articles

Identity crisis

Նոր տարվա օրերին տեղի ունեցած եւ լայն հասարակության ուշադրությունը գրաված երկու իրադարձություն արդիականացրին քաղաքականության մեջ ինքնության բացառիկության թեման: Խոսքը մեր հարեւան Իրանում տեղ գտած խռովության եւ Հայաստանի պաշտպանության նախարարի՝ որպես «խաչքավոր», Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության պատարագին մասնակցության մասին է: Այդ դեպքերն իրարանցում առաջացրին սոցցանցերում եւ, պետք է ասել, խթանեցին բավական լուրջ ու ողջամիտ հարցադրումներ: Նկատելի է, որ Հայաստանի հասարակությունը ջանում է գտնել կենսականորեն կարեւոր շատ հարցերի պատասխանները: Մասնավորապես՝ մարդկանց հետաքրքրում է նշված երեւույթների խորքային իմաստը եւ վերոհիշյալ երկրների քաղաքական կյանքում դրանց ի հայտ գալու պատճառները:

Հայաստանում հաճախակիացած՝ «Ազգ-բանակ-եկեղեցի» թեմայի բեմականացման մասով արդեն շատ բան պարզ է երկրի հասարակության համար: Կոռումպացված ու ապագաղափարականացված իշխանությունն ավելի ու ավելի հաճախ է փորձում սրբազնական իմաստ տալ իր գործողություններին՝ մարմնավորվելով ազգի աստվածավախ փրկիչի կերպարում: Այդպիսի գործելակերպը բնորոշ է աշխարհի քրեականացված շատ վարչակարգերի համար: Չնայած հասարակության կողմից իշխանությունների այդ գործելակերպի խստիվ քննադատությանը, գործող վարչակարգը համառորեն վարում է եկեղեցու եւ պետության սերտաճման ուղեգիծ: Նրան պարզապես այլ ուղի չի մնացել, քան նկարել ու ցուցադրել «իշխանության եւ ժողովրդի միասնության» կեղծ պատկեր: Իսկ մեզ պետք է հետաքրքրի ընդամենը մի հանգամանք. ինչո՞ւ այդ գործելակերպը հաջողություն ունի եւ որքան երկար կարող է շարունակվել այդօրինակ ներկայացումը: Չէ որ տեղեկատվական տեխնոլոգիաների բավարար զարգացման, հասարակական-քաղաքական կյանքի թափանցիկության պայմաններում պիտի որ խորքային պատճառ ունենա քաղաքականություն խաղացող հանցաշխարհի բազմամյա հաղթարշավը: Իսկ դա նշանակում է, որ հոգեբանական ինչ-որ հիմք կա Հայաստանում նման քաղաքական պրակտիկայի կայուն արմատավորման համար:

Այդ իմաստով հարեւան Իրանում, որտեղ արդեն համարյա քառասուն տարի տիրում է կղերական վարչակարգը, տեղի ունեցող գործընթացները պետք է ճանաչողական մեծ հետաքրքրություն ունենան Հայաստանի հասարակության համար: Նկատելի է, որ տվյալ վարչակարգը գտնվում է խորացող ճգնաժամի փուլում, եւ հենց այդ հանգամանքն է կարեւորը մեր տարածաշրջանի երկրներում կատարվող գործընթացների շատ գաղտնիքներ ըմբռնելու համար: Ինչպես թվում է, հարաճուն քաղաքական ապակառուցողական երեւույթները շատ հասարակություններում խորացող ինքնության ճգնաժամի հետեւանք են: Դա ավելի խորքային երեւույթ է, քան պարզապես քաղաքական անկայունությունը: Աշխարհում միջազգային իրադրության արմատական փոփոխությունն արդեն բավական է շատ հասարակությունների քայքայումն ու վերամարմնավորումը խթանելու համար՝ տերությունների աշխարհաքաղաքական շահերը կարող են արտահայտվել միայն այդ գործընթացը սեփական նպատակներին ծառայեցնելու ձգտումներում: Տարածաշրջանի հասարակությունը սասանելու ձգտումները նույնիսկ չեն թաքցվում՝ այդ գործելակերպը մենք տեսնում ենք ակներեւաբար, սակայն դա չէ սույն հոդվածի քննարկման առարկան: Առաջին հերթին մեզ հետաքրքրում է հետեւյալ հարցը. ինչո՞վ է ապահովվում հասարակությունների կայունությունը, եւ ինչո՞ւ շատ հասարակություններ այդքան անզոր են արտաքին ազդեցությունների դեմհանդիման:

Ինքնության ճգնաժամի մասին վերն արված պնդման մեջ առավել պարզություն մտցնելու համար ճշտենք, թե առաջադրված հիմնախնդրի համատեքստում ինչի մասին է խոսքը:

Մարդը սոցիալական էակ է: Այդ իմաստով նրա համար կենսականորեն կարեւոր հանգամանք է խմբային ինքնականացումը, այսինքն` որեւէ հանրույթի հետ իր նույնականացումը, նրա նպատակների ու արժեքների ընդունումը, իրեն այդ խմբի կամ հանրույթի անդամ գիտակցելը: Ինքնությունն առաջանում է որպես մարդկանց մեջ մտազուգորդման սկզբնական զգացողության երեւան գալու արդյունք: Այդ զգացողությունն ի հայտ է գալիս սոցիալ-քաղաքական լիակատար անորոշության պայմաններում եւ սահմանում «մենք» հասկացությունն ու նրա սահմանները: Ինչ-որ պատճառով մարդիկ զգում են այլ մարդկանց հետ իրենց միանմանությունը (նույնականությունը): Էթնիկ եւ կրոնական ինքնությունը ինքնակազմակերպման քաղաքականորեն առավել կարեւոր սկզբունքներն են: Ըստ էության, ինքնությունը ինքնորոշման պահն ու աստիճանն է`դրանում էլ կայանում է մտազուգորդման սկզբնական զգացողության գեներացնող իմաստը: Իսկ ինքնության բանականացումը կատարվում է քաղաքական ինքնորոշման ճանապարհով, երբ համայնքը որոշակիացնում է «մենք» հասկացությունը, սահմանում իր նպատակները, արժեքները եւ ինքնահաստատման ուղիները:

Բերված դատողությունների լույսի ներքո նպատակահարմար է, իբրեւ օրինակ, բնութագրել իրանական հասարակության ինքնության խնդիրը, որտեղ հանրային պահանջները երբեմն հասնում էին տագնապալի մակարդակի: Հիշենք թեկուզ 2009 թվականի հետընտրական պահանջները: Այդ երկիրը բարդ պատմություն ունի իր հասարակության ինքնությունը պարբերաբար վերամարմնավորելու տեսանկյունից: Այստեղ մենք գործ ունենք իրանական հասարակության ինքնության ձեւավորման գործում կրոնական եւ էթնիկ բաղադրիչների արտասովոր միահյուսման հետ: Կրոն ունենալով շիականությունը, որն արդեն կես հազարամյակ հակամարտության մեջ է իսլամի գլխավոր կրոնական հոսանքի` սուննիականության հետ, այդ երկիրը կարողացել է ոտքի կանգնել հատկապես շիականության քաղաքականացման շնորհիվ: Շուրջ հազար տարի իրանական պետականությունը ճնշված էր մնում նվաճողների լծի տակ: Բայց սուննիականության դեմ պայքարում հենց շիականության դրոշի տակ երկրում 15-րդ դարում հաստատվեց այն վարչակարգը, որը կարողացավ վերականգնել Իրանի պետականությունը: Քաղաքականացված շիականությունն էլ իրանական ինքնության էությունն է: Ընդ որում, այդ պետականությունը վերականգնվել էր ամենեւին ոչ պարսկական դինաստիայի, այլ պարսկերեն (ֆարսի) լեզվով ու շիականությամբ զինված եկվոր թյուրքական ցեղերի կողմից: Իրանում իրենց իշխանությունը հաստատած Սեֆյան դինաստիայի գլխավոր քաղաքական հակառակորդը սուննիական Օսմանյան կայսրությունն էր ու երկրի ներսի սուննիները: Եվ արդեն այն ժամանակ հասկանալի դարձավ, որ իրանական ինքնության ու քաղաքականության մեջ էթնիկ բաղադրիչը երբեք ոչ մի նշանակություն չէր ունեցել եւ չունի: Արդեն 16-րդ դարի վերջին սեֆյան շահ Աբասը հրով ու սրով հեռացրեց թյուրքական տարրը պետական կառավարումից` իր հենարանը դարձնելով պարսիկներին ու քրիստոնյաներին: Պարսիկների հետ միասին հանգուցային պետականաստեղծ ժողովուրդներ դարձան հայերն ու վրացիները, իսկ գլխավոր արտաքին դաշնակիցներ` եվրոպական տերությունները: Շիական ինքնությունը այդպիսի քաղաքական վերամարմնավորումների առիթ տալիս էր: Մշակույթը երկրում աննախադեպ թռիչք ապրեց: Հարյուր տարի անց թյուրք նվաճողների նոր ալիքները նորից իրենց ձեռքը վերցրին կառավարման լծակներն Իրանում: Բայց իրանական հասարակության ինքնությունը, նույնիսկ երկրի ավատատիրական մասնատվածության պայմաններում, ոչ մի փոփոխություն չհանդուրժեց: Ամեն ինչ որոշում էին շիականության դրոշը եւ պետական ֆարսի լեզուն: Քաղաքական անջատողականությունը դրսեւորվում էր միայն կենտրոնական իշխանության համար մղվող պայքարում: Այդպիսի իրավիճակը պահպանվում է մինչեւ օրս:

Իրանական ինքնության բնույթն ավելի հստակ ընկալելու համար հակիրճ նկարագրենք այն ժամանակ նրա հետ առճակատման մեջ գտնվող Օսմանյան ինքնության կայացման զուգահեռ գործընթացը: Վերջինիս առաջացման ու կայացման գործում առանցքային հանգամանք էր ուղղափառ Կոստանդնուպոլսի եւ կաթոլիկ Եվրոպայի պայքարի ֆենոմենը: Կոստանդնուպոլսի հունական քաղաքական-տնտեսական ընտրախավը, որը պարտվեց այս դիմակայության մեջ, ընդունեց իսլամ եւ դարձավ Առաջավոր Ասիայի մահմեդական թյուրք ցեղերի դաշնակիցը: Այսպիսով՝ տասնհինգերորդ դարի կեսերին առաջացավ նոր սոցիալ-քաղաքական հանրույթ` օսմանականությունը: Այսպես կոչված՝ «կիսալուսինը եւ Արտեմիդի աստղը» դարձան նոր համայնքի խորհրդանիշը: Այս համայնքը զարգացրեց իր ինքնությունը՝ իսլամի թշնամի համարվող Կոստանդնուպոլիսը նվաճողների՝ «ալլահի մարտիկների» առջեւ հետագայում սուննիական ողջ աշխարհի խոնարհման առնչությամբ: Արաբական խալիֆայությունն արագ վերամարմնավորվեց Օսմանյան կայսրության: Ընդորում, այս հասարակությունը ենթադրում էր կաստայական կառուցվածք` իշխող մահմեդականներ եւ ենթակա քրիստոնյաներ: Սրանում էր օսմանյան ինքնության իմաստը: Այս իրավիճակը պահպանվեց մինչեւ 20-րդ դարի սկիզբը, երբ կայսրության փլուզման սպառնալիքի խորապատկերին օսմանների միջավայրից առանձնացավ մեկ այլ ինքնություն ունեցող բաղադրիչ՝ թուրքերը: Այդ ժամանակ օսմանյան ողջ հասարակությունը շարժում ծավալեց սուլթանին տապալելու համար: Բայց դրանից հետո քրիստոնյա օսմանները ոչնչացվեցին այլ ինքնության այդ նոր համայնքի կողմից, եւ երկիրը մնաց թուրքերին: Այդ դեպքերից հետո անցած հարյուրամյակում թուրք հասարակությունը պահպանեց իր ինքնությունը` օգտագործելով իրական պատմությունը թաքցնելու մեթոդը, որն այս պահին ձեւավորում է ինքնության նոր ճգնաժամ Թուրքիայի համար:

Իրանի եւ Թուրքիայի հասարակությունների համեմատական ​​վերլուծությունը թույլ է տալիս քննարկել ժամանակակից Իրանի ամենահրատապ խնդիրը: Խոսքը շիաների հոգեւորականության եւ իսլամական վարչակարգի դեմ դրսեւորված ժողովրդական շարժման հնարավոր զարգացման մասին է: Ինչպիսի՞ ինքնություն կարող է առաջանալ իրանական հասարակությունում այս շարժման աճի արդյունքում: Օսմանյան կայսրության փլուզման փորձը թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր են միանգամայն ապակառուցողական դիպաշարեր, մանավանդ որ, միջազգային միտումներն այնքան էլ բարենպաստ չեն Իրանի համար՝ որպես պետության: Ի՞նչը կարող է փոխարինել շիաների ինքնությանը: Մի բան պարզ է՝ իրանական հասարակությունը, ինչպես տարածաշրջանի շատ այլ հասարակություններ, ինքնության ճգնաժամ է ապրում: Իրանական հասարակությունը չունի նույնականացման այլ սանդղակ:

Ժամանակակից ադրբեջանական հասարակության փորձը նույնպես շատ բանի մասին է խոսում: Սկզբում այդ հասարակությունն իրեն նույնականացնում էր տարածքի հետ: Ոչ միայն համայնքի ինքնատիպ անվանումը՝ ադրբեջանցիներ, այլեւ էթնիկ ինքնաբնութագիրը բխում էին ինքնության տարածքային բաղադրիչից: Մարդիկ իրենց մերթ թուրք էին անվանում, մերթ՝ ալբանացի, թուրք-քրիստոնյա, ատրպատականցի... Մի ժամանակ նրանց պարզապես մուսուլմաններ էին կոչում: Արդյունքում՝ խորհրդային աթեիզմի պայմաններում մեծացած նախկին շիա-թուրքերի ժառանգները 1991թ. անկախ պետականության ձեւավորման պահից ակնհայտորեն ինքնության ճգնաժամ են դրսեւորում: Այս հասարակության միավորման գաղափարը դարձավ «հողային ազատագրումը», այսինքն՝ տարածքային էքսպանսիան: Մարդիկ չգիտեն, թե ում կամ ինչի հետ նույնականացվել ավելի դրական կերպարով: Հետեւապես, ինքնության ձեւավորման հիմքում դրվում է ունիվերսալ սուտը սեփական անձի եւ աշխարհի մասին: Իրականության հարմարեցումը սեփական ցանկություններին, այսինքն՝ պատմության կեղծումը, օտարի պատմական ժառանգության եւ այլ հետքերի ոչնչացումը դառնում են վարքագիծ: Այս հանգամանքը խիստ վտանգավոր է հանրույթի համար. չէ՞ որ ճգնաժամային պայմաններում հանրությունը իրողություններն ընկալելու հարցում դրսեւորում է լիակատար անհամարժեքություն, եւ կարող է պարզապես փլուզվել: Դրա օրինակն է, երբ 1993-ին ադրբեջանական բնակչությունը՝ վախենալով իրենից ոչ հեռու ընթացող արցախյան պատերազմից, դուրս եկավ հարակից տարածքներից՝ առանց որեւէ լուրջ պատճառի լքելով իր բնակավայրերը:

Ինքնության ճգնաժամն իր կործանարար հատկանիշներով անհամեմատելի է ցանկացած այլ քաղաքական գործոնի հետ: Դրա մասին են վկայում ոչ միայն արտաքին ազդեցության ներքո պետությունների փլուզումները, այլեւ քաղաքացիական պատերազմները: Այժմ բոլոր հասարակությունների համար չկա ավելի հրատապ խնդիր, քան ինքնության ճգնաժամը: Ճգնաժամի մեջ են նաեւ տարածաշրջանի շատ այլ հասարակություններ, այդ թվում`Հայաստանի հասարակությունը: Բայց դա առանձին խոսակցության նյութ է: