Ամեն փայլող բան ոսկի չէ
Հայաստանյան ներկա սրված քաղաքական միջավայրում հասարակական-քաղաքական առանձին շերտերի կողմից գնալով առավել հաճախ է շրջանառվում այն միտքը, որ գործիչների նոր սերնդի կարիք կա, և որ «նախկինները» վաղուց սպառել են իրենց ու հավատ կամ վստահություն չեն ներշնչում:
Ինչ խոսք, քաղաքական սերնդափոխությունը ցանկացած երկրի առաջընթացի համար կարևոր հանգամանք է: Սակայն մեզ հայտնի ընդդիմադիր պետական այրերին ու երբևէ իշխանության մեջ եղած պաշտոնյաներին անվստահություն հայտնելիս և նոր հասարակական ու քաղաքական ակտիվություն ցուցաբերող գործիչներին հավատ ընձեռելիս չպետք է պատրանքների մեջ ընկնել:
Ժողովրդական առածն ասում է` «ամեն փայլող բան ոսկի չէ»: Եվ, հետևաբար, մեծ է հավանականությունը, որ նորահաս շատ «դեմքերի» դեպքում գործ ունենք սովորական պատեհապաշտների, արկածախնդիրների կամ դեմագոգների հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով իրենց ինքնարտահայտման ու ինքնահաստատման առաջին քայլերն են անում հենց ընդդիմադիր դաշտում: Ուստի խնդիր է դառնում նման անձանց «անցկացումը» մի քննական փորձաշրջանի միջով, որտեղ վերջիններս, մինչ քաղաքական իշխանության հավակնելը, առաջին հերթին հենց իրենք ստիպված կլինեն հանձնել հասարակական հավատի և վստահության «քննությունը»:
Հայկական ժողովրդական մեկ այլ առած ասում է` «փորձված թանը անփորձ մածունից լավ է»: «Նախկինների» «փորձված թան» լինելը բռնել է ժամանակի քննությունը: Նրանց որոշակի կշիռը չտեսնելը այս դեպքում քաղաքական կուրություն կարող է նշանակել միայն: Այդ իսկ պատճառով, երբևէ կշեռքի նժարների վրա նախկիններին ու նորերին մի հարթության վրա դնելիս նման համեմատությունը հայեցակարգային սխալի է վերածվում: Եվ հետևաբար «անփորձ մածունների» քաղաքական փորձությունն է միայն, որ դառնալով քիչ թե շատ անբիծ փորձառություն, նրանց կողմից իշխանության նկատմամբ հայտ ներկայացնելիս վստահություն կարող է հաղորդել հասարակական զանգվածներին և դառնալ նորահաս գործիչների լեգիտիմացման պայման:
Հասարակական-քաղաքական առանձին շերտերի կողմից քաղաքական գործիչների սերնդափոխությանը վերաբերող կարծիքների հանդիպելիս մշտապես մտաբերում եմ անտիկ աշխարհի փիլիսոփաներից Սոլոնի կյանքին վերաբերող Հերոդոտոսի «Պատմության» այն դրվագը, որտեղ խոսք է գնում երջանկության սոլոնյան մեկնաբանության մասին: Վերջինս ցուցանում է, թե ինչ մեխանիզմներ կարող են լինել, որոնք զանգվածների մոտ մերօրյա «նոր սերնդի» ներկայացուցիչ գործիչների հարցում հասարակական վստահություն կձևավորեն:
Պատմահայրը պատմում է որ, երբ Սոլոնը հայտնվում է Փոքր Ասիայի հզոր պետություններից մեկի` Լյուդիայի թագավոր Կրեսոսի արքունիքում, մեծահռչակ արքան, հպարտանալով իր ունեցած հարստությունների փաստով, փիլիսոփային մի ուղղորդող հարց է տալիս, թե ո՞վ է ամենից երջանիկ մարդն աշխարհում: Սակայն Սոլոնը, առանց շողոքորթելու նախ ցուցանում է մի աթենացու, ով մինչև իր կյանքի վերջը բարգավաճ քաղաքում բարեկեցիկ կյանքով ապրեց, ունեցավ լավ և ազնիվ որդիներ, ողջ և առողջ տեսավ նաև իր ծոռներին և պատերազմում քաջաբար ընկավ թշնամուն փախուստի մատնելիս: Կրեսոսի երկրորդ երջանիկի վերաբերյալ հարցին Սոլոնը կրկին ցուցանում է հասարակ ծագմամբ երկու եղբայրների, ովքեր իրենց գործերի շնորհիվ փառքի են արժանանում և վախճանվում մեծ պատվի մեջ:
Բարկացած թագավորը, ով համարում էր, որ փիլիսոփան, արհամարհելով իր հարստությունն ու դիրքը, իրեն հավասար էլ չէր համարել հասարակ մարդկանց, և միաժամանակ ամեն անգամ համարձակվել էր պնդել, որ պետք է մշտապես նկատի ունենալ թե ինչպիսի վախճան կունենա ցանկացած գործ, անշուք ճանապարհ է դնում Սոլոնին: Տարիներ անց, սակայն, Կրեսոսը ստիպված է լինում հիշել փիլիսոփային:
Պատերազմում պարտություն կրելով պարսիկներից` մեծահարուստ արքան գերի է ընկնում: Հաղթանակած պարսից արքայի հրամանով պատրաստված խարույկի վրա է Կրեսոսը վերհիշում Սոլոնի խոսքերը, ով պնդում էր, որ ցանկացած գործում կարելի է խոսել հաջողության (կյանքի դեպքում` երջանկության) մասին միայն երբ հասել ես դրա ավարտին:
«Երջանկությունը» մեկնող նշված դրվագը հիմա իր արտահայտությունն է գտնում նաև մեր քաղաքական դաշտում: Ըստ այդմ` քաղաքական նոր գործչին հավատալու ու վստահելու համար միայն նրա սրընթաց մուտքը հասարակական-քաղաքական դաշտ և ինչ-որ «գանձերի» տիրապետելու կամ առանձին «հարստություններ» (հռետորական ձիրք, գիտելիք ևն) ունենալու փաստը բոլորովին չի երաշխավորում, որ մերօրյա «ազգափրկիչ» գործչի կերպարով հասարակությունը կեղծ ֆրուստրացիա չի ապրի` հուսալով որ տվյալ գործիչների փաստով ամենից «երջանիկ» ազգն է աշխարհում: Քաղաքական գործչի հաջողության և հետևաբար կայացած գործչի կերպարի մասին կարելի է խոսել կոնկրետ նրա գործերը տեսնելուց հետո միայն: Այդ տեսանկյունից կարևոր օրինակներ է մեզ ցուցանում քրեաօլիգարխիկ վարչախումբը:
Նորահաս շատ հասարակական գործիչներ, հայտնվելով իշխանության այս կամ այն օղակներում, միանգամից հայտնվում են քաղաքական խաղից դուրս վիճակում` ապացուցելով, որ երբևէ ընդդիմության իշխանության գալու միջոցով եթե իրենք ևս ստանձնեին պաշտոններ, ապա իրենց պնակալեզությունն ու անհոդաբաշխությունը ինչ նոր ռեկորդներ կարող էր արձանագրել հասարակության վստահությունը շահած նոր կառավարության կազմում: Արդարադատության նախարարներ Գ.Դանիելյանի, Հ.Թովմասյանի և այլոց օրինակը դրա լավագույն վկայությունն է:
Ինչպես ասում են` ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում: Եվ ինչպես Կրեսոսը երջանկության իմաստը հասկացավ միայն խարույկի վրա գտնվելիս, այնպես էլ մեր ժողովրդի հույսերը փարատելու համար հարկ է, որ նորահաս գործիչը նախապես ցույց տա իր իրական դեմքը` տիրանալով պաշտոնների ու որոշակի վարչական լծակների կամ գտնվի այնպիսի արտառոց իրավիճակում, երբ պարտադրված զրկանքների ու իրավախախտումների ժամանակ սեփական որոշումները կայացնելիս ստիպված լինի ցուցաբերել կամային հատկանիշներ կամ զոհաբերել իր ազատությունների որոշակի չափաբաժինը: Միայն «կրակի միջով անցնելուց» հետո (թեկուզև` քրեաօլիգարխիկ վարչակարգի կողմից պաշտոնի նշանակվելու և պատվով դրանից դուրս գալու միջոցով) հնարավոր կլինի խոսել, թե ինչ կերպարի հետ գործ ունի հասարակությունը: Անձերի փոփոխությունը կարող է նոր որակ բերել, եթե այդ անձինք սկզբունքորեն պատրաստ են պաշտոնը, դիրքը զոհաբերել իրենց քաղաքական հայացքների ու բարոյական նկարագրի պահպանման համար: Այլ դեպքում հարկ կլինի խոսել, որ «անփորձ մածունները» բոլորովին «թանաջուր» էլ չեն: