статьи

Ռուս-թուրքական հերթական շախմատային պարտիա-2

Նախորդ հոդվածում արդեն նշվել է, որ 2008թ. ամռանը ռուս-թուրքական գործակցության հիմնական մեխը Հայոց ցեղասպանության փաստի ընդհանրական մերժմանը հասնելու թուրքական ձեռնարկումներում Հայաստանի Հանրապետության անուղղակի համաձայնության de-jure ամրագրումն էր:
Գործարքի մեջ մտնելով (օգոստոսյան պատերազմում ռուսներին աջակցելու դիմաց թուրքերը հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում ստանում էին սեփական շահավետ ծրագրով առաջ շարժվելու ռուսական աջակցությունը)` թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Թուրքիան ելնում էին նաեւ այն դիրքերից, որ նույն այդ հարաբերությունների հաստատման հարցում ի դեմս Արեւմուտքի նրանք ձեռք էին բերելու մի բնական դաշնակցի: Վերջինս տարիների պատմություն ունեցող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում նախկինում հանդես էր եկել որպես ամենից շահագրգիռ կողմ:
Հարկ է նկատել, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից հայ-թուրքական սահմանի բացումը Արեւմուտքի համար այն հիմնական անկյունաքարն է հանդիսացել (հանդիսանում), որը երբեւէ հնարավորություն կտար Հայաստանը, իսկ մեծ հաշվով նաեւ Հարավային Կովկասը, կտրել ռուսական ազդեցությունից: Եվ քանի որ Արեւմուտքը երբեք իրեն թույլ չէր տա նման ռազմավարական խնդրում տուրք տալ հուզականությանը ու միայն նրա համար, որ ռուս-վրացական պատերազմի նախագծման արդյունքում ծագած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կնքահայրը Ռուսաստանն է` մերժել Արեւմուտքի համար խոստումնալից այդ գործընթացն ընդհանրապես, հետագա ամիսներին մենք ականատեսը եղանք ԱՄՆ եւ եվրոպական կառավարությունների գործուն միջամտությանը այդ խնդրում:
Օգոստոսյան պատերազմին անմիջապես հաջորդած թուրքական նախաձեռնությունները միաժամանակ ցույց տվեցին, որ Թուրքիան, Ռուսաստանի հետ մտնելով գործարքի մեջ, բացի Հայոց ցեղասպանության ճանաչման կասեցումը իրական քաղաքականության դաշտ բերելուց, խաղադրույք էր կատարել նաեւ Կովկասում «խաղաղարար» նոր դերեր ստանձնելու հաշվարկով, որը սկսված ռուս-թուրքական շախմատային պարտիայում ելակետային հաջող դիրքեր էր խոստանում:
Կովկասի ռազմաքաղաքական թվացյալ բաց դաշտերը լցնելու գաղափարով ոգեւորված` թուրքական իշխանությունները պատերազմի հաջորդող իսկ օրերին նախաձեռնեցին «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմ» անվանումը ստացած դեպի Հարավային Կովկաս ծավալվելու ծրագիրը: Նախ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ռուս-վրացական պատերազմի արդյունքում 2008թ. օգոստոսի 11-ին առաջարկեց «Կովկասյան դաշինքի» գաղափարը: Մեկ օր անց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կիրառեց «Կովկասյան կայունության ֆորում» արտահայտությունը: Դրանից անմիջապես հետո վարչապետ Էրդողանը Մոսկվայում, իսկ ապա նաեւ Թբիլիսիում «ֆորումը» վերանվանեց «Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմ»:
Դաշինք-ֆորում-պլատֆորմ առաջադրող թուրքական տրամաբանությունը գործում էր այն ռացիոնալ հիմքի վրա, ըստ որի բուֆեր երկրները (տվյալ դեպքում «Հարավային Կովկաս» տարածաշրջանը) սահմանակից մի տերության սպառնալիքի դեպքում թեքվում են մյուս տերության կողմը: Եվ ըստ այդ տրամաբանության` ռուսական վտանգն աչքի առաջ ունենալով Հարավային Կովկասի հանրապետությունները կհակվեն «Կովկասյան պլատֆորմ» անվանումով թուրքական ինտեգրացիոն գործընթացին: Բացի այդ, ըստ թուրքական հաշվարկի, Ռուսաստանը Կովկասում ձեռք բերած նոր սահմանագծերի լեգիտիմացման հաշվին Հարավային Կովկասում ստիպված կլինի չխանգարել թուրքական ձեռնարկումներին ու կարիք կունենա հաշվի նստելու թուրքական գործոնի հետ:
Սեպտեմբերի 6-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի առիթով տեղի ունեցած երկու երկրների նախագահների հանդիպմամբ սկզբնավորվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», որը նյութականացրեց, այսպես կոչված, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Վերջինս առաջին հայացքից թուրքերի առաջադրած «Կովկասյան պլատֆորմի» հետ գտնվում էր հետապնդած միեւնույն նպատակային դաշտում եւ պետք է բերեր որեւէ արդյունքի: Հետագա իրադարձությունները եկան ապացուցելու, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը որպես հետեւանք ունենալու էր նաեւ «Կովկասյան պլատֆորմ» թուրքական նախաձեռնության խափանումը եւ ցույց էր տալու Ռուսաստանի Կովկասի նկատմամբ տեր-տնօրինությունն ու նման նախաձեռնությունների սնանկությունը:
Իսկ մինչ այդ հայ-թուրքական գաղտնի բանակցությունների անվան տակ ռուս-թուրքական խոհանոցում տեղի էին ունենում երկուստեք դիրքային քայլեր: Վերջիններս 2009թ. ապրիլի 22-ին հանգեցրեցին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների ու Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարությանը, որում հայկական եւ թուրքական կողմերը համաձայնության էին հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի եւ «ճանապարհային քարտեզի» շուրջ:
Այս փաստը հայ հանրության շրջանում մեծ վրդովմունք առաջացրեց: Հայոց ողբերգության հիշատակի օրվա նախօրեին հայտարարության հրապարակումը մի նոր ապտակ էր հայության համար: Սակայն ՀՀ դրածո իշխանությունը միայն մի սկզբունք կարող էր ցուցանել` տիրոջը անվերապահ ծառայելու միջնադարյան ճորտական կախումը: Շարունակությունը նույնպես նվաստացումների ու տիրոջ հրամանների անվերապահ կատարման շրջան էր: Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ընթացքում (10.10.2009թ.) հայ հանրությունը ականատեսը դարձավ ե՛ւ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի դոդական շփոթվածությանը, իսկ իր թուրք գործընկերոջ` ակնհայտ հրճվանքին, ե՛ւ ռուսական գրավոր ցուցումի կատարմանն ու թշերի քաշքշոցին: Սակայն ամենանվաստացուցիչը Ցեղասպանության ուրացմանն ուղղված հայ-թուրքական միջկառավարական պատմական հարցերով ենթահանձնաժողովի իրավական արձանագրումն էր, որը օգոստոսյան պատերազմում թուրքերի օժանդակության համար ռուսների ստանձնած պարտավորությունների գինն էր:
Փոփոխական շահավետությամբ բարդ գործընթացներին տերությունների մասնակցության ժամանակ ընդունված պրակտիկա է այնպիսի դիվանագիտական հնարքների կիրառումը (հետադարձ մեխանիզմների ներդրումը), որոնք տվյալ գործընթացները ոչ ի նպաստ իրենց նախանշած ռազմավարության զարգանալու դեպքում հնարավորություն կընձեռեն այդ երկրներին առանց լուրջ կորուստների դուրս գալ նման իրավիճակներից: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի հետ մտնելով գործարքի մեջ` Թուրքիան գործընթացի հենց սկզբից նման ապահովագրող մեխանիզմ էր դիտարկում ղարաբաղյան խնդրում հայկական կողմին նախապայմաններ առաջադրելը, որը երբեւէ հնարավորություն կապահովեր անհրաժեշտության դեպքում դադարեցնել գործընթացը: Եվ իսկապես նման իրավիճակ ստեղծվեց արդեն 2009թ. վերջին:
2009թ. ընթացքում օգոստոսյան պատերազմի հետեւանքների հաջորդաբար չեզոքացում-սառեցումը Ռուսաստանին հնարավորություն ընձեռեց ռուս-թուրքական շախմատային պարտիայում հետզհետե բարելավել թուրքական ապրիլյան եւ հոկտեմբերյան հրճվալից հաջողություններից հետո քիչ թուլացած իր դիրքերը եւ ուժգնացնել ճնշումը թուրքական կողմի նկատմամբ: Նախ Ռուսաստանը ռուս-թուրքական ներկայացվելիք շախմատային պարտիայում կարողացավ ամբողջությամբ արգելափակել թուրքական ինտեգրացիոն «Կովկասյան պլատֆորմ» հարձակումը եւ ապա` անցնել հակահարձակման (Հայոց ցեղասպանության փաստի ՀՀ կողմից հետագա ուրացումը (վավերացման գործընթացը) կարելի էր վաճառել նաեւ մեկ այլ պատեհ առիթով): Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ձեւական առումով լինելով թուրքերի հռչակած «զրո խնդիր հարեւանների հետ» բանաձեւի շրջանակում, իրականում ռուսների կողմից հակառակն ապացուցելու` խնդիրները կրկին վերհանելու մի մեխանիզմ դարձավ, որով նա կարողացավ Թուրքիային հարկադրել մոռանալ իր ինտեգրացիոն ծրագրերի մասին եւ ուշադրությունը բեւեռել իր խաղաքարերից գլխավորի` Ադրբեջանի պաշտպանության (պահպանության) գործին: Այն է` հայ-թուրքական հարաբերությունների տարիներ ձգվող անլուծելի խնդիրներին գումարվեցին թուրք-ադրբեջանական հարաբերություններում նաեւ ռուսների կողմից բորբոքված խնդիրները: Չպետք է նաեւ բացառել, որ ռուս ծրագրավորողներն արդեն վաղօրոք էին նախատեսել այդ սցենարը ու նախապատրաստված էին նման զարգացմանը: Ինչեւէ, փաստն այն է, որ օգոստոսյան պատերազմին հաջորդած հայ-թուրքական հաշտեցման գործընթացի շրջանում Ադրբեջանը հետզհետե թեքվեց դեպի Ռուսաստան:
Միաժամանակ, ռուսական հակահարձակման փաստով պետք է դիտարկել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 12-ի հայտնի որոշումը, որով չնայած արձանագրություններում ամրագրված պարտավորությունները ճանաչվեցին ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, սակայն մեկնաբանման եւ կիրառման հարցում վկայաբերվեցին ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներն ու Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջները: Ընտրական բոլոր շրջափուլերում մշտապես ինֆանտիլություն ցուցաբերած ՀՀ պետական այս մարմինը միջազգային քաղաքական նման բարդ ու խնդրահարույց հարցում հասունություն ցուցաբերել կարող էր միայն մի դեպքում. եթե դրա հասցեատերը կրկին, ինչպես համապետական ընտրությունների դեպքում, հանդես էր գալու Ռուսաստանը:
2010թ. մարտի 1-ին թուրքերը կորցրեցին իրենց գլխավոր խաղաքարերից մեկը: Եթե մինչ այդ Ռուսաստանը հասել էր դիրքային առավելության` հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ծառայեցնելով Ադրբեջանում իր դիրքերի ամրապնդմանը, ապա այժմ հասավ նաեւ նրան, որ հայկական բեռների համար բացվեց ռուս-վրացական սահմանը (որով կտրուկ նվազեց հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունը): Շախմատային այս պարտիայում վերջնական պարտությունից խուսափելու համար Թուրքիան ստիպված էր բավարարվել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ ստացած իր առավելություններով (հետագա տարիներին Թուրքիան, անկախ վավերացման առկայությունից, ամեն անհրաժեշտ պարագայում գործընթացի վերսկսմանը չխանգարելու պատրվակով անդրադառնալու է հայ-թուրքական արձանագրությունների գոյության փաստին) եւ մտածել իր մյուս գլխավոր խաղաքարի պահպանության մասին: Ադրբեջանին վերջնականապես Ռուսաստանի գիրկը չնետելու նկատառումով թուրքերի կողմից արդեն ոչ առանց դիվանագիտական նրբախաղի գործարկվեց «Ղարաբաղ» հնարքը: Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը արդեն իրական քաղաքականության շրջանակում միանգամից կապվեց ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, որը Ռուսաստանին եւ Թուրքիային թույլ տվեց ժամանակավորապես դադարեցնել պարտիան եւ անցնել օթյակ մի գավաթ սուրճ ըմպելու ու զրուցելու միմյանց միջեւ հաստատված 90-ամյա բարեկամական հարաբերությունների մասին:
Ներկայումս վարչակարգը որքան էլ խոսի հայ-ռուսական դաշնակցության ամրությունից ու նաեւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի օգուտներից, փաստ է, որ հաշտեցման գործընթացի արդյունքում թե՛ ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարելավվեցին եւ թե՛ հայ-թուրքական սահմանը չբացվեց: Ու որպես խաղավարտ, ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների խաղերը ցուցանեցին, Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում գրանցվեց կրկնակի 2-0 հաշիվը թե՛ Թուրքիայի հետ խաղում եւ թե՛ Ռուսաստանի: Թուրքիան շահեց Հայոց ցեղասպանության մերժման եւ հայ-թուրքական սահմանը չբացելու, իսկ Ռուսաստանը` օգոստոսյան պատերազմում Թուրքիայի աջակցության եւ Ադրբեջանի հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու հարցերում: Իսկ ռուս-թուրքական շախմատային պարտիայի դեպքում, չնայած Ռուսաստանի դիրքային առավելությանը, ամենայն հավանականությամբ ընդմիջումից հետո կհայտարարվի ոչ-ոքի ավարտի մասին: Ու մեզ կմնա արձանագրել, որ Սերժ Սարգսյանն այդ պարտիայում սպիտակների առաջին քայլն անող պեշկան էր եւ վերջնախաղում, չնայած երբեւէ թագուհի դառնալու սեփական կեղծ ամբիցիաներին, «պատվով» զոհաբերվեց: