articles

Ideological-organizational transformations of post-Soviet societies

«Թավշյա հեղափոխությունից» մեկուկես տարի անց Հայաստանում ավելի ու ավելի պարզորոշ է դրսեւորվում հասարակական-քաղաքական կյանքի գաղափարական խոր դատարկությունը: Այնպիսի զգացողություն է, որ հասարակությունը կորցրել է երկրում տեղի ունեցող գործընթացների գնահատման սանդղակը: Արտահայտվող կարծիքներն ու գնահատականները գնալով ավելի են կտրվում իրողություններից: Նույնիսկ կարելի է պնդել, որ մարդկանց սկսել են քիչ հետաքրքրել բուն իրողությունները: Յուրաքանչյուր ոք հակված է նկարել «իրականության» իր սեփական վիրտուալ պատկերը:

Հետխորհրդային մյուս երկրների, ասենք՝ Ուկրաինայի կամ Վրաստանի համանման գործընթացներին հետեւելիս՝ կարելի է տեսնել նույն միտումները: Նշանակում է դրանց պատճառներն ունիվերսալ են՝ նույնիսկ եթե հասարակական-քաղաքական գործընթացների բնույթը տարբեր հասարակություններում տարբեր է: Դրանում կարելի է համոզվել՝ հպանցիկ մի հայացք ձգելով այդ նոր հասարակությունների կայացման պատմությանը:

Խորհրդային միության փլուզման եւ նրա տարածքում նորանկախ պետությունների կազմավորման պահից ի վեր բանավեճերի հիմնական առարկա է դարձել ազգային իշխանությունների ձեւավորման թեման: Գերակշռող գնահատականը մինչեւ այժմ ավտորիտար եւ օլիգարխիկ վարչակարգերի մասին թեզն է, որոնք խոչընդոտում են լիարժեք ժողովրդավարական պետությունների կայացմանը: Ընդունված է համարել, որ հետխորհրդային տարածքի բոլոր նոր ազգերի համար դժվարլուծելին հատկապես այդ խնդիրն է:

Քիչ ուշադրություն է դարձվում այդ պետությունների սոցիալ-քաղաքական յուրահատկություններին: Հատկապես՝ այն խնդրին, թե ընդունա՞կ է արդյոք տվյալ հանրությունը ընտրությունների միջոցով կազմավորել ազգային իշխանություն: Գործնականում հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրների ազգային չվերջացող անկարգությունների ձեւավորման ոլորտում հանրությունների քաղաքական կյանքի հենց այդ դիտանկյունն է վճռորոշը:

1991 թվականին իրավական պետությունների կազմավորման հռչակագրեր ընդունած ժողովուրդները գերազանցապես չբարձրաձայնեցին այն հարցը, թե արդյոք իրենք գաղափարական խարիսխ ունեն այդ հռչակագրերն իրագործելու համար: Եվ միայն ժամանակը ցույց տվեց, որ հասարակությունների մեծամասնությունը չունի այդ արժեքները: Հետեւաբար՝ չունի ընդունակություններ կառուցելու հայտարարված պետությունների առանցքային հաստատությունները՝ ազատ ընտրությունների եւ արդարադատության ինստիտուտները: Իսկ եթե չունի այդպիսի ընդունակություններ, ուրեմն պետական կյանքում կարմատավորվի մի կարեւոր բացառիկություն՝ իշխանության յուրացման ֆենոմենը: Հենց այդ ֆենոմենն է ազգային-պետական իրողությունների ձեւավորման վճռական մեխանիզմը եւ վերը նշված ազգային բոլոր անհամաձայնությունների պատճառը:

Ազգային իշխանություն եւ իրավակարգ կարող են ձեւավորել միայն իրավական գիտակցություն ունեցող հանրությունները` նրանք, որ կոչվում են քաղաքացիական հասարակություն: Եթե վերանանք այդ ֆենոմենի` արեւմտյան հասարակագիտության մեջ ընդունված նեղ ընկալումից, ապա քաղաքացիական կարելի է անվանել այն հասարակությունը, որը հիմնված է իրավագիտակցության (քաղաքացիական բարոյականության), անձի ազատության եւ պայմանագրի վրա: Այդպիսի մոտեցումը թույլ է տալիս կատարել իրավական պետությունների կազմավորման ուղի ոտք դրած ներկայիս հանրությունների փոխակերպումների ավելի արդյունավետ վերլուծություն: Չէ որ մենք այսօր գործ ունենք, ըստ էության, ավանդական եւ կրոնական հանրությունները քաղաքացիականի անցման գործընթացի հետ:

Քառորդ դարի ընթացքում այդ երկրներում պետական կառավարման համակարգը հայտնվել էր խոշոր կապիտալի թելադրանքի տակ, որովհետեւ այն յուրացվել էր երկրում վերահսկողության եւ կարգավորման ոչ սահմանադրական մեխանիզմներ հաստատած խոշոր սեփականատերերի կողմից: Վերահսկողության եւ կարգավորման նմանօրինակ մեխանիզմներ ասելով, առաջին հերթին, նկատի է առնվում նպատակամետ ջանքերը` ուղղված իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմը կաթվածահար անելուն; ազատ ձեռնարկատիրություն թույլ չտալուն; դատական մարմինների նկատմամբ վերահսկողություն սահմանելուն; զանգվածային լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելուն; հասարակության օրինական նախաձեռնությունները զսպելուն: Նշված մեխանիզմների կայուն գործունեության հնարավորությունն ապահովվում էր պետական կյանքում քաղաքական եւ տնտեսական ազդեցության գոտիների ու ոլորտների պայմանագրային բաժանման համակարգի, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական քվոտաների եւ ձեռնարկատերերի ստվերային հարկման կենտրոնացված համակարգի ներդրման շնորհիվ: Ընդ որում` Սահմանադրությունն օգտագործվում էր նման իրավիճակի օրինականացման եւ հասարակության միակողմանի կեղեքման համար:

Իսկ որո՞նք են նոր պետությունների այդօրինակ զարգացման հանգուցային պատճառները: Անկասկած, դրանք պետք է հասարակությունների գաղափարական յուրահատկությունների մեջ փնտրել: Այստեղ պետք է փորձել բնութագրել այն ուղիները, որոնցով գնացել են նախկին խորհրդային հասարակությունները: Հայտնվելով կոմունիստական գաղափարախոսության թելադրանքի ներքո, Խորհրդային Միության ժողովուրդները յոթանասուն տարվա ընթացքում մասամբ հրաժարվեցին իրենց էթնոկրոնական ինքնությունից: Նրանց կենսական գերակայություններն ակամա փոխվել էին` կազմավորելով արհեստական հանրություն` խորհրդային ժողովուրդ: Էթնիկ ինքնությունը մասամբ լղոզվել էր` ավանդույթները սկսել էին իրենց տեղը զիջել խորհրդային չափորոշիչներին:

Հենց այդպիսի վիճակում էին ժողովուրդներն իրենց ընդհանուր պետության փլուզման պահին: Ակնկալելի էր, որ կոմունիստական գաղափարախոսության վերացումը պիտի գաղափարական դատարկությունը լցներ ազգայնականությամբ: Այդպես էլ եղավ: Բայց ի հայտ եկավ նաեւ մի այլ կարեւոր գործընթաց` ապավինություն նախկին էթնոկրոնական ավանդույթներին: Վերջին հանգամանքն էլ ձեւավորեց հետխորհրդային հասարակությունների այժմյան բնույթը: Հեշտ վերադարձ ավանդույթներին տեղի չունեցավ` շատ արագ նշմարվեց հասարակությունների քրեականացման միտում: Նախկին սոցիալիստական սեփականության մասնավորեցումն առավելագույնս խթանեց այդ գործընթացը: Արդյունքում մենք ստացանք այդ ուղու վրա ոտք դրած կիսաավանդական, կիսաքրեական հասարակություններ: Եվ հենց այդպիսի բնութագրեր ունեցող հասարակություններն էին, որ պիտի կառուցեին հայտարարված իրավական, սահմանադրական պետությունները: Հասկանալի է, որ այդպիսի շինարարության համար հասարակությունները չունեին գլխավոր պայմանը` քաղաքացիների իրավագիտակցությունը: Արդյունքը կանխորոշված էր` պետություններում արմատավորվեց իշխանության ավտորիտար կամ օլիգարխիկ համակարգ: Ստիպված եղանք իրավակարգի մասին երկար ժամանակ մոռանալ:

Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա հենց այդ համակարգը (որն այստեղ անվանվում է քրեաօլիգարխիկ) ապամոնտաժվեց 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» արդյունքում: Ճիշտ է, միակ շոշափելի հանգամանքն առայժմ այն է, որ խոշոր կապիտալի տնօրինողները կորցրեցին պետական իշխանության լծակները, ու երկրում ազատ ընտրություններ անցկացնելու եւ խոսքի ազատություն ապահովելու հնարավորություն ստեղծվեց: Հասարակայնության նոր իրավիճակի մյուս բոլոր հանգամանքները դեռ պետք է գիտակցել եւ ողջամտորեն արժեւորել:

Երկրում նոր իրողությունների որեւէ իրավաքաղաքական կարգավորում առայժմ տեղի չի ունեցել: Ընդամենը քննարկվում են քաղաքական եւ տնտեսական տարածքը կարգավորող նոր կանոններ սահմանելու վերաբերյալ առաջարկությունները: Կանոններ, որոնք ի վիճակի են հանրակարգայնորեն տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը եւ, համապատասխանաբար, ձեւավորել սեփականության ու ձեռնարկատիրության իրավական պաշտպանության գործիքակազմերը: Նման առաջարկությունների իմաստը հանգեցնում է խոշոր կապիտալի թելադրանքից քաղաքականության եւ պետական կառավարման համակարգի պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանը: Առաջարկությունները բխում են նրանց այն համոզմունքից, որ իշխանության յուրացումը սեփականության չպաշտպանվածության եւ հասարակության մեջ իրավագիտակցության բացակայության հետեւանք է:

Պետք է ընդգծել, որ Հայաստանում հակասահմանադրական, զավթողական վարչակարգի հաղթահարման ուղին շատ երկար էր: Տասնամյակներ պահանջվեցին, մինչեւ հասարակությունը կարողացավ գիտակցել, որ քաղաքական կուսակցությունների մերժումը եւ քաղաքացիական նախաձեռնությունների ապավինումն է այն ճանապարհը, որն ի զորու է հասցնել արմատական քաղաքական փոփոխությունների իրականացման: Դա ավտորիտար ավանդույթներից հրաժարվելու եւ հասարակության մեջ իրավագիտակցություն արմատավորելու հետեւանք էր: Փաստորեն մենք գործ ունենք ավանդական եւ կրոնական հասարակությունից քաղաքացիականի անցման օրինակի հետ:

Նման մի բան էլ Ուկրաինայում է կատարվում: Հնարավոր է` հետխորհրդային մյուս երկրներում նույնպես տեղի ունենան այդպիսի փոփոխություններ: