articles

International conditions for the formation of Armenia's foreign and domestic policy

Այս տարվա սեպտեմբերի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ Լոս Անջելեսի քաղաքագիտական կենտրոնում, որտեղ ներկայացրեց Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Հայաստանն իրականացնում է բազմավեկտոր քաղաքականություն: «Մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Արեւելքի եւ Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի երկրների հետ հարաբերությունների խորացումն ու համագործակցության ոլորտների բազմապատկումն է: Մեր գործընկերների հետ հարաբերություններ կառուցելիս եւ զարգացնելիս մենք ղեկավարվում ենք այնպիսի սկզբունքներով, ինչպիսիք են փոխադարձությունը, վստահությունը, բարի կամքը, միմյանց շահերի հարգումը: Հենց այս սկզբունքներն են ընկած ՌԴ-ի հետ մեր ռազմավարական համագործակցության, ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների, ԵՄ-ի հետ ակտիվ փոխգործակցության եւ գործընկեր երկրների հետ ամուր կապերի հիմքում»1:

Նմանատիպ ընդհանրական ձեւակերպումը թույլ չի տալիս պարզել արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղությունը եւ արտաքին քաղաքական հարաբերությունների բովանդակությունը: Հայաստանի քաղաքական ուժերի «արեւմտամետ եւ ռուսամետ» կողմնորոշման վերաբերյալ չդադարող բանավեճի խորապատկերին Նալբանդյանի հայտարարությունը թողնում է առավել անորոշ տպավորություն: Առաջին հերթին պարզ չէ՝ ինչպիսի արտաքին ռեսուրսներ է որոնում Հայաստանն իր շահերը սպասարկելու համար: Այսպիսի պայմաններում հիմնազուրկ չեն կարծիքներն այն մասին, որ որոշիչ գործոնները Հայաստանի ներկա իշխանությունների կայունությունն ապահովող արտաքին միջոցներն են: Համենայն դեպս, Հայաստանի ղեկավարության ոչ մի գործողություն չի կարող հարվածի տակ դնել վերոհիշյալ ռեսուրսները: Համապատասխանաբար՝ տարբեր վեկտորների մեջ անհրաժեշտ է տարանջատել «հիմնականները», որոնք ձեւավորում են Հայաստանի արտաքին քաղաքական ջանքերի ռազմավարական ուղեգիծը: Այսինքն՝ արտաքին քաղաքական վեկտորները որոշվում են ներքին քաղաքական պահանջներով պայմանավորված:

Վերոնշյալ փաստարկը կարեւոր է, բայց ոչ բավարար արտաքին եւ ներքին չափումներում Հայաստանի քաղաքականությունը բնութագրելու համար: Անհրաժեշտ է երեւան հանել միջազգային պայմանները, որոնցում մշակվում է Հայաստանի քաղաքականության այս կամ այն վեկտորը: Հաշվի առնելով Հայաստանի խիստ կախվածությունը արտաքին ռեսուրսներից՝ վերջին հանգամանքը կարեւոր իմաստ է ձեռք բերում: Այն առավել մեծ նշանակություն է ստանում՝ պայմանավորված Հայաստանի հարեւան երկրների քաղաքական պահվածքի միտումներով: Չէ՞ որ, եթե փորձենք բնութագրել շահերի դասավորությունը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ այստեղ ծավալվող քաղաքական գործընթացների բնույթը, ապա անհրաժեշտ է գնահատել այդ տարածաշրջանի երկրների հիմնական ձգտումը. այն է՝ արտաքին հովանավորների եւ տնտեսական ու ռազմական զարգացման ռեսուրսների փնտրտուք: Առավել առարկայորեն՝ տարածաշրջանի երկրների կողմից «փրկության» ուղիների փնտրտուք միմյանցից եւ հարեւան տերությունների հավակնություններից:

Վերջին հանգամանքի բնութագիրը շատ կարեւոր է՝ հասկանալու համար տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի քաղաքականության մշակման եւ վարման տրամաբանությունը: Քաղաքական իմաստով միասնական տարածաշրջան գոյություն չունի. գոյություն ունի եւ զարգանում է ուժային կենտրոնների եռանկյունի, որը բացառում է ռազմավարական մակարդակում որեւէ տարածաշրջանային համագործակցություն: Վրաստանը պահպանում է ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը ինտեգրվելու իր ուղեգիծը` սոսկ ձեւականորեն արձանագրելով տարածաշրջանային ինտեգրացիայի նախաձեռնություններում իր առաջնորդող դերը (հարավկովկասյան միասնական տարածքի կազմավորման անհրաժեշտության մասին հայտարարությունների մակարդակով): Հայաստանն ավելի ու ավելի կուռ է ինտեգրվում ՀԱՊԿ ռազմական դաշինքին՝ մնալով շրջափակման մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը ռազմականացման եւ Թուրքիայի հետ միության ուղղություն է վերցրել: Այս բոլոր ձգտումների վրա կախված է Ռուսաստանի ստվերը, որը փորձում է վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանում եւ թույլ չտալ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մուտքը տվյալ տարածաշրջան:

Ուշագրավ է, որ նկարագրված շահերի եւ փոխհարաբերությունների գծապատկերը փոփոխությունների չի ենթարկվում: Սակայն նույնքան կարեւոր է, որ պարբերաբար փոփոխվում են տարածաշրջանի երկրների ակտիվ գործողությունների գերակա ուղղությունները: Այդ վերափոխումները ոչ պակաս չափով են ազդում այն պայմանների վրա, որոնցում ձեւավորվում է բոլոր երկրների՝ այդ թվում Հայաստանի քաղաքականությունը: Նման ակտիվ գործողությունների գերիշխող ուղղությունները կարելի է կոչել անցկացվող արտաքին եւ ներքին քաղաքականության «քաղաքական լեյտմոտիվներ»: Հաճախ դրանք սոսկ իրական քաղաքականության արտաքին թաղանթն են: Մասնավորապես վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության տրամաբանությամբ են թելադրված հայ-թուրքական հարաբերություններում առաջացած բնականոնացման գործընթացը, ինչպես նաեւ ռուս-վրացական պատերազմի (2008թ. օգոստոս) խորապատկերին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Մայնդորֆյան համաձայնագիրը:

Այս երկու գործընթացները ոչ այնքան իրատեսական նպատակ էին հետապնդում, որքան հանդես էին գալիս իբրեւ «արդարացում» ղեկավարության կողմից վարվող քաղաքականության: Իշխանությունների ցանկացած գործողություն շաղկապված է այդ գործընթացների ռազմավարական գաղափարի ուղեգծին: Եվ ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը նույնպես իր ակտիվության բնույթը հիմնավորում էր այդ զարգացումների գործոնով: Սկսած 2010թ.-ից, սակայն, նրանք կորցրին իրենց ազդեցությունը երկրի եւ տարածաշրջանի վրա՝ կապված այն բանի հետ, որ այդ գործընթացներում հայտնվեցին լճացման եզրին: Նրանց տեղը գրավեց Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը վերաբերող բանավեճը: Եվ նորից «ռազմավարական վեկտորի ընտրության անհրաժեշտության» մասին առասպելը դարձավ ցանկացած որոշումների արդարացման համապարփակ մեխանիզմ: Կան բոլոր հիմքերը՝ պնդելու, որ վերջին հանգամանքը հերթական «քաղաքական լեյտմոտիվն է», որը բոլորովին չի արտացոլում իրավիճակի իրական պարամետրերը եւ թելադրում է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության ռազմավարությունը: Իրավիճակն ինքնին չափազանց բարդ է, ինչին էլ անհրաժեշտ է անդրադառնալ ավելի մանրամասն:

Հայաստանի «արեւմտամետ» եւ «ռուսամետ» քաղաքականությունը. ի՞նչ է կատարվում իրականում

Տարածաշրջանային ինտեգրացիայի այս կամ այն կենտրոնի նկատմամբ Հայաստանի կողմնորոշման հարցը հաճախ ներկայացվում է որպես Հայաստանի հիմնական արտաքին քաղաքական խնդիր: Այս հարցն իրականում դուրս չի գալիս օրակարգից: Մասնավորապես ուշադրության կենտրոնում ավելի շատ է հայտնվում Եվրամիության ծրագրերի եւ հետխորհրդային տարածքում Եվրասիական միության ստեղծման գաղափարի փոխհարաբերության հարցը: Նշված թեման իրականում Հայաստանի քաղաքականության համակարգ ձեւավորող գործո՞ն է, թե՞ օբյեկտիվորեն կարեւոր խնդիրները դուրս են քննարկվող երկընտրանքի շրջանակից. հարց, որը հատուկ քննարկում է պահանջում: Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ տվյալ թեմայով խոսակցությունների հետեւում տարածաշրջանի բոլոր երկրների վրա բոլորովին այլ շարժառիթների եւ խնդիրների թելադրանքն է զգացվում:

Հետխորհրդային տարածքի երկրների՝ Եվրամիության ծրագրերին ինտեգրվելու տարիների փորձը ցույց է տալիս, որ շատ քիչ բան է փոխվել այդ պետությունների իրողությունների մեջ: Նրանց մոտ արագընթաց զարգացման զգալի ռեսուրսներ չհայտնվեցին: Միայն 2012թ. Հայաստանի համար բացվեց մշուշոտ հեռանկար զգալի ռեսուրսներ ստանալու՝ այն էլ բավական բարդ պայմաններով (որոշակի ժողովրդավարական չափանիշներին համապատասխանություն): Ինտեգրացիոն միտումների էլ ավելի համոզիչ անսկզբունքայնության ցուցադրում է ԱՊՀ-ի քսանամյա փորձը: Այդ կազմակերպությունը հաստատեց լոկ մի ճշմարտություն. ԱՊՀ-ն ստեղծված է քաղաքակիրթ ապահարզանի համար (Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինի խոսքերը): Համապատասխանաբար՝ ներկա ժամանակահատվածում նույնպես գոյություն ունեցող միությունների մեջ ինտեգրացիայի գաղափարներն ընկալվում են առաջին հերթին որպես առաջարկ կողմնորոշվելու դեպի ուժի կենտրոնների ազդեցության ոլորտներ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրասիական միության գաղափարը: Որոշ ռուս փորձագետներ փորձում են զուգահեռներ անցկացնել Եվրամիության հետ՝ այդպիսով փարատելով շատ հետխորհրդային երկրների մտահոգությունները, որոնք այդ գաղափարի հետեւում տեսնում են Ռուսաստանի գերիշխող դերակատարմամբ նոր միութենական պետության վերածննդի ռազմավարության հենքը: Ոչ մի կոնկրետ հետազոտություն, սակայն, ենթադրվող Եվրասիական միության արժեքների, սկզբունքների եւ նպատակների մասով որեւէ մեկը մինչեւ այժմ չի ներկայացրել2: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Եվրամիության էությունը նրա անդամների համար համապարփակ չափանիշների համակարգը եւ հստակ արժեքային ու սկզբունքային բազան է, ապա նրա ցանկացած կրկնօրինակի ստեղծման նախաձեռնողները հետխորհրդային տարածքի վրա առաջին հերթին պետք է ցուցադրեն համանման փիլիսոփայություն: Դրանից զատ՝ Եվրամիությունը տարբերվում է իր կազմի մեջ ինքնուրույն պաշտպանական կառույցի բացակայությամբ (Եվրամիության անդամ երկրների պաշտպանության համակարգը կապակցված է ՆԱՏՕ-ին):

Եվրասիական միության ստեղծման ռազմավարության մեջ իրականում դրսեւորվում են միայն առանձին ինտեգրացիոն միտումներ առանց սկզբունքների միասնականության եւ որեւէ արժեքի հռչակման: Ավելին՝ գոյություն ունեցող բոլոր ինտեգրացիոն նախագծերն իրենց մեջ ներառում են մասնակից երկրների տարբեր կոնտինգենտներ՝ քաղաքական համակարգերի զարգացման տարբեր աստիճանով: Նշված տարբեր ինտեգրացիոն միտումների ակնառու դրսեւորումներ են ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԷՍ-ի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միության՝ Մոսկվայում դեկտեմբերի 19-ին կայացած համաժողովները, ինչպես նաեւ սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում անցկացված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» զորավարժությունները՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ռազմական ուժերի կոնտինգենտների եւ հատուկ նշանակության կազմավորումների ու օպերատիվ խմբերի մասնակցությամբ: Այս շարքում է տեղ գրավում նաեւ դեկտեմբերի երկրորդ կեսին նախատեսվող Միութենական պետության (Ռուսաստան-Բելառուս) բարձրագույն պետխորհրդի նիստի գումարումը: Ռուսաստանի ղեկավարությունը չի թաքցնում, որ այդ համաժողովների երթի նպատակը «Նոր հիմնադիր փաստաթղթի՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախապատրաստությունը գործնական փուլ մտցնելն է, որի նախագիծն արդեն ներկայացվել է բոլոր շահագրգիռ կողմերին՝ նախապատրաստության համար»3:

Վերը նշված միությունների հենց միայն բնույթը մատնանշում է մի առանձնահատկություն. նրանցում բացակայում է միասնական արժեքային եւ սկզբունքային բազան: Ինտեգրացիան հենվում է տարբեր հարթություններում գտնվող միջպետական պայմանագրերի վրա՝ կախված յուրաքանչյուր միավորման նպատակից եւ գործառույթից: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ոչ բարձրագույն նպատակներ են հայտարարվել ոչ թե ունիվերսալ չափանիշները, այլ երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի աճող համալիրը: Ընդ որում՝ միասնական արժեքներն ու սկզբունքներն անտեսվում են: Ի սկզբանե հասկանալի է, որ առանց մեկ տերության՝ Ռուսաստանի գերիշխանության, նման ինտեգրացիոն համակարգը գործել չի կարող: Համապատասխանաբար՝ հարկ չկա խոսելու Եվրամիության մի նոր տարբերակի մասին:

Վերը բերված փաստարկները թույլ են տալիս բնորոշել ցանկացած երկրի ընտրություն, որը կանգնած է եվրաինտեգրացման կամ Եվրասիական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների մեջ մտնելու խնդրի առջեւ:

Հայաստանի մասով կարելի է առանձնացնել հետեւյալ մոտեցումները.

1. Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական ներուժի ոլորտում Հայաստանի ամբողջական ներգրավվածությունը որոշիչ հանգամանք է: Ինտեգրացիոն ռազմավարության ցանկացած ընտրություն կախված է հենց այս հանգամանքից: Հնարավոր է միայն այն ռազմավարությունը, որը հակասության մեջ չի մտնում անվտանգության ձեւավորված համակարգի հետ: Նման ռազմավարության հնարավորությունների միջակայքի ընդլայնումը հնարավոր է միայն Ռուսաստանի ջանքերի սահմանափակմանն ուղղված գործոնների ձեւավորման պարագայում:

2. Հաջորդ որոշիչ հանգամանքն այս կամ այն ինտեգրացիոն նախագծի ռազմավարական արդյունավետության գործոնն է: Նախագծերի արժեքավորությունը պայմանավորված է նրանով՝ ինչ ռեսուրսներ է տալիս Հայաստանին այդպիսի նախագծի իրականացումը: Եթե այդ տեսանկյունից դիտարկենք եվրաինտեգրացումը եւ Եվրասիական միություն մտնելու նախագիծը, ապա այս ռազմավարություններում կարելի է նշմարել լոկ ներուժային քաղաքական ռեսուրսներ: Առանձնակի տնտեսական եւ իրավական փոփոխություններ Հայաստանի համար այս միությունները խոստանալ չեն կարող:

3. Երրորդ հանգամանքը Հայաստանի անկախության աստիճանի բարձրացման հեռանկարն է: Երկրի անկախության ինտերվալի ընդլայնումը դիտվում է որպես կենսական կարեւոր նպատակ: Այս իմաստով եվրաինտեգրացիան հետաքրքրություն է ներակայացնում իբրեւ Հայաստանի անկախության աստիճանի բարձրացումն ապահովող գործոն: Սույն հանգամանքը գիտակցվում է Հայաստանի ղեկավարության կողմից: Այն գիտակցում է նաեւ Ռուսաստանի ղեկավարությունը, որը նրանում իր շահերին սպառնալիք է տեսնում Հարավկովկասյան տարածաշրջանում:

Հաշվի առնելով բերված հանգամանքերը՝ Հայաստանն ընդունել է ինտեգրացիոն ռազմավարություն, որի էությունը սեպտեմբերի 12-ին արտահայտեց վարչապետ Տիգրան Սարգսյանը4. «Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացները ոչ մի դեպքում չեն կարող հակադրվել ԱՊՀ-ի եւ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին: Մենք դիտարկում ենք այս գործընթացները որպես փոխլրացնող»: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանը ոչ միայն խորացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ միջազգային անվտանգության հարցերում, բայցեւ ակտիվորեն հրավիրում է այդ կազմակերպութ­յանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մասնակցության, ապա Հայաստանի ռազմավարության մեջ անհրաժեշտ է նկատել անկախության ավելի բարձր աստիճանի հասնելու նպատակ: Այսինքն՝ քաղաքականության շարժիչ ուժն ունի այլ երանգներ, որոնք կապահովեն արտաքին աջակացություն՝ առանց կախվածության աստիճանի խորացման: Իրականում, սակայն, այդպիսի քաղաքականությունը ստեղծում է նոր խնդիրներ:

Ռուսաստանի հետ հակասությունները եւ նրա թելադրանքի զսպման միջոցները

Այստեղ հակասությունները Ռուսաստանի գործադրած ջանքերի հետ չեն կարող աննկատ մնալ: Նշանակալից են նաեւ Ռուսաստանի ճիգերը տվյալ ռազմավարությունից Հայաստանին ետ պահելու առումով: Ամենավառ վկայությունը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վ. Ե. Կովալենկոյի՝ սեպտեմբերի 11- ին «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցն է, որտեղ նա հիշեցնում է. «Հենց Ռուսաստանը, ինչպես բազմիցս եղել է պատմության ընթացքում, հանդես եկավ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ պահպանելով նրա ինքնությունը եւ այսօր էլ գտնվում է իր դաշնակցի կողքին: Ռուսաստանը խոշորագույն արտասահմանյան ներդրողն է Հայաստանի տնտեսության մեջ եւ նրա հիմնական առեւտրային գործընկերը… Մեր ընկերություններն այստեղ աշխատում են գործնականապես բոլոր ոլորտներում՝ ապահովելով Հայաստանի բյուջեն, աշխատանք տալով հազարավոր մարդկանց… Մենք կանգնած ենք Հայաստանի գյուղատնտեսության մեջ ներդրումների վերաբերյալ համաձայնագրի կնքման շեմին: Նոր ատոմային բլոկի նախագծային մշակումներ են իրականացվում: Մոտակա ժամանակում Հայաստանը կվավերացնի ԱՊՀ-ի տարածքում Ազատ տնտեսական գոտիների մասին համաձայնագիրը… Ռուսաստանը հետաքրքրված է ուժեղ, մրցունակ եւ զարգացած Հայաստանով, քանի որ դա բարձրացնում է մեր դաշնակցային հարաբերությունները նոր որակական աստիճանի»5:

Հարցը հետեւյալն է. ունի՞ արդյոք Ռուսաստանն ընտրություն Հայաստանին եվրաինտեգրացիայից ետ պահելու առումով: Բավարա՞ր են արդյոք Հայաստանին զսպելու նրա միջոցները: Ավելի շուտ առաջանում է համընդհանուր համոզմունք, որ այդ միջոցները բավարար չեն: Ռեսուրսների այդ պակասը կարելի է լրացնել բացառապես Հայաստանի ուղղակի պարտավորություններով: Ամենեւին էլ պատահական չէ ընդունված ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմական ենթա­կառուցվածքի օբյեկտների տեղադրման մասին Արձանագրությունը: Սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում անցկացված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների խորապատկերին, որի դիպաշարի համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկիրը հարկադրված է ռազմատեխնիկական օգնության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին, եւ նրա տարածքում տեղակայվում են արագ արձագանքման հավաքական ուժերը, նշված Արձանագրության ընդունումը վկայում է, որ Ռուսաստանը զինվում է «քաղցրաբլիթի եւ մտրակի» ռազմավարությամբ: Հայաստանի անվտանգության ապահովման գինն անշեղորեն բարձրանում է անիրավահավասար պայմանագրերի հաշվին:

Ռուսաստանի նոր ռեսուրսներից է նաեւ Ադրբեջանին լուրջ ռազմական տեխնիկա մատակարարելու քաղաքականությունը (վերջին տարիներին Ադրբեջանին վաճառվել են մարտական ուղղաթիռներ եւ С-300 համակարգեր): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն այլ երկրներից նման կարգի զենքեր գնելու հնարավորություն չունի, Ռուսաստանի նման քաղաքականությունը ստիպում է Հայաստանին երկյուղով վերաբերվել ցանկացած քայլի, որը կսասանի Ռուսաստանի մենաշնորհային դիրքը Հայաստանի անվտանգության համակարգում. Ռուսաստանի նման քաղաքակությանը դիմագրավելու ոչ մի հնարավորություն դեռեւս չկա: Փաստացիորեն Ռուսաստանը Հայաստանի համար ստեղծել է քաղաքական ծուղակ. ուժեղացնելով նրա հակառակորդին եւ պայմաններ ստեղծելով նրա քաղաքացիների՝ դեպի Ռուսաստան արտահոսքի համար, վերջինս ստիպում է Հայաստանին ավելի մեծ հոժարակամությամբ ուժեղացնել ռուսական ռազմական ներկայությունն իր սեփական տարածքում: Ռուսաստանի այսպիսի քաղաքականության չեզոքացման համար Հայաստանն առայժմ չունի որեւէ գործուն հնարավորություն: Նրանք կարող են միայն առաջանալ տարածաշրջանում անվտանգության պայմանների կտրուկ փոփոխման դեպքում:

Զորքերի շփման գիծը Լեռնային Ղարաբաղում

Արտաքին առաջնահերթությունների ցանկացած փոփոխման դեպքում Հայաստանի քաղաքականության մշակման եւ իրագործման պայմանների թելադրող կարեւոր հանգամանքը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտային իրադրությունը: Լեռնային Ղարաբաղում զորքերի շփման գիծը մնում է ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում բոլոր շահագրգիռ ատյանների, այլեւ Հայաստանի բոլոր գործողությունների առանցքային կարգավորիչը: Իր տեսակի մեջ եզակի մի իրավիճակ, երբ առանց խաղաղապահ ուժերի ներկայության հրադադարը պահպանվում է արդեն տասնութ տարի, թելադրում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային գործընթացների զարգացման բնույթը: Ընդ որում՝ հակամարտ կողմերի բանակներն ավելացնում են իրենց ռազմական ներուժը՝ ավելի ու ավելի փոփոխելով ուժերի հաշվեկշռի բնույթը եւ ողջ տարածաշրջանի անվտանգության խնդիրները:

Տվյալ հանգամանքն անընդհատ վերափոխում է կոնֆլիկտային իրավիճակի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը: Առաջին հերթին՝ երեւան է գալիս այն ըմբռնումը, որ հակամարտության տարածաշրջանում պատերազմի վերսկսումը դառնում է նույնքան խնդրահարույց, որքան եւ հակամարտության խաղաղ կարգավորումը: Հնարավոր պատերազմը դուրս է գալիս լոկալ տարածաշրջանային խնդիր լինելու շրջանակներից եւ ստանում պայթյունավտանգ խնդրի բնույթ ամբողջ աշխարհի համար: Վերջին հանգամանքը փոխակերպում է նաեւ Հայաստանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականության պայմանները:

Օրինաչափ է, որ հրադադարի պայմանակարգի ամրապնդումը դառնում է միջազգային դիվանագիտության գլխավոր խնդիր: Արդեն մեկ տարուց ավելի է՝ «հրադադարի պայմանակարգի խախտումների հետաքննության մեխանիզմի վրա կատարվող աշխատանքը» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավոր գործառույթն է: 2012թ. մայիսի 11-14-ը տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նորից հանդես եկան հայտարարությամբ, որում առաջին հերթին հիշեցրին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից հունվարի 23-ին Սոչիում ընդունված պարտավորությունների՝ հրադադարի պայմանակարգի խախտումների հետաքննության մեխանիզմին առնչվող աշխատանքներ կատարելու, ինչպես նաեւ հումանիտար շփումները կարգավորելու մասին:

Զորքերի շփման գծում զինադադարի պայմանակարգի վերահսկման ուղղությամբ միջնորդների ուշադրության կենտրոնացումը նկատելիորեն ուժեղացավ սկսած 2011թ.-ից: 2011թ. մարտի 5-ին Սոչիում (Կրասնայա Պոլյանա) Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ ընդունվել է համատեղ հայտարարություն, որում նշվում է կողմերի ձգտումը՝ «բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կողմերի մասնակցությամբ անցկացնել շփման գծի երկայնքով հնարավոր միջադեպերի հետաքննություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

Սակայն 2011թ. հունիսի 24-ի բանակցությունների փաստացի ձախողումը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում հաջորդ հանդիպման ժամանակ տվյալ պայմանավորվածությունն իրագործելու հնարավորություն չստեղծեց: Ավելին՝ 2011թ. դեկտեմբերին ԵԱՀԿ մշտական խորհրդում Միացյալ բյուջեի քննարկման ժամանակ Ադրբեջանը մերժեց բյուջեի մեծացման մասին ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկը, որպեսզի պայմանավորվածությունները, որին Սոչիի հանդիպման ընթացքում հասել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, տեղափոխվեն գործնական հարթակ, այն է՝ շփման գծի երկայնքով հրադադարի պայմանակարգի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ստեղծում:

2012թ. հունվարի 23-ին՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում, տվյալ թեման նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում: Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ նշվում էր, որ «… այժմ կարեւոր է հետաքննությունների անցկացման մեխանիզմին վերաբերող աշխատանքն ավարտել սեղմ ժամկետներում»: Նույն կարծիքին էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հարկ է նշել, որ հետաքննությունների անցկացման համապատասխան մեխանիզմ իրականում վաղուց արդեն մշակված է: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության երեք կողմերի (Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) միջեւ 1995թ. փետրվարի 6-ին ստորագրված համաձայնագրի մասին է: Փաստաթղթում մանրամասն շարադրված է գործողությունների ալգորիթմը՝ ուղղված զինված միջադեպերի կանխմանը եւ հրադադարի պայմանակարգի ամրապնդմանը: Այսինքն՝ տվյալ թեման նոր չէ. խնդիրը բոլորովին այլ է:

Ադրբեջանն այդ աշխատանքը դժկամությամբ է կատարում, քանզի շփման գծում նպատակաուղղված խախտումներն արդեն վաղուց դարձել են այդ երկրի դիվանագիտության (այսպես կոչված՝ «ռազմական դիվանագիտության», ինչի մասին հայտարարել են պաշտոնատար անձինք) բաղադրիչը: Հայաստանի եւ միջնորդների հետ հարաբերություններում նման մեխանիզմի հաստատումը կհանգեցներ բանակցություններում Ադրբեջանի դիրքերի բարդացման, որտեղ պատերազմի շանտաժը ադրբեջանական դիվանագիտության կողմից ճնշման կարեւոր բաղկացուցիչ մասն է: Հայաստանի համար հրադադարի պայմանակարգի խախտման հետաքննության մարմնի ձեւավորումը ձեռնտու է, քանի որ վերջերս Հայաստանը Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր խախտմանն ի պատասխան՝ զինվել է «պատժիչ գործողություններ» կատարելու սկզբունքով: Հասկանալի է, որ Հայաստանին քաղաքական առումով ձեռնտու են խախտման յուրաքանչյուր դեպքի հետաքննությունն ու փաստաթղթավորումը:

Տվյալ հանգամանքը 2012թ. հունիսի 14-ին մանրամասն պարզաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորի հետ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ «Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներմուծելու եւ դիպուկահարներին հեռացնելու առումով: Այդ մեխանիզմը, սակայն, կարող է աշխատել, երբ հայկական զորքերը սկսեն հեռանալ Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Միայն այս դեպքում կարելի է մեխանիզմը գործի դնել: Եթե այս մեխանիզմը սկսենք կիրառել այժմ, ապա դա կարող է նշանակել լոկ գոյություն ունեցող ստատուս-քվոյի ամրապնդում, որն անընդունելի է»6:

Այսպիսով՝ հետաքննությունների անցկացման մեխանիզմի իրականացումը դեմ է առնում ոչ թե ալգորիթմի բացակայության փաստին, այլ Ադրբեջանի քաղաքական դիրքորոշմանը: Այս մեխանիզմում նկատվում է վտանգ նրա շահերին: Նշված հանգամանքի ամենաթարմ հաստատումը Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւի՝ 2012թ. հունիսի 19-ի հայտարարությունն է: Մեկնաբանելով G20-ի գագաթաժողովին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը7, նա նշեց. «Ադրբեջանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ միջազգային հանրությունն ամբողջությամբ միասնական տեսակետ ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում… Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է. հայկական զինված ուժերը պետք է լքեն ադրբեջանական գրավյալ տարածքները: Շփման գծում դրանից հետո կդադարեն միջադեպերը»:

Փաստորեն պաշտոնական Բաքուն չի թաքցնում, որ միջադեպերը Հայաստանին զիջումների պարտադրելու քաղաքականության բաղկացուցիչ մասն են կազմում: Իսկ շահագրգիռ պետությունները ճարպկորեն օգտվում են Ադրբեջանի քաղաքականությունից՝ տարածաշրջանում իրենց ներկայությունն ուժեղացնելու նպատակով: Միջնորդ տերությունների ուղեգիծը չի փոխվում: 2012թ. հունիսի 19-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները Լոս-Կաբոսում ընթացող G-20 գագաթաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Նրանում ափսոսանք է հայտնվում առ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չձեռնարկեցին վճռական քայլեր, որոնք շարադրված են 2011թ. մայիսի 26-ին Դովիլում ընդունված նրանց համատեղ հայտարարության մեջ: Ընդ որում, պետությունների ղեկավարները նորից կոչ արեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կատարել 2012թ. հունվարի 23-ի հանդիպմանը ստանձնած իրենց պարտավորությունները: Միջնորդ երկրների նախագահներն ընդգծեցին, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. «Միայն խաղաղ կարգավորումը կարող է թույլ տալ ողջ տարածաշրջանին դուրս գալ ստատուս-քվոյի շրջանակներից դեպի անվտանգ եւ ծաղկուն ապագա»:

Այդ ժամանակաշրջանում տվյալ հայտարարությունն ուշագրավ էր երկու հանգամանքի պատճառով: Առաջին՝ դա վկայում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ Փարիզում հունիսի 18-ին կայացած հերթական հանդիպման ժամանակ հակամարտության կողմերին նոր առաջարկներ չեն ներկայացրել: Երկրորդ՝ նախագահներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են զորքերի շփման գծի երկայնքով հրադադարի պայմանակարգի ռեժիմի վերահսկման հայեցակարգի (հենց դա էր Սոչիում 2012թ. հունվարի 23-ի հանդիպման պարտավորության առարկան)8: Այսինքն՝ համանախագահող երկրների դիրքորոշման մեջ որեւէ նոր փոփոխություն տեղի չի ունեցել:

Փարիզում նախարարների հանդիպման նկատմամբ ավելի մեծ հույսեր էին տածում՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2012թ. հունիսին՝ Հարավային Կովկաս իր այցի ժամանակ, հայտարարեց. «Ուժի կիրառումը չի լուծի Ղարաբաղյան հակամարտությունը… Վաշինգթոնը կշարունակի ջանքեր գործադրել եւ նոր առաջարկներ կներկայացնի»9: Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների փարիզյան հանդիպմանը կառաջարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նոր մոտեցումներ: Այդ մասին Քլինթոնը հայտարարեց հունիսի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսում: Տառացիորեն նա ասել է հետեւյալը. «Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ հասնել խաղաղության, փարիզյան հանդիպմանը մենք կառաջարկենք հակամարտության կարգավորման նոր մոտեցում: Խնդրի լուծումը պետք է գտնվի»:

ԱՄՆ պետքարտուղարի տվյալ խոսքերն ինտրիգ առաջացրին՝ կապված այն բանի հետ, որ հունիսի 4-ին Քլինթոնը Երեւանում հատուկ ընդգծեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ հայ-թուրքական մերձեցումն իրարից անջատ գործընթացներ են. «Այս գործընթացների միջեւ կապ չկա…»: Անկասկած, նման հիշեցումն ունի նշանակալից իմաստ այն պատճառով, որ այդ դիրքորոշումը չեն ընդունում Ադրբեջանն ու Թուրքիան: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի նոր առաջարկները չեն կարող չարտացոլել վերջինիս նշված դիրքորոշումը: Սակայն փաստն այն է, որ նոր առաջարկներ հակամարտության կողմերին այդպես էլ չեն ներկայացվել:

Միջնորդները ստեղծված իրավիճակի վրա իրականում չեն կարող ազդել: Համապատասխանաբար՝ կարող է կարծիք ձեւավորվել, որ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի բոլոր պարամետրերը մնում են անսասան: Սակայն, եթե վերջիններս առճակատման գոտում անփոփոխ են, ապա այդպիսին չեն միջազգային պարամետրերը: Նախ՝ Ադրբեջանը զինվել է միջազգային ասպարեզում Հայաստանին մեկուսացնելու դիվանագիտությամբ: Գործնականապես բոլոր միջազգային հարթակներում (ՄԱԿ, ԵԽԽՎ, Եվրախորհրդարան, Իսլամական կոնֆերանս, Չմիավորման շարժում եւ այլն) նախաձեռնվում են Հայաստանին ուղղված բանաձեւեր՝ զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերելու պահանջով: Զուգահեռաբար Հայաստանն անում է բավական հաջողված քայլեր՝ ձեւափոխելու Ադրբեջանի «ռազմական շանտաժը» սեփական դիվանագիտության բաղադրիչի: Այսպես՝ 2010թ. դեկտեմբերին Աստանայում կայացած ԵԱՀԿ վերջին գագաթաժողովի ժամանակ Հայաստանի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որ «Եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ նրան ցույց կտա ռազմական օգնություն»: Այսպիսով՝ ԼՂՀ ճանաչման գաղափարը նրբորեն դուրս եկավ ԵԱՀԿ հարթակ:

Ամեն դեպքում կարելի է ենթադրել, որ տեսանելի ապագայում կարգավորման միջազգային դիվանագիտության մեջ կմնա սոսկ կոնֆլիտային գոտու շփման գծի երկայնքով հրադադարի պայմանակարգի պահպանման թեման: Հակամարտության կողմերի բանակցություններում որեւէ առաջընթացի ակնկալումը՝ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը հայ-թուրքական հարաբերություններ հետ շաղկապելու՝ Թուրքիայի հավակնությունների լիակատար անտեսման պայմանով, առայժմ անհարկի է:

Պատահական չէ, որ նկարագրված ժամանակաշրջանում բարձրաձայնվել են սկզբունքնորեն նոր գաղափարներ՝ կոնֆլիկտային իրավիճակի վրա ազդելու նպատակով: Հունիսի 5-ին Վաշինգթոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում կազմակերպված փորձագիտական քննարկումներին Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի գիտական աշխատակից Ուեյն Մերին հայտարարեց, որ պատերազմը «ոչ միայն ընթանում է, այլեւ ընկալվում է իբրեւ ինչ-որ դրական բան»: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի վիճակի չէ դա կանխել: «Միջնորդ­ները բանակցություններ չեն վարում, երկու կողմերը՝ Ադրբեջանը եւ Հայաստանը, շրջափակում են նրանց աշխատանքը, եւ եկել է ժամանակը՝ անցնելու միջնորդական առաքելությունից ուժային իրավարարության»10: Որքանով են կանխամտածված այսպիսի գնահատականներն ու առաջարկները՝ դժվար է ասել: Սակայն լիովին հնարավոր է, որ շփման գծում միջադեպերը պատահաբար չեն դարձվում կոնֆլիկտային իրավիճակի հիմնական կարգի հարցեր: Տվյալ գոտում ռազմական ներկայության գայթակղությունը պարզորոշ զգալ է տալիս իրեն տարբեր կողմերից:

Հնարավոր է՝ վերջին հանգամանքով է պայմանավորված Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանական ԶՈՒ զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու հետ կապված աղմուկը: Արեւմտյան տերությունները եւ միջազգային կազմակերպությունները դուրս բերեցին այդ գործողությունը ուշադրության կենտրոն՝ ուժեղ վնաս հասցնելով Ադրբեջանի միջազգային վարկին: Հասկանալի է, որ Արեւմուտքի այս կոշտ մոտեցման մեջ ոչ պակաս դեր էր խաղում իրենց հետ երկխոսության ժամանակ Ադրբեջանին ավելի զիջող դարձնելու նպատակը: Նույնքան պարզ էր, որ գերակայությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի լուծման դրդապատճառները չէին:

Հայաստանի հարեւանների նոր խնդիրները. նոր ռեսուրսներ եւ նոր սպառնալիքներ

Տարածաշրջանում արտաքին ներկայության ուժեղացման գայթակղությունը չի կարող չազդել Հայաստանի քաղաքականության վրա: Դրանից զատ, Հայաստանի քաղաքականության ձեւավորման պայմանների վրա ազդում են նոր խնդիրների առջեւ հայտնված տարածաշրջանի հարեւան երկրների փոփոխվող հարաբերությունները: Ուժեղացնելով իր բանակը՝ Ադրբեջանը սադրում է հարեւան Իրանի հետ, ինչպես նաեւ Կասպից ծովի ավազանում լարվածության մեծացումը: Կարելի է նույնիսկ պնդել, որ Ադրբեջանը նշված գոտում ձեռք է բերում «երկրորդ ճակատ»: Եթե հաշվի առնենք, որ Եվրամիությունն ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն է տածում Կասպիական էներգետիկ ռեսուրսներին, իսկ Ռուսաստանն ու Իրանը շարունակում են համարել Կասպից ծովի ավազանը սեփական շահերի ոլորտ, ապա ճնշումն Ադրբեջանի վրա նշված հարեւանների կողմից սկսում է ձեռք բերել գլոբալ իմաստ՝ ինչ-որ իմաստով նվազեցնելով Ղարաբաղյան հակամարտության կարեւորության հարցը: Հենց այսպիսի ազդեցություն է սկսում գործել Իսրայելի հետ Ադրբեջանի աճող համագործակցությունը: Իրանը, ըստ էության, սկսում է դիտարկվել իբրեւ Ադրբեջանի անվտանգության գլխավոր սպառնալիք: Հաշվի առնելով Հայաստանի հետ այդ երկրի բարիդրացիական հարաբերությունները, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ դիմակայությունն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք է բերում Հարավային Կովկասի անվտանգության հարցերում:

Իրանի հետ Ադրբեջանի կոնֆլիկտային հարաբերությունները նոր խնդիրներ են առաջացնում իր գլխավոր դաշնակցի՝ Թուրքիայի հետ: Տարածաշրջանային առաջատար տերության դերին հավակնող ՆԱՏՕ-ի անդամ այդ երկիրը 2010թ. օգոստոսի 16-ին Ադրբեջանի հետ ստորագրեց պայմանագիր11 ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության մասին: Կարելի է ենթադրել, թե ինչպիսի իրավիճակ կարող է Թուրքիայի համար ստեղծել Իրանի հետ Ադրբեջանի հնարավոր հակամարտությունը: Եթե հաշվի առնենք Իրանի հետ Ադրբեջանի վերոհիշյալ համագործակցությունը, ապա բավական դժվար է կանխատեսել Թուրքիայի վարքագիծն արդեն Իրան-Իսրայել հակամարտության դեպքում, եթե Ադրբեջանը մի կողմ չքաշվի այդ ընդհարման ընթացքում: Թերեւս Թուրքիայի համար կառաջանա անլուծելի խնդիր, քանզի վերջինս մեծ ռիսկի պատճառով դժվար թե գնա Իրանի հետ ուղղակի բախման:

Եթե հաշվի առնենք այն, որ Թուրքիան ավելի ու ավելի է խրվում Սիրիայի հետ հակամարտության մեջ, ապա առաջինի անվտանգության վիճակը դառնում է խնդրահարույց: Կարելի է լուրջ վերաբերվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի` Ադրբեջանում բարձրաձայնած խոսքերին12, թե «ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել Թուրքիային, եթե լինի դրա անհրաժեշտությունը»: Անկասկած, խոսք կարող է գնալ այդ երկրի ներքին ապակայունացման մասին: Իրադարձությունների նման զարգացումն ընդունակ է փոխել անվտանգության խնդիրների ամբողջ պատկերը տարածաշրջանում, ինչպես նաեւ՝ գլխավոր խաղացողների դերը:

Երկրների շահերի եւ դիրքորոշումների բարդ միահյուսման նկարագրված բնույթն արդեն հանգեցնում է Հարավային Կովկասը այդտեղ ծրագրվող լայնածավալ նախագծերից մեկուսացնելու նոր ալիքի: Օրինակ՝ գերմանական RWE կոնցեռնը քննարկում է NABUCCO գազատարի շինարարության կոնսորցիումից դուրս գալու հարցը, քանի որ նախապես չի հաջողվում գազի մատակարարման վերաբերյալ հաստատուն երաշխիքներ ստանալ Ադրբեջանից եւ Թուրքիայից: Այդպիսի երաշխիքներ չեն էլ կարող լինել, եթե հաշվի առնենք քաղաքական մթնոլորտը Կասպից ծովի գոտում եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում Թուրքիայի բավականաչափ ագրեսիվ դիրքորոշումը:

Թուրքիայի այս մոտեցումը բարդացնում է նաեւ Վրաստանի վիճակը: Թուրքադրբեջանական հաղորդակցական նախագծերի մամլիչի տակ (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծ, նավթատարներ եւ գազատարներ) սեղմված՝ այս երկիրն ավելի ու ավելի է ենթարկվում հարեւան երկու պետությունների թելադրանքին: Որպես օրինակ կարող է ծառայել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ս.թ. մայիսին առաջացած տարածքային վեճը (այն բորբոքվեց Թբիլիսիի եւ Բաքվի միջեւ մենաստանային համալիրի շուրջ, որի տարածքով պետք է անցնի երկու երկրների սահմանը):

Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանից դուրս ռեսուրսներ եւ հովանավորներ փնտրելու սովորությունը լոկ հանգեցնում է տարածաշրջանի երկրների մեկուսացմանը եւ առճակատման խորացմանը բուն տարածաշրջանի ներսում: Օբյեկտիվորեն, սակայն, հենց այս միտումն է պայմաններ ձեւավորում Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման եւ վարման համար: Հայաստանի անվտանգության ապահովման եւ զարգացման համար տարածաշրջանային ռեսուրսները նույնպես բավարար չեն: Անբավարար են նաեւ ազգային ռեսուրսները անհրաժեշտ աստիճանի անկախության ապահովման համար: Հնարավոր է՝ որակական փոփոխություններ կարող են առաջանալ Մերձավոր Արեւելքում՝ կապված իսլամական գործոնի կտրուկ ուժեղացման հետ: Անկախ այն բանից՝ խթանվում է արդյոք այդ գործոնն Արեւմուտքի կողմից թե ոչ՝ այն օբյեկտիվորեն բարձրացնում է տարածաշրջանում Արեւմուտքի ուժերի ծավալման հնարավորության աստիճանը: Այս դեպքում Հայաստանի դերը Ռուսաստանի համար կտրուկ մեծանում է, ինչը կարող է բարենպաստ հիմք հանդիսանալ Հայաստանի ինքնուրույնության բարձրացման համար:

Առայժմ կարելի է արձանագրել միայն այն, որ ոչ թե կողմնորոշումը Ռուսաստան-Արեւմուտք գծապատկերով, այլ ուժերի փոփոխվող հաշվեկշռում հաշվարկված (կամ ինքնաբերաբար ձեւավորված) դերն է Հայաստանի արտաքին քաղաքականության շարժիչ ուժը: Որքանով է այս հանգամանքը գիտակցվում Հայաստանի ղեկավարության կողմից՝ միանաշանակ դժվար է ասել:

Հայաստանի քաղաքականությունը ներքին համաչափի մեջ

Նկարագրված միտումներից չկտրված է իրականացվում Հայաստանի ներքին քաղաքականությունը: 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանի իշխանությունները հայտնվեցին անսովոր ներքաղաքական իրավիճակում: Նրանց դեմ ծառացավ Հայաստանի իշխա­նական ճամբարի կոնսոլիդացման խնդիրը: 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանում առաջացավ ուժերի նոր դասավորություն: Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) իր համար ապահովեց մանդատների մեծամասնություն եւ պահպանեց կառավարության նախկին կազմը: Սակայն կառավարող կոալիցիայի ազդեցիկ կուսակցություններից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ), հրաժարվեց մտնել նոր իշխանական կոալիցիայի մեջ: Այս հանգամանքը հիմնարար խնդիր ստեղծեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար, ով պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2013թ. նախագահական ընտրություններում: Նրա համար օրախնդիր դարձավ առաջիկա ընտրություններում հաղթանակի երաշխիքների ապահովման նպատակով իշխանական ճամբարը նախկին տեսքով վերականգնելու հարցը: Այս խնդիրն էլ ներկա պահին կանխորոշում է Հայաստանի իշխանությունների քաղաքականության իմաստը եւ բովանդակությունը:

Արդեն մեկ տարուց ավելի է՝ Հայաստանի քաղաքական կյանքում աչքի է զարնում երկու ակնհայտ միտում.

Ա. Ի դեմս Հայ ազգային կոնգրեսի՝ խորհրդարանական ընդդիմության փորձերը՝ իր կողմը գրավել ԲՀԿ-ին:

Բ. Իշխող ՀՀԿ-ի փորձը՝ վերականգնել 2010թ. (կոալիցիոն հուշագրի ստորագրման տարին) նմուշի կոալիցիոն ստատուս-քվոն: Հիմնական դրույքը կատարվում է երկրի ներսում «օլիգարխիկ», ինչպես նաեւ արտաքին քաղաքական ու տնտեսական ռեսուրսների վրա:

ԲՀԿ անդամները հայտարարում են, որ կոալիցիան, որի կազմում էին ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, այլեւս չի գործում նախկին ձեւաչափով, եւ, համապատասխանաբար, ուժը կորցրել է նախկին կոալիցիոն հուշագիրը, համաձայն որի՝ բոլոր քաղաքական ուժերը պարտավորվել են նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն ՀՀԿ անդամները նույն համառությամբ պնդում են, որ «հուշագիրը գոյություն ունի, այնտեղ պարզ գրված է, որ կոալիցիան կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: ԲՀԿ-ն չի հայտարարել, որ ինքը հրաժարվել է դրանից: Փաստորեն ԲՀԿ-ն չի ընդունում իրեն առաջադրված պայմանները: Խոսակցությունները, թե ԲՀԿ հակընդդեմ պայմանը նրան վարչապետի պաշտոնի առաջարկումն է, չեն կորցնում իրենց հրատապությունը:

Ստեղծված իրավիճակում գլխավոր հանգամանքը հենց նույն արտաքին ռեսուրսի գործոնն է: Այն ձեւավորում է հավակնոտ հակառակորդներին «զսպելու» նպատակով Հայաստանի իշխանությունների՝ արտաքին օժանդակության փնտրտուքով պայմանավորված քաղաքականության բնույթը: Բայցեւ արտաքին օժանդակություն ստանալը պահանջում է հարկադրանքի յուրահատուկ մեթոդ. կանգնեցնել արտաքին ատյաններին այնպիսի փաստի դեմ, որը կստիպի նրանց համակերպվել Հայաստանի ներքին իրողությունների հետ:

Հայաստանի նախագահի հիմնական հույսը Եվրամիության կողմից 2012թ. հունիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին խոստացված մեկուկես միլիարդ եվրո օգնություն ստանալու ակնկալիքն էր: Հունիսի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիա կատարած այցի շրջանակներում հանդիպեց Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնին: Զրուցակիցները քննարկեցին ՀայաստանԵՄ հարաբերությունների օրակարգը: Արծարծվեցին Ասոցացման մասին, Ազատ առեւտրի խորն ու համակողմանի գոտու ստեղծման մասին համաձայնագրի եւ մարդկանց տեղաշարժի դյուրացման վերաբերյալ Հայաստանի ու Եվրամիության միջեւ բանակցությունների թեմաներ: Հունիսի 28-ին Սերժ Սարգսյանը մասնակցեց Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին:

Բոլոր հնարավոր ռեւերանսներն արվեցին, սակայն այդ օրերի գլխավոր իրադարձությունը դարձավ Հայաստանին ֆինանսական օգնություն ցույց տվող դոնորների ֆորումի հետաձգումը ԵՄ-ի կողմից: Դեպքերի այսպիսի շրջադարձն անսպասելի էր Հայաստանի իշխանությունների համար: Հետընտրական շրջանում մեկուկես միլիարդի չափով պարտքի ստացումը ԵՄ-ից նրանց գլխավոր հույսն էր:

Արժեր սպասել, որ Հայաստանի իշխանությունները կփորձեն փոխհատուցել ֆինանսական օգնությունն այլ աղբյուրներից՝ գլխավորապես Ռուսաստանից: Հույսը Ռուսաստանի վրա դնելը Հայաստանի իշխանությունների համար ձեռք է բերում լուրջ իմաստ՝ նաեւ նկարագրված ներքին բարդությունների պատճառով: Նորից ու նորից պետք է ընդունել, որ ներքին քաղաքականության տրամաբանությունը բխում է «արեւմտամետություն-ռուսամետություն» կողմնորոշման գծապատկերից: Բայց սա միայն հերթական «լեյտմոտիվն» է: Իրականում Հայաստանի իշխանությունները կանգնած են Ռուսաստանի կողմից լիակատար օժանդակություն ստանալու հրամայականի առջեւ: Այժմյան պայմաններում դրան հասնելն այդքան էլ հեշտ չէ: Նկատելի է, որ Հայաստանն ընտրել է «արեւմտամետության» խաղի մարտավարությունը՝ որպես Ռուսաստանին դրդելու մեխանիզմ: Ավելին՝ նկատելի է Ռուսաստանի ղեկավարությանը Հայաստանի ներքին իրողությունների հետ հարկադրաբար հաշտվելու փաստի առջեւ կանգնեցնելու ցանկությունը:

* * *

Այսպիսով՝ անվտանգության խնդիրն արտաքին օժանդակության փնտրտուքի հրամայականի հետ Հայաստանի իշխանության գլխավոր շարժիչ ուժն է: Իրերի այսպիսի դասավորությունը միջազգային գործոնները բարձրացնում են հիմնական կարգի հանգամանքի, որոնք որոշում են Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության ձեւավորման պայմանները: Ավելին՝ հենց արտաքին գործոնները եւ երեւույթներն են հերթական գծապատկեր-լեյտմոտիվի հիմքում, որոնք կոչված են արդարացնելու իշխանությունների ցանկացած գործողություն: Սրանից քիչ բանով են տարբերվում երկրի ընդդիմադիր ուժերի քաղաքականության մեթոդները: Արդյունքում՝ վարվող քաղաքականությունը խթանում է Հայաստանի արտաքին կախվածությունը՝ հանրությանը ետ մղելով երկրում գործերի վիճակի վրա ազդելու իրական մեխանիզմներից, ինչպես նաեւ պահպանելով քաղաքական եւ տնտեսական իրավիճակը մշտապես նույն որակական հարթությունում:

ՀՂՈՒՄՆԵՐ

1 Էդվարդ Նալբանդյանի ելույթի թեզիսները տես՝ http://www.1in.am/rus/ armenia_apoliticsworld_22170.html

2 Միայն քննադատորեն կարելի է մոտենալ Ա.Դարագանովի կողմից Եվրասիական միության փիլիսոփայական հիմնավորման քաղաքականացված փորձին: Ա.Դարագանով, «Եվրասիական ինտեգրացիայի պատմությունը եւ եվրասիականության փիլիսոփայությունը» http://yeurasia.org/2012/10/21/%D0%B0%D0%BB%D0%B5%D0%BA %D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80-%D0%B4%D0%B0 %D1%80%D0%B0%D0%B3%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2- %D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D1%8F- %D0%B5%D0%B2%D1%80%D0%B0%D0%B7%D0%B8%D0%B9/

3 http://www.vesti.ru/doc.html?id=908112

4 http://www.zham.am/index.php?lid=ru&pageName=lrahos&id=831791475

5 http://www.panorama.am/ru/economy/2012/09/11/ambassadaor-rus/

6 http://commonspace.eu/rus/links/6/id1913

7 http://www.mediamax.am/ru/news/karabakh/5262/

8 Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարության ամբողջական տեքստը տես՝ http://news.kremlin.ru/ref_notes/1135

9 http://analitika.at.ua/news/amerika_obeshhaet_predstavit_novye_ predlozhenija_k_peregovoram_vokrug_karabakhskogo_uregulirovanija/2012-06-06-63193

10 http://www.noravank.am/rus/articles/security/detail.php?ELEMENT_ID=6542

11 Այս թեմայով նյութերը տես՝ http://rss.novostimira.com/n_692087.html

12 Այս թեմայով նյութերը տես՝ http://rss.novostimira.com/n_3432661.html