի՞ իրադարձությունների էր սպասում Միացյալ նահանգները: Չէ որ խոսքը ՆԱՏՕ-ի գծով իր գլխավոր դաշնակցի դեմ զենք կիրառելու մասին է: Այդ ի՞նչ պետք է տեղի ունենա աշխարհում (տարածաշրջանի մակարդակով), որպեսզի նա նման քայլի դիմի:

Հավանաբար՝ Թուրքիան ինքն էլ չի կարողացել դա հասկանալ եւ որոշել է հանել սպառնալիքը Ռուսաստանի օգնությամբ: Իրավիճակը սառեցվեց հոկտեմբերի 22-ի ռուս-թուրքական հուշագրի խորամանկ դիվանագիտական խճճվածքով: Այսինքն` ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ կապված խնդիրների կարգավորումը գլուխ բերեց ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդ երկիրը: Ասենք` չպետք է մոռանալ, որ ԱՄՆ նախագահն ինքն էր առաջարկել ցանկացած տերության` կարգավորել քրդերի, Թուրքիայի եւ Սիրիայի խնդիրը: Ամեն դեպքում «այդպիսի գործողություններ (ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ զենք կիրառելու) պահանջող իրադարձություններ», կարծես թե, առայժմ ի հայտ չեն եկել: ԱՄՆ նախագահը խոստացել է Թուրքիայից հանել պատժամիջոցները, բայց այն դեպքում, եթե «ինչ-որ բան չկատարվի»:

Սակայն տվյալ դեպքում մեզ այլ հարց է հետաքրքրում. ինչո՞ւ ՆԱՏՕ-ի անդամի հետ կապված խնդրի կարգավորումն առաջարկվել էր կողմնակի պետությունների: Չէ որ դա կարող էր լինել միայն այն դեպքում, եթե դաշինքի ներսում չգտնվեր հարցն ինքնուրույնաբար կարգավորելու հնարավորություն: Հետեւաբար` կարելի է ենթադրել, որ խնդիրը բուն ՆԱՏՕ-ին է վերաբերում: Ուրեմն պետք է խոստովանել, որ ՆԱՏՕ-ն խոր ճգնաժամի մեջ է մտնում, եւ բանն այստեղ միայն Թուրքիան չէ:

Արժե այստեղ էլ անցնել տվյալ հոդվածի հիմնական գաղափարին: Մենք գործ ունենք ավելի լայն հիմնախնդրի հետ, քան ՆԱՏՕ-ի անդամների փոխհարաբերությունների հարցն է: Ակներեւ է, որ ճգնաժամն արտահայտվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված բոլոր միջազգային հաստատություններում: Այսպես՝ գործերի վիճակն ավելի լավ չէ Եվրոպական միությունում (ԵՄ): Ներգաղթի խնդրի վերաբերյալ ԵՄ անդամ երկրների հակասությունները, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու աղմկահարույց գործընթացը, Կատալոնիայի անկախության համար ծավալված շարժումը, Միության մեջ նոր երկրների ընդունման հետ կապված բարդությունները մեծ խոչընդոտներ են ստեղծում կոնսենսուսի միջոցով որոշումներ ընդունելու ճանապարհին: Պատահական չէ, որ եվրասկեպտիցիզմը` որպես միացյալ Եվրոպայի հեռանկարի հանդեպ անվստահություն, մայրցամաքի քաղաքական ուժերի շրջանում աճ է գրանցում: Նշանակում է` մենք կարող ենք դառնալ այդ հաստատությունում ճգնաժամային երեւույթների դրսեւորման առավել կոշտ ձեւերի վկաներ: Եվ խնդիրն այստեղ բնավ նրա աշխատանքի արդյունավետության անկումը չէ միայն: Ավելի համոզիչ է թվում այն կարծիքը, որ նոր ժամանակները պահանջում են հրաժարվել ինչ-որ կարեւոր բանից, որը մի ժամանակ ընկալվում էր որպես անառարկելի արժեք: Ինչ-որ բան արդեն խիստ խանգարում է Միության աշխատանքին: Եթե դա չի արվում` ցանկացած հաստատություն վերածվում է ատավիզմի՝ հետասերման: Իզուր չէ, որ Մեծ Բրիտանիան որոշել է ինքնուրույն փոխել իր կյանքի պայմանները: Մեկը հասկանում է նոր ժամանակների հրամայականը, մյուսն` առաժմ ոչ:

Բայց ժամանակը ոչնչի հետ հաշվի չի նստում: Արմատական տեխնոլոգիական առաջընթացը շեշտակիորեն փոխում է ուժերի հավասարակշռությունն աշխարհում: Դա միջազգային քաղաքականության վերանայում է պահանջում: Եվ այդպիսի միտումներ նշմարվել են արդեն վաղուց: Իր անդամների փոխհարաբերությունների առաջին խոր ճգնաժամը ԵԱՀԿ-ն զգացել է 2011թ. Աստանայի գագաթաժողովում: Այն ժամանակ այդ կազմակերպությանը չէր հաջողվել հետխորհրդային տարածքում եղած անլուծելի խնդիրների պատճառով հասնել կոնսենսուսի: Դրա արդյունքում չհաջողվեց ընդունել գործողությունների տասնամյա ծրագիրը: ԵԱՀԿ-ի համար այդ աննախադեպ իրավիճակը նրա գոյության փաստացի ավարտ էր նշանակում: Եվ միայն Եվրոպական միության անդամ երկրների միակողմանի հայտարարությունն առ այն, որ իրենք պաշտպանում են Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի արժեքներն ու սկզբունքները, թույլ տվեց ԵԱՀԿ-ին ձեւականորեն շարունակել իր աշխատանքը: Բայց այդ հայտարարությունն աղոտ հիմք էր կազմակերպության բնականոն աշխատանքն ապահովելու համար. 1975թ. Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության Խորհրդակցության (ԵԱՀԽ) Հելսինկիի եզրափակիչ ակտը 2008 թվականին արդեն խախտվեց Արեւմուտքի երկրների կողմից Կոսովոյի միակողմանի ճանաչման արդյունքում:

Բացի դրանից, 1991-ին այդ փաստաթղթի սկզբունքների մեխանիկական փոխադրումը հետխորհրդային տարածք՝ պետք է որ հարաճուն խնդիրներ ստեղծեր Խորհրդակցության կարգավիճակ ունեցող մարմնի համար: Արդեն 1994 թվականին ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթաժողովում խաղաղարար գործողություններին ԵԱՀԽ-ի մասնակցության մանդատի մասով անլուծելի հակասություններ ծագեցին ԵԱՀԽ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Պատճառը եղավ 1994 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների ձախողումը, որոնք անցնում էին Ռուսաստանի ԱԳՆ հովանու ներքո: Բայց այն ժամանակ հիմնարար փաստաթղթերի արմատական վերանայումների միջոցով գտնվել էր հակասությունների լուծումը` որոշում էր ընդունվել ձեւակերպելու նոր մանդատ եւ Խորհրդակցությունը վերաֆորմատավորելու Կազմակերպության` ԵԱՀԿ-ի: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստացել էր երկակի համանախագահություն (Ռուսաստանի մշտական համանախագահությամբ), ինչը թույլ տվեց Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վերադարձնել Մինսկի գործընթացի շրջանակ:

ԵԱԽՀ-ի փոխակերպումների նկարագրված փորձը ցույց է տալիս, թե որքան դժվարություններ ուներ կայունության ժամանակաշրջանում կազմավորվող եւ կոնսենսուսը որպես որոշումների ընդունման մեթոդ գործածության մեջ դնող միջազգային հաստատությունների աշխատանքը: Տվյալ կազմակերպություններում կանոնադրությամբ չկանոնակարգվող խնդիրների աճման դեպքում կառույցը պարզապես կաթվածահարվում է կոնսենսուսի հասնելու անհնարինության պատճառով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո («սառը պատերազմի» շրջանում) ստեղծված բոլոր կազմակերպությունները 1990-ական թվականների սկզբից կանգնեցին միանման իրավիճակի առջեւ:

Ճգնաժամերի գիծ մտան ոչ միայն միջազգային հաստատությունները: Նույնպիսի իրավիճակում են աշխարհում տեւական կայունություն ապահովող կարեւորագույն երկկողմ պայմանագրերը: Դրա օրինակ կարող է լինել միջին հեռահարության հրթիռների սահմանափակման վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը: Եվ խնդիրն ամենեւին էլ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների բարդացումը չէ: Խնդիրը միջազգային պայմանների փոփոխությունն է, որտեղ համաշխարհային նշանակության նոր ռազմաքաղաքական գործոնների, ասենք` Չինաստանի երեւան գալու հետեւանքով այդպիսի պայմանագրերը կորցնում են իրենց արդյունավետությունը: Գերտերություններն անվտանգության այլ առաջնահերթություններ են գտնում, որտեղ եղած պայմանագրերը դառնում են խանգարող գործոններ կամ, պարզապես, ատավիզմներ: Արդեն կարելի է պնդել, որ «սառը պատերազմի» ժամանակաշրջանում ատավիզմներ են դառնում նաեւ բուն միջազգային կազմակերպությունները:

Ավելի շուտ` աշխարհը կկանգնի իրապես գործող միջազգային հարթակների փնտրտուքի առջեւ: Միացյալ ազգերի կազմակերպությունը միայն ի դեմս իր Անվտանգության խորհրդի` առայժմ կարողանում է պահպանել նվազագույն արդյունավետություն: Բայց ԱՄՆ-ի կողմից նրան պարբերաբար արհամարհումը կտրուկ նվազեցնում է այդ կազմակերպության որոշումների արդյունավետության աստիճանը:

Այսօրվա դրությամբ առավել արդյունավետ են կոնկրետ հիմնախնդիրների գծով կազմավորված միջազգային կոալիցիաները: Եվ, չնայած այդպիսի կոալիցիաների գործողությունները հաճախ ավերումներ են առաջացնում շատ երկրների համար, դրանք ապահովում են հակազդող այնպիսի գլոբալ դաշինքների երեւան գալու անթույլատրելիությունը, որոնք մեծացնում են խոշորածավալ պատերազմների վտանգը:

Թե ինչպես են ապագայում կառուցվելու երկրների հարաբերությունները` դժվար է ասել: Հույսեր են կապվում սոսկ այն բանի հետ, որ տակավին 17-րդ դարում գոյություն ունեցած Վեսթֆալյան խաղաղության սկզբունքները 21-րդ դարում չեն մերժվի: