статьи

Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ

Ինչպիսի՞ն պետք է լինեն պետության եւ քաղաքացու միջեւ եղած հարաբերությունները, որ քաղաքացուն հավատ ներշնչեն, նրան խանդավառություն ու զորություն հաղորդեն` ապրելու ու արարելու համար միմիայն հայրենիքում:

Այս հարցի կապակցությամբ կարելի է տեսական շատ մտքեր արտահայտել, սակայն գործնականում շատ ավելի ուսանելի է այլոց փորձի վկայակոչումը: Ընդ որում` վերցնելով համաշխարհային պատմության ընթացքում երբեւէ եղած ամենից կատարյալ օրինակները` մենք ոչ թե ուտոպիական երազանքների գիրկը կընկնենք, այլ կարող ենք կոնկրետ նպատակներ ձեւակերպել մեր երիտասարդ պետության համար:

Մինչ օրս պետություն-քաղաքացի հարաբերություններում փոխադարձ իրավունքների ու պարտականությունների ճանաչման բարձրագույն աստիճանը եղել է «Civis Romanus sum» («Ես Հռոմի քաղաքացի եմ») բանաձեւի ներդրումը Հին Հռոմի հանրային կյանքում:

«Civis Romanus sum» բանաձեւը նշանակում էր, որ դրա կրողը պատկանում էր այն մարդկանց դասին, ովքեր պաշտպանված էին Հռոմի պետության կողմից եւ, անկախ նրանից թե որ երկրում էին գտնվում, ենթարկվում էին միայն հռոմեական օրենքներին։ Իրենց ազատության ու իրավունքների մասին այդպես կարող էին բարձրաձայնել միայն Հռոմի լիիրավ քաղաքացիները եւ հայտնվել իրենց պետության հոգածության ներքո: Այդ հայտարարությունը նրանց երաշխավորում էր անձեռմխելիություն, այդ թվում` ինչպես ասվեց, Հռոմի սահմաններից դուրս: Բանաձեւը հիմնվում էր հռոմեական օրենքների վրա, ըստ որի Հռոմի ցանկացած քաղաքացի առանց ժողովրդական ժողովի համաձայնության չէր կարող կախման մեջ հայտնվել ուրիշներից, մահապատժի, մարմնական պատիժների կամ արտաքսման ենթարկվել:

Հենց դրա վկայությունն է Նոր կտակարանում (Գործք առաքելոց, 22:25-29) հիշատակված` Պողոս առաքյալի Երուսաղեմում խարազանումից ազատվելու պատմությունը.

«Երբ նրան թոկերով պինդ կապեցին, Պողոսն ասաց հարյուրապետին, որ վերակացուն էր. «Հռոմեացի եւ չդատված մարդուն օրինավո՞ր է, որ դուք ծեծեք»: Երբ հարյուրապետը այս լսեց, մոտեցավ հազարապետին, զեկուցեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմեական քաղաքացի է»: Հազարապետը մոտեցավ եւ նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմեացի՞ ես»: Եւ նա ասաց` այո՛: Հազարապետը ի պատասխան ասաց. «Ես ի գին մեծ գումարի եմ ստացել այդ քաղաքացիությունը»: Իսկ Պողոսն ասաց. «Ես ծննդով իսկ քաղաքացի եմ»: Եւ իսկույն նրանից հեռացան նրանք, որ նրան պիտի ծեծեին: Ինքը հազարապետն էլ վախեցավ, երբ իմացավ, թե հռոմեացի է, մանավանդ որ նրան կապանքի տակ էլ էր առել»:

Համաշխարհային պատմության մեջ «Civis Romanus sum» բանաձեւի մի այլ ուսանելի օրինակ է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում 1850թ. լորդ Պալմերստոնի ելույթը: Այդ ելույթում, որը տեւել է հինգ ժամ եւ արժանացել անգամ Պալմերստոնի քաղաքական հակառակորդների հիացմունքին, անգլիացի այդ խոշոր քաղաքագետն ապացուցում էր, որ Բրիտանական կայսրությունը սեփական սահմաններից դուրս` օտար հողում, պետք է նույնքան հետեւողականորեն պաշտպանի իր քաղաքացիներին, ինչպես Հին Հռոմն էր երբեւէ պաշտպանում իր քաղաքացիներին: Ըստ Պալմերստոնի` ինչպես հնում «Civis Romanus sum» հայտարարությունն էր օտարների մոտ հայտարարության հեղինակների նկատմամբ հարգանք ու ակնածանք առաջացնում, այնպես էլ յուրաքանչյուր բրիտանացի պետք է զգա իր կառավարության ծանր ձեռքը, որը պաշտպանում է նրան վիրավորանքներից ու վտանգներից:

Հռոմեական եւ Բրիտանական կայսրությունների ներքին համակեցական կանոններն ու քաղաքական մշակույթն ամբողջությամբ համահունչ էին այնպիսի պետական կարգերի սկզբնավորման համար, որում երկրի քաղաքացին կարող էր դիտվել բարձրագույն արժեք եւ նրա արժանապատվությունն ու անվտանգությունը պաշտպանվեր օտար հողում օտարի շահերը ոտնահարելու միջոցով: «Բրիտանիան չունի մշտական բարեկամներ, ունի միայն մշտական շահեր», ահա լորդ Պալմերստոնի` աշխարհի քաղաքական քարտեզը ըստ բրիտանական կայսրության շահերի վերագծած այդ մեծագույն դիվանագետի կարգախոսը (այն սխալմամբ վերագրվում է Չերչիլին):

Բրիտանական կայսրության քաղաքական հայեցակարգի համաձայն, որն ինչպես տեսնում ենք պետություն-քաղաքացի հարաբերություններում հիմնվում էր Հռոմի սոցիալ-քաղաքական նվաճումների եւ մասնավորապես «Civis Romanus sum» բանաձեւի վրա` Բրիտանական թագի յուրաքանչյուր հպատակ իր բարեկեցության, ազատության ու արժանապատվության ներքին մղումը պետք է բավարարված գտնի Բրիտանական կայսրության ձեռնարկումներում: Այդ նպատակով ոչ միայն ներքին կյանքի կարգաբերումը պետք է նրան հպարտություն ու վստահություն ներշնչի, այլ նաեւ կայսրության արտաքին քաղաքականությունը: Այն է` արտաքին քաղաքական այն կուրս, որը միտված է բրիտանացու իրավուքների ու ազատությունների պաշտպանությանը եւ այլոց նկատմամբ նրա գերզանցության ապահովմանը աշխարհի բոլոր անկյուններում:

XX դարում իր քաղաքացու արժեւորման, նրա իրավունքների ու շահերի պաշտպանության ու դրա միջոցով աշխարհին տիրելու պատմական հերթափոխը Մեծ Բրիտանիայից պետք է վերցներ ԱՄՆ-ն` դառնալու համար ազատության համար պայքարի առաջամարտիկն ու խորհրդանիշը ամբողջ աշխարհում: Ներկայիս այդ գերհսկան հենց «Civis Romanus sum» բանաձեւի միջոցով է դեպի իրեն գրավում աշխարհի բնակչությանը: Ազատ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապրելու ցանկությունը կյանքի կոչելու, նոր կյանք սկսելու, օտարներին հպարտորեն «Ես ԱՄՆ քաղաքացի եմ» ասելու համար միլիոնավոր մարդիկ ձգտում են հասնել ԱՄՆ` ձեռք բերելու համար այդ երկրի անձնագիրը:

Ահա այն երեք տերությունները, որոնք աշխարհին տիրել են ընդամենը մի խնդիր լուծելով` սեփական քաղաքացուն արժեւորելով ու նրա իրավունքների ու ազատության համար սկզբունքային պայքար մղելով: Այդ երկրներում եթե չգործեին պետության եւ քաղաքացու միջեւ իրավունքների եւ պարտականությունների փոխադարձ ճանաչման ու հարգման սկզբունքները, ապա աշխարհում չէին լինի ոչ Հռոմեական ու Բրիտանական կայսրությունները եւ ոչ էլ ժամանակակից ամենահզոր պետությունը` ԱՄՆ-ն։

Ապաքաղաքական մտածողությամբ հայ մարդուն բերված օրինակները կարող են միանգամից այն եզրահանգմանը բերել, որ իրենից վեր կանգնած պետությունը, կառավարությունը կամ իշխող վերնախավն է քաղաքացու ազատության, իրավունքների եւ բարեկեցության սկզբնաղբյուրը, որոնց եւ պետք է ներկայացնի իր պահանջները: Իսկ դրանց չկատարման դեպքում էլ փնովի սեփական կառավարիչներին ու պետությանը եւ դժգոհի իր բախտից, որ չի ծնվել վերը բերված աշխարհակալ պետություններում: Սակայն բոլոր նշված դեպքերում քաղաքացին ինքն է կառուցել իր պետությունը, կերտել այն իրականությունը, որում սոցիալական արդարությունն ու իր իրավունքները պաշտպանվել են, իսկ տիրելու, նվաճելու, հարստահարելու մարդկային մղումներն էլ կյանքի են կոչվել արտաքին աշխարհի հաշվին:

Ժողովուրդը սեփական արժեքային համակարգով ու քաղաքական գիտակցությամբ է դնում պետություն-քաղաքացի առողջ փոխհարաբերությունների հիմքը: Անկախ պետություն կառուցելու ճանապարհին, եթե նրա զավակները չունեն այն գիտակցումը, որ պետություն-քաղաքացի փոխհարաբերություններում իրենք հավասար սուբյեկտներ են ու գտնվում է հավասար դիրքերում, ապա նրանք երբեք չեն հասնի այն օրվան, երբ ի լուր աշխարհի հպարտորեն կբացականչեն` «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ»:

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի, Երևան, 2015