Turkey's new "whims" and growing interest in the security of the borders of Armenia and Artsakh
Դեռ չէր հասցրել սպառվել հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացված՝ ԵԱՏՄ-ի գագաթաժողովի նկատմամբ հետաքրքրությունը, երբ ՀՀ-ում ու տարածաշրջանում ակնհայտ դարձավ ԱՄՆ-ի բազմակողմանի ակտիվացումը: Ավելորդ է ասել, որ վերջինս չէր կարող անտարբեր մնալ հաստատվող նոր ռազմավարության հանդեպ, որի առանցքում ռուս-չինական մերձեցումն է: Բայց արդեն տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության ակտիվացման ոչ միանշանակ բնույթը շատ հարցեր է առաջ բերում: Մասնավորապես՝ այն, թե ինչու ԱՄՆ-ը հենց հիմա հայտարարեց իր զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին: Այդ եւ տարածաշրջանում ծավալվող գործընթացների մյուս ասպեկտներն ինչ-որ կերպ հասկանալու համար արժե ուշի-ուշով դիտարկել վերջին օրերի իրադարձություններից քաղված մի քանի փաստեր:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱՄՆ կառավարության կողմից մեր սահմանապահ զորքերին սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էր ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը եւ ՀՀ-ում Միացյալ նահանգների դեսպան Լին Թրեյսին: Տեխնիկայի հանձնման այդ արարողությունը կարելի էր պլանային միջոցառում որակել, եթե չլինեին այդ օրերին տեղի ունեցած մի շարք այլ կարեւոր հանգամանքներ ու իրադարձություններ: Նախ՝ հետաքրքրություն է առաջացնում դեսպան Թրեյսիի հայտարարությունը, թե «տարեցտարի զարգացող մեր գործընկերությունը, որն ուղղված է արձագանքման տարածաշրջանային արդյունավետ ներուժի ստեղծմանը, մեզ թույլ է տվել արձագանքել Հայաստանի եւ աշխարհի առջեւ կանգնած մարտահրավերներին»: Երկրորդ՝ հոկտեմբերի 8-ին Արցախ էին այցելել ԱՄՆ կոնգրեսի անդամներ Ջենի Սփիերին եւ Ջուդի Չուն, որոնք չէին թաքցնում իրենց նպատակը՝ զորքերի շփման գծում վերահսկողության սարքեր տրամադրելու համար պայմանների ուսումնասիրում: Այսինքն՝ ԱՄՆ-ը որոշել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով Հայաստանի կողմում ուժեղացնել վերահսկողությունը:
Ինչի՞ հետ դա կարող է կապված լինել: Առաջին հայացքից, կարծես թե, Հայաստանի շատ գործողություններ՝ մասնավորապես ԵԱՏՄ գագաթաժողովին Իրանի նախագահին հրավիրելը, պետք է որ հարուցեին ԱՄՆ-ի դժգոհությունը: Բայց նկատելի է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը որոշել է այդ թեմայով լռություն պահպանել, բայց փոխարենը առանց հապաղելու ներքաշվել է մի ոլորտ, որտեղ գերիշխում են Ռուսաստանի շահերը (Հայաստանի եւ Արցախի սահմանները): Նշանակում է դրա համար ծանրակշիռ պատճառներ կան: Ռուսաստանը եւս ոչ մի բառ չի ասում: Հետեւաբար՝ մենք պետք է ընդլայնենք ողջ մերձավորարեւելյան տարածաշրջանում ծավալվող գործընթացների պատկերը: Իսկ այստեղ այդ օրերին «անսպասելիորեն» կատարվեց հետեւյալը. ակտիվացվեց սիրիացի քրդերի հարցը:
Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը գրոհեցին «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր»-ի (ԺՍՈՒ) կոալիցիայի մեջ մտնող քրդական կազմավորումների շտաբը Էլ-Մալիքիա քաղաքում՝ սիրական Հասեկ նահանգից դեպի հյուսիս-արեւելք: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Անկարայում ավարտվել էին Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արեւելք, անվտանգության գոտու ստեղծման շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները: Հայտնի է, որ Անկարան եւ Վաշինգտոնը ձեռք են բերել համատեղ գործողությունների եւ պլանավորվելիք գոտու համակարգման կենտրոն ստեղծելու մասին պայմանավորվածություն: Ընդ որում, ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը, եթե ԱՄՆ-ը ձգձգի անվտանգության գոտու կազմավորումը, Անկարան գործողություն կսկսի այդ տարածաշրջանը վերահսկող քրդական ուժերի դեմ:
Այդպես էլ, կարծես թե, տեղի է ունենում: Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, ԱՄՆ-ը ուժերը ետ քաշեց սիրիա-թուրքական սահմանից՝ հրաժարվելով պաշտպանել Թուրքիայի գործողությունը Սիրիայի հյուսիսում: Ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց «ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը», եթե Անկարան ինչ-որ «անթույլատրելի» բան անի: Ինչպես ԱՄՆ նախագահը, այդ երկրի պաշտպանության նախարարությունը եւս պարզ հայտարարեց, որ չի աջակցում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկմանը՝ դրանով ցույց տալով, որ միակողմանի գործողությունները վտանգներ ունեն Թուրքիայի համար: Բանակի ղեկավարության հայտարարության մեջ ասվում է. «Մենք աշխատելու ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ միջազգային կոալիցիայի գործընկերների հետ՝ Թուրքիային հիշեցնելով գործողությունների հնարավոր ապակայունացնող հետեւանքները բուն Թուրքիայի, տարածաշրջանի համար եւ նրա սահմաններից դուրս»: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ԱՄՆ Ժողովրդավարական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրէմը հայտարարեց, թե Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության դեպքում Կոնգրեսը կքննարկի Անկարայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ եւ կոչ կանի դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ին:
Ինչպես եւ ակնկալվում էր, իրենց դիրքորոշումները հայտնեցին նաեւ շահագրգռված այլ երկրներ: Հոկտեմբերի 8-ին Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ Սիրիայի ինքնիշխանության ու անվտանգության դեմ ուղղված` Թուրքիայի գործողությունները օգուտ չեն բերի Անկարային եւ չեն ապահովի նրա անվտանգությունը: Մոսկվայից էլ հայտարարեցին, որ Թուրքիան հավատարիմ կմնա Սիրիայի տարածքային ամբողջականության կանխադրույթին: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «Սիրիայի հյուսիս-արեւելքում բոլոր խնդիրները պետք է լուծվեն կենտրոնական կառավարության եւ քրդերի ներկայացուցիչների միջեւ երկխոսության միջոցով»: Ըստ երեւույթին, ակնկալվող թուրքական արկածախնդրությունից Ռուսաստանը «լվանում է ձեռքերը»:
Բայցեւայնպես` Թուրքիան հանգիստ տեղը չի նստում: Նրանք հայտարարել են սահմանային գոտու քրդերին դուրս մղելու եւ այդ տարածքները սիրիացի փախստականներով բնակեցնելու` իրենց ծրագրերի մասին: Քրդերին վերջնագիր էր ներկայացվել` նրանք կարող են կամ հանձնվել, կամ Թուրքիան կկասեցնի «ահաբեկիչների» դեմ պայքարի ջանքերը խափանելու ուղղությամբ նրանց փորձերը: Նույն օրը սիրիացի քրդերը Դամասկոսի եւ Մոսկվայի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնեցին: Սակայն թուրքական զորքերը հոկտեմբերի 9-ին անցան սահմանը եւ սրընթաց շարժվում են դեպի Սիրիայի խորքը: Իսկ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը հեռվից ընդամենը Թուրքիային կոչ են անում «մեծ գլխացավանք չսարքել»: Նախագահ Էրդողանն էլ կոպտորեն դիմել է Եվրամիությանը՝ սպառնալով, որ եթե փորձեն իրենց գործողությունները որակել որպես ներխուժում, ապա կբացեն սահմանը եւ 3,6 միլիոն փախստականներին կճամփեն Եվրոպա:
Ահա այսպիսին է իրավիճակը: Հատկանշականն այն է, որ Թուրքիային դիմող բոլոր ատյանները «եփ են գալիս» նրա անվտանգության մասով, ինչը միջազգային գործերում նշանակում է «սպառնալ»: Որոշ փորձագետներ նույնիսկ հայտարարում են, որ քրդերի դեմ ինքնուրույն գործողությունների համար Թուրքիային հնարավորության տրամադրումը գործնականում կարող է այդ երկրի ներքին ապակայունացումը խթանող «ծուղակ» լինել: Կասկածահարույց է նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ ներկայիս գործողությունները ծավալվում են Հունաստանի ռազմական հենակետերն ամերիկացիներին անսահմանափակորեն երկար օգտագործման հանձնելու մասին պայմանագրի ստորագրման եւ այն դիտողության խորապատկերին, որ Թուրքիան այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի թույլ օղակն է:
Լվանո՞ւմ է ձեռքերն արդյոք ԱՄՆ-ը Թուրքիայի գործողություններից, զոհաբերո՞ւմ են արդյոք քրդերին հանուն հեռուն գնացող ինչ-ինչ նպատակների, թե գործ ունենք այդ երկրի գլոբալ քաղաքականության արմատական շրջադարձի հետ: Շրջադարձ, որը բնորոշվում է բոլոր երկրների՝ մասնավորապես մերձավորարեւելյան տարածագոտու երկրների նկատմամբ հարաբերությունների վերագնահատմամբ: Եթե այս վերջինն է, ապա Հայաստանի համար դա չափազանց կարեւոր է. ո´չ Իրանի հետ ԱՄՆ-ի առճակատումը, ո´չ էլ ԱՄՆ-Ռուսաստան «չոր» դիմակայությունը` որտեղ էլ դրանք լինեն, մեզ բոլորովին պետք չեն: Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունն արդեն նոր միջազգային քաղաքականության վատ նշան չէ: Իսկ մեր ագրեսիվ դրացիների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հերթական կերպափոխություններին պետք է հետեւել շատ ուշադիր: