articles

Collective Security Treaty Organization Opens Wide Horizons of Opportunities for Armenia's Politics

Սովորաբար գնահատելով հետխորհրդային ինտեգրացիոն նախագծերում (ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միություն, ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության ասպեկտը` հայ հասարակությունը խնդիրը դիտարկում է քաղաքակրթական ընտրության լույսով: Շատերը կարծում են, որ այդ նախագծերին մասնակցությունը խաթարում է ինքնիշխանությունը, խոչընդոտում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին եւ, նույնիսկ, սպառնում նրա անվտանգությանը: Հետեւաբար առաջարկվում են քաղաքականության այլ ուղղություններ, որոնցից մեկն էլ արեւմտյան կառույցների հետ (ՆԱՏՕ, ԵՄ) սերտաճումն է: Եվ դարձյալ նման առաջարկները հիմնավորվում են արժեքների ու քաղաքակրթության ընտրությամբ: Մյուսները, ընդհակառակը, գտնում են, որ տվյալ ծրագրերին Հայաստանի մասնակցությունը հզորացնում է երկրի անվտանգությունը եւ մեծ հնարավորություններ է ստեղծում տնտեսական առաջընթացի համար: Խնդրի արժեքային բաղադրիչն անտեսվում է:

Նկարագրված ռակուրսում բանավեճը Հայաստանում չի դադարում: Սակայն «թավշյա» հեղափոխությունից հետո երկրի ներսում եւ նրա շուրջ քաղաքական մթնոլորտի կտրուկ փոփոխությունը մի փոքր նվազեցրեց այս բանավեճի իմաստը: Սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել, որտեղ հետխորհրդային ինտեգրացիոն նախագծերում Հայաստանի տեղն ու դերը բոլորովին այլ իմաստ ստացան: Հայաստանն առաջին հայացքից պարզապես դարձել է «խորթ» տարր` նախկին ԽՍՀՄ երկրների համար: Այն, կարծես թե, խախտել է այդ երկրների գոյության եւ հարաբերությունների կանոնները: Համենայնդեպս` նման գնահատական են տալիս աշխարհի բոլոր լավատեղյակ դիտորդները: Բայց, ինչպես թվում է, այդ փոփոխությունների իմաստը շատ ավելի խորն է:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ վերջին ինտրիգները հստակորեն բացահայտեցին նոր հանգամանքների իմաստը: ՀԱՊԿ անդամներ Բելառուսը եւ Ղազախստանը նոյեմբերի 2-ին Աստանայում կայացած գագաթաժողովում հայտարարեցին այդ կազմակերպությունում իրենց հատուկ հավակնությունների մասին՝ բացահայտորեն հակադրվելով Հայաստանին: Փորձեր են արվել գրավելու գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ փոխելու կառույցի կանոնադրությունը` ՀԱՊԿ-ի գործերում իրենց իսկական դաշնակիցների մասնակցությունն ապահովելու նպատակով: Այս մասին խոսվում եւ գրվում է շատ ու մանրամասն: Բայց դա չէ ամենակարեւորը: Ամենակարեւորն այն է, որ քաղաքական աշխարհն ակներեւաբար տեսավ հետխորհրդային տարածքում դիմակայության իսկական գիծը եւ հակադիր երկրների իրական ճամբարները: Սա նախկինում եւս հայտնի էր բոլորին, բայց նորությունն այն է, որ այլեւս ոչ ոք չի կարող եւ չի ուզում դա թաքցնել:

ՀԱՊԿ-ում նմանօրինակ իրավիճակ արդեն եղել է: 2015-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կտրուկ սրման ժամանակ (թուրքերի կողմից ռուսական SU-25-ի խոցման հայտնի դեպքը) ՀԱՊԿ անդամ երկրները չաջակցեցին Ռուսաստանին: Այդ ժամանակ հենց Հայաստանն էր ստիպված «դաստիարակել» ՀԱՊԿ-ի դաշնակիցներին: Հայաստանի նախագահի շուրթերով կոշտ նախատինք ուղղվեց, առաջին հերթին, Բելառուսին եւ Ղազախստանին՝ նրանց հարմարվողական քաղաքականության համար: Բայց այդ ժամանակ Հայաստանի դիրքորոշումը ոչ մեկի կողմից առանձնապես զարմանալի չընկալվեց: Բոլորի համար պարզ էր, որ Հայաստանը պաշտպանում է ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի շահերը: Սակայն Բելառուսը եւ Ղազախստանը, անկասկած, լուրջ հետեւություններ արեցին` Հայաստանը ՀԱՊԿ-ի շարքային անդամ չէ: Եվ այժմ` նոյեմբերի 2-ին Աստանայում կայացած վերջին գագաթաժողովին, այդ երկրների խոցված պատվախնդրությունը ճեղքվեց: Աստանայի գագաթաժողովից մի քանի օր անց այդ ճեղքումն ավելի ցայտուն դրսեւորվեց. Ղազախստանի նախագահը կրկին հիշեցրեց ԵԱՀԿ-ի օրինակով Ասիայի հավաքական անվտանգության կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին իր գաղափարը: Դրանով նա ցույց տվեց իր գիտակցումն այն բանի, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում այս երկիրն ու նրա դաշնակիցները այլեւս «որսալու» ոչինչ չունեն:

Իսկ բանն այն է, որ Հայաստանի ինքնուրույն կոշտ քաղաքականությունը ոչ մի կերպ չի հակասում Ռուսաստանի եւ ՀԱՊԿ մյուս անդամների շահերին՝ բացառությամբ Բելառուսի եւ Ղազախստանի: Ընդհակառակը՝ հետխորհրդային տարածքում սեփական շահերը պաշտպանելով, Հայաստանը հետխորհրդային տարածքում ռուսական առանցքային հակառակորդների հավակնությունները զսպելու հարցում ավելի մեծ դերակատարություն է ձեռք բերում: Ռուսաստանի համար դա շատ ձեռնտու հանգամանք է դառնում: Բոլորովին պատահական չէ, որ Ղազախստանն ու Բելառուսը փորձում են կազմակերպության դարպասները բացել իրենց իսկական դաշնակիցների` Ադրբեջանի եւ Պակիստանի համար: Բայց, ըստ երեւույթին, նրանց հույսերն ինտենսիվորեն մարում են:

Այստեղ իսկը ժամանակն է խոսել բուն ՀԱՊԿ-ի իմաստի եւ դերի մասին: Խորհրդային Միության փլուզումից հետո ձեւավորված բոլոր կազմակերպությունների պես ՀԱՊԿ-ը մի փոքր այլ իմաստ ուներ, քան հայտարարվում էր նրա ստեղծման ժամանակ: Հիշենք, թե ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի անգամ ասաց, որ Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է 1991-ին հետխորհրդային տարածքում նոր երկրների «քաղաքակիրթ ամուսնալուծության» համար: Այսինքն` նա գնահատում էր այդ միության իսկական գործառույթը` հայտարարվածի փոխարեն: ՀԱՊԿ-ի վերաբերյալ նման գնահատական երբեք չի արվել, բայց դրանից քիչ բան է փոխվել: Իրեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն ներկայացնելով՝ ՀԱՊԿ-ը երբեք այդպիսին չի եղել եւ չէ: Իրական գործառույթն ի սկզբանե ուղղված էր իր քաղաքական միջավայրի` առաջին հերթին հետխորհրդային տարածքի նոր թյուրքալեզու պետությունների նկատմամբ Ռուսաստանի ռազմաքաղաքական վերահսկողության ապահովմանը: Ոչ ոք որեւէ միամտություն չցուցաբերեց: Բոլորն էլ գիտեին, որ դրանք դաշնակից երկրներ չեն, այլ լուրջ քաղաքական հակառակորդներ: Կազմակերպությունը ձեւավորվել է կամավորա-հարկադրական սկզբունքով: Դրա համար էլ այդ կառույցին Հայաստանի անդամակցությանը Ռուսաստանն առանձնահատուկ նշանակություն տվեց: Հայաստանին էր վիճարկված գլխավոր դերը կազմակերպության թյուրքալեզու անդամ երկրներին զսպելու գործում:

Առաջինը դա հասկացավ Ադրբեջանը` արագ լքելով ՀԱՊԿ-ը: Ժամանակի ընթացքում Բելառուսը եւս լավ կողմնորոշվեց` սկսելով սիրախաղեր տալ Ղազախստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի կարողանա ուժեղացնել Ռուսաստանի քաղաքականության վրա իր ազդեցությունը: Բայց միայն այժմ կազմակերպության բոլոր անդամների խաղն անցավ բաց պայմանակարգի: Առօրյա կյանք մուտք գործեց իրական քաղաքականությունը: Դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովում Ռուսաստանը կփորձի ձախողել նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը՝ այն ներկայացնելով որպես փոխզիջում Հայաստանի եւ նրան հակադրվող Բելառուսի ու Ղազախստանի միջեւ: Դա Ռուսաստանին թույլ կտա իր ներկայացուցչին՝ գլխավոր քարտուղարի ներկայիս տեղակալ Վ.Սեմերիկովին թողնել գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի դերում: Դա Ռուսաստանի գործն է: Իսկ Հայաստանից պահանջվում է միայն անզիջում դիրքորոշում: Այդպիսի դիրքորոշումը թանկ արժե: Այն մեծ հեռանկարներ ունի` միայն պետք է կարողանալ իմաստավորել սեփական դերը հետխորհրդային տարածքում: Այստեղ սեփական միջազգային դերն ուժեղացնելու համար հնարավորությունների լայն հորիզոններ են բացվում: ՀԱՊԿ-ում Հայաստանի դերի գինը, անկասկած, լինելու է իրական դաշնակիցների ակամա համաձայնությունը հետխորհրդային տարածության սահմաններից շատ հեռու նրա գործողությունների ազատության ընդլայնմանը: Քաղաքական աշխարհը կառուցված է ուժերի հավասարակշռության եւ այդ հավասարակշռությունն ապահովելու գործում պետությունների ունեցած դերերի վրա: Հարկավոր է միայն ճիշտ ընտրություն կատարել: Իսկ ընտրությունը դաշինքների միջեւ չէ, այլ միջազգային հարաբերությունների համակարգում քաղաքական դերերի միջեւ: