Германия совершенно не заинтересована в обострении отношений с Россией
Եվրոպական քաղաքականության կարևոր հարցերից է Հարավային Կովկասի պետությունների ինտեգրումը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը։ Եվրամիությունը Հարավային Կովկասի երկրներին առաջարկել է համագործակցության որոշակի «սխեմա», ինչը վերջին ժամանակներս դարձել է այդ երկրների շատ հիասթափությունների պատճառ, քանի որ կառավարող վերնախավերը, ինչպես նաև հասարակությունը, Եվրոպական ընկերակցության պահանջները համարում են չափազանց բարձր և անգամ անհամարժեք, ինչը դրական ազդեցություն չի գործում ո՛չ այդ երկրների ներքին գործընթացների, ո՛չ տարածաշրջանային անվտանգության վրա։ Չճանաչված պետություններն այն կարծիքին են, որ Եվրոպական ընկերակցության քաղաքականությունը միակողմանի է և չի արտացոլում քաղաքական իրողությունները։ Միաժամանակ, Հարավային Կովկասի երկրների և Եվրամիության փոխհարաբերությունները զարգանում են շատ հանգիստ։ Շատ ավելի դրամատիկ են դարձել Հարավային Կովկասի պետությունների, նախ և առաջ Վրաստան,ի ՆԱՏՕ մտնելու խնդիրները, քանի որ ՆԱՏՕ-ին տարածաշրջանի պետությունների անդամակցության հարցը չի կարող քննության առնվել մեկուսի և սերտորեն կապված է մի շարք այլ խնդիրների հետ։ Անդրադառնանք եվրոպական պետությունների քաղաքական վարքագծի մի քանի կողմերին։
ԱՄՆ-ի վարչակազմը առաջվա նման տարված է հակահրթիռային պաշտպանության ¥ՀՀՊ¤ համակարգի զարգացման գաղափարով և ջանքեր է գործադրում ստեղծելու այդ համակարգի տարրերից մեկը, որը տեղային նշանակություն ունի։ Շատ նշաններ կան կարծելու, որ Արևելյան Եվրոպայում այդ համակարգերի տեղաբաշխումն ինքնանպատակ է և զուտ պաշտպանական բնույթ չի կրում։ Ռուսաստանը ՀՀՊ-ի հետ կապված ԱՄՆ-ի այդ ծրագրերը դիտարկելով իր ազգային անվտանգությանն սպառնացող տարբեր վտանգների տեսանկյունից, բնականաբար, դա կապում է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցի հետ։ Եվրոպայի պետություններից, փաստորեն, միայն Մեծ Բրիտանիան, Լեհաստանն ու Չեխիան են պաշտպանել ՀՀՊ համակարգի տեղակայման ծրագրերը։ Գերմանիան ավելի քան էական կասկածներ է արտահայտել այդ առթիվ, կոնսուլտացիաներ է անցկացնում դաշնակից մյուս պետությունների հետ և ստանում նրանց աջակցությունը։ Գերմանիայի դիրքորոշումը պաշտպանվում է Եվրահանձնաժողովում։ Գուցե և Եվրոպայի դիրքորոշումը ավելի հանդուրժողական լիներ, եթե ԱՄՆ-ի նախաձեռնությունն այդքան առճակատային բնույթ չկրեր։ Սակայն Գերմանիայում աջ կառավարության իշխանության գալը շատ ցանկալի էր ԱՄՆ-ի համար, որը փորձեց ամեն ինչ անել Գերմանիայի հետ հարաբերություններում հարթելու բոլոր երկրորդական կարգի հակասությունները` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ խնդիրների լուծման աջակցություն ստանալու և Իրաքում ԱՄՆ-ի քաղաքականության հարաբերական պաշտպանություն ապահովելու համար։ Ստանալով Գերմանիայի աջակցությունը, ԱՄՆ-ը կարող էր Եվրոպայում այլ քաղաքականություն վարելու հույս ունենալ։
Գերմանիան պակաս կարևոր տեղ չի գրավում էներգետիկ անվտանգության գլոբալ հարցերի լուծման գործում, ինչն առնչվում է ռուսական ուղղությամբ վարվող քաղաքականության շատ խնդիրների։ Սակայն քրիստոնյա դեմոկրատների իշխանության գալուց հետո Գերմանիայի դիրքորոշումն ավելի զիջողական չդարձավ, թեև Ա. Մերկելն անկեղծորեն ուզում էր ԱՄՆ-ի հետ հարաբերություններից բացառել բոլոր հուզական հանգամանքները և Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ վերականգնել ատլանտյան վեկտորի նշանակությունը։ Ա. Մերկելի Վաշինգտոն կատարած այցերից հետո ԱՄՆ-ի նկատմամբ Գերմանիայի կանցլերի հայտարարություններն ու քայլերը ավելի զուսպ դարձան, և ԱՄՆ-ն զգաց, որ իր պահանջներն այնքան անընդունելի են եվրոպական շահերի համար, որ ամերիկամետ կողմնորոշում ունեցող Ա. Մերկելը չի կարողանում անտեսել գերմանա-ամերիկյան հարաբերությունների որոշ խոցելի հարցեր։
Սակայն Գերմանիայի կողմից գլխավոր հարվածը ԱՄՆ-ը համարում է Եվրոպայում ՀՀՊ միջոցների տեղաբաշխման հարցը։ Եվ բառացիորեն զուգահեռաբար, Գերմանիան լուրջ առարկություններ հայտնեց ՆԱՏՕ-ի ընդլայնման, առավել ևս Վրաստանի ինտեգրման առնչությամբ։ Գերմանիան ջանում է հատկապես չընդգծել այն հարցերը, որոնք անմիջականորեն Վրաստանին են վերաբերում, քանի որ իրեն կմեղադրեն Ռուսաստանին ընդառաջելու մեջ։ ՈՒստի Գերմանիան խոսում է ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնման ամբողջ հեռանկարի մասին։ Դրա հետ մեկտեղ, բոլորին է հասկանալի, որ Գերմանիայի համար Վրաստանի անդամակցությունը դաշնախմբին միանգամայն ավելորդ, ռացիոնալ բովանդակությունից զուրկ միջոցառում է։ Այդ հարցում Գերմանիան խորհրդակցում է Եվրոպայի բոլոր առաջատար պետությունների հետ։ Այդուամենայնիվ, նրա դիրքորոշումը ավելի մոտ է Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը, որը չի ուզում պատասխանատվություն ստանձնել ՆԱՏՕ-ի ընդլայնման, առավել ևս Վրաստանի անդամակցության հարցում։ Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ ինքը կպաշտպանի Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, բայց կհապաղի որևէ ենթադրություն անել պայմանների ու ժամկետների վերաբերյալ։ Վրաստանում Գերմանիայի դեսպանի վերջերս տված հարցազրույցի սվաղված ձևակերպումները շատ հարցեր առաջադրեցին Վրաստանի քաղաքական ղեկավարությանը` Եվրամիության և ՆԱՏՕ-ի ստանդարտներին Վրաստանի համապատասխանության առումով։ Դա նշանակում է, որ այդ երկիրը դեռևս պատրաստ չէ և շուտ չի ընդունվի ՆԱՏՕ։ Բայց պետք է նկատի ունենալ, որ այդ հարցազրույցի հասցեատերը Ռուսաստանն է, քանի որ Գերմանիան ամենևին շահագրգռված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ։ Գերմանացի առաջատար քաղաքագետ Ալեքսանդր Ռարը, որն զբաղվում է Ռուսաստանի ու Եվրասիայի խնդիրներով, համարում է, որ «Գերմանիայի առջև այնքան կարևոր խնդիրներ կան ծառացած էներգետիկ անվտանգության, նյութերի ձեռքբերման և ներդրումային դաշտում դիրքերի պահպանման առումով, որ նա չի կարող իրեն թույլ տալ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ` առանց էական պատճառի...»։
Այն ժամանակ թվում էր, թե ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված հիմնական բանակցություններն ու համաձայնեցումները դեռ առջևում են և պայմանավորված են Ֆրանսիայում աջ քաղաքական գործիչ Ն. Սարկոզիի թիմի իշխանության գալով։ Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով, Ա. Մերկելն ու Ժ. Շիրակը արդեն բավական մանրամասնորեն քննարկել էին այդ հարցը և զգալի չափով համաձայնեցված որոշումներ էին ընդունել ՆԱՏՕ-ի ընդլայնումը զսպելու առնչությամբ։ Ֆրանսիայի քաղաքագետները, օրինակ, կարծում էին, թե սկզբունքային համաձայնություն կա, և հազիվ թե այն էապես փոխվի Ն. Սարկոզիի օրոք։ Ժակ Շիրակ-Անգելա Մերկել զույգը ամենաարդյունավետը չի եղել ֆրանս-գերմանական հարաբերությունների հետպատերազմյան պատմության մեջ, բայց Գերմանիայի նորընտիր կանցլերի և Ֆրանսիայի հեռացող նախագահի շփումների այդքան անորոշ պայմաններում անգամ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը երկու կողմից էլ ըմբռնում գտավ։ Ֆրանսիական քաղաքագետները համարում են, որ ԱՄՆ-ին հաջողվել էր հայտնի չափով կոմպլեքսավորել Ֆրանսիայի քաղաքականությունը` կապված նրա հականատօյական և հակաամերիկյան նկրտումների հետ։ ՈՒստի Ժակ Շիրակը միջազգային ուշադրությունը չբևեռեց ՆԱՏՕ-ի ընդլայնման նկատմամբ իր դիրքորոշման վրա` դաշինքին Ռումինիայի և Բուլղարիայի միանալուց հետո։ Ճիշտ է, Ֆրանսիան ամեն կերպ աջակցում էր ՆԱՏՕ-ին Ռումինիայի անդամակցությանը, սակայն Բուլղարիան ուղղակի նրա ջրերն ընկավ։ Դրա համար էր Ֆրանսիայի դիրքորոշումը դրական։ Բայց հիմա Ֆրանսիան կասկածի է ենթարկում ԱՄՆ-ի ծրագրերը Սև ծովի ավազանում և ձգտում է ՀՀՊ վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերը ներկայացնել որպես ամերիկյան ինչ-որ ծրագրի մաս, որը սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի շահերի համար։ Բացի Ֆրանսիայի նախագահից, այդ դիրքորոշմանը համակարծիք է ոչ միայն Ֆրանսիայի խորհրդարանը, այլև, փաստորեն, ամբողջ քաղաքական խավը։ Ֆրանսիան այնքան վստահորեն է սահմանել իր արտքաղաքական գերակայությունները, որ նոր նախագահի համար հեշտ չէ որևէ փոփոխություն մտցնել։ Ֆ. Օլանդի` Ելիսեյան պալատ գալը բավական կազմալուծեց երկրի արտաքին քաղաքականությունն ընդհանուր առմամբ և առաջին հերթին անդրատլանտյան հարաբերությունների առումով։ Մինչև օրս էլ անհասկանալի են մնում Ֆ. Օլանդի մտադրությունները ՆԱՏՕ-ի առնչությամբ, ներառյալ ռազմական ծախսերի և ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը։ Սա ինչ-որ չափով ձեռնտու է Գերմանիային, որը պատրաստ չէ հայտարարել ՆԱՏՕ-ին վերաբերող այդ և այլ հարցերում իր նախապատվությունների մասին։ Կարելի է հնարավոր համարել, որ ֆրանսիացիների շրջանում Ֆ. Օլանդի հեղինակության նվազումը պայմանավորված է ոչ միայն զբաղվածության, հարկերի ու ներգաղթի խնդիրներով, այլև արտաքին քաղաքականության և անվտանգության հեռանկարները չհասկանալով։ Այս կապակցությամբ, հանրության շրջանում ավելի ու ավելի շատ են վերհիշում Ն. Սակոզիին, և նա ինքն էլ չի բացառում իր վերադարձը քաղաքական ասպարեզ։ Ն. Սարկոզիի ֆենոմենը վիթխարի հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն ֆրանսիական, այլև եվրոպական քաղաքականության տեսանկյունից։
Եվրոպական վերլուծական շրջանակներում տարածում է գտել այն վարկածը, որ Ն. Սարկոզին ամերիկյան քաղաքական «նախագիծ» էր և նրա հաջողությունը հնարավոր դարձավ ոչ միայն տարբեր ատլանտամետ խմբավորումների, այլև վաղեմի ավանդույթներ ունեցող և դը Գոլին ընդդիմախոսող ոչ հրապարակային քաղաքականության սուբյեկտների համախմբման շնորհիվ։ Սակայն Ն. Սարկոզիի, այսպես կոչված, ատլանտամետությունն ամենևին չէր նշանակում մի ինչ-որ սկզբունքային ամերիկամետություն։ Իրականում նրա կենսական և քաղաքական փիլիսոփայությունը հենվում էր աջ հակման ամերիկյան ու ֆրանսիական առաջատար մտածողների աշխատանքների վրա, որոնք համաշխարհային քաղաքական գործընթացները դիտարկում են իբրև քաղաքակրթական խմբակցությունների պայքար։ Ն. Սարկոզին արտահայտում էր այն շրջանակների դիրքորոշումը, որոնք կարծում են, որ Արևմտյան ընկերակցությունը այլ քաղաքակրթությունների նվաճողական նկրտումներին կարող էր հակահարված տալ համատեղ գործողություններով միայն։ Որոշ ձախ քաղաքական գործիչներ էլ պնդում են, որ Ն. Սարկոզիի նման մարդը առհասարակ չի կարող որևէ գաղափարի, առավել ևս խոր գաղափարի կրող լինել` սոսկ ցուցադրելով սեփական սկզբունքները, որոնք իրականում չկան։ Բայց պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել այն բանին, որ Ն. Սարկոզին, բարձրացնելով իսլամական աշխարհից ներգաղթածներից սպառնացող վտանգի հարցը, որևէ դժգոհություն չէր արտահայտում Արևելյան Եվրոպայի երկրներից տեղի ունեցող ներգաղթի նկատմամբ։
Ըստ էության, Ն. Սարկոզին վարում էր ամերիկյան և եվրոպական «բևեռների» հավասարակշռության քաղաքականություն, վերջնանպատակ ունենալով, իհարկե, ֆրանսիական, և ոչ թե համաեվրոպական շահը։ Նա փորձում էր հավասարակշռություն ապահովել նաև ներքին քաղաքականության մեջ` կադրային հարցեր, հարկային համակարգի կարգավորում, սոցիալական ծրագրերի սահմանափակում, ներգաղթի վերաիմաստավորում և այլն։
Ֆրանսիական աջերի համար, հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո, թափանցումը Արևելյան Եվրոպա և Մերձավոր Արևելք նշանակում էր ԱՄՆ-ի քաղաքականության պաշտպանություն։ Ժ. Շիրակը մեծ զգուշավորությամբ էր վերաբերվում ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Եվրամիության ընդլայնմանը։ Դա բացատրվում է նրանով, որ եվրոպական քաղաքականության զարգացման այդ վեկտորը հանգեցնում էր եվրոպական զինված ուժերի ստեղծման նախագծի թուլացմանը, ուրեմն և Եվրոպայում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը։ Գերմանիան նույն դիրքորոշումն ուներ, իսկ Մեծ Բրիտանիան նախընտրում էր ցուցադրել իր առանձնակի վերաբերմունքը Արևելյան Եվրոպայի երկրների հանդեպ, բայց այնքան էլ հակված չէր նրանց տեսնելու դաշնակիցների թվում, որոնց համար ստիպված լիներ լրացուցիչ պատասխանատվություն ու ծախսեր կրելու։ Ն. Սարկոզին բազմիցս արտահայտել էր եվրոպական զինված ուժերի կազմավորումը շարունակելու իր ձգտումը, բայց ինչ մեկնաբանություն էլ արվեր, միևնույն է, դա հականատօյական նախագիծ էր, որն արդեն այնքան մեծ ժողովրդականություն ունի, որ հրապուրում է ոչ միայն Եվրամիության երկրներին, այլև Մեծ Բրիտանիային, որը սկզբում հոռետեսորեն էր վերաբերվում այդ գաղափարին։ ՈՒնենալով ազգային անվտանգության հետ կապված շատ խնդիրներ, Մեծ Բրիտանիան, հնարավոր է, մոտ տարիներս կդառնա այդ ծրագրով առավել շահագրգիռ պետություններից մեկը։ Դա չի կարող չհանգեցնել ՆԱՏՕ-ի է՛լ ավելի խոր ճգնաժամի։ Եվրոպական պետությունների պաշտպանական խնդիրները խորանում են ԱՄՆ-ի քաղաքականության պատճառով, ինչը ՆԱՏՕ-ն դարձրել է ծայրաստիճան անհրապույր ռազմական կազմակերպություն, և նրանք երբեմն ստիպված են լինում առանձին տարածաշրջաններում լուծելու իրենց շահերին միանգամայն խորթ խնդիրներ։
Ամփոփելով թեման, կարելի է ենթադրել, որ եվրասիական, իսլամական և արևելաասիական տերությունները հսկողության տակ պահելու համար Արևմուտքի ուժերի համախմբման վրա որոշակի ազդեցություն գործելով, Ֆրանսիան չի արագացնի իրադարձությունները, այլ կնախընտրի, շատ դեպքերում, սպասել որոշ կարևոր իրադարձությունների։ Ն. Սարկոզին ջանում էր ցույց տալ, որ Ֆրանսիայի քաղաքականության մեջ չպետք է լինեն «կարծրատիպեր» ու սահմանափակումներ, քանի որ այն կարիք ունի արդիականացման, ընդ որում, ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական։ Ֆրանսիայի առջև խնդիր է ծառացած պահպանելու իր դիրքերի ազդեցությունն ու նշանակությունը եվրոպական և համաշխարհային քաղաքականության մեջ։ Դրան անհնար է հասնել առանց ատլանտյան դաշնախմբում Ֆրանսիայի հասկանալի ու վճռական քաղաքական գործողությունների։