articles

Հայկական հրապարակը

Հետևելով հանրության համար հասանելի և որոշակիորեն առանձնահատուկ երևանյան բանավեճին` անկասկած, կարելի է նկատել, որ ազատասիրության «վերակառուցման» փուլը, չնայած իր ողջ զավեշտականությանը, իբրև հասարակական-քաղաքական երևույթ, այնուհանդերձ, կատարեց իր գործը` սահմանելով «մարտնչող» գավառացիների մտածողության չափորոշիչները։ Բոլոր հնարավոր ստանդարտները` «ժողովրդավարություն», «ազատություն», «պառլամենտարիզմ», «բազմակարծություն», «ազատականություն», «շուկայական հարաբերություններ», որոնք հնչեցվել են 25 տարի առաջ, գրեթե իբրև սրբություն են դիտվում։ Դրանք շարունակում են մնալ որպես հիմնական գաղափարախոսություն կամ, ավելի շուտ, իբրև որևէ գաղափարախոսության բացակայություն Արևելյան Եվրոպայի էլիտար ու մարգինալ խմբավորումների համար։

Միաժամանակ միայն խիստ տուժած ու հալածված մտավորականները կարող են չտեսնել այն, որ ներկայացումը վաղուց ավարտված է, և ոչ ոք աշխարհում այլևս չի հետաքրքրվում այդ դատարկ թեզերով։ Համաշխարհային կենտրոններին հետաքրքրում են ոչ թե կառավարող ռեժիմների ժողովրդավարական լինելը, այլ նրանց համարժեքությունը կառավարման խնդիրներին և կանոններով խաղալու ընդունակությունը, որի շնորհիվ ապահովվում է կանխատեսելիությունը և անվտանգությունն ամենից առաջ տարածաշրջանային մակարդակով։ Եթե այդ ցուցադրական ժողովրդավարությունն անվանենք ուղղակիորեն ժողովրդավարական դեմագոգիա, ապա այն արդեն կատարել է իր դերը և շպրտվել աղբանոց իբրև սպառված ռեսուրս։ Ներկայումս գործնականում միայն Արևելյան Եվրոպայի պետությունների էլիտաներն են շահագրգռված այդ տեխնոլոգիայի գոյությամբ, քանի որ այն շատ հարմար է իշխանությունը վերցնելու կամ պահպանելու համար։ Ժողովրդավարական դեմագոգիան գործնականում բոլոր արևելաեվրոպական երկրներում իշխանության է բերել բավականաչափ քրեականացված ռեժիմներ, որոնք, ինչպես ոչ մի այլ էլիտա, շահագրգռված են այդ տեխնոլոգիայի շարունակականության ապահովմամբ։ Այդ էլիտաները, այսինքն` ժողովրդավարական դեմագոգների քաղաքական դասակարգը, հիմնավորապես և երկարաժամկետ ամրապնդել է իր դիրքերը Արևելյան Եվրոպայում, տիրապետում է իշխանության բոլոր հնարավոր լծակներին, ունի ուժեղ պաշտպանություն ի դեմս քարոզչական և դրամական համակարգերի։ Ըստ էության, նրանց է պատկանում կապիտալի, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, ԶԼՄ-ների մեծ մասը, նրանց են ենթակա զինված ուժերն ու իրավապահ մարմինները։ Կառավարող դասակարգը ժողովրդավարական դեմագոգիայի գաղափարախոսության միջոցով է կայացել և չի կարող դավաճանել նրան։ Այս գաղափարախոսության հետևորդները կամ տերերը լավ հասկանում են, որ պառլամենտարիզմը և ընտրությունները բոլոր մակարդակներում իրենցից ներկայացնում են ժողովրդավարական իդեալիզմի վերջին փուլը, իսկ ցանկացած իշխանության սոցիալական արդարացման էությունը քաղաքացիական հասարակության մեջ է կամ էլ գոնե կլանային հասարակության, որն ապրում է եթե ոչ իրավունքի հիման վրա, ապա առնվազն որոշակի հասկացություններով։

Իրական հասարակության ձևավորումը կնշանակի մահ ժողովրդավարական դեմագոգների համար, և նրանց անհրաժեշտ է խստորեն հետևել գործընթացներին, որոնք օբյեկտիվորեն կարող են հանգեցնել իրական հասարակության ձևավորման։ Ժողովրդավարական դեմագոգիայի գաղափարախոսության կրողները հասկանում են, որ դրա վրա հենված ռեժիմի պահպանումն անհնար է իրագործել ազգային պետություն կառուցելու շրջանակում և փորձում են ստեղծել որոշ տրանսազգային «ակումբներ», որոնց շրջանակներում էլ պետք է տեղի ունենա համագործակցություն` նպատակ ունենալով ընդհանուր, ունիվերսալ խնդրի լուծումը։ Բոլոր փորձերն Արևելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական և գեոտնտեսական միավորումների ձևավորման` ռազմական կամ տնտեսական դաշինքների ձևով, իրականում իրենց մեջ ներառում են արևմտյան հանրության կողմից պարտադրած ժողովրդավարական դեմագոգիայի գաղափարախոսության ու տեխնոլոգիայի պահպանումը։ Վերակազմավորված կամ նոր ձևավորված էլիտաները հասկանում են, որ ժողովրդավարական դեմագոգիայի, իբրև դոկտրինի, փլվելու դեպքում գոյություն չի ունենա որևէ այլ քաղաքական գաղափարախոսություն` ընդունակ փլուզումից փրկելու իշխանությունն ու պետությունն առհասարակ։ Որոշակի իմաստով արևմտյան ուժային կենտրոնները միաժամանակ հաղթել են ու տանուլ են տվել Արևելյան Եվրոպայի հետ երկխոսության մեջ, բայց խնդիրն այժմ դա չէ, այլ այն իրողության գիտակցումը, թե ինչ նոր բան են պատրաստում արևելաեվրոպական ժողովուրդների համար արևմտյան պետությունների քաղաքական ծրագրավորողները։ Այդ պատճառով էլ իմաստ ունի վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ ժողովրդավարական դեմագոգիայի դոկտրինի հետ, արդյոք իրականում այն պարտությո՞ւն է կրել ու սպառվել, թե՞ դարձել է համաշխարհային քաղաքականության ու տնտեսության հետագա զարգացման հիմնաքար։

Արևելաեվրոպական ազգերն ավելի պինդ ընկույզ դուրս եկան, քան դա ենթադրվում էր նախկինում` Լատինական Ամերիկայի կամ Աֆրիկայի հետ համեմատության մեջ։ Այս դաշտում Արևմուտքը բախվեց բարձր կրթական մակարդակ ունեցող, թեկուզ և միամիտ էլիտաների հետ, որոնք նույնիսկ նյութական կենսագործունեության բազայի բացարձակ փլուզման պայմաններում միայն մասնակիորեն դարձան «անդրծովյան վերահսկիչների» ծառաները։ Արևելաեվրոպական էլիտաները, բավական լրջորեն ընկալելով Արևմուտքի «հրահանգները» շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացման առումով, շատ ակտիվորեն ընդգրկվեցին կառավարման ժամանակակից մեթոդների ուսուցման գործընթացում։ Այդ էլիտաները հաճույքով ընդունեցին բարձր տեխնոլոգիական և վերամշակող արդյունաբերության ու գիտության փլուզման իրողությունը, սակայն նախընտրեցին զարգացնել իրենց համար ավելի հարմար ու կառավարելի ոլորտները։ Նրանք միանգամայն հստակ հասկացան և ազդանշան ուղղեցին Արևմուտքին որոշակի կանոններով խաղալու իրենց պատրաստակամության մասին։ Միաժամանակ արևելաեվրոպական էլիտաները, բառացիորեն կառչելով ժողովրդավարական դեմագոգիայի գաղափարախոսությունից, ցուցաբերեցին այն իրենց հարմարեցնելու ընդունակություն։ Արևմուտքն իրագործեց իր հիմնական խնդիրներն Արևելյան Եվրոպայում, կրկնակի կամ եռակի իջեցնելով էներգասպառումը, այս դաշտը գործնականում վերածելով հումքային բազայի` մրցակցային ոլորտների ոչնչացմամբ։ Մնում է միայն մեկ պրոբլեմ` հաստատել կեղծ ժողովրդավարական, ինտելեկտուալ առումով սահմանափակ ռեժիմների կառավարում։ Դա, անկասկած, դարձավ պատմական նշանակության հաղթանակ։ Սակայն դրա կողքին եղան բացահայտ տապալումներ, քանի որ արևելաեվրոպական ազգերն ավելի համառ դիմադրություն ցույց տվեցին ժողովրդավարական դեմագոգիայի գաղափարախոսությանը և այդ ահռելի տարածաշրջանում ստեղծեցին նոնկոնֆորմիստական շարժում, որը գործնականում կազմակերպված չէ, բայց հենց դա է այդ գաղափարախոսության ուժը։ Արևմտյան ուժային կենտրոնները երբեք մտադրություն չեն ունեցել մտնելու պայքարի մեջ նոնկոնֆորմիզմի կրող խմբավորումների հետ և ազգային էլիտաներին տվեցին հնարավորություն վատնելու իրենց ռեսուրսներն այդ «դիմադրության շարժման» հետ պայքարում։

Այս առաջին հայացքից հակասական իրավիճակի հանգուցալուծումը բավականին հեռու է, և Արևմուտքը համոզիչ կերպով հասկացնում է, որ ժողովրդավարական դեմագոգիայի դոկտրինի ներդրումը սպառել է իրեն, դարձել անիմաստ, և դրա փոխարեն հրապարակ պետք է գա այլ կանոններով քաղաքականություն, ինչ-որ չափով նման «real politics»-ի դոկտրինին։ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ձախ և լիբերալ մտավորականությունը թեթևացած շունչ քաշեց, երբ Ջորջ Բուշն իր տնաբույս նեոպահպանողականների հետ լքեց Սպիտակ տունը, բայց պարզվեց, որ հրճվանքը վաղաժամ էր։ Բարաք Օբամայի ներկա քաղաքականությունն իր մեջ այնքան է ներառել նեոպահպանողականների մշակած խնդիրները, որ ակամայից ի հայտ է գալիս պատմական և կոնցեպտուալ ժառանգականության հարցը։ Այդ ժառանգականությունն ամենից առաջ նկատելի է աշխարհաքաղաքական հարթության մեջ, եթե նկատի ունենանք գլոբալ խնդիրները Չինաստանի, Հարավային Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հետ կապված, որոնք կանխորոշված էին դեռ Բուշի վարչակազմի կողմից։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ դատողություններ անելիս ամենից առաջ պետք է նկատի ունենալ Արևելյան Եվրոպան։ Առայժմ տպավորություն է ստեղծվում, որ Բարաք Օբամայի քաղաքականությունն Արևելյան Եվրոպայում ժողովրդավարական դեմագոգիայի դոկտրինի ավելի քիչ տարրեր կպարունակի, քան Բուշի քաղաքականությունը։ ԱՄՆ-ի արևելաեվրոպական քաղաքականության գաղափարախոսական բովանդակությունը չափազանց մեծ ռեսուրսներ է պահանջում ու բացարձակապես արդյունավետ չէ։ ԱՄՆ-ը շահագրգռված է արևելաեվրոպական երկրներում այն ռեժիմների գոյությամբ, որոնք պաշտպանում են անվտանգության սկզբունքները, բացառում են այլընտրանքային ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը, ինչն անթույլատրելի է նաև Արևմուտքի շահերի տեսանկյունից։ Ժողովրդավարական դեմագոգիայի դոկտրինի շրջանակներում գոյություն ունեցող արժեքային համակարգին փոխարինելու է գալիս նոր համակարգ, որն իր մեջ ներառում է ամենից առաջ անվտանգության սկզբունքները` փոխադարձ ծառայությունների մատուցման հիերարխիկ համակարգով հանդերձ։ Վատ քողարկված ժողովրդավարական դեմագոգիայի դոկտրինին փոխարինելու է գալիս նորը, որը նշանակելու է անվտանգության ապահովում ցանկացած գնով, և այդ գինը հարկադրված են լինելու վճարել մի շարք պետություններ ու ազգեր։

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն արագացրեց գլոբալ պրագմատիզմի քաղաքականության որդեգրումը, երբ Արևմուտքի առաջատար պետություններից ոչ մեկն այլևս չի ծախսելու թեկուզ ոչ նշանակալի ռեսուրսներ և չի դիմելու ռիսկի` ժողովրդավարական դեմագոգիայի դոկտրինի սկզբունքները պաշտպանելու համար։ Ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, թե ինչպիսին է նոր քաղաքականությունը, նրա սկզբունքները, տեխնոլոգիան և առաջնահերթությունները։ Անշուշտ, Արևմուտքում հազիվ թե որևէ մեկը ցանկանում է գործ ունենալ հեղինակավոր ժողովրդավարական դեմագոգիայի ճամբարից դեպի ավտորիտարիզմի ճամբար անցած ռեժիմների, այսինքն` տեղային նշանակության բռնապետների հետ։ Բայց այդ հանգամանքը չէ, որ հաշվի է առնվում այս կամ այն պետության ու քաղաքական գործչի վերաբերյալ որոշումներ ընդունելիս։

«Հայկական հրապարակը», որպես «վերակառուցման» կարոտախտի և «պատրանքների» գոտի, շանսեր չունի արտաքին «հովանավորություն» ձեռք բերելու և քիչ թե շատ հեղինակավոր տեղ զբաղեցնելու եթե ոչ համաշխարհային էլիտայում, ապա, առնվազն, արտաքին սպառողներին ծառայություններ մատուցելու կարգավիճակի առումով։ «Հայկական հրապարակն» արտահայտությունն է վնասակարության ծայրահեղ ձևերի և հայ ցեղատեսակի qրոնիկական ինֆանտիլիզմի, բայց նույնիսկ այդպիսի ողբալի իրավիճակում այն իր բողոքն արտահայտելու կարողություն ունեցավ` դրանով իսկ արձագանքելով ժողովրդավարական դեմագոգիայի դոկտրինի ճգնաժամին։ 2008-2009 թթ. իրադարձությունները հավանաբար վերջնականապես համոզեցին հայկական արդի ընդդիմությանը և բազմաթիվ բոլորովին էլ ոչ ընդդիմադիր խմբավորումների, որ արտաքին «հովանավորություն», որպես այդպիսին, չի լինելու, այլ տեղի կունենա էլ ավելի մեծ մարգինալացում այն ամենի, ինչը համեստորեն կոչվում է «հայկական հասարակություն»

Հայաստանում ներկայիս կառավարող ռեժիմը Ռուսաստանի շահերին իր ողջ հավատարմությամբ միանգամայն ձեռնտու է արևմտյան ուժային կենտրոններին, քանի որ այդ ռեժիմը հաճույքով և բավական հմտորեն կատարում է ԱՄՆ-ի ու Եվրամիության բոլոր հնարավոր ու ենթադրյալ պահանջները։ Մասնավորապես Հայաստանը բացարձակապես կորցրել է քաղաքական կամքն ու վերածվել վարչարարների ամենակեր խմբավորման, որոնք ընդհանրապես չեն հետաքրքրվում արտաքին քաղաքականությամբ, չունեն քիչ թե շատ նշանակալի արտաքին քաղաքական հավակնություններ, պատրաստ են ստորագրելու ցանկացած քաղաքական փաստաթուղթ, քանի որ չեն տիրապետում ո՛չ անհրաժեշտ տեղեկատվության, ո՛չ էլ համաշխարհային քաղաքականության և տնտեսության միտումների ընկալման։ Հայաստանը շատ կարևոր է իբրև ամենաէական ու հեշտ կառավարելի գործոն Թուրքիայի հավակնություններն ու էքսպանսիան զսպելու համար, ինչն էական է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Եվրամիության համար, որոնք հեշտությամբ համախմբեցին ջանքերը Հայաստանի այդ գործառույթը պահպանելու և ուժեղացնելու ուղղությամբ։ Հայաստանի կողմից հռչակված է, որ երկիրը չունի նպատակ ՆԱՏՕ ընդգրկվելու, ինչը նույնպես կարևոր հանգամանք է Արևմուտքի, հատկապես եվրոպական այն շրջանակների համար, որոնք աշխատում են սահմանափակել, եթե ոչ ամբողջությամբ կասեցնել ՆԱՏՕ-ի և Եվրամիության ընդլայնման գործընթացը։

Հայկական քաղաքական վարչակարգը չի ձեռնարկում զանգվածային քաղաքական ռեպրեսիաներ, չի նեղում քաղաքական կուսակցություններին ու ԶԼՄ-ներին, չի հետապնդում առանձին այլախոհների, չի նախաձեռնում արտաքին քաղաքական ինչ-որ սադրանքներ, պատրաստ է ցանկացած ձևով համագործակցել և ընկալել արևմտյան ուժային կենտրոնների բոլոր երաշխավորությունները վարչարարության, պառլամենտարիզմի, սահմանադրականության ու առհասարակ կառավարման հետ կապված, թեպետ այդ ամենը կրում է բացարձակապես ձևական բնույթ։ Հայաստանի քաղաքական ղեկավարության պահվածքը թույլ է տալիս Արևմուտքին ձևացնել, թե տեղի է ունենում ինտեգրացման ինչ-որ գործընթաց, մշակվում են պրոֆեսիոնալ գնահատականներ` ժողովրդավարական դեմագոգիայի դոկտրինի շրջանակներում։ Հայաստանի քաղաքականությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում, Ռուսաստանի և Իրանի հետ լայն հարաբերություններն ընդհանուր առմամբ չեն վնասում ԱՄՆ-ի ու նրա որոշ դաշնակիցների շահերին։ Հայաստանի դրությունը հնարավորություն է տալիս ինչ-որ չափով արդարացնել այդ հարաբերությունները դիվանագիտական և վերլուծական ծառայությունների միջոցով, թեկուզ դա միշտ չէ, որ հաջողվում է։ Հայաստանը բոլորովին էլ վատ չի ապահովում ֆինանսավարկային կարգապահությունը, չնայած բավական վնասակար քաղաքականությանը տնտեսության իրական սեկտորը զարգացնելու և արդյունաբերության մեջ մրցունակ ոլորտներ ստեղծելու ուղղությամբ, ինչը, միևնույն է, հնարավորություն է տալիս երկրին վարելու տնտեսական հարաբերական կայունության քաղաքականություն, անգամ համաշխարհային ճգնաժամի պայմաններում։

Հայաստանի նկատմամբ չափավոր քննադատության և խնայող վերաբերմունքի պատճառներից մեկն էլ տարածաշրջանի խորապատկերի վրա մարտունակ զինված ուժերի առկայությունն է, քանի որ Արևմուտքը հետաքրքրված է հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողությամբ քաղաքական ղեկավարության կողմից, հաշվի առնելով ղարաբաղյան զինված ուժերի գործոնը նույնպես։ Արևմուտքի առջև ստանձնած պարտավորությունները Հայաստանը դարձնում են Կովկասյան-Կասպյան էներգետիկ և կոմունիկացիոն համակարգի անվտանգությունը երաշխավորող գործոններից մեկը, ինչն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար գլխավոր խնդիրն է ու առաջնահերթությունը։ ԱՄՆ-ի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանության չճանաչումը որոշակի իմաստով ևս զսպող հանգամանք է Հայաստանի նկատմամբ Եվրամիության և ԱՄՆ-ի քննադատության, և թույլ է տալիս երկրի քաղաքական ղեկավարներին եթե ոչ մանևրել, ապա ինչ-որ ձևով շարունակել նստած մնալ «բարոյական կոմպլեքսի» խրամատներում։ Հայաստանը, չնայած նրա միջազգային դերի որոշակի արդիականացմանը 2008-2009-ին, շարունակում է մնալ համաշխարհային ուժային կենտրոնների քաղաքականության ռեզերվում։ Ներառյալ Ռուսաստանը, ու այդ պատճառով էլ նշված կենտրոններից ոչ մեկը շահագրգռված չէ Ադրբեջանի ռազմաքաղաքական ու տնտեսական զգալի թուլացմամբ, նրա առանց այն էլ ոչ նախանձելի տարածաշրջանային դիրքերի ավելի նվազմամբ, քանի որ հաշվի է առնվում նրա հնարավոր մասնակցությունը տարածաշրջանային մրցակցության և անվտանգության ավելի լուրջ խնդիրների առումով։

Ներկա պայմաններում «Հայկական հրապարակը» շանսեր ունի միայն օգտագործելու բացառապես ուժային հնարքները, ավելի կոնկրետ, ռազմական հեղաշրջումը կամ շատ նշանակալի, զանգվածային քաղաքացիական դժգոհությունը, երբ բողոքական տրամադրությունների ազդեցության տակ են հայտնվում բնակչության լայն շերտերը։ «Հայկական հրապարակը» պարտություն է կրել և միայն ներքին լարվածությունը կարող է հանգեցնել կառավարող ռեժիմի փոփոխության։ «Հայկական հրապարակն» արտաքին հովանավորներ ձեռք բերելու շանսեր չունի, դա ուղղակի անհնարին է, և այդպիսի հույսերը շուտով վերածվելու են կորսված պատրանքների։ Ընդդիմության առաջնորդներն արդեն հայտարարել են այդ մասին, բայց որքանով է այդ հանգամանքն իմաստավորվել քաղաքական դասակարգի կողմից առհասարակ, պարզ չէ։ Թե ինչ կտա այդպիսի իմաստավորումը գործնականում, բացարձակապես անիմաստ հարցադրում է այսօր։ Հնարավոր է, երբ անհետանա «Հայկական հրապարակը», ծնունդ կառնեն այն նոր սերնդի նոր սպասումները, որն արդեն հետևողականորեն հայտարարում է իր գոյության մասին։