articles

Speculation over security suppresses the free will of Armenian citizens

Հայկական բանակի ստեղծման տարեդարձի տոնակատարության օրերին երկրում իշխանությունների կողմից իրականացվող անվտանգության քաղաքականության շուրջ բուռն բանավեճ էր ընթանում: Այս հարցի վերաբերյալ կարծիքներն այնքան հակասական էին, որ որոշ գործիչներ ընդհանրապես հրաժարվեցին բանակի ստեղծման տարեթիվը տոն համարել: Նման կարծիք արտահայտելու հիմնական փաստարկն այն էր, որ Հայաստանում գործող վարչակարգը անվտանգության թեման վերածել է քաղաքացիների ազատ կամքի ճնշման լծակի: Եվ դրանում իմաստ կա. ներկայումս ամենատարածված ձեռնածությունները հիմնված են բանակի, պատերազմի եւ զինծայողների ճակատագրի թեմայի վրա: Սակայն իրավիճակի ամբողջ բարդությունն այն է, որ իշխանություններից բացի, նման մանիպուլյացիաներ վաղուց անում են իշխանությունների այս կամ այն ընդդիմախոսներ: Նրանք դա անում են ոչ պակաս մղումով` ճնշելու հասարակության կամքը: Տարբերությունը սոսկ մեկ կամ մյուս կողմի ընդունած հայեցակարգերի մեջ է:

Ինչ վերաբերում է իշխող վարչակարգի քարոզչական հայեցակարգին, ապա դրա հետ կապված արդեն վաղուց ամեն ինչ պարզ է: Այստեղ առաջադրված է այն գաղափարը, որ բանակը հասարակության սոցիալ-քաղաքական եւ տնտեսական զարգացման ավանգարդային շարժիչն է: Այս գաղափարը մոդելավորված է «ազգ-բանակ-եկեղեցի» թեզի ձեւով եւ ունի իր արդարացումը՝ նպատասլաց խրատաբանական դեմագոգիայի տեսքով: Քաղաքացիների ազատ կամքը ճնշվում է հասարակությանը՝ «երկրի պաշտպանունակությունը խաթարելու» մեղք ներշնչելու միջոցով:

Սակայն իշխող վարչակարգի վարած այս քաղաքական ուղեգծի նախասկզբնական թուլությունը գալիս է նրանից, որ վարչակարգն անկարող է հասարակությունից թաքցնել իր հակաժողովրդական էությունը: Լայն շրջանակների համոզմամբ՝ Հայաստանում վաղուց ձեւավորվել է, այսպես կոչված, քրեաօլիգարխիկ քաղաքական համակարգ: Երկրի ռազմական խնդիրների վրա այդ համակարգի արտապատկերումը ամենաանարդարն է, քանի որ իշխող ընտրախավը սերտաճած լինելով բիզնեսի հետ, իր համար արտոնյալ պայմաններ է ստեղծել: Կոռուպցիոն գծապատկերների միջոցով զինվորական ծառայության նկատմամբ իրականացվում է կաստայական մոտեցում, որն ազատում է իշխող խմբի անդամներին բանակում ծառայելուց: Համապատասխանաբար՝ զինծառայողների պարտականությունները դրված են անապահով քաղաքացիների վրա: Այս հանգամանքը բավարար է երկրում եւ հատկապես բանակում խորն անվստահություն առաջացնելու համար: Միեւնույն ժամանակ, ուշագրավ է, որ «ազգ-բանակ» հռչակած ռազմավարության շրջանակներում եւս դրսեւորվում են այս կաստայական մոտեցումը լեգիտիմացնելու մտադրություններ. փաստացի առաջարկում են օրինականացնել «ծառայության փրկագինը»: Հասկանալի է, որ նման մոտեցումներ պահպանելով, հասարակության եւ բանակի համախմբման փորձերը չեն կարող արդյունավետ լինել: Ընդհակառակը, նրանք կստեղծեն նոր կոռուպցիոն տարածքներ եւ կմեծացնեն անարդարության աստիճանը: Բնականաբար՝ նման մոտեցումը կարող է ամրապնդել քաղաքացիների բացասական վերաբերմունքը բանակի եւ անվտանգության հարցերի նկատմամբ: Բանակը չի դառնում ժողովրդի հարազատ երախայրիքը՝ մարդկանց աչքերում նրան վերածում են ամեն ինչ խժռող հրեշի:

Միանգամայն տրամաբանական է, որ հասարակության մեջ պետք է ոչ միայն կասկած առաջանա իշխող վարչակարգի քաղաքականության անկեղծության նկատմամբ, այլեւ՝ մեծ դժգոհություն: Այս հանգամանքն, իր հերթին, չի կարող չառաջացնել ծայրահեղ ժխտողականություն ոչ միայն իշխանությունների քաղաքականության, այլեւ ամբողջ անվտանգության ոլորտի հանդեպ: Նման ժխտողականությունը, իր հերթին, խեղաթյուրում է երկրի խնդիրները: Մյուս կողմից, հասարակությանը ներշնչում են ոչ պակաս ապակառուցողական, կյանքից կտրված հակապատերազմական ​​գաղափարներ, որոնք հանգեցնում են միայն խաղաղության օգտին իրենց իրավունքից հրաժարվելու թեզին: Արդյունքում հասարակական գիտակցության մեջ ձեւավորվում է կեղծ երկընտրանք՝ «կամ ֆաշիզմ, կամ խաղաղություն ցանկացած գնով»: Հասկանալի է, որ երկու կողմից քաղաքացիների ազատ կամքը ճնշող իշխանությունների եւ նրանց հակառակորդների նկարագրված տարաձայնությունները երկրի քաղաքացիներին ստիպում են վերջնականապես կորցնել կողմնորոշման սանդղակը:

Գործերի ներկա վիճակը պահանջում է լուրջ իմաստավորում: Հասկանալի է, որ իրադրության հանդեպ այլ վերաբերմունքի պարագայում յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգար ոչ միայն իր պետության տերը, այլեւ ներունակ զինվոր, որ հարկ եղած դեպքում կարող էր համալրել երկրի պաշտպանների շարքերը: Ինչպես ցույց տվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմը, մարդիկ հոգեբանորեն դրան պատրաստ են: Բայց դրա համար նրանք պետք է ազատ լինեն: Բանակի ամրապնդման համար քաղաքացիների մասնակցության ցանկացած պարտադիր ու սպեկուլյատիվ միջոց կարող է միայն լղոզել այս հոգեբանական մթնոլորտը:

Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ անվտանգության խնդրի շուրջ հանրությանը համախմբելու համար ցանկացած հայեցակարգ եւ ծրագիր ենթադրում են հասարակական կյանքում քաղաքացիական ու զինվորական անձանց միջեւ հարաբերությունների հատուկ սկզբունքների ներմուծում: Այս սկզբունքները պետք է պետության պաշտպանունակության ապահովման գործընթացին քաղաքացիների մասնակցության հարցերում ստեղծեն արդարության մթնոլորտ: Իրական արտահայտությամբ՝ դա վերաբերում է իրավունքների եւ պաշտպանության համար պատասխանատվության թեմային: Նման մթնոլորտ կարող է ստեղծվել հանրային գիտակցության մեջ այն դրույթի արմատավորմամբ, թե «չկա ոչինչ ավելի արժեքավոր, քան հայրենիքի համար մարդու նվիրաբերած կյանքը»: Յուրաքանչյուր ոք պետք է խոնարհվի նրա առջեւ, ում կյանքը վտանգի տակ է ծառայության բերմամբ: Տարբեր երկրներում նմանատիպ դրույթն արմատացած է տարբեր ձեւով: Կատարելատիպն, անկասկած, այն հասարակություններն են, որտեղ այդպիսի թեզն այնքան խորն է արմատավորված, որ նույնիսկ զինվորին կարող են կանգնեցնել դատարանի առջեւ, եթե նա անգամ թշնամուն անհիմն կերպով զրկել է կյանքից:

Սրան կարելի է հասնել միայն մեկ պայմանի դեպքում. լիովին վերացնել նեղ կաստայական խմբին ընձեռնված այն նախադրյալները, որոնք թույլ են տալիս ոչ միայն իրենց համար ապահովել ապօրինաբար զինվորական ծառայությունից խույս տալու հնարավորություններ, այլեւ օրինապահ բոլոր մյուս քաղաքացիներին շահագործելու պայմաններ: Սա քաղաքացիների մասնակցությամբ արդարության մթնոլորտի ստեղծման միակ միջոցն է պետության պաշտպանունակության ապահովման գործընթացում: Ոչ պակաս կարեւոր է այնպիսի համակարգի ներդրման անհրաժեշտությունը, որը համոզիչ կլինի հասարակության համար` տարկետման եւ առանձնահատուկ շնորհալի քաղաքացիներին զինվորական ծառայությունից լիովին ազատելու հարցերում: Անհրաժեշտ է օրինականացնել նմանատիպ քաղաքացիներին ընտրելու համոզիչ համակարգ, որը կարող է ընդունվել նույնիսկ հանրաքվեի մակարդակով: Ժողովուրդն իրավունք չունի անհիմն կերպով վտանգի ենթարկել այն մարդկանց կյանքը, որոնց գործունեությունը վերաբերում է միլիոնավոր մարդկանց ճակատագրին եւ բարեկեցությանը:

Անվտանգության խնդրի նկատմամբ ցանկացած «զորանոցային» մոտեցում անընդունելի եւ վտանգավոր է: Եվ կարեւոր չէ, թե որտեղից են գալիս նման մոտեցումները: Բայցեւայնպես, կարեւոր է հասկանալ, որ եթե լրջորեն ձեռնամուխ ես եղել պետության կառուցմանը, ուրեմն պետք է հաշտվես հին ճշմարտության հետ. «ում շատ բաժին է ընկել, նրանից էլ շատ է պահանջվում»: Ժամանակն է, որ հայ իշխանական «չուստլիկները» հասկանան, թե ինչու դարեր շարունակ զորքը պատերազմ ուղարկելուց առաջ արքաները հրապարակավ զոհաբերում էին իրենց զավակներին: Եվ ինչո՞ւ ազնվականների երեխաները միշտ զինվորական մարդիկ էին դառնում: Իսկ դա դժվար չէ հասկանալ. պետական ​​որոշումների արդարացիության հանդեպ համընդհանուր համոզվածությունը պետության հիմքերի հիմքն է: