Turkish-Azerbaijani program on Karabakh
1998 թ. ապրիլից, այսինքն Գյուլխանայում Սուլեյման Դեմիրելի ու Հեյդար Ալիեւի համաձայնությունից ղարաբաղյան հարցում բավական ժամանակ է անցել: Այն ժամանակ Դեմիրելը Ալիեւին առաջարկեց Ղարաբաղը վերադարձնելու փուլային ծրագիր. Ադրբեջանի տնտեսական, քաղաքական եւ ռազմական ուժեղացումը, Հայաստանի միջազգային շրջափակումը եւ թուլացումը, միջազգային ասպարեզում առավելության ձեռքբերումը, շահագրգիռ «ուժի կենտրոնների» հետ հարաբերությունների հավասարակշռության պահպանումը:
Անցած ժամանակաշրջանում Ադրբեջանը, հետեւողականորեն իրականացնելով այս ծրագիրը, այնուամենայնիվ չի հասել դրված նպատակին, սակայն Թուրքիան այս խաղում շատ բան է ձեռք բերել, քանի որ իր քաղաքականությունը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում կառուցում է Եվրատլանտյան հանրության, նախեւառաջ ԱՄՆ հետ համաձայնեցված:
Թուրքիան տվյալ իրավիճակն արդյունավետ օգտագործում է Ռուսաստանի հետ հարաբերություններում, այս կամ այն հարցերում նրա հետ պայմանավորվածությունների մեջ մտնելով: Այնուամենայնիվ, Անկարայում հասկանում են, որ իրավիճակի այսքան ձգձգումը վարկաբեկում է Թուրքիային նրա գործընկերների ու հակառակորդների աչքին, նախեւառաջ Ադրբեջանի: Սակայն, չնայած ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ հետ ճգնաժամային հարաբերություններին, Անկարայում դեռեւս հաշվարկում են «եվրոպական նախագծի» որոշակի հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանում սեփական ծրագրերի իրականացմանը ՆԱՏՕ-ի աջակցության վրա:
Ամեն դեպքում, Թուրքիան չի կարող ինքզինքը թույլ տալ մասնակցել Հարավային Կովկասում ռազմական գործողություններին, քանի որ նույնիսկ Սիրիայի հարցում չհամարձակվեց ուժ կիրառել առանց ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հավանության եւ աջակցության: Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան մեծ ռիսկեր է պարունակում, այդ թվում Ադրբեջանի ռազմական պարտությունը, ինչպես նաեւ էներգետիկ հաղորդակցությունների կառուցման ու շահագործման ծրագրերի մասով:
Անկարան բավական սերտ ու մանրամասն մասնակցում է միջազգային ասպարեզի անցուդարձին, պաշտպանելով Ադրբեջանի շահերը, եւ նրանք գործնականում վարում են միասնական քաղաքականություն: Անկարան հասկանում է, որ ներկայում բավական բարենպաստ ժամանակաշրջան է Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու համար: Ինչի՞ վրա է կառուցված Անկարայի հաշվարկը:
Երեւում է խաղարկվում է Արեւմտյան հանրության եւ Ռուսաստանի հակասությունների հանգամանքը: 2013 թ. սեպտեմբերի 3-ին (ապագայում այս ամսաթիվը հայ ժողովուրդը նշելու է ապրիլի 24-ի նման) անշրջելիորեն պարզ դարձավ, որ Հայաստանը չունի ինքնիշխանության այն մակարդակը, ինչը թույլ կտար անկախ որոշումներ ընդունել արտաքին քաղաքականության մեջ: Եւ եթե նախկինում կային պատրանքներ եւ հնարավորություններ, ներկայում այդ ռեսուրսները սպառվել են:
Ստեղծված իրավիճակը հետեւյալն է. Եվրոպական միությունը պետք է Հայաստանը ենթարկի շրջափակման եւ նրա շահերի ու դիրքորոշումների մոռացության, Ռուսաստանը Հայաստանի մեկուսացման պայմաններում ստացել է նրան ցանկացած որոշում պարտադրելու բոլոր հնարավորությունները, ԱՄՆ շարունակելու է ՆԱՏՕ-ի եւ հնարավորության դեպքում Եվրամիության ուղղությամբ Հայաստանի ցանկացած շարժման աջակցությունը:
Ինչ էլ հայտարարեն Եվրոպական միության պաշտոնյաները Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ, Հայաստանը դիտարկվում է որպես երկիր, որը կորցրել է ինքնիշխանությունը, եւ ոչ ոք չգիտե ինչպես եւ գլխավորը՝ ինչու նրա հետ գործ բռնել: Եվրոպական Միության հետ ասոցիացիայից Ուկրաինայի հրաժարվելն ինչ որ չափով թեթեւացնում է Հայաստանի վիճակը, սակայն, այնուամենայնիվ, «հայկական հարցում» ամեն ինչ որոշված է՝ Հայաստանին բաց թողնել «ազատ նավարկության», ինչին նա լիովին արժանի է:
Սակայն Արեւմուտքում հիանալի հասկանում են, որ Ռուսաստանը բաց չի թողնի նման հիանալի հնարավորությունը եւ իհարկե կփորձի պայմանավորվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Հայաստանի շահերի հաշվին: Խոսքն առաջին հերթին Ղարաբաղյան թեմայի եւ Թուրքիայի համար այլ տհաճ հարցերի մասին է: Այդ պատճառով Արեւմուտքը կփորձի այդ հարցերը լուծել իր շահերին համապատասխան, ինչը պետք է հանգեցնի Թուրքիայի ու Ադրբեջանի վերահսկելիության ուժեղացմանը, նրանց իր ծրագրերին ներգրավելուն, երկարաժամկետ հեռանկարով:
Միջազգային քաղաքականության մեջ ներկայիս շահերն ու հնարավորությունները չեն համընկնում, քանի որ Արեւմտյան հանրությունը դեռեւս չի կարողանում սեփական գաղափարներն ու հավակնությունները տեղավորել հնարավորությունների շրջանակում: Այդ պատճառով, նույնիսկ գլոբալ խաղում չկա որեւէ քիչ թե շատ ստացիոնար կոնֆիգուրացիա: Խնդիրը տարբերակների ընտրության մեջ չէ, այլ այլընտրանքի առկայության, ինչը կարող է ապահովել աշխարհքաղաքական նվազագույն հարմարավետություն: Հայաստանի տարածաշրջանային գործառույթները, որը մերժել է որոշակի կուրս, կփոխարինվեն Ադրբեջանի հնարավորություններով: Այսինքն, խաղադրույք է արվելու Ադրբեջանի վրա:
ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության համար դա այնքան էլ ցանկալի չէր, սակայն դա լիովին լուծելի եւ արդեն լուծված խնդիր է: Ադրբեջանը նախկինում էլ կատարում էր որոշակի գործառույթներ ռազմավարական պլանում, ներկայում դրանք ավելի ընդգրկուն կլինեն:
Այդպիսով Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում կհասցվեն նվազագույնի, սակայն Հայաստանն էլ դուրս է մնում խաղի ասպարեզից: Համենայնդեպս, Թուրքիային ու Ադրբեջանին չի հետաքրքրելու Ռուսաստանը Հայաստանի տիկնիկավարի դերում: Այսինքն, խնդիրները կլուծվեն այլ ասպարեզում: Այս խաղում կլինի մի քանի խաղացող, սակայն նրանց մեջ Հայաստանը չի լինի:
Սակայն, ԱՄՆ եւ Եվրոպական միության օպերացիոն խնդիրներում կան սկզբունքային տարբերություններ: ԱՄՆ չի կարող բաց թողնել ուժերի աշխարհքաղաքական հավասարակշռությունը պահպանելու պահը: Հայաստանի լիակատար հանձնումը Ռուսաստանին կամ Թուրքիային որեւէ կերպ չի տեղավորվում ԱՄՆ ծրագրերում, քանի որ առաջանում է ընդարձակ տարածաշրջանի վերահսկողությունը կորցնելու իրական սպառնալիք:
Այս հեռանկարում, լավագույնը, որ սպասվում է ԱՄՆ-ին եւ Եվրոպայի նրա գործընկերներին, Թուրքիայի ու Ռուսաստանի մրցակցությունն է: Սակայն նույնիսկ դա չի սպասվում, իսկ եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա՝ լիովին այլ ձեւաչափով, ինչը չի կարող ձեռնտու լինել ամերիկացիներին:
Պետդեպարտամենտի ամենախելացի եւ կրեատիվ աշխատակիցներից մեկը՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ շարունակելու է ջանքը դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն Հայաստանի ընթացքի համար: Անշուշտ, հաճելի նորություն է, սակայն Վաշինգտոնում վերլուծական կենտրոններին հասկացնել են տվել, որ պետք է օգտվել այս իրավիճակից եւ լուծել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների հարցը՝ ամերիկյան սցենարով եւ պահպանելով տարածաշրջանի կոնֆիգուրացիան, որը կառուցվել է երկար տարիներ:
Թուրքիայի ու Ադրբեջանի համար առաջացել է առավել քան բարենպաստ իրավիճակ, եւ սպասումներն առավել քան արդարացված են: Բաքվում եւ Անկարայում մտահոգությամբ էին սպասում Եվրոպական ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, քանի որ հասկանում էին, որ այդ դեպքում Հայաստանը ձեռք էր բերում առավել գերադասելի դիրքեր, եւ որ դժվար թե Արեւմտյան հանրությունը զոհեր նրա շահերը հանուն երկու պետությունների, որոնք գրավում էին անորոշ դիրքեր:
Ներկայում Արեւմուտքը քաղաքական-քարոզչական եւ տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, եւ դա Հայաստանի համար նշանակում է հայտնվել անիվների տակ: Իսկ Անկարան եւ Բաքուն իրենց ոճաբանությունը համապատասխանեցնում են բարենպաստ իրավիճակին:
Ներկայում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը շփոթված է եւ գտնվում է պրոստրացիայի վիճակում, հասկանալով, որ սեպտեմբերի 3-ին թույլ է տրվել աններելի ու անիմաստ սխալ: Հայաստանի իշխանությունը հետեւում է իրադարձություններին, հույս ունենալով, որ մաքսային միություն նախագիծը կտապալվի:
Հայաստանը փորձում է Ռուսաստանի առջեւ դնել կոնկրետ տնտեսական ծրագրեր, կրկին հուսալով, որ դրանց իրագործումն անհնար է լինելու: Սակայն սա իհարկե ամենապասիվ սցենարն է Հայաստանի հնարավոր պահվածքում: Եթե Արեւմտյան հանրությունը նույնիսկ չդադարեցնի Հայաստանի հետ առարկայական երկխոսությունը, Հայաստանին սպասվում է 5 լիովին դատարկ ու կորցրած տարի, մինչեւ չդադարեցվի Հայաստանի գաղութացման այս դաժան էքսպերիմենտը:
Ամերիկացիներին դժվար թե հաջողվի համոզել եվրոպացիներին՝ վերանայելու նրանց որոշումը Հայաստանի վերաբերյալ: Եվրոպական միության հետ հարաբերության զարգացումը չուներ «կանաչ ուղի», այլ պարզապես կար հնարավորություն, առավել քան իրական հնարավորություն: Հայաստանը չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից: Գուցե հնարավորություն առաջանա, սակայն դա կլինի հնարավորություն լիովին այլ առիթով:
Հինգ տարի անց Վրաստանը կդառնա առաջադեմ ու հաջողակ երկիր, իսկ Հայաստանը հետ կշպրտվի հետ-աղետի վիճակ, ինչպես 90-ականների վերջին, այսինքն՝ խրոնիկ ստագնացիայի մեջ: Վրաստանը հարմար շուկա կդառնա հայկական կապիտալի ու հնարավորությունների համար, որոնք նախատեսված էին Հայաստանի համար: (Բավական է հավատալ դրսի դատարկախոսներին, մի անգամ հավատանք մեր համաքաղաքացիներին, թեեւ դա իհարկե չի փոխում վիճակը):