What is happening in Armenia?
Երեւանի եւ հանրապետության այլ քաղաքների փողոցներում անցկացվում է բողոքի ցույց՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության տեխնոլոգիայի հիման վրա: Ցուցարարները լիովին ճիշտ են այդ ամենն անում՝ խաղաղ, ընդունելի միջոցներով, որոնք թույլատրված են Սահմանադրությամբ: Ակցիան թափ է առնում՝ ճշգրիտ հաշվի առնելով Հայաստանում 2012թ. Մաշտոցի պուրակի պաշտպանության առաջին նման գործողության միջոցներն ու արդյունքները: Եվ այսօր ականատես ենք Հայաստանում քաղաքական պայքարի նոր եղանակի տեսլականի աստիճանական ընկալման: Այս շարժման ժամանակ առաջին անգամ բարձրացվեց քաղաքական խնդիր, իսկ նրա օրակարգը զուտ համապետական բնույթ ու նշանակություն ունի: Սրանով է «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» շարժումը սկզբունքորեն տարբերվում Հայաստանի քաղաքացիական բոլոր շարժումներից:
Ուշագրավ է այդ գործողություններում երիտասարդների մասնակցության չափը: Այս ամենը մենք տեսնում ենք մակերեսի վրա: Մնացածը կապված է այդ պայքարի կազմակերպման հետ: XX-XXI դարերում տարբեր երկրներում հեղափոխությունների բոլոր տեսաբաններն ու իրագործողները մատնանշում են մի շատ կարեւոր փաստ. մարդիկ պետք է հասկանան, որ ի տարբերություն բոլոր այլ տեսակի պայքարների, բողոքի նմանօրինակ շարժումները միանգամայն կապված են անզեն բանակի հետ: Այդ անզեն բանակը սովորաբար ապավինում է օրենքին, որոշում է իր նպատակը` հակառակորդին դուրս բերել օրենքի դաշտից, որից հետո ճնշել նրա դիմադրությունը:
«Զենքի բացակայությունը» շատ կարեւոր է եւ նման երթերի հաջողության համար՝ յուրահատուկ երաշխիք: Հենց այս փաստն է ամբողջությամբ զինաթափում իշխանությանը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում ուժի կիրառումը շուռ է գալիս այն կիրառողների, այսինքն՝ իշխանությունների դեմ: Նման դեպքերում ուժի կիրառումն է, որը հասցնում է իշխանությունների փլուզմանը: Սովորաբար ուժի գործադրումը հանգեցնում է իշխանությունների աջակցության մակարդակի նվազեցմանը կուսակցությունների, հասարակական կառույցների եւ այլ միավորումների կողմից: Նրանք բոլորը հետզհետե անցնում են ժողովրդի կողմը: Հաղթանակի դասական բանաձեւը կամ չեզոքության մեջ է, կամ ոստիկանության՝ ժողովրդի կողմն անցնելու: Եվ եթե շարժմանը հաջողվի ոստիկանությանը նպատակամիտել դրան, ապա անխուսափելիորեն հաղթանակ կգրանցի:
Նման շարժումները հանգիստ են տանում բռնաճնշումները, բանտարկությունները եւ նույնիսկ մահապատիժը: Ինչո՞ւ: Քանի որ, ի վերջո, ամեն ինչ աշխատում է հօգուտ շարժման, իհարկե, եթե այն ճիշտ է դրված: Կարծում եմ՝ ոստիկանության զգուշավոր պահվածքն ի սկզբանե վկայում էր, որ Սերժ Սարգսյանը լավ է պատկերացնում իրավիճակի ողջ նրբությունը: Իշխանությունները հույս ունեին ինչ-որ կերպ առանց բռնության գոյատեւել մի քանի օր, մինչեւ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելը՝ լավ գիտակցելով, որ ուժի կիրառումը տասնապատիկ կբարձրացնի դիմադրությունը եւ նույնքան էլ կնվազեցնի վարչակարգի աջակցությունը: Բայց քաղաքի փողոցները փակելու լայնածավալ միջոցառումների խորապատկերին իշխանության նյարդերը տեղի տվեցին, եւ մենք ականատես եղանք խորհրդարանի շենքի դիմաց Բաղրամյան պողոտայում ոստիկանության բռնի գործողություններին: Այս հենքին Սերժ Սարգսյանի նշանակումը դարձավ պատրանք. նա չի կարող ծրագրված աշխատել այդ պաշտոնում:
Կկարողանա՞ արդյոք այս շարժումը Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անել՝ կախված է մեկ կարեւոր հանգամանքից: Որպես կանոն, նման շարժումները սկսվում են հստակ ձեւակերպված վերջնագրից: Նման վերջնագիրն իր մեջ պարունակում է իշխող ուժի որոշակի գործողությունների անօրինականության մեղադրանք, ինչպես նաեւ այդպիսի գործողություններից հրաժարվելու պահանջներ: Անչափ կարեւոր է, որ այդ պահանջը ներկայացվի: Միայն դրանից հետո անհնազանդության զանգվածային գործողությունները՝ մասնավորապես փողոցների ու շենքերի արգելափակումը, ուղղված կլինեն բոլորին ստիպելու ենթարկվել ներկայացված պահանջին: Ամբողջ հասարակությունն ու պետական մարմինները կանգնում են ընտրության առջեւ: Ցուցարարների գրագետ գործողությունների դեպքում իշխող վարչակարգն աստիճանաբար կորցնում է հասարակական-քաղաքական ուժերի, ապաեւ՝ իրավապահ մարմինների աջակցությունը: Վարչակարգին այլ բան չի մնում, քան հանձնվել: Դրանից հետո անհրաժեշտ է տեսնել, թե ում է հասցեագրված եւ, իհարկե, նրանց արձագանքը:
Այսպիսով՝ Հայաստանում ընթացող բողոքի շարժման հիմնական թերացումը վերջնագրի բացակայությունն է: Իրականում նման վերջնագիրն ի սկզբանե պետք է առաջադրվեր պատգամավորական մարմնին` պահանջելով հրաժարվել նախկին նախագահին վարչապետի պաշտոնում նշանակելուց: Դրանից հետո ցուցարարները պետք է արգելափակեին ոչ թե խորհրդարանի շենքը, այլ անհատապես պատգամավորներին: Միեւնույն ժամանակ՝ պատգամավորներին բացատրեին իրենց գործողությունների անհեռատեսությունը եւ այն, թե ինչպես կպատժվեն, եթե չհրաժարվեն այդպիսի անօրինական գործողություններից: Պատգամավորները շատ արագ կհասկանային, որ ո՛չ ապագա վարչապետը, ո՛չ էլ ոստիկանությունը չեն կարող նրանց պաշտպանել ժողովրդի պահանջներից:
Հավասարապես կարեւոր է վարչակարգի տապալումից հետո այս կամ այն շարժման կողմից երկրում սահմանադրական կարգի կառուցման համար առաջարկված ծրագիրը: Ուրախալի է, որ այսօրվա շարժման մի խումբ երիտասարդներ արդեն ներկայացրել են պետականաշինության համոզիչ ծրագիր: Ըստ դրա, առաջարկվում է ժողովրդի «դաստիարակած» պատգամավորների միջոցով նշանակել ժամանակավոր վարչապետ, ով կիրագործի նոր ծրագիր՝ հիմնված կարեւորագույն կանոնակարգերի, օրենսդրական ակտերի վրա, որոնք նույնպես պետք է ընդունվեն այդ նույն «ժողովրդի ողորմությանը հանձնված» պատգամավորների կողմից: Ու միայն դրանից հետո խորհրդարանը կլուծարվի, եւ նոր ընտրություններ կլինեն:
Այդ կարեւոր ակտերի ցանկում պետք է լինեն ապակապիտալացումը, իշխանության ապամենաշնորհացումը, կապիտալի անջատումը քաղաքականությունից: Օլիգարխները, մենաշնորհ ունեցողները 10-15 տարվա ընթացքում ստիպված կլինեն մեծ գումարներ վճարել Գերագույն դատարանի որոշմամբ` փոխարենը ստանալով տնտեսական համաներում, անձեռնմխելիության երաշխիքներ:
Անհրաժեշտ է ընդունել կուսակցությունների մասին նոր օրենք, որից հետո ներկայիս 70 հայկական կուսակցությունների բացարձակ մեծամասնությունը կամովին կվերանա, մնացածը կվերագրանցվի: Հարկ կլինի նաեւ ստեղծել համապատասխան, նախընտրական ցանկացած խարդախություն բացառող Ընտրական օրենսգիրք եւ, իհարկե, իրականացնել լիովին անկախ դատական համակարգի ձեւավորման հանգեցնող դատական համակարգի բարեփոխումներ: Անշուշտ, սա մեկ օրվա գործ չէ, բայց հնարավոր է ի կատար ածել: Պակաս կարեւոր չէ օրենսդրորեն ամրագրել հանրաքվե անցկացնելու՝ ժողովրդի իրավունքը: Առաջին հանրաքվեն, ի դեպ, ցանկալի է անցկացնել հասարակության կարծիքը բոլոր այդ ծրագրերի վերաբերյալ պարզելու համար: Ընդ որում՝ ցանկացած ծրագիր պետք է ունենա օրինակարգություն: