articles

Artsakh | Revolution and counter-revolution are mixed

2020-04-11

Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկության առաջին փուլից հետո, երբ իրավիճակը կախվել էր նախագահության թեկնածու Արայիկ Հարությունյանի օգտին գրանցված չարաբաստիկ 49.2 տոկոս ձայներից, գործընթացների հետագա զարգացման համար վճռորոշ նշանակություն ձեռք բերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Ընտրությունները հապճեպորեն «փայլուն» գնահատելու` վերջինիս փորձն առաջացրել էր հասարակության լայն խավերի տարակուսանքը: Գրեթե բոլորի կողմից օլիգարխ ընկալվող թեկնածուի հաջողությունը շատ քչերի համար կարող էր հեղափոխական փոփոխությունների նախանշան լինել: Առավել եւս, երբ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորված դիտորդները մատնանշել էին ոչ միայն բազում կոպիտ խախտումներ, այլեւ ընտրացուցակները կեղծած ոստիկանության բացահայտ հանցագործությունները:

Սպասելի էր, որ բազմաթիվ տեղերից Հայաստանի վարչապետին` իր դիրքորոշումը պարզաբանելու մասին հարցեր պիտի տրվեին ու պահանջներ պիտի առաջադրվեին: Վարչապետը սուր քննադատության ենթարկվեց Հայաստանում իր շատ աջակիցների կողմից: Բայց մեծ արձագանք առաջ բերեց հատկապես Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի հանրահավաքի մասնակիցների դիմումը` ուղղված Փաշինյանին, որով պահանջվում էր հիմնավորել իր գնահատականները` մասնավորապես, «թավշյա» հեղափոխության գաղափարներին Արցախի ընտրական գործընթացների համապատասխանության մասով: Եվ այստեղ վարչապետի երեւակայությունը սպառվեց: Իր առցանց հարցուպատասխանի ժամանակ նա հայտարարեց. «Արցախում հեղափոխություն չի եղել, բայց նաեւ հակահեղափոխություն չի եղել, իսկ, այսպես կոչված, հակահեղափոխական ուժերն ընտրությունների արդյունքում պարտություն կրեցին»:

Ըստ երեւույթին, Փաշինյանը նկատի ուներ, որ նախկին իշխանությունների կոշտ կողմնակիցները` ի դեմս Վիտալի Բալասանյանի, հաջողության հասել են, իսկ առաջնությունը, այնուամենայնիվ, նվաճել է Հայաստանի իշխանությունների նկատմամբ լոյալ քաղաքական ուժը: Այսինքն` վարչապետի կողմից հեղափոխական արժեքները փոխանակվեցին իր հանդեպ Արցախի նոր իշխանությունների լոյալ վերաբերմունքով: Գերակայությունը տրվեց քաղաքական նպատակահարմարությանը, եւ դա պայթեցրեց իրավիճակը: Խորհրդանշական էր Արցախի նախագահի թեկնածու Քրիստին Բալայանի խոսքը, թե «հեղափոխությունն Արցախում պարտվեց հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով»: Այդպես էլ կա` ավելի ճշգրիտ հնարավոր չէ արտահայտվել:

Սակայն հայ քաղաքական կյանքում առարկայորեն տեղի ունեցավ խորքային փոխակերպում: Ներքաղաքական բանավեճը դուրս եկավ «սեւ-սպիտակի» հարթությունից եւ ձեռք բերեց գաղափարական բնույթ: Ուշադրության կենտրոն դուրս եկավ Հայաստանի «հեղափոխական» իշխանությունների գաղափարական որակի խնդիրը: Առաջին պլան էր մղվել հայ հանրության գաղափարական ընտրության հրամայականը: Հայաստանի իշխանությունները թերագնահատել էին հանրության գաղափարական ներուժը` դրանով իսկ իրենց դուրս քշելով դեպի «գորշության» դաշտ: Արդեն նկատելի է, որ սրանից հետո նրանց հակառակորդը դառնալու է նոր հեղափոխական ալիքը` այս անգամ «Ստեփանակերտ-Երեւան» աղեղով: