Post-election Artsakh| Gray Casualty
Ապրիլի 21-ին Արցախի ԿԸՀ-ն Արայիկ Հարությունյանին հայտարարեց Արցախի ընտրված նախագահ: Որեւէ հատուկ հետաքրքրություն հասարակության մեջ դա չառաջացրեց` Հարությունյանի անձի շուրջ կրքերը սպառվել էին արդեն երկրորդ փուլի ժամանակ, որն ընտրողների մեծամասնությունը պարզապես բոյկոտեց: Ամեն դեպքում առաջին փուլի համեմատ ընտրողների մասնակցությունը շատ ցածր էր: Ըստ երեւույթին, դեր խաղաց կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով ընտրական տեղամասեր չգնալու` նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի կոչը` ուղղված ընտրողներին: Բայց հնարավոր է, որ դեր խաղաց նաեւ ընտրությունների նկատմամբ անվստահության գործոնը` առաջին փուլի արդյունքները շատերի շրջանում մեծ մտահոգություն էին առաջացրել: Այսպես թե այնպես` Արցախում հիասթափություն է տիրում: Իրեն մի տեսակ շփոթված է պահում նույնիսկ նոր նախագահի թիմը: Մի խոսքով` իրավիճակը խիստ անսովոր է:
1991 թվականից ի վեր, Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում, Արցախի ժողովուրդն առաջին անգամ հնարավորություն ստացավ ազատ ընտրությունների միջոցով ձեւավորելու իշխանություն: Սակայն այս տարի անցկացված համապետական ընտրությունները ցույց տվեցին, որ Արցախի հասարակությունը եւ գործող իշխանություններն այդպիսի ընտրությունների անցկացմանը պատրաստ չէին: Կաշառման եւ ընտրությունների կեղծման մեքենան դրսեւորեց իր արդյունավետությունը: Ընտրությունների անցկացման նախկին մեթոդներից հրաժարվելու որեւէ ցանկություն չնկատվեց ո´չ ընտրական հանձնաժողովներում, ո´չ ընտրողների մեծամասնության գործողություններում: Դրանից օգտվեցին գործող իշխանությունները` իրենց համար ապահովելով իշխանական դիրքերը պահպանելու հնարավորություն: ՀՀ ղեկավարության կողմից անցած ընտրությունների արդյունքների ճանաչումը «կոնսերվացրեց» Արցախի ներքին վիճակը:
Միեւնույն ժամանակ վերջին երկու տարվա իրադարձությունները վկայում են, որ Արցախում գործած` պետական կառավարման համակարգը կորցրել է նախկին ռեսուրսները եւ խափանումներ տվել: Խոսքը, նախեւառաջ, ճնշիչ մեքենայի արդյունավետության աստիճանի մասին է, որի պաշարը զգալիորեն սպառվել է` Հայաստանի իշխանությունների աջակցությունը կորցնելու պատճառով: Բացի դրանից, ճնշիչ մեքենան բախվել է Արցախի հասարակության աճած ներքին դիմադրությանը: Վախի երբեմնի մթնոլորտը, որը ճնշամեքենայի գլխավոր ռեսուրսն է, արդեն հնարավոր չէ վերականգնել:
Երկրորդ հանգամանքը ավանդական իշխանամետ կուսակցությունների, ինչպես նաեւ Արցախի խորհրդարան անցած քաղաքական ուժերի նշանակալի արժեզրկումն է: Նոր իշխանությունները կորցրել են վստահության պաշարը: Փաստորեն ընտրությունների գործընթացում տեղի ունեցավ իշխանության սնանկացում` նվազագույն կայունությունն ապահովվում էր միայն Հայաստանի իշխանությունների ֆորմալ աջակցությամբ: Քաղաքական ընտրախավի նկատմամբ զգալի թվով քաղաքացիների ժխտողական վերաբերմունքն ակներեւ էր:
Նախընտրական քարոզարշավի շրջանում ակնբախորեն դրսեւորվեց արմատական ընդդիմության կայացման փաստը` ի դեմս նոր, Արցախի Հեղափոխական կուսակցության: Դա շատերի համար անսպասելի էր, քանի որ մինչ այդ, ընդդիմադիր էին դիտվում երկու պաշտոնաթող գեներալների` Վիտալի Բալասանյանի եւ Սամվել Բաբայանի կուսակցությունները: Բայց ընտրությունների արդյունքներից պարզվեց, որ Բաբայանը ոչ մի ընդդիմադրականություն էլ չի ցուցաբերում, իսկ Բալասանյանն առհասարակ անցել է ստվեր: Հետեւաբար` կարելի է պնդել, որ երկրում քաղաքական նոր ուժերի կայացման համար դաշտը բաց է:
Իսկ առայժմ դրության տերը շարունակում է մնալ կորոնավիրուսը, որն իր կամքն է թելադրում ե´ւ հանրությանը, ե´ւ քաղաքական գործիչներին: