The dictatorship of the majority breeds a revolt against the electorate
Շատերը կհիշեն, որ Հայաստանում 2018 թվականի «թավշյա» հեղափոխության հաջողությունն ամենասկզբից չտեսնված հետաքրքրություն էր առաջացրել աշխարհում: Դա նկատելի էր համաշխարհային զանգվածային տեղեկատվության միջոցների բազմաթիվ ռեպորտաժներից եւ այլ հրապարակումներից: Այն ժամանակ դժվար էր ենթադրել, որ կառավարող վարչակարգերի դեմ պայքարն աներեւակայելի թափ կստանա ամբողջ աշխարհում:
Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքների ու բունտերի ալիքները փոթորկում են 2018 թվականի նոյեմբերից, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձրացրեց վառելիքի հարկերը: Հանկոնգում անկարգությունները սկսվել են մարտ ամսում, երբ քաղաքագլուխ Քէրրի Լամը առաջարկել էր արտահանձնման մասին օրենք ընդունել մայրցամաքային Չինաստանում: Իսկ հոկտեմբերին Սանտյագո քաղաքը պայթում էր բունտերից` մետրոյով երթեւեկության գները բարձրացնելու մասին նախագահ Սեբաստյան Պինհերայի հրամանագրից հետո: Այսօրվա դրությամբ զանգվածային շարժումների ալիքն ընդգրկել է Լիբանանը, Իրաքը, Բոլիվիան, Վենեսուելան, Ալժիրը: Երեւան են գալիս նաեւ ներազգային տարաձայնությունների այլ տեսակներ, որոնցից է, օրինակ, կառավարություն կազմավորելու անկարողությունը: Այդ կարգի ճգնաժամ է նկատվում Իսրայելում եւ Իսպանիայում: Էլ չասած Մեծ Բրիտանիայի բրեքսիթի մասին` հիմնավոր տարաձայնությունները սկսում են ընդգրկել միջազգային կառույցները:
Հասկանալի է, որ նկարագրված գործընթացները վերլուծության են ենթարկվում մի շարք հետազոտողների ու քաղաքական դեմքերի կողմից: Հատուկ հետաքրքրություն է առաջացնում այն հանգամանքը, որ շատ բունտեր տեղի են ունենում տնտեսական բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում: Ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը պնդում է, որ դա պատահական երեւույթ չէ` տնտեսական աճն առանց արդարության եւ տնտեսական կայունության` դեղատոմս է անկարգությունների համար, այլ ոչ թե՝ բարեկեցության: Դրա վկայությունն այն է, որ բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշների համաձայն` Փարիզը, Հոնկոնգը եւ Սանտյագոն տնտեսական հաջողությունների նմուշներ են: Սակայն, նրա կարծիքով, «բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը չափում է տնտեսության միջին եկամուտը, բայց եկամուտների բաշխման մասին ոչինչ չի ասում… ահա թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ անարդարության զգացողությունը սկսում է զուգակցվել սոցիալական մոբիլության նվազման զանգվածային զգացողության հետ»:
Անկասկած, որոշ երկրներում կառավարությունների կազմավորման բնականոն գործընթացի ապահովման դժվարությունները եւս նույն անարդարության երեւույթի հետ են կապված: Քաղաքական կուսակցությունները չեն կարողանում ծրագրերի առումով գալ համաձայնության եւ ձեւավորել կոալիցիա: Այսինքն` հիմնախնդիրը շատ ավելի խորն է: Տեխնոլոգիական գործընթացը չտեսնված խնդիրներ է ստեղծել, որոնց մասին սկսում են ավելի ու ավելի շատ խոսել: Օրինակ կարող է ծառայել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը ֆրանսիացի դեսպանների` 2019 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած խորհրդակցությունում, որտեղ նա տվել է նշյալ միտումների հստակ սահմանումը:
Նրա կարծիքով` «ներկա պահին մենք շուկայական տնտեսության աննախընթաց ճգնաժամ ենք ապրում: Մեր ձեւավորած հավասարակշռության հիմքում ընկած շուկայականը դարձել է կուտակային կապիտալիզմի տնտեսություն: Դրա շրջանակներում ֆինանսացումը եւ տեխնոլոգիական վերափոխումները հանգեցրել են հարստությունների մեծ կենտրոնացման «չեմպիոնների», այսինքն` մեր երկրների տաղանդավոր մարդկանց, ինչպես նաեւ գլոբալացման գործում հաջողությունների հասած խոշոր մետրոպոլիաների ու պետությունների ձեռքում: Շուկայական տնտեսությունը մինչեւ վերջերս ապահովում էր հարստությունների բաշխումը եւ հիանալի աշխատում էր տասնամյակների ընթացքում` հասնելով մարդկության պատմության մեջ չտեսնված սխրագործությունների. հարյուր միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում կարողացան դուրս գալ աղքատությունից: Այժմ գործընթացը ետ է շրջվում եւ տանում դեպի անհավասարություն: Այդ շուկայական տնտեսությունն է կազմավորում նախկինում չեղած անհավասարությունը, որը խոր փոփոխություններ կբերի մեր քաղաքական համակարգին: Առաջին հերթին՝ սասանվել է այդ տնտեսական կազմակերպության բուն լեգիտիմությունը: Ինչպե՞ս բացատրել քաղաքացիներին, որ կազմակերպությունը լավն է, եթե վերջիններս նրանում չեն գտնում իրենց տեղը: Բացի դրանից, այդ ամենը հարցականի տակ է դնում մեր ժողովրդավարությունների հավասարակշռությունը: Եթե միջին դասակարգը, որը մեր ժողովրդավարությունների միջուկն է, այլեւս դրանցում իրեն չի տեսնում, նրա մեջ ծագում են կասկածներ ու միանգամայն հասկանալի ձգտում ավտորիտար վարչակարգերի եւ ոչ լիբերալ ժողովրդավարությունների նկատմամբ: Ամեն դեպքում խոսքը վերաբերում է այն պարադիգմների համապարփակ փոփոխություններին, որոնց մասին մենք մինչեւ վերջերս չէինք մտածել»:
Մակրոնի` «միանգամայն հասկանալի ձգտում ավտորիտար վարչակարգերի եւ ոչ լիբերալ ժողովրդավարությունների նկատմամբ» արտահայտությունը շատ ճիշտ արտացոլում է լիբերալ ժողովրդավարությունում ծագած հակասությունը: Լիբերալ ժողովրդավարությունն ավելի հաճախ է հանդիպում իր փիլիսոփայության խոր հակասության հետ: Շուկայական տնտեսությունը տանում է անհավասարության չտեսնված աճի, իսկ ընտրազանգվածի ձայների մեծամասնության սկզբունքի վրա հիմնված ընտրությունների մեխանիզմը հայտնվում է մեծամասնության յուրահատուկ թելադրանքի ներքո: Ազատ շուկայական տնտեսության կողմնակիցներն անպաշտպան են մնում մեծամասնության թելադրանքի առջեւ ու ընտրություններում կորցնում քաղաքական դիրքերը: Տնտեսության մեջ առաջընթաց ապահովող կուսակցություններն ընտրողների մեծամասնության կողմից մերժվում են: Տարօրինակ թվացող այդ իրավիճակը վկայում է լիբերալ-ժողովրդավարական տիպի պետական իշխանության կազմավորման հարցում մեծամասնության սկզբունքի հակասականության մասին:
Այդ հանգամանքն ակնբախորեն դրսեւորվում է հատկապես այժմ, բայց տակավին 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին շատ տեսաբաններ «մեծամասնության» սկզբունքում սպառնալիքներ էին տեսնում: Այսպես` լորդ Աքթոնը իր աշխատություններում պնդում էր, որ «ժողովրդավարության ամենատարածված չարիքը մեծամասնության բռնակալությունն է կամ, ավելի ճիշտ, մեծամասնության կուսակցությունը, որն ուժի կամ խաբեության օգնությամբ մանիպուլացնում է ընտրական գործընթացը»: Այն մասին, որ համընդհանուր ընտրական իրավունքը եւ դրա հետ կապված` մեծամասնության կուսակցության թելադրանքը «հետզհետե հանգեցնում են ազատության ոչնչացման, պետության դերի ուժեղացման, քաղաքական անտարբերության եւ խնամակալության նկատմամբ քաղաքացիների ձգտման», դեռեւս 1930-ական թվականներին ասել է Ալեքսիս դը Թոքվիլը իր «Ժողովրդավորությունը Ամերիկայում» գրքում: Բայց կա մի բան, որ շատ հրատապ է հատկապես այսօր՝ Թոքվիլը տեսել է «մեծամասնության բռնակալության» մյուս երեսը` նյութական բարեկեցության պաշտամունքը, որը մերժում է էլիտար խավերի գոյության իրավունքը:
Այսինքն՝ հետազոտողները մեծամասնության թելադրանքի սկզբունքում տեսնում էին երկսայրի սուր, որն ունակ է որոշակի պայմաններում անլուծելի դիմակայություններ սադրել: Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ է կուտակվում եւ դեպի ուր է թեքվում մեծամասնության կամքը: Ինչպես տեսնում ենք, ժամանակը հաստատել է նշանավոր տեսաբանների մտավախությունները: Պետական իշխանություն կազմավորելու՝ մեծամասնության իրավունքների պահպանման պայմաններում անհավասարության աճը հանգեցնում է լիբերալ ժողովրդավարության ճգնաժամի՝ կառավարող ուժերի հարաճուն մանիպուլյացիաների եւ, միաժամանակ, ողջ աշխարհի կառավարող ընտրախավերի դեմ հարաճուն բունտերի: Ամենեւին պատահական չէ, որ բոլոր այդ զանգվածային շարժումների ընդհանրական կարգախոսը դառնում է «անհավասարության մերժումը»: Մարդկանց ավելի քիչ է հետաքրքրում վերացական առաջընթացը՝ մարդկանց հետաքրքրում է արդարությունը: Բայց քանի որ արդարությունը շատ սուբյեկտիվ հասկացություն է, ուստի առաջանալիք դիմակայությունների հետեւանքները հաշվարկելն այնքան էլ հեշտ չէ:
Հայաստանում զանգվածային շարժումն անարյուն էր եւ ի սկզբանե մերժում էր բունտային բնույթի գործողությունները (հրկիզումներ, ջարդեր, ոստիկանության հետ ծեծկռտուքներ): Նմանօրինակ կարգապահությունը՝ շարժման հստակ սահմանված նպատակների հետ մեկտեղ, ապահովեց ժողովրդի միասնությունը եւ արագ մաշեց այն ժամանակվա կառավարող վարչակարգի ռեսուրսները: Ոստիկանության եւ բանակի նկատմամբ վերահսկողություն պահելն անհնար էր: Սակայն աշխարհով մեկ տեղի ունեցող զանգվածային շարժումներում, որոնց մասին խոսվեց վերը, մենք տեսնում ենք տիպիկ բունտային բնույթ եւ նպատակների լղոզվածություն: Դրա հետեւանքը գրեթե բոլոր երկրներում հասարակությունների տրոհումն է: Դա սպառնում է, լավագույն դեպքում, շարունակական դիմակայությամբ ու տնտեսության կաթվածահարությամբ, վատագույն դեպքում՝ քաղաքացիական պատերազմով ու պետությունների փլուզմամբ:
Ճգնաժամն, իսկապես, դարակազմիկ բնույթ է կրում: