Armenia's political realities as the main threats to its security
«Ահաբեկչության դեմ պայքար» անվանված ահագնացող միջազգային քաղաքականությունն ամբողջ աշխարհում գլխացավանք է դառնում ավելի ու ավելի շատ պետությունների համար: Նավթի գների անկումը, փախստականների ալիքները, ներքին պառակտման միտումները, ռազմական հակամարտության աճը համահարթեցրել են ինչպես զարգացող, այնպես էլ քաղաքակրթական գործընթացների՝ առաջնագծից հեռու երկրների հոգսերը: Եվ նման պայմաններում միանգամայն անհեթեթ է դառնում մարդու իրավունքները պահպանելու պահանջով և ժողովրդավարական սկզբունքներով պետականություն կառուցելու համապարտադիր թելադրանքը: Ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչ են իրենից ուզում: Ջղաձգության մեջ ընկած ռեժիմները կարծես կողմնորոշվում են դեպի Արևմուտք, կազմում կոալիցիաներ ու միավորումներ, բայց խնդիրները միայն աճում են:
Այնպես է ստացվել, որ ահաբեկչության դեմ պայքարի միջազգային քաղաքականության արտապատկերումը Հայաստանի մասով տեղայնացվել է ժողովրդավարացման և կոռուպցիայի դեմ պայքարի՝ Արևմուտքի ահագնացող պահանջներում: Մեկ այլ արտապատկերում դարձավ Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակության որոշ հարցերում՝ Ցեղասպանության և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներով: Նման փոփոխությունը Ռուսաստանի մերձավորարևելյան նոր քաղաքականության շրջանակներում առաջացած ռուս-թուրքական հակամարտության արդյունք էր: Հայաստանի ներկայացվող պահանջներից բացի առաջարկվում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, ինչպես նաև՝ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում՝ զորքերի շփման գծում, լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:
Միջազգային այսպիսի միտումների շրջանակներում էլ հենց պետք է դիտարկել Հայաստանի իրավաքաղաքական վիճակն ու խնդիրները և գնահատել «ահաբեկչության դեմ պայքարի միջազգային քաղաքականության» ժամանակաշրջանի մարտահրավերներին արձագանքելու նրա ունակությունները: Մասնավորապես, կարո՞ղ է Հայաստանի քաղաքական ընտրանին հասկանալ իրենց առաջադրված պահանջների և առաջարկությունների իմաստը: Համաշխարհային առաջատար տերությունների շահերի դասավորվածության նկարագրությունը դուրս է մեր հոդվածի նպատակների շրջանակից: Սակայն հարկ է կանգ առնել մեկ դիտանկյան վրա՝ Հայաստանում դրանց հարաբերությունների տրամաբանությունը բացահայտելու նպատակով:
Բավարար հիմքեր կան պնդելու, որ ներկայումս ամբողջ աշխարհում արևմտյան առաջատար տերությունների շահերի ընդհանուր համակարգում քաղաքական դերակատարների և նրանց փոխհարաբերությունների իրավական կարգավորման շահագրգռություններն ավելի ծանրակշիռ գործոն են դառնում: Ժամանակակից աշխարհում փոխվել է ռազմավարական սպառնալիքի էությունը: Եթե մինչև 21-րդ դարը ռազմավարական էր ընկալվում ազգային անվտանգությանը և տարածքային կորուստներին ուղղված սպառնալիքը, ապա այժմ այդպիսիք են պետությունների և աշխարհի ֆինանսական կայունությանն ուղղվածները:
Առաջատար տերություններն իրենց ներուժն ուղղում են սեփական քաղաքական և ֆինանսական կայունությանն ուղղված սպառնալիքների չեզոքացմանը: Եվ այդ նոր շահերի աճող ազդեցությունն էլ ավելի է հանգեցնում ավանդական միջազգային սկզբունքների և նախորդ տասնամյակների ինստիտուտների նշանակության կորստին: Ռազմական ուժը կորցնում է հեղեղի նման ծագող խնդիրները լուծելու իր ունակությունը: Քաղաքական, ֆինանսական և տեխնոլոգիական գործընթացները գնալով ավելի քաղցկեղանման են դառնում՝ ավերելով ցանկացած տեսակի կայունության հիմքը:
Այս դատողությունների տրամաբանության շրջանակներում հասկանալի է դառնում աշխարհում ավտորիտար պետություններին ներկայացվող պարտադրանքի ահագնացումը: Մասնավորապես, նույնքան պարզ են դառնում նաև Հայաստանին ներկայացվող պահանջները և պայմանները: Այդ դեպքում մնում է հասկանալ, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է պետական մակարդակով դրա գիտակցմանը և, առավել ևս, ճիշտ ներքին և արտաքին քաղաքականության ձևավորմանը:
Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը բացառիկ անվանել չի կարելի, սակայն այն խստիվ տարբերվում է հետխորհրդային տարածքի այլ երկրներից: Թեպետ այլ երկրների համանմանությամբ Հայաստանն անցել է ողջ ճանապարհը, սակայն միայն Հայաստանում է տեղի ունեցել ավտորիտարիզմի հաղթահարման աննախադեպ գործընթաց՝ դրա դասական ընկալման առումով:
2000թ. սկզբից «համազգային սրբազան» գաղափարների հեղինակությունը Հայաստանում սկսեց կորցնել իր մոբիլիզացիոն ներուժը՝ իրավական գաղափարների առջև բացելով ներքին քաղաքականության դարպասները: Սահմանադրության, իրավակարգի և օրինականության թեմաների՝ իշխանության համար պայքարի հարթություն բարձրանալը բարդացրել է իշխող էլիտայի վիճակը, ով կորցրել է հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու ուժեղ լծակը: Հաշվի առնելով քաղաքական ոլորտի աճող քրեականացումը և երկրում անօրինականության ուժգնացումը՝ «հակակրիմինալը» դարձել է ընդդիմադիր առանցքային հարացույց (պարադիգմա): Ընդդիմության կողմից խնդրի այդօրինակ առաջադրումից հետո իշխանությունը կարող էր խաղադրույք կատարել միայն վարչական ճնշումների և ուժային պաշտպանության վրա: Իշխանության քաղաքական զինանոցում գաղափարական հենքը մեծապես թուլացել է: Խաղադրույքը դրվում էր միայն ընդդիմության անկազմակերպվածության վրա: Մինչ այժմ էլ հասարակության հիմնական քաղաքական գործառույթը, այն է՝ ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը, չի գտնում իր իրացման մեխանիզմները:
Այս իրադրության մեջ առավելությունները մնացել են իշխող էլիտայի ձեռքում, ով ընդդիմությունից փոխառել է իրավական գաղափարները: «Սահմանադրական կարգի պաշտպանության» կարգախոսի ներքո կառավարող էլիտան իրեն պաշտպանել է նիհիլիստորեն տրամադրված քաղաքացիների պահանջներից: Իշխանությունների այդօրինակ գործողություններին աջակցող քաղաքական կուսակցությունները ձևավորեցին «իշխանության ճամբարը», որը կազմավորվում և գործառնում է ազդեցության ոլորտների բաժանման մասին պայմանագրի հիմքի վրա (Կառավարող կոալիցիայի վերաբերյալ համաձայնագիրն առաջին անգամ ստորագրվել է 2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո):
Ներկայացուցչական և գործադիր պաշտոնները բաշխվեցին իշխանական ճամբարի անդամների միջև: Երկրում առաջին անգամ ձևավորվեց իշխանության պայմանագրային համակարգ, որն անտեսում էր սահմանադրական ընտրական մեխանիզմը՝ որպես իշխանության աղբյուր: Հենց դրանում էր Հայաստանի քաղաքական իրավիճակի՝ մեր կողմից մատնանշված տարբերությունը հետխորհրդային մյուս երկրներից:
Ընդդիմությունը դադարել է Հայաստանում քաղաքական զարգացումները կանխորոշող գործոն լինելուց: Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կենսագործունեությունը սկսեց կարգավորվել ստվերային կոալիցիոն պայմանագրի «նորմատիվ ակտերով»: Ավելին, քաղաքական կյանքում սկսեց ներարկվել «նոմենկլատուրային ընդդիմության» մեխանիզմը՝ քաղաքական կուսակցությունների առջև բացելով գործունեության նոր ոլորտ:
Իշխանության գործառնող ճամբարն աշխատում է իր համար և, համապատասխանաբար, ելնում իր իսկ շահերից: Իշխանությունը վարում է անհատական և հասարակական նախաձեռնությունների ճնշման քաղաքականություն: Նկարագրված հակասահմանադրական քաղաքական համակարգը, ըստ էության, օրինականացվեց 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով: Ընտրությունների միջոցով պետական կառավարման համակարգ ձևավորելու հնարավորությունը գործնականում հավասարեցվեց զրոյի: Գերակայության պահպանման համար հիմնական ռեսուրսը փնտրվում է արտաքին քաղաքականության հարցերում և փոխհարաբերություններում:
Եթե փորձենք համակարգել երկրի հանրագումարային ներուժը զսպող և նրա դերը միջազգային հարաբերություններում նվազեցնող առանցքային խնդիրները, ապա կարելի է կազմել հետևյալ պատկերը.
-Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական մոդելն աղավաղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ չկարգավորված իրավահարաբերությունների հետևանքով: Հայաստանի իրավական դաշտում նրանց իրավունքների և պարտականությունների տարանջատում կամ էլ ԼՂՀ-ի լիարժեք ինտեգրում տեղի չի ունենում:
-Իշխանության և խոշոր բիզնեսի գրեթե ամբողջական սերտաճումը, տնտեսության մենաշնորհայնացումը, անկախ արդարադատության և ազատ ընտրությունների բացակայությունը նվազեցնում են ժողովրդավարական ինստիտուտների և տնտեսական զարգացման հնարավորությունները: Նվազում են նաև պետականության ուժեղացման գործում հայկական սփյուռքի ներուժի ներգրավման հնարավորությունները:
-Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ զգալի թվով ստրկական պայմանագրերի առկայությունը, Ռուսաստանի գործողությունների վրա ազդելու անհնարինությունը խոչընդոտ են երկրի քաղաքականության և տնտեսության դիվերսիֆիկացման համար: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցն ավելի ու ավելի է բախվում դժվար լուծելի և չլուծվող իրավիճակների: Հայաստանն ակամայից դառնում է «ահաբեկչության դեմ պայքարի» ռուսական քաղաքականության մասնակիցը:
Մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ ներկայիս պայմաններում հայ հասարակության համար ռազմավարական խնդիր է մնում Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական մոդելի շտկումը և Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումը: Ոչ մի հանրություն չի կարող իրականացնել իր կենսագործունեությունը, եթե չի որոշակիացնում հասարակության սահմանները և վերջինիս կազմակերպման սկզբունքները: Նման խնդիրն ամբողջովին համահունչ է համաշխարհային զարգացման ընթացիկ միտումներին: Աշխարհի հետ զրույց վարելը Հայաստանի ներկայիս որակով դժվար է:
Մանվել Սարգսյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական
ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր փորձագետ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)