The beginning of the Karabakh movement and the formation of the "Karabakh" committee
Ղարաբաղյան շարժման երեսուներորդ տարեդարձի մոտեցմանը համընթաց, մեծ հետաքրքրություն է նկատվում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման համար այս լայնածավալ ժողովրդական շարժման ակունքների հանդեպ: Սակայն, ինչպես սովորաբար պատահում է պատմական փաստերը լուսաբանելու ժամանակ, ակներեւ է ոչ այնքան վաղ անցյալի պատմության փաստերի աղավաղումը: Ընդ որում`առանց որեւէ հատուկ իմաստի ու նպատակի: Պարզապես մարդիկ տարբեր կերպ են նայում աշխարհին եւ տարբեր կերպ էլ նշանակալիություն են տալիս այս կամ այն փաստերին: Եվ քանի որ այս Շարժման զգալի թվով մասնակիցներ ողջ են, դեր են խաղում նաեւ գործընթացներին սեփական մասնակցության աչառու քաղաքականացված գնահատականները:
Անշուշտ, որոշակի նշանակություն ունի եւ փաստագրական հետազոտությունների բացակայությունը: Սույն հոդվածի նպատակն է հավաքել ու համակարգել հանրահայտ եւ սակավ հայտնի որոշ փաստեր, որոնք թույլ կտային դյուրացնել մեր ինչպես ոչ վաղ շրջանի պատմության, այնպես էլ ներկա օրերի շատ գործընթացների ու երեւույթների ընկալումը: Քանի որ ինձ բախտ է վիճակվել Շարժման կազմավորման ամենասկզբից լինել բազմաթիվ գործընթացների մասնակիցը, այդպիսի աշխատանք կատարելն ինձ համար դժվարություն չի ներկայացնում: Մասնավորապես՝ կփորձեմ պարզաբանել «Ղարաբաղ» կոմիտեի կազմավորման պատմությունը: Պատմության այդ հատվածն ավելի ու ավելի է հետաքրքրում շատ մարդկանց:
Եվ այսպես, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հիմնախնդիրը եւ գաղափարը ծագեցին ու իրենց զգալ տվեցին հայկական այդ երկրամասը Խորհրդային Միության շրջանակներում ձեւավորված Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ներառելու պահից: Այս հոդվածում մենք կարող ենք խոսել միայն տվյալ հիմնախնդրի արդիականացման հերթական փուլի`1980-ականների երկրորդ կեսի մասին: Նշենք միայն մեկ հանգամանք. այդ շարժման ինքնաբուխ բնույթի մասին շատերի կողմից հաճախ հավաստվող կարծիքը պետք է հստակեցվի: Այդ գործընթացի ինքնաբուխ լինելն արտահայտվել է սոսկ նրանում, որ ի սկզբանե կազմավորվել էին Հայկական ԽՍՀ-ի հետ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերամիավորման խնդրի արդիականացման մի քանի օջախներ: Այսինքն՝ Շարժման զանգվածային բնույթը չի նշանակում, որ դրա կազմավորման սկիզբն ինքնաբուխ էր: Հետագա դատողությունները դրանում կհամոզեն ընթերցողին:
1980-ականներին Խորհրդային Միությունում հայտարարված՝ «Վերակառուցման» քաղաքականությունը հնարավորություն ստեղծեց Լեռնային Ղարաբաղի խնդրի հերթական արդիականացման համար: Այդ մասին մտածում եւ խոսում էին բոլորը: Սակայն միայն 1985 թվականից սկսվեցին ծրագրի ձեւավորման նպատակաուղղված գործընթացը եւ դրա վրա հիմնված՝ ակտիվ գործիչների տարբեր խմբերի գործողությունները:
1985 թվականից Երեւանում ակտիվ գործունեություն էր սկսել տնտեսական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ-ի պետպլանի Տնտեսագիտության ինստիտուտի աշխատակից Իգոր Մուրադյանը: Այդ ինստիտուտի մի խումբ ասպիրանտների օգնությամբ աշխատանք էր տարվում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու եւ ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ներկայացնելու ուղղությամբ: Ադրբեջանում հայերի սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական ճնշումների փաստի վերաբերյալ պատրաստվում էին ծավալուն վերլուծություններ: Զուգահեռաբար աշխատանքներ էին կատարվում Մոսկվայում հայ գիտնականների ու ազդեցիկ գործիչների (Աղանբեկյան, Ենիկոլոպով, Եպիսկոպոսով, Միկոյան եւ այլք) հետ հարաբերություններ ստեղծելու համար: Նույնը արվում էր Հայաստանում: Ներգրավվում էին հայտնի հայ գործիչներ (պաշտոնաթող զինվորականներ, գրողներ Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը եւ այլք): Ակտիվիստների այդ թիմի կազմում էին վերը նշված ինստիտուտի 15 ասպիրանտներ ու աշխատակիցներ` Արտակ Ստեփանյանը, Աշոտ Եղիազարյանը, Արթուր Պարունակյանը, Տիգրան Համբարձումյանը, Թաթուլ Կրպեյանը եւ ուրիշներ: Այդ ժամանակ էլ ԽՍՀՄ գլխավոր դատախազություն հայց էր ներկայացվել ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիեւի նկատմամբ: Հայցը ստորագրել էին Իգոր Մուրադյանը եւ Զարեհ Մելիք-Շահնազարյանը` հայտնի դիվանագետ Աշոտ Մելիք-Շահնազարովի հայրը: ԽՍՀՄ գլխավոր դատախազությունը հայցադիմումն ընդունել էր քննարկման համար, իսկ 1987 թվականին Ալիեւը հեռացվել էր ԽՍՀՄ ղեկավարության բարձր պաշտոններից:
Զուգահեռաբար` 1986 թվականից ԼՂԻՄ-ի Հադրութ ավանի մի խումբ քաղաքացիներ ձեռնարկել էին առաջին հայացքից պակաս ակտիվ թվացող մի գործունեություն. խմբային նամակներ էին ուղարկվում ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե՝ պահանջելով հայկական հեռուստատեսային ալիքների հեռարձակումը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ դպրոցական ծրագրերում հայոց պատմության ներառումը: 1987թ. հունիսին այս խումբը կազմել եւ «Վերակառուցման հայր» Միխայիլ Գորբաչովին էր ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հադրութ ավանի քաղաքացիների առաջին հավաքական նամակը` պահանջելով Վերակառուցման փոփոխությունների շրջանակներում վերականգնել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը` վերամիավորել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ: Ինը ստորագրողների թվում էին Էմիլ Աբրահամյանը, Արթուր Մկրտչյանը, Գրիգորի Հայրապետյանը, Գագիկ Ավանեսյանը: Այդ նամակը ստորագրողներից մեկն էլ ես էի`Մանվել Սարգսյանը:
Այդ նամակի մասին տարածված տեղեկությունը խթանեց ԼՂԻՄ-ի եւ Հայաստանի ակտիվիստների առանձին խմբերի համախմբման գործընթացը: Հայտնի դարձավ, որ առանձին աշխատանք է տանում նաեւ Ստեփանակերտում կազմավորված խումբը Արկադի Կարապետյանի ղեկավարությամբ: 1987թ. օգոստոսին Էմիլ Աբրահամյանը, Արթուր Մկրտչյանը եւ ես Հադրութում հանդիպեցինք Ստեփանակերտից այստեղ ժամանած Արկադի Կարապետյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Արթուր Մկրտչյանի տանը: Քննարկում էինք աշխատանքի մեթոդների ընտրության, ինչպես նաեւ Երեւանի ակտիվիստների հետ հարաբերությունների հաստատման հարցը: Այդ ժամանակ Իգոր Մուրադյանի եւ նրա խմբի գործունեության մասին ոչ մի գաղափար չունեինք: Համաձայնություն չկար նաեւ աշխատանքի մեթոդների հարցում` հադրութցիները կտրուկ հրաժարվեցին աշխատանքի «փակ» մեթոդից, որի կողմնակիցն այն ժամանակ Արկադի Կարապետյանն էր: Ամսվա վերջում ԼՂԻՄ ժամանեց` մասնավորապես Հադրութ, Իգոր Մուրադյանը, եւ հանդիպեց ակտիվություն ցուցաբերող բոլոր գործիչների հետ (եկել էր Վազգեն Մանուկյանի հետ` վերջինիս ավտոմեքենայով):
Ծնունդ առնող շարժման կադրային կազմի կորիզը ձեւավորված էր: 1987թ. սեպտեմբերին անցկացվեցին Շարժման ռազմավարության եւ մարտավարության համատեղ մշակման աշխատանքները: Բոլորը համաձայն էին, որպեսզի իրականացվի բաց աշխատանք, ընդ որում` ոչ միայն չհակադրվելով Հայաստանի իշխանություններին, այլեւ, հնարավորության դեպքում, նրանց ներգրավելով Շարժման մեջ: Արդյունքում բոլոր ակտիվիստների համար համոզիչ էր Վերակառուցման դրոշի ներքո սահմանադրական պայքարի ռազմավարության ընտրությունը: Առաջնային նպատակն էր` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը դուրս բերել ԽՍՀՄ-ի հրատապ քաղաքական խնդիրների շարքը: Շարժման նախնական փուլի մարտավարություն էր ընտրվել ԽՍՀՄ բարձրագույն իշխանություններին դիմելը` ԼՂԻՄ-ի եւ նրա սահմաններից դուրս քաղաքացիների զանգվածային ստորագրահավաքների միջոցով: Սեպտեմբերին ակտիվիստների շրջանակում ընդգրկվեցին Համբարձում Գալստյանը, Ալեքսանդր Հակոբյանը, որոնց հետ բոլորին ծանոթացրեց Արթուր Մկրտչյանը: Բոլոր այս երեք գործիչներն ասպիրանտուրայում սովորելու ընթացքում զինակիցներ են եղել եւ Արցախի պատմության եւ մշակույթի լավ մասնագետներ: Այդ ժամանակ էլ ի հայտ էին եկել նաեւ առաջին տարաձայնությունները. Հ.Գալստյանը ՀԽՍՀ կուսակցական ղեկավարության դեմ պայքարի ու երկրի ժողովրդավարացման ռազմավարության կողմնակիցն էր: Բայց այդ շրջանում տվյալ հանգամանքը ոչ մի նշանակություն չուներ` Իգոր Մուրադյանը մեծ հեղինակություն էր Երեւանի բոլոր ակտիվիստների համար:
Հոկտեմբեր ամսին սկսեցին հայ բնակչության դեմ Ադրբեջանի ղեկավարության առաջին ճնշումները: Չարդախլու գյուղում ադրբեջանական ոստիկանությունը բռնություն էր գործադրել գյուղացիների հանդեպ: Իրավիճակը լուրջ էր: Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հուշարձանների պահպանության վարչության այն ժամանակվա նախագահ Ալեքսան Կիրակոսյանի աջակցությամբ ես մեկնեցի Չարդախլու՝ ուսումնասիրելու իրավիճակը (ինձ համար դա շատ հեշտ էր, քանի որ տարիներ շարունակ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ուսումնասիրում էի հայկական ճարտարապետական հուշարձանները): Շատ գյուղացիների հետ հանդիպումներից պարզ դարձավ, որ նրանք ուժգին ճնշումների էին ենթարկվել: Երեւան վերադառնալուն պես` ես մանրամասն տեղեկանք կազմեցի, եւ մենք Իգոր Մուրադյանի հետ ընդունելություն պահանջեցինք ՀԽՍՀ ՊԱԿ նախագահ Մարիուս Յուզբաշյանի մոտ: Տեղեկանքը փոխանցվեց նրան, իսկ մենք պահանջեցինք միջամտել եւ պաշտպանել մարդկանց, այլապես ստիպված կլինենք հարցը բարձրաձայնել ինքներս:
Այս հանդիպումից անմիջապես հետո՝ 1987թ. հոկտեմբերի 18-ին, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի շենքի առջեւ բողոքի ակցիա էր անցկացվել ի պաշտպանություն Ադրբեջանի իշխանությունների կողմից ճնշված Չարդախլու գյուղի բնակիչների: Կազմակերպչական գործը կատարում էին Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ մի խումբ ասպիրանտներ: Ցույցն անցնում էր Միխայիլ Գորբաչովի դիմանկարով, բայցեւայնպես, կոպտորեն ցրվեց ոստիկանության կողմից: Առաջին անգամ ոստիկանությունը հայտնվել էր անորոշության վիճակում՝ պատռելով Գորբաչովի դիմանկարը: Ինձ հաջողվեց մի քանի լուսանկարներ անել, որոնք հիմք դարձան «Ազատություն» ռադիոկայանի համար, որպեսզի հաղորդում տա այդ ցույցի մասին: Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերամիավորման Շարժումը մտավ հանրային դաշտ եւ սկսեց տարածում ձեռք բերել: Սակայն ակտիվիստների կորիզը դանդաղ էր ընդլայնվում`վախի զգացումը դեռ ամուր էր նստած մարդկանց մեջ: Բացի դրանից, մտավորականության զգալի մասը չէր կողմնորոշվել, թե ինչ է կատարվում:
Բայցեւայնպես՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հանրագրի համար ստորագրահավաքի ինտենսիվացմանը զուգահեռ (այս շրջանում արդեն գումարվել էին խմբակային հանդիպումներ եւ ընդունվել արձանագրություններ)՝ 1987թ. նոյեմբերին կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների առաջին պատվիրակության այցը ԽՄԿԿ Կենտկոմ: Պատվիրակության ղեկավարներն էին Ի.Մուրադյանը եւ Է.Աբրահամյանը: 1987թ. դեկտեմբերին ուղարկվեց երկրորդ պատվիրակությունը: Այն ղեկավարում էր Արթուր Մկրտչյանը: Եվ արդեն 1988 թվականի փետրվարին Մոսկվա ուղեւորվեց ԼՂԻՄ մշակույթի գործիչների երրորդ պատվիրակությունը, որը ղեկավարում էր Ստեփանակերտի թատրոնի նախկին տնօրեն Վաչե Սարուխանյանը: Այս պատվիրակությունը վերադարձավ Ստեփանակերտ, երբ այնտեղ սկսվել էին զանգվածային հանրահավաքները:
Հանրահավաքների պատճառը 1988թ. փետրվարի 11-12-ը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում սկսված՝ Ադրբեջանի իշխանությունների վարչական ահաբեկչությունն էր, որոնք տեղական եւ մարզային իշխանություններից պահանջում էին ստորագրել մարզի բնակչության պահանջները դատապարտող փաստաթղթեր: Հադրութում եւ, եթե չեմ սխալվում, Մարտունիում սկսվել էին քաղաքացիների զանգվածային բողոքները, որոնք շրջանային մարմիններից պահանջում էին արտաքսել ադրբեջանցի էմիսարներին եւ ստորագրել Հայաստանի հետ մարզի վերամիավորման մասին ժողովրդի պահանջները բավարարող արձանագրությունները:
Փետրվարի 13-ին նմանատիպ պահանջներով հանրահավաք տեղի ունեցավ Ստեփանակերտում: Հանրահավաքները մշտական բնույթ ստացան եւ, որպես պահանջ, դրեցին Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորումը: Մեկ շաբաթ անց միտինգավորների պահանջները պաշտպանություն գտան ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի պատգամավորների կողմից: 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի նստաշրջանն ընդունեց դիմում՝ ուղղված ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը, խնդրելով ԼՂԻՄ-ը վերամիավորել Հայաստանի հետ:
Փետրվարի 20-ին տեղի ունեցավ առաջին հանրահավաքը Երեւանում (ամսաթիվը պետք է ճշտել, շատերի վկայությամբ՝ առաջին հանրահավաքը սկսվել է փետրվարի 19-ին): Հանրահավաքի նախաձեռնողը Ի.Մուրադյանն էր, որն այդ օրերին գտնվում էր Ստեփանակերտում: Նախորդ օրը երեկոյան նա հեռախոսով կապվեց ինձ հետ եւ համառորեն պնդեց հանրահավաք կազմակերպել, քանի որ Ստեփանակերտում պատրաստվում էր մարզային խորհրդի նստաշրջանը: Այդ ժամանակ ես Վաչե Սարուխանյանի եւ Սուրեն Այվազյանի հետ Զարեհ Մելիք-Շահնազարովի տանն էի (որտեղ այդ ժամանակ Շարժման շտաբն էր): Ստիպված էի ամեն ինչ հապճեպ անել, քանի որ ժամանակը սուղ էր: Բնապահպանական շարժման ակտիվիստ Սամսոն Ղազարյանը դինամիկներ ու բարձրախոս բերեց իմ տուն: Ողջ գիշեր հարկադրված էի զանգահարել բոլոր ակտիվ գործիչներին`ժողովրդին հանրահավաքի հրավիրելու խնդրանքով: Ամենաբարդ խնդիրը բանախոսներ գտնելն էր: Սամսոն Ղազարյանը խոստացավ հանրահավաքին բերել Սոս Սարգսյանին: Շատերը, որոնց ես դիմել էի, հրաժարվեցին: Նույնիսկ Վաչե Սարուխանյանը եւ Սուրեն Այվազյանը հրաժարվեցին խոսել: Բայցեւայնպես՝ առավոտյան հանրահավաքը կազմակերպվեց Ի.Մուրադյանի թիմի ասպիրանտների եւ Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտի դասախոսներ Հայկ Մինասյանի ու Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ այդ բուհի ուսանողների համատեղ ջանքերով: Օպերայի հրապարակում հավաքվել էր մի քանի հազար մարդ: Ես համակարգում էի ելույթները: Հանրահավաքը բացեց Գագիկ Սաֆարյանը: Մի քանի ելույթներից հետո Վաչե Սարուխանյանը դարձավ հիմնական հռետորը (որը, չգիտես ինչու, մարդկանց հայտարարեց, թե գիշերը Ղարաբաղից է եկել, թեեւ երեկոյան մենք շատ ուշ էինք բաժանվել):
1988թ. փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմը ընդունեց մի բանաձեւ, որով ԼՂԻՄ բնակիչների պահանջը գնահատեց որպես Հայաստանի եւ Ադրբեջանի եղբայրական ժողովուրդների շահերին հակասող: Երկիրը պայթում էր՝ հանրահավաքները Երեւանում եւ Ստեփանակերտում աննախադեպ ծավալների էին հասել: Շարժումը բողոքների փուլից անցել էր խաղաղ անհնազանդության փուլին: Ժողովուրդը մերժեց երկրի բարձրագույն ղեկավարության որոշումը: Երեւանում կազմավորվեց 17 ակտիվիստից եւ ակտիվ հռետորներից բաղկացած՝ հանրահավաքի կազմկոմիտե: Հանրահավաքի պահանջը դարձավ Գերագույն խորհրդի նստաշրջանի գումարումը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմում ընդունելու օրակարգով:
Փետրվարի 22-ին Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու ժամանեցին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի երկուական անդամ: Երեւանում ցուցարարներն անցան Բաղրամյան պողոտա՝ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի շենքի առջեւ, եւ պահանջեցին, որպեսզի Քաղբյուրոյի՝ ժամանած անդամներ Լուկյանովը եւ Դոլգիխը դուրս գան ժողովրդի մոտ: Այդ պահին նրանք խորհրդակցում էին Հայաստանի բարձրագույն ղեկավարության եւ մշակութային մի շարք ականավոր գործիչների հետ: Ցուցարարների առջեւ հանդես գալով՝ Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը հայտարարեց, որ հնչեցրած պահանջը հնարավոր չէ կատարել եւ առաջարկեց, որ ցուցարարների 6-7 հոգուց բաղկացած մի խումբ Կենտկոմի շենքում կարող է հանդիպել Քաղբյուրոյի անդամների հետ: Ցուցարարները սկզբում մերժեցին Ֆադեյ Սարգսյանի առաջարկը: Սակայն առանցքային ակտիվիստներն իրար մեջ խորհրդակցելուց եւ Ի.Մուրադյանի՝ Մ.Գորբաչովին ուղղված բաց նամակն ընթերցելուց հետո, որտեղ կտրուկ մեղադրանքներ կային ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հասցեին, որոշում կայացվեց պատվիրակների մի խումբ կազմավորել Քաղբյուրոյի անդամների հետ հանդիպելու եւ նրանց հանրահավաքին հրավիրելու նպատակով: Խմբի կազմում էին Համբարձում Գալստյանը, Աշոտ Մանուչարյանը, ես եւ Թամար Հովհաննիսյանը (դերասան Մհեր Մկրտչյանի տիկինը): Կենտրոնական կոմիտեի շենքի ներսում երկար «տուրուդմփոցից» հետո հաջողվեց Քաղբյուրոյի անդամ Դոլգիխին բերել հանրահավաքի, որտեղ նա կարճ ճառ արտասանեց:
Փետրվարի 23-24-ը Իգոր Մուրադյանը հանդիպեց Քաղբյուրոյի անդամների հետ: Օպերայի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքում ժողովրդին պարզաբանեցին ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների ընդունած որոշումը, ինչպես նաեւ Քաղբյուրոյի անդամների կողմից ակտիվիստներին տված բացատրությունները: Վազգեն Մանուկյանը ժողովրդին համազգային գործադուլի կոչ արեց: Առանց այդ էլ հանրահավաքներին արդեն հարյուր հազարավոր մարդիկ էին գալիս: Հարկավոր էր ինչ-որ բան ձեռնարկել այդ գործընթացների ղեկավարման համար: Հիշում եմ այդ օրն ինձ հետ ունեցած զրույցում Իգոր Մուրադյանի ասածը. «Սա Ղարաբաղը չէ, որ դուրս է բերել մարդկանց, սա դարավոր վիրավորանքն է մարդկանց հանել փողոցները»: Այդ ժամանակ էլ ծնվեց հատուկ կոմիտե ստեղծելու գաղափարը:
Փետրվարի 26-ին Մ.Գորբաչովի հետ նախօրեին հանդիպում ունեցած հայտնի գործիչներ Սիլվա Կապուտիկյանը եւ Զորի Բալայանը կոչ արեցին ցուցարարներին՝ ցրվել ու սպասել ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների որոշմանը: Ի.Մուրադյանը հայտարարեց, որ հանրահավաքները կվերսկսեն մարտի 30-ին, եթե որոշումը չբավարարի Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդներին: Այդ ժամանակ էլ նա հայտնեց, որ Շարժումը ղեկավարելու համար մարտի 2-ին կստեղծվի «Ղարաբաղ» կոմիտեն:
Ժողովուրդը ցրվեց, բայց փետրվարի 28-ին Հայաստանում հայտնի դարձավ, որ փետրվարի 27-ին Սումգայիթ քաղաքում հայերի ջարդ է տեղի ունեցել: Մարդիկ ինքնաբուխ դուրս եկան Թատերական հրապարակ: Ի.Մուրադյանը ցուցարարներին առաջարկեց հանգստություն պահպանել եւ դուրս չգալ հանրահավաքների, մինչեւ չպարզվեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:
Մարտի 2-ին Հայաստանի գրողների տանը գումարվեց «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր համագումարը: Այն սկսվեց աղմկահարույց միջադեպով՝ Ի.Մուրադյանը թույլ չտվեց Վաչե Սարուխանյանին նստել նախագահությունում (ավելի ուշ պարզվեց, որ Սարուխանյանից դժգոհության պատճառը մտավորականների թվից՝ որպես ժողովրդի ներկայացուցչի, Ավագների խորհուրդ կազմավորելու՝ վերջինիս ինքնակամ որոշում էր): Նախագահության բեմից նմանապես խնդրեցին իջնել հանրահավաքների կազմկոմիտեի մի շարք անդամների: Համագումարի արդյունքներով «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ անվանվեցին Իգոր Մուրադյանը, Գագիկ Սաֆարյանը եւ ես: Բացի դրանից, հայտարարվեց, որ կոմիտեի անդամներ են նաեւ Ղարաբաղից վեց ակտիվիստներ, որոնց անունները չհրապարակվեցին: Վ.Սարուխանյանին չթույլատրվեց ընդգրկվել կոմիտեի կազմում, ինչը որոշ դժգոհություն առաջացրեց դահլիճում: Համագումարի մասնակիցներին առաջարկվեց ձեռնարկություններում ստեղծել «Ղարաբաղ» կոմիտեի տեղական բաժանմունքներ: Նույն օրը՝ մարտի 2-ին, Ստեփանակերտում կազմավորվեց «Կռունկ» կոմիտեն, որտեղ մտան մի քանի տասնյակ ակտիվիստներ, այդ թվում` կոմունիստական նոմենկլատուրան:
Մարտի 3-ին «Ղարաբաղ» կոմիտեն հանդես եկավ ՄԱԿ-ին, բոլոր երկրների խորհրդարաններին ու կառավարություններին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, «Սոցինտերն»-ին, կոմունիստական եւ աշխատավորական կուսակցություններին, միջազգային Կարմիր խաչին ուղղված դիմումով, որտեղ մեղադրում էր «Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությանը, ԽՄԿԿ Կենտկոմի մի շարք պատասխանատուների՝ հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործության մեջ»:
Մարտի 9-ին Երեւանի կինոյի տանը տեղի ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի երկրորդ ժողովը, որտեղ փորձ արվեց հաղթահարել հիմնադիր համագումարում ծագած տարաձայնությունները: Վաչե Սարուխանյանը հրավիրվեց նախագահություն: Հրավիրվեցին նաեւ Սոս Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանը եւ Զորի Բալայանը: Քննարկվում էր գործադուլի եւ հանրահավաքների վերսկսման թեման: Բացի դրանից, հայտարարվեց, որ «Կռունկ» կոմիտեի կազմավորման հետ կապված՝ «Ղարաբաղ» կոմիտեն իր պատասխանատվությունը սահմանափակում է Հայաստանի տարածքի շրջանակներում:
Մարտի 16-ին Երեւանի կինոյի տանը տեղի ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի երրորդ ժողովը: Որոշում ընդունվեց ընդլայնել կոմիտեի կազմը: Պետք է ասել, որ «Ղարաբաղ» կոմիտեի համար կադրերի ընտրությունը դժվար գործ էր: Շարժման սկզբնական կորիզը անցած կես տարվա ընթացքում չէր ընդլայնվել: Կոմիտեի հերթական անդամներին ստիպված էինք ընտրել ակտիվ հռետորների միջավայրից, ինչն ի սկզբանե ռիսկային գործ էր: Բացի դրանից, Ի.Մուրադյանն անձամբ հրաժարվել էր կադրերի ընտրությունից՝ պատճառաբանելով, որ մայրաքաղաքի հասարակայնությանը չի ճանաչում: Այդ աշխատանքով ստիպված էի ես զբաղվել: Ամեն դեպքում՝ երրորդ ժողովին կոմիտե էին հրավիրվել Վազգեն Մանուկյանը եւ Համբարձում Գալստյանը: Ժողովի պատվիրակները պաշտպանեցին այդ որոշումը: Ստեղծվեց նաեւ քարտուղարություն՝ Աշոտ Մանուչարյանի ղեկավարությամբ: Քարտուղարության կազմում, մասնավորապես, ընդգրկվեցին «Ղարաբաղ» կոմիտեի որոշ ապագա անդամներ՝ Սամսոն Ղազարյանը, Սամվել Գեւորգյանը, Վանո Սիրադեղյանը, Ալեքսան Հակոբյանը:
ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները ոչ մի կերպ չէին կարողանում հանդարտվել: Մարտի 24-ին ԽՄԿԿ Կենտկոմի օրգանի «Պրավդա» թերթում հրապարակվեց «Հույզեր եւ բանականություն» հոդվածը` Ղարաբաղի համար ծավալվող Շարժման խիստ քննադատությամբ: Երեւանում սկսվեցին ինքնաբուխ հանրահավաքներն ու ցույցերը: Ինչպես եւ սպասվում էր, մարտի 26-ին ԽՍՀՄ ներքին զորքերը մտան Երեւան: Քաղաքում հայտարարվեց պարետային ժամ: «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունն արգելվեց: Հանրահավաքների վերսկսումը դարձավ խնդրահարույց: Նմանատիպ գործընթացներ էին տեղի ունենում եւ ԼՂԻՄ-ում:
Ապրիլի-մայիս ամիսներին «Ղարաբաղ» կոմիտեն շարունակում էր փակ խորհրդակցությունները: Քարտուղարության անդամներ Սամսոն Ղազարյանը, Սամվել Գեւորգյանը, Վանո Սիրադեղյանը եւ Ալեքսան Հակոբյանը դարձան կոմիտեի անդամներ: Շարունակվում էր նոր անդամների որոնումը: Իմ ծանոթ գործիչներն ինձ առաջարկեցին հրավիրել հայտնի ֆիզիկոս Ռաֆայել Ղազարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Կոմիտեի անդամներից ոչ ոք այդ մարդկանց չէր ճանաչում: Բայցեւայնպես՝ հաջողվեց շատ արագ կապ հաստատել վերջիններիս հետ եւ մայիսին նրանց հրավիրել կոմիտե: Կոմիտեն եւ ժողովուրդը փնտրում էին պարետային ժամի պայմաններում բողոքն արտահայտելու նոր ձեւեր: Փորձ արվեց Գերագույն խորհրդի նստաշրջան հրավիրել Օպերայի շենքում` չհաջողվեց քվորում հավաքել: Երեւանում ավտոշքերթներ էին անցկացվում՝ ի նշան պարետային ժամի ռեժիմի դեմ բողոքի: Մայիսի սկզբին պարետային ժամը չեղյալ հայտարարվեց, եւ հանրահավաքները վերսկսեցին:
Այդ շրջանը նշանավորվեց կարեւոր իրադարձություններով, որոնք մի փոքր փոխեցին Շարժման ընթացքը: Մայիսի 19-ին Մատենադարանի շենքի մոտ տեղի ունեցավ հանրահավաք, որից հետո «Ղարաբաղ» կոմիտեի նոր անդամների եւ Իգոր Մուրադյանի միջեւ հարաբերությունները սրվեցին: Մուրադյանը լքեց կոմիտեն: Այդ ժամանակ ես Ղարաբաղում էի եւ վերադառնալուց անմիջապես հետո գնացի կոմիտեի հերթական ժողովին: Բնականաբար՝ արծարծվեց կոմիտեի կազմից Ի.Մուրադյանի դուրս գալու հարցը: Ինձ փոքր-ինչ մտահոգում էր այն, որ Վազգեն Մանուկյանը ստեղծված իրավիճակը հիմնավորեց նրանով, թե՝ «Իգորն ուզում է դառնալ ազգի ֆյուրերը»: Բայց կոմիտեի ուրիշ անդամների ելույթներն այս «ապահարզանի» պատճառների մասին այլ տպավորություն թողեցին: Իմ հարցին, թե ինչպես են կոմիտեի անդամները պատկերացնում հետագա կազմակերպչական աշխատանքը, Վանո Սիրադեղյանը պատասխանեց. «Մենք կփոխենք տեղական կոմիտեների բոլոր ղեկավարներին՝ նույնիսկ Ղարաբաղում, եւ կնշանակենք մեր մարդկանց»: Ինձ համար պարզ դարձավ, որ շարժման տրամաբանության մեջ արմատական շրջադարձ է կատարվել, եւ հրաժարվեցի աշխատել կոմիտեում: Կոմիտեում չհամաձայնվեց աշխատել նաեւ Գ.Սաֆարյանը:
Կոմիտեն փոխեց իր անվանումը՝ կոչվելով «Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտե», եւ այս մասին հայտարարություն արվեց հերթական հանրահավաքում: Շարժման ակտիվիստներին դեպի կոմիտեի նոր կազմ վերակողմնորոշելու՝ Վանո Սիրադեղյանի փորձը Ստեփանակերտում ավարտվեց սուր վեճերով: Ես եւ Գ.Սաֆարյանը հետագայում կապի մեջ էինք կոմիտեի որոշ անդամների հետ առանձին-առանձին: Սկսել էինք «Արցախի ձայնը» ամենշաբաթյա թռուցիկների տարածումը, որը ստորագրում էին կոմիտեից դուրս եկած գործիչները, ինչպես նաեւ Արթուր Մկրտչյանը: Հետագայում հայաստանյան կոմիտե էին հրավիրվել Դավիթ Վարդանյանը եւ Բաբկեն Արարքցյանը, իսկ վերջնական կազմը ձեւավորվել էր մայիսի վերջին:
Պետք է ասել, որ «Ղարաբաղ» կոմիտեի` վերը նկարագրված կադրային եւ կազմակերպչական փոխակերպումները չէին կարող չազդել Շարժման հետագա ընթացքի բնույթին: Կոմիտեի կոորդինացնող ազդեցությունը հունիս ամսում կտրուկ նվազեց, ինչի արդյունքում նախաձեռնությունն անցավ ուսանողական շարժման ձեռքը: Հունիսի սկզբին նորացավ Գերագույն խորհրդի նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը, քանի որ հունիսի 15-ին նշանակված էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանը: Օպերայի հրապարակում վերսկսեց ուսանողների նստացույցը: Այս անգամ ակտիվիստների մեկ այլ խումբ` առաջին հերթին Շանթ Հարությունյանն ու Սիմոն Շահազիզյանը, ակտիվություն էր դրսեւորել Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորման հացի քննարկումը պատգամավորներին պարտադրելու գործում: Շահազիզյանն ինձ խնդրեց իրեն ծանոթացնել Ի.Մուրադյանի հետ` նոր գործընթաց նախաձեռնելու նպատակով: Արդյունքում նստաշրջան գումարելու ուղեգծի մեկնարկը հայտարարեց Ի.Մուրադյանը օպերայի հրապարակում եւ այդ ուղեգծի համակարգումն առաջարկեց Ս.Շահազիզյանին: Մենք Շահազիզյանի հետ փաստաթղթերի փաթեթ պատրաստեցինք պատգամավորների հիմնական խմբի` Ալեքսան Կիրակոսյանի, Հովհաննես Չեքիջյանի, Սարգիս Մուրադյանի, Սոս Սարգսյանի համար: Հենց նրանք պետք է հարցը բարձրաձայնեին նստաշրջանում, հետեւաբար նրանց հետ էր տարվում անմիջական աշխատանքը: Զուգահեռաբար` Օպերայի տարածքը վերածվել էր մշտական գործող շտաբի: Այստեղ էլ հացադուլ էին հայտարարել Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները: Հացադուլավորները վերջնագիր էին ներկայացնել անձամբ Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի նոր առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին: Ակտիվիստների առանձին խմբերի կողմից սկսվել էր պատգամավորների «մշակումը»: Արդյունքում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը, արցախցի գործընկերների օրինակով, ընդունեց պահանջվող որոշումը եւ դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին:
Նստաշրջանից հետո նրա կողմից ընդունված որոշման մասին Նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը հայտնեց փողոցում հավաքված մարդկանց` խոսքը փոխանցելով Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտեի նորաթուխ անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս հավաստիացրեց ժողովրդին, որ «Ղարաբաղ» կոմիտեն մինչեւ վերջ լինելու է ժողովրդի հետ, եւ խնդրեց ժողովրդին ցրվել: Փաստորեն` Ղարաբաղյան շարժման առաջին փուլը սրանով ավարտվեց: