articles

"Near Neighbors" and the policy of "covering"

2013-05-14

Եվրոպական ընկերակցությունն ավելի ու ավելի է ձգտում իր վրա վերցնել պատասխանատվությունը Հարավային Կովկասի ճակատագրի հանդեպ։ Այդ նպատակով նա վարում է տարածաշրջանի վերահսկողության ապահովմանը, իր ազդեցության մեծացմանն ուղղված քաղաքականություն, միաժամանակ ուշադրությամբ հետևելով թեմայի շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև տեղի ունեցող երկխոսությանը։
Ներկայումս Վրաստանում տիրող քաղաքական և տնտեսական իրավիճակը լուրջ խնդիր է Եվրոպական ընկերակցության համար, ուստի եվրոպացիներն ստիպված են ավելի մոտիկից դիտարկել Վրաստանի կառավարության, այդ թվում` ուժային գերատեսչությունների և տնտեսական բլոկի գործունեությունը։ Ըստ այդ դիտարկումների, երկրում կուտակված խնդիրները հազիվ թե հնարավոր լինի լուծել պետական կառավարման, տնտեսական իրադրության և անվտանգության ապահովման ներկա մակարդակի պայմաններում։ Ընդ որում, տարածքային ամբողջականությունը եվրոպացիները գերակա խնդիրների թվին չեն դասում, քանի որ Եվրոպական ընկերակցությունը պատրաստ չէ և այժմ չի կարող կենտրոնանալ այդ հարցի լուծման վրա։ Դա հղի է տևական հակամարտության մեջ ներքաշվելու և զինված ուժեր օգտագործելու անհրաժեշտության վտանգով։ ՈՒստի եվրոպացիները ո՛չ հիմա, ո՛չ մոտ ապագայում չեն մասնակցի վրացական խնդիրը զինված ուժերի միջոցով կարգավորելու որևէ քայլի, քանի որ ստեղծվող եվրոպական զինված ուժերը նախատեսված են միանգամայն այլ ռազմավարական նպատակների համար և կոչված են առաջին հերթին ապահովելու Եվրոպայի անվտանգությունը, թեկուզ և տարբեր տարածաշրջաններում։ Իսկ Վրաստանի իրադրությունը սպառնալիք չէ ո՛չ Եվրոպայի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ նրանց դաշնակիցների ու գործընկերների համար։
Ինչ վերաբերում է Աբխազիայում և Հարավային Օսիայում տիրող իրադրությանը, ապա այն թեև լարված, բայց լիովին կառավարելի է։ Արևմուտքի համար շատ ավելի մեծ նշանակություն ուներ Աջարիայի իրադրության կարգավորումը, ինչը կապված է նավթի արտահանման խոշոր ծավալների և «Արևելք-Արևմուտք» նախագծի իրագործման հետ։ Ընդհանուր առմամբ, Եվրոպայում լավ են հասկանում Վրաստանում տիրող իրադրությունն ու նրա խնդիրները, այդ իսկ պատճառով նրա ղեկավարությանը «սխալվելու և սխալները շտկելու իրավունք» է վերապահված։ Բայց դա, իհարկե, չի կարող երկար շարունակվել։ Վրաստանը պետք է իր քաղաքականությունը համապատասխանեցնի եվրոպական սկզբունքներին։ Եվրոպական կառույցներին քաջ հայտնի են Սամցխե-Ջավախեթիի երկրամասի խնդիրները, ուր գերազանցապես հայեր են բնակվում։ Շուտով Վրաստանը պետք է եվրոպական մարմիններում հաշվետու լինի այդ և այլ խնդիրների վերաբերյալ։ Նշվում է, որ Եվրոպայում հայկական լոբբիի ջանքերի 90 տոկոսը նվիրված է Վրաստանի հայերի խնդիրներին։ Օրախնդիր է նաև մեսխեթցի թուրքերի հարցը։
Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ Վրաստանը մեծ գլխացավանք է Եվրոպական ընկերակցության համար, և եվրոպացիներն առայժմ սահմանափակվում են հակամարտությունների բոլոր հնարավոր կողմերին, այդ թվում` Ռուսաստանին ու Հայաստանին զսպելով։ Եվրոպական փորձագետներն ու քաղգործիչները լավ են հասկանում, որ Վրաստանը չի կարող զարգանալ որպես անկախ, ժողովրդավարական պետություն, եթե շարունակի հավակնել կորցրած նախկին ինքնավարություններին, սակայն այդ խնդրի առնչությամբ մշակված հանձնարարականներ չկան։
Ըստ եվրոպացիների, Ադրբեջանում քաղաքական և սոցիալական անկայունություն է հասունանում։ Միայն կազմակերպված ու ճանաչում վայելող ընդդիմության բացակայության շնորհիվ է, որ իշխանությունները կարողանում են զսպել իրադրության` իրենց համար աննպաստ զարգացումը։ Իսկ հաշվի առնելով խոշոր նավթային ձեռնարկությունների նշանակությունը, որոնց մասնակցում են Արևմուտքի ընկերությունները, վերոնշյալ հեռանկարը չի կարող ընդունվել իբրև խելամիտ ելք։ Արևմուտքին ավելի հետաքրքրում է ոչ թե Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը, այլ Ռուսաստանի հետ նրա մերձեցման ուժեղացումը։ Եվրոպացիների կարծիքով, ռուսական քաղաքականության ապակառուցողականությունն այն է, որ «փորձեր են արվում նոր չհաշվեկշռված լուծումներ ներդնելու» քաղաքական և տնտեսական առնչությունների ոլորտում լավ ձևավորված հարաբերություններում։ Ռուսաստանն անզուսպ պատվախնդրության թելադրանքով ժամանակին հրաժարվեց նավթային նախագծերին մասնակցելուց։ Հիմա նա աշխատում է ինքնուրույն խաղ խաղալ, հավակնություններ հանդես բերելով իր շահերի առումով։ Խնդիրը ոչ միայն Ռուսաստանի ձգտումն է` կախման մեջ դնելու Ադրբեջանին, այլև ամբողջ նախկին խորհրդային տարածության հանդեպ ունեցած նվաճողամտությունը։ Ադրբեջանի միջոցով փորձեր են արվում նվազագույնի հասցնելու Վրաստանի աշխարհաքաղաքական դերը և Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ ստեղծելու Հայաստանի փորձերը։ Ադրբեջանի ղեկավարությունը ջանում է պատճենել Հայաստանի արտքաղաքական մոդելը և վարել ավելի բազմակողմանի քաղաքականություն։ Բայց միաժամանակ հաշվի չեն առնվում Հայաստանի քարոզչական հնարավորությունները, Արևմուտքում նրա հանդեպ եղած համակրանքը, ինչպես նաև նրա սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ադրբեջանն այդքան նշանակալի լոբբինգային հնարավորություններ չունի ¥եկեք իրերն իրենց անուններով կոչենք` Հայաստանը քրիստոնեական երկիր է¤։ Եվրամիությունը սովոր է, որ Հայաստանը ավանդական սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, այդ թվում` ռազմական հարաբերություններ, և ձգտում է օգտագործել Արևմուտքի հնարավորությունները անվտանգության ու տնտեսական զարգացման համար։ Իսկ Ադրբեջանի վիճակը միանգամայն այլ է։ Նա ձգտում է ոչ միայն մտերմանալ Ռուսաստանի հետ, այլև որոշակիորեն հեռու մնալ Եվրամիությունից։ Դա մի ուրիշ իրավիճակ է, Արևմուտքի համար` աննպաստ։ ՈՒստի այս դեպքում սպասվում է, որ Եվրոպայի արձագանքը ավելի կոշտ կլինի։
