Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք
Հայտնի է, որ անգլիացի հայտնի գրաքննադատ եւ պոետ Սեմյուել Ջոնսոնը, նկատի ունենալով բոլոր նրանց, ովքեր հայրենասիրությունը երբեւէ դարձնում էին անձնական շահերը թաքցնելու միջոց, 1775թ. արտաբերել է իր հայտնի աֆորիզմը` «Հայրենասիրությունը սրիկայի վերջին ապաստանն է»: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքական պատմության վերջին քառորդ դարը լի է քաղաքականապես ակտիվ քաղաքացիների կեղծ հայրենասիրության օրինակներով` այս խոսքերը կարծես թե ասված են նաեւ հայաստանյան իրականության համար:
Սակայն, այնուամենայնիվ, կա «հայրենասիրության» անվան տակ հանդես եկող սոցիալական զգացմունքի մի այնպիսի համակարգ, որը հիմնվում է բոլորովին ուրիշ արժեքների վրա եւ որը կապ չունի քաղաքական գործունեության հետ: Վերջինս վկայում է, որ հանրային լայն շերտերի անգիտակցականում տեղ են գտել խորքային որոշակի ընկալումներ, որոնք առնչություն չունեն առանձին սրիկաների գիտակցված քաղաքական վարքի հետ: Ստորեւ կփորձենք վեր հանել այդ արժեքներն ու դրանց վրա հիմնվող ընկալումները:
Հայրենասիրությունը սոցիալական հոգեբանության եւ բարոյագիտության մեջ սահմանվում է իբրեւ երկրի հանդեպ մարդկանց վերաբերմունքը բնորոշող բարոյական ու քաղաքական այնպիսի սկզբունք, որի բովանդակությունը կազմում է սերը առ հայրենիք եւ պատրաստակամությունը` սեփական շահերը ստորադասել վերջինիս շահերին:
Կարծես թե այս սահմանումը հստակ ցուցանում է սոցիալական բարձրագույն այդ զգացմունքի ողջ էությունը եւ տեղ չի թողնում որպեսզի հայրենասիրության շուրջ ձեւավորվեն երկիմաստ ընկալումներ: Սակայն, խնդիրն այն է, որ մարդկանց մոտ տարբեր են հայրենիքի նկատմամբ եղած պատկերացումները: Հազարամյակներ շարունակ ապրելով թե՛ սեփական պետական կազմավորումների տանիքի եւ թե՛ տարբեր կայսրությունների տիրապետության ներքո, սփռված լինելով աշխարհով մեկ, համաշխարհային պատմության մեջ կերտելով փառահեղ դրվագներ` հայը սեփական կամ օտար երկրի անվտանգությունն ու բարօրությունն ապահովելու գործում ցուցաբերել է անձնազոհություն, աննկուն կամք ու նվիրվածություն: Բայց միեւնույն ժամանակ բազում են այն դեպքերը, երբ սեփական երկրի պաշտպանության, կարգաբերման ու բարգավաճման գործի մասնակիցը լինելու փոխարեն, ներքուստ ունենալով հայրենիքի հանդեպ սիրո եւ հոգատարության ինչ-որ զգացմունքներ, հայը եղել է մորթապաշտ, կարգազանց կամ թալանչի:
Ներկայումս հայրենիքի ո՞ր ընկալումներ են խանգարում նրան մասնակիցը դառնալ երկրում օրինականություն եւ համընդհանուր բարօրություն հաստատելու գործին: Առավելապես որտե՞ղ է սկսվում ու ավարտվում հայրենիքը հայության մեծամասնության պատկերացումներում:
Հնդեւրոպական ժողովուրդների մոտ «հայրենիք» հասկացությունն ունի գրեթե նույն իմաստային բեռնվածությունը: Այսպես լատիներեն «patria», ռուսերեն «отечество», ուկրաիներեն «батьківщина», անգլերեն «fatherland», գերմաներեն «vaterland» եւ մյուս զուգահեռները հավասարազոր իմաստներ ունեն: Ժողովուրդների պատմության վաղ շրջափուլերում այդ հասկացությունն արտահայտում էր «հայրերի երկիր» իմաստը, որտեղ գլխավոր շեշտադրումը կատարվում էր որեւէ տարածքում մարդկանց` իրենց արմատների հետ ունեցած ժառանգական կապի եւ ըստ այդմ ձեռք բերած իրավունքների վրա: Այսպես, ռուսական քաղաքական ավանդույթում սկզբնական շրջանում այն արտահայտում էր նաեւ «տոհմ», «ժառանգական, տոհմական իրավունքներ» նշանակությունը:
Սակայն պետության զարգացմանը զուգահեռ բնական է, որ «հայրենիք» եզրը պետք է կամ նույնանար, կամ էլ բավական սերտ առնչվեր վերջինիս հետ: Հատկանշական է, որ օրինակ 1797թ. ռուսական կայսր Պավել I-ը հրամայել էր լեզվական կիրառությունից հանել «հայրենիք» բառը եւ այն փոխարինել «պետություն» բառով: Այլ հանրույթներում, կապված քաղաքական մշակույթի առանձնահատկությունների հետ, հայրենիքը բնական զուգորդման պետք է ենթարկվեր վարչաքաղաքական կազմակերպման տեղային ձեւերին:
Վերջին հարյուրամայակների ընթացքում, լինելով ռուսական մշակույթի ու քաղաքականության ուղեծրում, արեւելահայությունը «հայրենիքի» ընկալման հարցում նրանից կրել է որոշակի ազդեցություններ: Մինչ օրս 1941-1945թթ. Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի մղած պատերազմը (Երկրորդ համաշխարհային պատերազմի արեւելյան ռազմաճակատ) հատկապես հայության ավագ սերնդի մոտ շարունակում է կոչվել Հայրենական մեծ պատերազմ: Ընդհանրապես մեծ կայսրության իբրեւ հայրենիքի ընկալումը դարեր շարունակ պարարտ հող է գտել հայության լայն շերտերի մոտ, քանզի հայության մտավոր, ստեղծագործական, ռազմական եւ այլ ձիրքերի ինքնադրսեւորման համար առավել լայն հնարավորություններ են եղել հենց կայսրություններում:
Այնուամենայնիվ, անկախ Հայաստանում մեծացած ներկայիս երիտասարդ սերնդի եւ ղարաբաղյան հաղթական պատերազմի գործոնները նպաստել են, որ հայաստանյան հանրության շրջանում կայսրության իբրեւ ապահով տանիքի եւ տարբեր ժողովուրդների մեծ հայրենիքի վերաբերյալ պատկերացումները բավական թուլանան: Այսօր հայրենիքին վերաբերող ներհայաստանյան ընկալումներում կայսրությունը (կամ մեծ տերությունը) արդեն ետին պլանում է գտնվում:
Քաղաքագիտական գրականությունում տեղ են գտել նաեւ հայրենիքի հանրային ընկալման նաեւ այլ ձեւեր: Դրանցից է, օրինակ, հայությանը շատ հոգեհարազատ այն պատկերացումը, որ հայրենիքը մի մեծ կալվածք է, որտեղ համակեցությունը կարգավորվում է պատրիարխալ ընտանիքի եւ տոհմական ժառանգության ավանդական կանոններով: Այս պատկերացումներում պետությունը երկրորդական դիրքերում է գտնվում, քանզի հանրության բարեկեցությունն ու ապագան կապվում են միջտոհմական (միջկլանային) սոցիալական կապերի եւ ըստ այդմ հաստատված դրվածքների հետ: Հայրենիքի նման ընկալումը հայության շրջանում շատ խորը արմատներ ունի եւ կապված է մեր ազգի հազարամյա տնտեսաքաղաքական կացութաձեւի հետ:
Հայ ժողովուրդը հնադարում եւ միջնադարում` ավելի քան երկու հազար տարի, ապրել է «նախարարական կարգեր» կոչվող կացութաձեւի մեջ: Դրա ողջ էությունը հանգում էր մասնավոր հողատիրության մի քանի ձեւերի, որտեղ, սակայն, գերապատվելի դեր էր կատարում «հայրենական» կամ «հայրենիք» կոչվող հողատիրությունը: Նախարարական կարգերով ապրող Հայաստանում գյուղացիության համար կիրառելի ազատ համայնական, իսկ քաղաքային բնակչության համար տնամերձ մանր հողատիրություններից բացի, ողջ երկրով մեկ սփռված էին իշխող դասակարգերի ձեռքին գտնվող հողատիրության երկու ձեւերը: Ըստ իրենց գործառնական նշանակության դրանք կոչվում էին «երկիրք հայրենական» եւ «երկիրք պարգեւական»:
«Պարգեւական» հողերը պահանջում էին կենտրոնաձիգ իշխանություն: Ուստի առանձին մեծ ժամանակահատվածներում` Հայոց պետականության բացակայության պայմաններում, նման հողատիրությունը հայ էթնոսի շրջանում չէր կարող ծաղկել: Որեւէ ծառայության (արքունի, զինվորական եւ այլն) դիմաց իբրեւ պարգեւ հողհատկացումները կատարվում էին ցմահ, որից հետո այդ հողակտորը կրկին վերադառնում էր պարգեւատուին: Լավագույն դեպքում «պարգեւական» հողերը կարող էին կրկին շնորհվել դրա ստացողին կամ նրա ժառանգներին, բայց արդեն որպես «հայրենիք»` մեծացնելով «երկիրք հայրենական» անվանվող մասնավոր հսկայական կալվածքների չափաբաժինը:
Մասնավոր հողատիրության հիմնական ու պատվելի ձեւն, այսպիսով, մնում էր «հայրենիքը»: Այն ավատատիրոջ հայրենի (հայրերից ժառանգված եւ որդիներին փոխանցվող) սեփականությունն էր` իր մեջ ներառելով տնօրինման իրավունքն (վաճառք, նվիրատվություն, փոխանակում եւ այլն) ու տիրապետման համար կախյալ գյուղացիություն ու ծառաներ ունենալու իրավունքը: Բնական է, որ «երկիր հայրենական»-ի տնտեսվարության ռացիոնալ կազմակերպումը ի վերջո հանգեցնելու էր նաեւ իշխանության տեղային ապարատի կազմավորմանը` իր դատարանով, աշխատակազմով, եկեղեցիով եւ այլ ինստիտուտներով: Հատկանշական է, որ միջնադարում եկեղեցական թեմերը անվանում էին խոշոր նախարարությունների անուններով (Գնունյանց թեմ, Ամատունյաց թեմ եւ այլն) եւ վարչականորեն համապատասխանում էին հենց այդ նախարարությունների զբաղեցրած կալվածքների սահմաններին:
Գալով մեր օրերին` կարելի է նկատել, որ հայրենիքի ավանդական, արխայիկ պատկերացումները վերջին երկու տասնամյակում կրկին առաջին տեղում են հայտնվել: Շատ դեպքերում հայրենիքի չափումը կատարվում է սեփականության այն սահմանագծով, որտեղ ավարտվում է սեփականատիրոջ հողակտորի ցանկապատը կամ տան պատը: Պետությունը դիտարկվում է ոչ թե որպես հենց հայրենիք, արժանի սիրո եւ խնամքի, այլ որպես սեփական հայրենիքի (լինի դա փոքր առանձնատուն, թե մեծ հողակտոր) սպասարկմանը ծառայող միջոց, որից հարկ է քամել ամեն անհրաժեշտը:
Թվում է թե ոչ մի ընդհանրություն չկա մի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական հզորությունների թալանի, կառավարման պետական համակարգի պարալիզացման ու անձնական կամ կլանային շահերին ծառայեցնելու, իսկ մյուս կողմից` սեփական տիրապետության տակ անձնական վարսավիրներ, բանվորներ, անասնապահներ, պալատական երգիչներ, մտավորականներ կամ անձնական կենսագիրներ պահելու կամ կալվածքի կենտրոնում կամ առանձնատան մոտ սեփական եկեղեցի ունենալու մղումների միջեւ: Սակայն իրականում դրանք վկայությունն են հայրենիքի սահմանափակ ու արխայիկ ընկալման: Լինելով նախկին ճորտերի գենետիկ հիշողության ու մշակույթի կրողները` նորօրյա օլիգարխներն ու նրանց շվաքում տեղ գտած բազմահազարանոց հանրային զանգվածը բնական է, որ պետք է ձգտեին հասնել նրան, որ ճորտատիրությունը կրկին վերածնունդ ապրեր, քանզի ստրուկը (մեր դեպքում` ճորտը) ձգտում է ձերբազատվել ոչ թե ստրկական շղթաներից, այլ` ունենալ սեփական ստրուկներ (ճորտեր):
Ահա հայրենիքի այս ընկալումն է, որ ընկած է հայության լայն զանգվածների հայրենասիրության հիմքում: Օգտվելով արխայիկ սոցիալական կապերի ու արժեքների ողջ համակարգից` այն թույլ չի տալիս, որ երկրում ծավալվի պետական շինարարությունը: Հայրենիքը մնացել է միջնադարյան կալվածքի ու ազգային պետության արանքում: Երկու հակամարտ «դասակարգեր» շատ անկեղծ պայքարում են ամբողջովին հայրենասիրական մղումներով, սակայն հանուն այնպիսի հայրենիքի կառուցման, որին հավատում են: