статьи

Ներկա ռազմաքաղաքական զարգացումներն ու մեր պատմական փորձը

Վերջին երեք ամիսներին Հայաստանը հայտնվել էր աշխարհի ուշադրության կենտրոնում։ Ապրիլյան քառօրյա պատերազմն ու դրանից հետո տերությունների՝ տարածաշրջանում լարվածության մեղմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը, իսկ վերջին օրերին նաեւ Հռոմի Պապի եռօրյա այցը մեր երկիր, միջազգային քաղաքականության մեջ Հայաստանի շուրջ ծավալվող ինչ-որ նոր գործընթացների վկայությունն էին։ Թվում է, թե այս ամենն իրար հետ չփոխկապակցված իրադարձություններ էին։ Սակայն, դեպքերի զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ բոլոր իրադարձությունների հիմքում ընկած է մի միտում՝ կապված Հայաստանի արտաքին կողմնորոշման վեկտորի փոփոխության հետ։

Պատմությանը հայտնի է համանման մի ժամանակահատված, երբ հայ ժողովուրդը կարողացել է օգտվել տարածաշրջանում ռազմաքաղաքական մեծ տեղաշարժերից ու ստեղծել մի ընդարձակ ու ինքնուրույն պետություն։ Ընդ որում, տարածաշրջանային գործընթացներում ներգրավված ժամանակակից սուբյեկտները տվյալ պատմական ժամանակաշրջանի ռազմաքաղաքական ուժերի ուղղակի ժառանգորդներն են հանդիսանում։ Այդ պատմական ժամանակաշրջանը XII դարի վերջն է, երբ Մերձավոր Արեւելքը գտնվում էր խաչակրաց երրորդ արշավանքի բռնկած թեժ կրակի ճիրաններում։ Մի ժամանակաշրջան, երբ ժամանակակից Ռուսաստանի «հոգեհայրը»՝ Բյուզանդական կայսրությունը, անկում էր ապրում, իսկ եւրոպական միապետերը Հռոմի Պապի ակտիվ ներգրավմամբ ու օժանդակությամբ իրենց զենքերն ուղղել էին դեպի Մերձավոր Արեւելք՝ նպատակ ունենալով տարածել սեփական ռազմաքաղաքական ազդեցությունն ու Եւրոպայի նյութական պահանջմունքների բավարարման համար ձեռք բերել նոր կենսական տարածքներ ու միջոցներ։

Դա մի ժամանակաշրջան էր, երբ Սիրիայի ու Պաղեստինի տարածքում «իսլամական ծայրահեղականության» դեմ պայքարի դրոշը պարզելու, ինչպես նաեւ համայն աշխարհի քրիստոնյաների համար բավական նրբազգաց խնդրի՝ Քրիստոսի գերեզմանը փրկելու գաղափարը շահարկելու միջոցով՝ եւրոպական միապետերը, իրենց ձեռքը վերցնելով խաչակիր ասպետների ջոկատների հրամանատարությունը, շտապում էին Արեւելք՝ սրբազան պատերազմի։ Սակայն Մերձավոր Արեւելքը, ինչպես բոլոր ժամանակներում, այդ շրջանում եւս ներկայանում էր որպես էթնիկ, կրոնադավանաբանական, համայնքային միավորների, ինչպես նաեւ խաչվող ու հակադրվող տարբեր շահերի մի շատ բարդ ու հակասական հանգուցակետ։ Ընդ որում, ինչպես այսօր Ռուսաստանի դեպքում, այդ ժամանակահատվածում եւս Մերձավոր Արեւելքում ծավալվող քաղաքական գործընթացներում արդիական էր Անտիկ Հռոմի ժառանգորդի՝ Բյուզանդիայի գործոնը։ Բավական թուլացած, բայց անպարտելիության միֆով հայտնի այդ «հյուսիսային արջը» կանգնած էր խաչակիրների ճանապարհին։ Երկիր, որը Մերձավոր Արեւելքի հետ հարաբերությունների սեփական դարավոր փորձն ու հմտություններն ուներ, բայց որը կամաց-կամաց սելջուկյան (թուրքական) տարրի ծավալման պայմաններում՝ ստիպված էր համաժամանակյա պայքար մղել կաթոլիկ Եւրոպայի եւ իսլամական Արեւելքի դեմ՝ նրանց արանքում չճզմվելու համար։

1187թ․ Կիլիկիայում Ռուբեն իշխանի մահից հետո իշխանությունն անցնում է նրա եղբորը՝ Լեւոնին, որին վիճակված էր դառնալ հայոց պատմության ամենախոշոր քաղաքական գործիչներից մեկը։ Լեւոնի վարած քաղաքականությունը բավական հաշվենկատ էր, բայց եւ լի՝ հանդուգն քայլերով։ Տարածաշրջանում պատերազմներն ինչպես միշտ անպակաս էին։ Սակայն այս շրջանում քաղաքական տեղաշարժերը վճռորոշ նշանակություն ունեին Արեւելք-Արեւմուտք հարաբերությունների համար։ Խաչակիրներ, բյուզանդացիներ, սելջուկներ, զանգիների, այուբյանների մահմեդական հզոր տոհմեր, ազգային ու կրոնական տարատեսակ կառավարիչներ, ահա այսպիսի հարեւանության պայմաններում է քաղաքական ասպարեզ մուտք գործում Կիլիկյան թագավորության հիմնադիր Լեւոնը։ Նրա ժամանակակից օտար միապետերը, ովքեր ուղղակի հարաբերությունների մեջ էին Կիլիկիայի հետ, հսկայական ուժ ու հեղինակություն ունեին աշխարհում։ Այսպես, սուլթան Սալահ ադ-Դինը, Գերմանական կայսր Ֆրիդրիխ I Բարբարոսան, Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտն այնպիսի գործիչներ էին, ովքեր Եւրոպայի ու Մերձավոր Արեւելքի պատմության ընթացքը բեկեցին իրենց աննկուն կամքի ու անհատական հատկանիշների շնորհիվ։

Խաչակրաց երրորդ արշավանքը (1189-1192) կազմակերպելու գործում մեծ նշանակություն ուներ Նյուրնբերգում բյուզանդական կայսեր պատվիրակների հետ Ֆրիդրիխ I-ի կնքած պայմանագիրը։ Ըստ այդմ՝ Արեւմտյան կոալիցիայի մասը կազմող գերմանական բանակը Բյուզանդիայի տարածքով հնարավորություն էր ստանում ազատ տեղաշարժվել՝ այդ ընթացքում բյուզանդացիներից ստանալով նաեւ պարենային օժանդակություն (գերտերությունների կողմից դեպի Սիրիա մուտք գործելու համար «ՆԱՏՕ-Ռուսաստան» ֆորմատի համանմանությամբ որեւէ համաձայնության կայացումը, ինչպես տեսնում ենք, անցյալում եւս ընկած է եղել Արեւելք-Արեւմուտք աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժերի հիմքում)։ Սակայն չնայած համաձայնության ձեռք բերմանը ՝ գերմանական ու բյուզանդական բանակների միջեւ լարվածությունը հենց արշավանքի սկզբում բերում է լուրջ բախումների։ Բյուզանդական կայսր Իսահակ Անգելոսը, իր բանակի անհամեմատ թույլ վիճակից ելնելով, ի վերջո ստիպված է լինում տեղի տալ եւ գերմանական բանակը հաղթականորեն շարունակում է ընթացքը դեպի Իկոնիայի սուլթանություն, որը Փոքր Ասիայում սելջուկ թուրքերի հիմնած առաջին մեծ պետությունն էր։ Ռազմակալելով վերջինիս տարածքները՝ Ֆրիդրիխ I-ը մուտք է գործում Կիլիկիա։ Այստեղ հայերի գործուն աջակցությամբ խաչակիրները վստահ առաջ են ընթանում, սակայն լեռնային արագահոս գետերից մեկն անցնելու ժամանակ Ֆրիդրիխ I-ը ընկնում է գետը եւ իր սպառազինության ծանրության պատճառով խեղդվում։

Ֆրիդրիխ I-ի մահը (1190թ․) մի քանի տարով երկարաձգում է Լեւոնին՝ թագավորական գահով պատվելու եւ Հայոց պետականությունը վերականգնելու ծրագիրը, որի նախնական համաձայնությունը կայացվել էր հայ քաղաքական վերնախավի եւ գերմանական կայսեր միջեւ։ Այդ գործը վիճակված էր Ֆրիդրիխ I-ի որդուն՝ գերմանական նոր կայսր Հենրի VI-ին։ Սակայն գործերի ընթացքն այնպիսին էր, որ Լեւոնի թագադրության հարցը առաջնահերթ էր դարձել նաեւ Բյուզանդական կայսրության համար։ Գերմանական կայսրից առաջ ընկնելու նպատակով 1196-1197թթ․ Կոստանդնոպոլսում բանակցություններ էին ընթանում նաեւ բյուզանդական կայսր Ալեքսեյ III Անգելոսի եւ հայ պատվիրակների միջեւ։ Լեւոնին թագով պատվելու դիմաց բյուզանդական կայսրը հայերից պահանջում էր զիջումների գնալ՝ ընդունելով հունական ուղղափառ եկեղեցուն դավանաբանական որոշ սկզբունքներ։ Նույն շրջանում գերմանական կայսեր համաձայնությունը ստանալու միջնորդությունն իր վրա էր վերցրել նաեւ Հռոմի Կելեստինոս II Պապը, ով շահագրգռված էր հայերի հետ ուղղափառ եկեղեցու միությունը խափանելու հարցում: Ի վերջո Լեւոնին թագ են ուղարկում ե՛ւ Հենրի VI-րդը, ե՛ւ Ալեքսեյ III-ը։ Հռոմի Պապի միջնորդությամբ Հենրի VI-ի ուղարկած թանկարժեք թագը Կիլիկիա է հասնում բավական ուշ։ 1198թ․ հունվարի 6-ին Տարսոնում Հռոմի Պապի պատվիրակի, ինչպես նաեւ օտար ու հայ հեղինակավոր գործիչների ներկայությամբ, հենց գերմանական կայսեր (ով այդ ժամանակ արդեն մահացել էր) ուղարկած թագով էլ Լեւոնը թագադրվում է ՝ ճանաչվելով Հայոց թագավոր։

Ինչպես գրում է պատմաբան Կլոդ Մութաֆյանը՝ «Սա ճարպիկ քաղաքականություն էր․ Հռոմի գերակայությունը ամենեւին չէր պարտադրում հեռացում հայոց ինքնուրույն եկեղեցուց, իսկ գերմանական կայսեր գերիշխանությունը գերադասելի էր բյուզանդականից, որոնց հետ հայերն ունեին վիճելի հարցեր, մինչդեռ առաջինը չափազանց հեռու էր։ Ի դեպ, բյուզանդական կայսրը եւս, արքայական թագ ուղարկելով, ճանաչում է կատարված փաստը, այսպիսով՝ երկու «Հռոմեական կայսրերի» հովանավորությամբ ծնվում է հայկական թագավորությունը»։

Պատմական այս ակնարկը կարեւոր է այնքանով, որ հնարավորություն է տալիս ի հայտ բերել ներկա քաղաքական գործընթացների ընդհանուր միտումները։ XII դարի վերջում Բյուզանդիան, ինչպես ներկայիս Ռուսաստանը, թաղված էր կոռուպցիայի մեջ, անկում էր ապրում եւ կորցրել էր իր գերիշխանության տակ եղած նախկին բոլոր մեծ «հանրապետությունները»: Կոստանդնոպոլսի քաղաքական շրջանակները հատկապես ցավագին էին տանում կայսրության սիրտը կազմող Բուլղարիայի կողմից զենքի ուժով սեփական անկախության նվաճումը 1187 թվականին: Վերջինս, ինչպես Ռուսաստանի համար ժամանակակից Ուկրաինան, Եւրոպայի հետ հարաբերություններում անփոխարինելի հենակետ էր, որի կորուստը ի վերջո բերելու էր Բյուզանդիայի մայրամուտին։ Եւրոպայում, ինչպես այսօր, տոն էին տալիս երեք մեծ պետություններ՝ Գերմանական Սրբազան կայսրությունը, Ֆրանսիայի ու Անգլիայի թագավորությունները։ Եւրոպայի մշակութային ու քաղաքական միասնությունը դրսեւորվում էր առավելապես կրոնադավանաբանական հարցերում եւ այդ գաղափարական հենքի վրա Հռոմի Պապը դառնում էր եւրոպական միասնության ու համերաշխության բացառիկ երաշխավորը։ Չնայած շատ դեպքերում Հռոմի Պապերը խամաճիկ էին դառնում այնպիսի միապետերի ձեռքին, ինչպիսին էին օրինակ Ֆրիդրիխ I-ը ու նրա որդի Հենրի VI-ը, սակայն խաչակիր ասպետներին դեպի Արեւելք մղող ուժն առաջին հերթին Հռոմի Պապն էր։ Այդ տեսանկյունից Խաչակրած երրորդ արշավանքը Հռոմի Պապի օրհնությամբ մի կողմից անգլո-ֆրանսիական միացյալ ուժերի ծովային էքսպանսիան էր դեպի մահմեդական Արեւելք, իսկ մյուս կողմից գերմանական զորքերի ցամաքային էքսպանսիան Միջերկրական ծովի ողջ երկայնքով։

Վերջին տարիներին Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմները, ռուս-ուկրաինական հակամարտությունը, Հարավային Կովկասում ապրիլյան չորսօրյա պատերազմը, Էրդողանի սուլթանական ամբիցիաներն ու Թուրքիայի շուրջ ծավալվող դեպքերը հար եւ նման են Խաչակրած երրորդ արշավանքի շրջանում Մերձավոր Արեւելքում եւ Սեւծովյան ավազանում ծավալվող քաղաքական տեղաշարժերին։ Ութ դար առաջ Կիլիկիայում կենտրոնացած հայոց քաղաքական շրջանակները պատվով լուծեցին իրենց առջեւ ծառացած՝ պետականության վերականգնման, հայ ժողովրդի անվտանգության ապահովման ու պաշտպանության կազմակերպման խնդիրները։ Բարդ ու անկանխատեսելի զարգացումների հորձանուտում նրանք կարողացան դաշնակցել խաչակիրների հետ ու չեզոքացնել Արեւելքի մահմեդական տարբեր ամիրայությունների, ինչպես նաեւ Իկոնիայի սելջուկյան սուլթանության (ժամանակակից Թուրքիան այս պետական կազմավորման համապատկերն է) Կիլիկիայի նկատմամբ ունեցած նկրտումները։ Արդյունքում Անիի անկումից մեկ ու կես դար անց վերականգնվեց հայոց պետականությունը։ Ընդ որում հայերն իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը ձեռք բերեցին՝ զենքի միջոցով զատվելով հենց Բյուզանդիայից՝ այն տերությունից, որը բռնակցել էր Անին։

Վերջին շրջանում Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող աննախադեպ բանաձեւի ընդունումը, ինչպես նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապի եռօրյա այցը Հայաստան ուրվագծում են մոտ ապագայում որոշակի զարգացումներ, որոնք միտում ունեն Հայաստանը դուրս բերել ռուսական ուղեծրից՝ նրան տեղափոխելով բոլորովին այլ ռազմաքաղաքական հարթություն։ Այդ տեսանկյունից ուշադրություն է գրավում օրերս ԵԱՀԿ կայքում տեղ գտած այն տեղեկությունը, ըստ որի շուտով այդ կառույցի գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կայցելի տարածաշրջան: Հարկ է նկատել, որ ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունն էլ նշել էր, որ Շտայնմայերը կայցելի Ղարաբաղ: Նշանակալից է նաեւ այն փաստը, որ երկու ամիս առաջ՝ Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանը հենց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին էր բողոքում, որ Հայաստանը կռվում է 1980-ական թվականների զենքերով։

Իհարկե, բացի Ղարաբաղյան խնդրից, տարածաշրջանում հայկական գործոնը նաեւ հայ-թուրքական պատմական խրթին հարաբերություններով է ներկայանում։ Եւ այդ տեսանկյունից ակնառու է, որ Գերմանիան ու Ռուսաստանն այժմ բացահայտ տրամադրված են Թուրքիայի դեմ: Ինչպես ութ դար առաջ, ներկայումս Փոքր Ասիայի տարածքով դեպի Սիրիա Արեւմտյան կոալիցիայի ընթացքն ապահովելու համար «գերմանաբյուզանդական» մի նոր համաձայնությունը սարերի ետեւում չէ (միգուցեեւ գաղտնի համաձայնեցված է վաղուց)։ Իսկ դա ուղղակիորեն դեմ է գնում Թուրքիայի շահերին։ Կարծես թե եկել է մի նոր «Բեռլին-Բաղդադ» ցամաքային առանցքի գործարկման այնպիսի մի ժամանակաշրջան, որտեղ Արեւմտյան կոալիցիայի կողմից դեպի Արեւելք «խաչակրաց արշավանք» ձեռնարկելիս Ռուսաստանը ստիպված է Թուրքիայի ու Հայաստանի հարցերում տեղի տալ կոալիցիայի ճնշումներին՝ հանձնել մի կողմից աշխարհաքաղաքական, իսկ մյուս կողմից տարածաշրջանային իր այդ դաշնակիցներին՝ դրա փոխարեն ստանալով Կասպից ծովի ավազանի երկրների ու հատկապես Ադրբեջանի պատրոնաժությունը։

Ներկա շրջանում հայ քաղաքական միտքը ի վիճակի չէ լիարժեք վերլուծել Ապրիլյան պատերազմի աշխարհաքաղաքական նախադրյալների խնդիրը։ Սակայն ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշինքն այլեւս իրողություն է։ Փաստ է նաեւ, որ «Պերմյակով» օպերացիան, Ապրիլյան պատերազմում Ռուսաստանի կողմից իր դաշնակցի շահերն արհամարհելու ակնհայտ դրսեւորումները, Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի շուրջ ռուսաստանյան պաշտոնյաների հայտարարությունները, Երեւանում Նժդեհի արձանի տեղադրման շուրջ ռուսական անհիմն մեղադրանքները մի շղթայի տարբեր օղակներն են, որոնք գեներացնում հակառուսական տրամադրություններ հայ հանրության մոտ՝ Ռուսաստանից պոկվելու գործընթացը տրամաբանված հանգուցալուծմանը բերելու նպատակով։

Նման կարգի զարգացումները ենթադրում են քաղաքական այնպիսի գործիչների առկայություն, որոնք կկարողանան աշխարհաքաղաքան փոփոխությունների հորձանուտում եւ բարդ ու հակասական իրավիճակներում ապահովել սեփական երկրի շահերի լիարժեք պաշտպանությունը։ Ի տարբերություն XII դարի, երբ Լեւոն Ռուբինյանը կարողացավ Կիլիկիայում վերականգնել պետականությունը, ապահովել պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, շրջակա մահմեդական ու քրիստոնյա կառավարիչներից ազատագրել ու իր պետությանը միացնել կենսական տարածքներ, XXI դարում հայ քաղաքական ու պետական գործիչները խոսում են հող հանձնելու, Տիգրան Մեծի կառուցած արցախյան Տիգրանակերտը մեր հայրենիքը չլինելու (գտնվում է Աղդամի հարեւանությամբ), 800 հեկտար հողակտորի անպետք լինելու մասին։

Ցավոք մանրացել ու տկարացել ենք բազմապատիկ անգամ։ Կարո՞ղ ենք նոր փոփոխություններին համընթաց ու արժանապատիվ քայլել։