Ընդհանուր ճանաչում գտած գնահատականներ կան Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի մասին։ Այդ բնութագրերի համաձայն, Ադրբեջանը մոտենում է ՈՒզբեկստանի մակարդակին, ինչն անտանելի է դառնում։ Դրան զուգընթաց, Ադրբեջանը քաղաքական շատ ռեսուրսներ է կորցրել Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ։ Հարավային Կովկասի երկրների և Ռուսաստանի փորձագետները չափազանցում են Ադրբեջանում ամերիկյան ռազմական ներկայության դերն ու նշանակությունը։ Առայժմ ամերիկացիներին հետաքրքրում է, նախ և առաջ, ռազմական նպատակներով անարգել և հուսալի տարանցման հնարավորությունը։ Սա քիչ է կապված էներգետիկ հաղորդուղիների անվտանգության ապահովման խնդիրների հետ։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան պայմանավորվածություն ունեն այդ խնդրի լուծման ձևերի շուրջ, ինչով խիստ շահագրգռված է Մեծ Բրիտանիան, որը ձգտում է տարածաշրջանի ընդհանուր անվտանգության խնդիրների լուծումը տարազատել նավթամուղների պաշտպանության խնդիրներից։ Այդ միջոցառումներն անմիջական վնաս չեն պատճառում Հայաստանի անվտանգությանը, բայց պետք է հասկանալ, որ ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի սերտ համագործակցությունը, այսպես թե այնպես, որոշակի դեր կխաղա Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդման գործում։ Նշվում է, որ անհնար է հույսեր կապել Հարավային Կովկասի պետություններին առնչվող սկզբունքային բոլոր հարցերում Եվրամիության ու ԱՄՆ-ի համերաշխության հետ։ Եվրամիությունը այլևս չի կարող ԱՄՆ-ի հետ համաձայնել ժողովրդավարությանն ու անվտանգությանն առնչվող բոլոր հարցերում, ուստի ԱՄՆ-ի ու Եվրամիության վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ միանգամայն տարբեր կլինի։
Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում որպես քաղաքական ու տնտեսական բարդ պայմաններում գտնվող երկիր, որը կարողացել է նշանակալի հաջողությունների հասնել պետական և ռազմական շինարարության ասպարեզում։ Եվրոպայում և ԱՄՆ-ում Հայաստանը դիտվում է որպես միակ լուրջ ռազմական գործընկերը Հարավային Կովկասում, որից կարող է կախված լինել կայունությունն ու անվտանգությունը։ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերային հարաբերությունները կհանգեցնեն ոչ միայն մի շարք ներտարածաշրջանային, այլև որոշ ռազմավարական խնդիրների լուծմանը, առավել ևս, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ Հայաստանն անհամեմատ ավելի լավ է կատարում դաշնախմբի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում առաջադրվող խնդիրները և ավելի մեծ հիմքեր ունի ընդունվելու ՆԱՏՕ, քան Արևելյան Եվրոպայի ցանկացած այլ երկիր։ Հարավային Կովկասում Հայաստանի հարևաններն ավելի վատ են կազմակերպված և բավականաչափ դինամիկ չեն պաշտպանական ոլորտում։
Հայաստանը անհամեմատ ավելի կայուն երկիր է, քան Վրաստանը, և ավելի ժողովրդավարական է, քան Ադրբեջանը։ Այս հանգամանքը Հայաստանի ղեկավարությանը հնարավորություն է տալիս երկիրը ներկայացնելու ավելի շահեկան լույսի տակ։ Բայց ժողովրդավարության ոլորտում Հայաստանում տիրող ներկա իրադրությունը չի կարող բավարար համարվել։ Հայաստանի քաղաքական ռեժիմը դիտվում է որպես ավտորիտար` օլիգարխիայի ու կլանների ուժեղ դիրքերով։ Միայն ստվարաթիվ մտավորականության և քաղաքական լայն խավերի առկայությունն է նպաստում, որ երկիրը մնա ժողովրդավարության որոշակի մակարդակի վրա։ Բայց, անտարակույս, Հայաստանը լավ հեռանկարներ ունի քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական հաստատությունների զարգացման գործում։
Ղարաբաղյան խնդիրը բավական հասկանալի է եվրոպացիների համար։ Հասկանալի է դարձել, որ այդ խնդրի լուծումն անհնար է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Բայց միաժամանակ նրանց համար անըմբռնելի է, թե ինչ կերպ կարելի է Ադրբեջանին համոզել ընդունելու նոր իրողությունը։ Եվրոպական ընկերակցությունն ու ԱՄՆ-ը, փաստորեն, հանգեցրին Ալբանական Կոսովոյի և Հյուսիսային Կիպրոսի ինքնիշխանության ճանաչմանը։ Ըստ ամենայնի, Լեռնային Ղարաբաղի հայկական պետական կազմավորումը ևս համապատասխանում է լուծման այդ մոդելին։ Սակայն, Եվրոպական ընկերակցությունը քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ և սպասում է ԱՄՆ-ի նախաձեռնությանը։ Այդ լուծումը «սեղանին չէ», բայց նման բան ենթադրվում է։
ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների ինտեգրման առնչությամբ եվրոպական պաշտոնատար անձինք արտահայտել են հետևյալ կարծիքը. այնպիսի մի նախագիծ, ինչպիսին է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը, ինքնըստինքյան կարող էր շատ արդյունավետ լինել, սակայն տարածաշրջանի քաղաքական իրադրությունը թույլ չի տալիս լիովին օգտվել այդ ծրագրի առավելություններից։ Կան ոչ պաշտոնական, բայց որակյալ գնահատականներ, որ այդ ծրագրի իրականացումը Հարավային Կովկասում, ըստ էության, կատարվում է ձևականորեն։ Այդ հարցին ավելի լուրջ վերաբերվում է Հայաստանը, սակայն «մի ծաղկով գարուն չի գա»։
ՆԱՏՕ-ն չի կարող պատրանքներով սնել իր գործընկերներին և արդարացի, դրական դիրք է գրավում։ Կարելի է մի շարք կարևոր հանգամանքներ առանձնացնել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ.
l Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում նախապատվությունը տալ տարածաշրջանի պետությունների զինված ուժերին, ցուցաբերել անվտանգության ամրապնդման հետ կապված ամեն կարգի ռազմական ու տնտեսական օգնություն, նրանց զինված ուժերը մոտեցնել ՆԱՏՕ-ի ստանդարտներին,
l պահպանել ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի պետությունների ինտեգրման մակարդակի վերաբերյալ սկզբունքային որոշման բացակայությունը, ՆԱՏՕ-ին նրանց հնարավոր անդամակցության ժամկետների հետաձգումը,
l կարևոր նշանակություն չտալ տարածաշրջանային քաղգործիչների ու արևմտյան փորձագետների հայտարարություններին` կապված ՆԱՏՕ-ին այդ պետությունների շուտափույթ անդամակցության հետ, այդ խնդիրը չշահարկել և չօգտագործել մերձակա քաղաքական հարցերի լուծման համար,
l ժամանակն է Հարավային Կովկասում տեղակայելու ՆԱՏՕ-ի երկրների զորամիավորումներ, ստեղծելու պայմանագրերով կանոնակարգված ռազմական բազաներ, այլ օբյեկտներ, որոնք Հարավային Կովկասում կդիտվեն, նախ և առաջ, որպես տարանցման և ՆԱՏՕ-ի զորքերի տեխնիկական ապահովման միջոցներ, ընդ որում, նախատեսվում են բավական լուրջ տեխօգնություն ու մասնակցություն.
l ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի պետությունների ինտեգրման լուրջ դժվարություններն են` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի էական կրճատման անհնարինությունն ու դրանց արագ համապատասխանեցումը ՆԱՏՕ-ի նորմատիվներին ու պահանջներին, միանգամայն այլ տարածաշրջանային իրավիճակի հաշվառմամբ դրանց վերափոխումը, տարածքային խնդիրների կարգավորման հույսերի բացակայությունը, տնտեսական և ժողովրդավարական զարգացման ցածր մակարդակը, տարածաշրջանում սուր առճակատման առկայությունը։
Այն հարցի առթիվ, թե որքանո՞վ է հնարավոր ՆԱՏՕ-ին, տարբեր արագությամբ, Հարավային Կովկասի պետությունների ինտեգրումը, հետևյալ հայտարարությունն արվեց. իդեալական կլիներ ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի պետությունների ինտեգրման համադրելի արագություն սահմանել։ Բայց ՆԱՏՕ-ում հասկացել են, որ դա անհնար է։ Տարօրինակն այն է, որ Վրաստանը, որն ավելի հետևողականորեն էր ձգտում մտնել ՆԱՏՕ, ամենևին պատրաստ չէ դրան։ Հայաստանն ավելի է պատրաստ, թեև մտադիր է ՆԱՏՕ-ի հետ աշխատել անհատական ծրագրով, բայց առայժմ հասկանալ է տալիս, որ դաշնախմբին անդամակցելու ծրագրեր չունի։ ՈՒստի ՆԱՏՕ-ի բյուրոկրատական ապարատում երեք կարծիք է ձևավորվել Հարավային Կովկասի պետությունների առնչությամբ։ Առավել պահպանողական պաշտոնյաները պահանջում են, որ երեք պետություններն էլ պահպանեն սահմանված կարգով անդամակցության համար անհրաժեշտ նորմերը, ինչը, փաստորեն, անհնար է, քանի որ այդ դեպքում Վրաստանն ու Ադրբեջանը կկարողանան ՆԱՏՕ մտնել 25 տարուց ոչ շուտ։ Այդ դեպքում առաջինը կընդունեն Հայաստանը։ Որոշ շրջանակներ էլ ենթադրում են միավորման ավելի ազատական կարգ, նկատի առնելով երեք պետությունների համատեղ անդամակցությունը` առանց տնտեսության, ժողովրդավարության զարգացման և հակամարտությունների կարգավորման հետ կապված հարցերի լուծման, բայց տարածաշրջանի ներսում եղած խնդիրների լուծման ռազմական եղանակների բացառման շուրջ լիակատար համաձայնությամբ։ Դա ձեռնտու կլինի բոլորին, բացի գեներալներից, որոնք պահանջում են պահպանել զինված ուժերի պատրաստության նորմերն ու մակարդակը։ Կա նաև ՆԱՏՕ-ի ավելի երիտասարդ պաշտոնյաների կարծիքը, ըստ որի, ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի պետությունների և այլ երկրների անդամակցությունը պետք է համապատասխանի, նախ և առաջ, կենսական պաշտպանական խնդիրներին։ Դա նշանակում է, որ եթե պետությունները ցանկանային ՆԱՏՕ-ի մեջ մտնել իրենց տարածքային ամբողջականության չլուծվածության և հարևանների հետ ունեցած վեճերի պատճառով, ապա դա չի կարող հիմք և պայման լինել ընդունման համար։ ՆԱՏՕ-ի մեջ ընդունվում են այն պետությունները, որոնք ձգտում են իրենց ավանդը ներդնել անվտանգության ապահովման գործում և ոչ թե ավելացնել խնդիրները։
Ընդհանուր առմամբ, կարելի է այն հետևությանը հանգել, որ Եվրոպական ընկերակցությունը լավ մշակված քաղաքականություն չունի Հարավային Կովկասի առնչությամբ և ձգտում է այդ քաղաքականությունը «երեսպատել» Հարավային Կովկասի պետություններին «մերձավոր հարևանի» կարգավիճակ տալով։ Միաժամանակ, տպավորություն է ստեղծվում, որ այդ քաղաքականությունը մշակվում է մեծ զգուշավորությամբ, ձգտելով չստանձնել որոշակի պարտավորություններ, հատկապես հակամարտությունների կարգավորման հարցերում, որովհետև Եվրամիության կառույցները դրա համար ո՛չ պատրաստի «դեղատոմս» ունեն, ո՛չ գործառնական հնարավորություններ, ո՛չ էլ Հարավային Կովկասում եվրոպական քաղաքական ներկայությունն ավելի համոզիչ հաստատելու ցանկություն։