Can our political changes be called a revolution?
Որքան ավելի առաջ է գնում Հայաստանում իշխանափոխության գործընթացը, այնքան ավելի հաճախ է հնչում հարցը, թե ինչպե՞ս կարելի է բնութագրել երկրում տեղի ունեցած զանգվածային ժողովրդական շարժումը: Ամենաշատ վեճերը հետեւյալ երկընտրանքի շուրջ են. դա «թավշյա» հեղափոխությո՞ւն էր, թե՞ գործ ունենք պարզ իշխանափոխության հետ: Կարծիքները, բնականաբար, կիսվում են:
Հայաստանում զանգվածային շարժումների բնույթի շուրջ բանավեճերը ծագել են դեռեւս 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում: Այն ժամանակ զանգվածային փողոցային միջոցառումներ անցկացնող ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե ինքը երկրում բուրժուադեմոկրատական հեղափոխություն է իրականացնում: Նրա վարած ընդդիմադիր քաղաքականության այդօրինակ բնութագիրը, անշուշտ, ոչ մի կերպ չէր արտացոլում հասարակական գիտությունում ընդունված բուրժուադեմոկրատական հեղափոխության սահմանումը, քանի որ այն միապետությունից բուրժուադեմոկրատական կարգի անցման գործընթաց չէր պարունակում: Ավելի շուտ ընդդիմության առաջնորդն այն ժամանակ խնդիր ուներ արդարացնելու իր դրույթն առ այն, որ երկրի թշնամիներն ընդամենը կառավարող կլանի երկու պարագլուխներն են` Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Իսկ այդ դրույթը նպատակ էր հետապնդում ընդդիմության կողմն անցկացնել իշխանության ճամբարի անդամներին` անկախ նրանց սոցիալ-քաղաքական կարգավիճակից: Այսինքն` անհրաժեշտություն կար արդարացնելու օլիգարխների հետ ընդդիմադիր լիդերի առաջարկած դաշինքը: Մի շարք օլիգարխներ իսկապես ընդունեցին այդ առաջարկությունը եւ փորձում էին անցնել ընդդիմության ճամբար: Սակայն ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառելու միջոցով իշխող վերնախավը կասեցրել էր այդ գործընթացը: Իշխանության ճամբարը քանդելու միջոցով իշխանափոխության իրականացումը չէր ստացվել: Այդ ժամանակներից միայն վեճեր են մնացել, թե կարելի՞ է արդյոք նկարագրված ընդդիմադիր ուղեգիծը կոչել բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Ամեն ոք մնացել է իր կարծիքին:
Պայքարի ռազմավարության մեջ տարբերությունն արմատապես այլ էր 2008թ. հետընտրական բողոքների համեմատ: Այս անգամ լիակատար կապիտուլյացիայի մասին վերջնագիր ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվեց ոչ միայն գործող վարչակարգի ղեկավարին, այլեւ ողջ կառավարող կուսակցությանը: Վերջինիս առջեւ պահանջ դրվեց «ժողովրդի ներկայացուցչին» ընտրել երկրի վարչապետ: Այդպիսի հարցադրումը հանգեցրեց նրան, որ խորհրդարանական մյուս կուսակցություններն անցան ընդդիմության ճամբար եւ խորհրդարանում առաջադրեցին «ժողովրդական վարչապետի» թեկնածությունը: Վարչապետն ընտրվեց: Հատկանշական է, որ արդեն այնժամ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունում օլիգարխներ եւ գործարարներ չեն լինի: Բաժանարար գիծ ժողովրդական շարժման եւ «բուրժուազիայի» միջեւ նշագծվեց ի սկզբանե:
Հետագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընթացիկ տարվա դեկտեմբերին անցկացնելու անհրաժեշտության մասին ընտրված վարչապետի հաջորդ վերջնագիրը «ժողովրդական օրենքից դուրս» դրեց բոլոր խորհրդարանական կուսակցությունները: Դրանք որակվեցին իբրեւ «հակահեղափոխություն»: Արդյունքում կապիտուլյացիայի ենթարկվեց Ազգային ժողովի պատգամավորական ողջ անձնակազմը: Այսինքն` ժողովրդական շարժումը մերժեց կառավարող դասակարգի ողջ կադրային համակազմը: Այդ միտումը նկատելի էր արդեն Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական կուսակցությունները ստացան ընտրողների չնչին թվով ձայներ:
Գրեթե կասկած չի հարուցում, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորների ներկայիս ողջ անձնակազմը մնալու է ԱԺ-ից դուրս: Փաշինյանի կառավարությունը ստանալու է ձայների բացարձակ մեծամասնությունը: Բայց, այնուամենայնիվ, իր հրատապությունը չի կորցնում հարցը, թե` արդյո՞ք տեղի ունեցածը «թավշյա» հեղափոխություն էր, թե՞ գործ ունենք պարզ իշխանափոխության հետ:
Հարցը դարձյալ միանշանակ չէ: Ուստի ավելորդ չէին լինի այդ թեմայով դատողությունները: Երկրում տեղի ունեցող փոփոխությունների մեջ կա՞ ինչ-որ հատկանիշ, որը կարելի է նշանակալից համարել: Մի բան կարելի է պնդել միանշանակորեն. խոշոր սեփականատերերը եւ ստվերային ու օրինական բիզնեսի ներկայացուցիչները (անվանենք սրանց բուրժուազիա) աստիճանաբար դուրս են մղվում պետական կառավարման համակարգից: Երկրով մեկ անցկացվում է վարչապետի հայտարարած «ապաֆեոդալացման» ուղեգիծը: Նույնը տեղի է ունենում ուժային կառույցներում`բանակում եւ ոստիկանությունում: Պետական պաշտոնում նշանակվում են առավելապես հեղափոխական ճամբարի «տարատոհմիկներ»:
Բայց ի՞նչ կարող է դա նշանակել: Անցյալ դարի սահմանումներն ի զորու չեն ոչ մի կերպ բնութագրել Հայաստանում այժմ տեղի ունեցող սոցիալ-քաղաքական փոխակերպումը: Մակերեսորեն այն «պրոլետարական հեղափոխություն» է հիշեցնում. իշխանությունից ունեւոր շերտերի հեռացում եւ իշխանության փոխանցում «ժողովրդին»: Բուն երկրում վաղուց խոսվում է այն մասին, որ քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման գործընթաց է գնում: Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ իր ուղեգիծը միտված է երկրում օրենքի գերակայության, այսինքն` համապարփակ իրավակարգի հաստատմանը: Առայժմ ձեռնարկվում են կոռուպցիան արմատախիլ անելու միջոցառումներ, որոնք հիմնված են միայն վարչապետի կամքի վրա: Այլ նպատակներ դեռ չեն հնչեցվել: Բայց պնդել, թե ժողովրդական շարժումը չունի հստակ արժեքներ ու նպատակներ` ճիշտ չէր լինի:
Վերջին երկու տասնամյակում երկրում ստեղծված կարգից պլանավորվող իրավակարգի անցման իմաստը եւ տրամաբանությունը լիովին թափանցիկ են: Հասկանալի է նաեւ կիրառվող մարտավարությունը` վարչապետի ուղեգծին համընդհանուր ենթակայության պարտադրում: Սակայն մի հանգամանք այնքան էլ հասկանալի չէ. կարելի՞ է արդյոք այս անցումը հեղափոխություն կոչել: Եթե սա հեղափոխություն է, ուրեմն մենք պետք է գործ ունենանք քաղաքական համակարգի փոփոխության հետ: Այդ դեպքում պետք է պարզել` կարելի՞ է արդյոք մեզանում գոյություն ունեցող քրեաօլիգարխիկ վարչակարգը պետական քաղաքական համակարգ անվանել: Եթե` այո, ուրեմն մենք գործ ունենք հեղափոխության հետ: Եթե` ոչ… դժվար է ճշտորոշել, թե ինչի հետ գործ ունենք:
Հետազոտողների շրջանում միասնական կարծիք չկա այն հարցում, թե արդյո՞ք քրեաօլիգարխիկ վարչակարգը պետական միավոր է: Համաձայնություն կա միայն այդպիսի վարչակարգերի էության շուրջ, այն է` նմանօրինակ համակարգերը խարսխված են քաղաքական եւ տնտեսական ազդեցության ոլորտների ու գոտիների բաժանման մասին պետական կառավարման համակարգը յուրացրած խոշոր սեփականատերերի պայմանագրի (օլիգարխիայի օրենքը) վրա: Այսինքն` կապիտալով պետության յուրացման բազայի վրա: Այդպիսի վարչակարգերի դեպքում բոլոր պետական հաստատությունները կաթվածահարվում կամ ենթարկվում են «օլիգարխների օրենքին»: Սկզբունքորեն, դա տիպիկ քրեական հանրույթ է: Բայց կա մի կարեւոր հանգամանք. քրեաօլիգարխիկ վարչակարգը չի կարող գոյություն ունենալ առանց ֆորմալ ընդունված Սահմանադրության: Հենց Սահմանադրությունն է թույլ տալիս «օրինականացնել» «օլիգարխիայի օրենքը», ընդ որում` Սահմանադրությունը ենթարկվում է «օլիգարխիայի օրենքին» եւ վերածվում քաղաքացիների կամքը ճնշելու մեխանիզմի: Այսինքն` «օլիգարխիայի օրենքն» ինքնաբավ չէ եւ կարող է գործել միայն հասարակության ակտիվության լիակատար ճնշման պայմաններում:
Վերջին հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ քրեաօլիգարխիկ կարգը համապատասխանում է պետական կարգերի ձեւերից մեկին: Եվ առաջանում է այն դեպքում, երբ հասարակությունն ամբողջովին ապագաղափարականացված է եւ անկարող է ընդունված օրենքի հիման վրա կազմավորել պետություն: Հետեւաբար` օլիգարխիայի ապամոնտաժումը եւ իրավակարգի նախագծումը որոշակի վերապահումով կարելի է հեղափոխություն անվանել: Հայաստանում մենք գործ ունենք հենց այդպիսի գործընթացի հետ: Կհաջողվի՞ արդյոք նախագծային ավարտին հասցնել ամբողջ ցիկլը` ցույց կտա ժամանակը: