Արտահերթ ընտրություններին սպասելիս
Աշխարհաքաղաքական կենտրոններից մեկում` Մոսկվայում, վերջին օրերին նկատվեցին պետական մեքենայի խափանման նախանշաններ:
Դա ռուսաստանյան հասարակական առանձին շերտերի հիմք տվեց խոսելու պետական իշխանության մոնոլիտ բուրգում խորացող ճաքերի մասին, որոնք կարող են ռուսաստանյան քաղաքական էլիտային կանգնեցնել երկպառակության առջև: Իշխանության ներսում տեղի ունեցող այդ խմորումները միաժամանակ 2012 թվականին սպասվող համապետական ընտրարշավների վաղ սկզբնավորման վկայությունը դարձան: Սակայն, որն առավել վտանգավոր է, դրանք վկայեցին նաև «անկանխատեսելի Ռուսաստանի» իշխանության ներսում այնպիսի ճգնաժամի հնարավորության մասին, որտեղ ոչ ստանդարտ քաղաքական լուծումները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ:
Մարտ ամսին Մոսկվա կատարած այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Բայդընի` նախագահ Մեդվեդևին և վարչապետ Պուտինին ակնհայտ հակադիր վերաբերմունքի արժանացնելու և հնչեցված հայտարարություններում Վլադիմիր Պուտինին չհիշատակելու փաստերն արդեն իսկ ռուսական մամուլին հնարավորություն տվեցին խոսել հաջորդ տարի սպասվելիք նախագահական ընտրություններում Մեդվեդևի հնարավոր առաջադրմանը Օբամայի վարչակարգի անթաքույց աջակցության մասին: Դա հատկապես ցավագին ընդունվեց «Միասնական Ռուսաստան» կուսակցության, որը ղեկավարում է վարչապետ Պուտինը, պաշտոնյաների ու համակիրների շրջանում: Հասարակական քննարկումներում մի այլ խնդիր դարձավ նախագահական «Արդի զարգացման ինստիտուտի» և իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև երկրի զարգացման ազատական և պահպանողական ուղղությունների վերաբերյալ ծավալված բանավեճը:
Սակայն մարտ ամսին առավել մեծ իրարանցում առաջացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Լիբիայի հարցով ընդունված այն բանաձևի առիթով վարչապետ Պուտինի քննադատությունը, որին արգելք չէր հանդիսացել ԱԽ մշտական անդամ Ռուսաստանը: Պուտինն այդ բանաձևը որակեց որպես վնասաբեր և նմանվող միջնադարյան խաչակրաց արշավանքի կոչի: Դրան հետևեց նախագահ Մեդվեդևի պատասխանը, ըստ որի Ռուսաստանը գիտակցված է, որ չի կիրառել իր վետոյի իրավունքը բանաձևի քվեարկության ժամանակ: Ըստ Մեդվեդևի` նման որոշումը սխալ չէր, իսկ «խաչակրաց արշավանքի» մասին արտահայտությունները` անթույլատրելի:
Ռուսաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջև սկսված բանավեճը շուտով իր գործնական դրսևորումը ստացավ Պետական դումայում: Պետդումայի կոմիտեներից մեկի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը, համակարծիք լինելով լիբիական հարցում Պուտինի արտահայտած դիրքորոշումներին, Դումայում հրապարակայնորեն պաշտպանեց վարչապետին, որից հետո զրկվեց պաշտոնից:
Մի քանի օր առաջ REGNUM գործակալությանը տված հարցազրույցում Զատուլինին հարկ եղավ արդեն հրապարակայնացնել Ռուսաստանում երկու տարբեր իշխանական հոսանքների առկայության փաստը: Այդ հարցազրույցում, որը հրապարակումից երկու ժամ հետո հանվեց կայքէջից, Զատուլինը միաժամանակ կոչ արեց Պուտինին հավատարիմ բոլոր ուժերին համախմբվել և աջակցել նրան` սպասվելիք նախագահական ընտրություններում Պուտինի թեկնածության առաջադրման գործը գլուխ բերելու համար:
Իսկ անցյալ շաբաթ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն իր համապատասխան գերատեսչություններից մեկի ղեկավար Անդրեեչկինի միջոցով առաջարկեց կասեցնել հանրահայտ Skype, Gmail և Hotmail ծառայությունների գործունեությունը Ռուսաստանում: Բերված պատճառաբանությունն այն էր, որ դրանց առանց վերահսկման օգտագործումը կարող է հանգեցնել Ռուսաստանի անվտանգության մեծածավալ սպառնալիքի: Նույն օրը ԱԴԾ-ին արձագանքեց Կրեմլը: Այնտեղից հայտնեցին, որ Անդրեեչկինի մասնավոր կարծիքը չի արտահայտում պետության պաշտոնական տեսակետը: Սրան էլ հետևեց Սպիտակ տան պատասխանը, ըստ որի` ԱԴԾ ներկայացուցիչները մասնավոր կարծիքներ չեն հայտնում, և որ դա, բնականաբար, Անվտանգության դաշնային ծառայության տեսակետն էր, այն էլ` մանրազնին փաստարկված:
Բոլոր այս զարգացումների հիմքում վերլուծաբանները տեսնում են Կրեմլի և Սպիտակ տան ահագնացող հակամարտությունը, որի գլխավոր շարժառիթը գալիք նախագահական ընտրություններում ներկայիս նախագահ Մեդվեդևի և վարչապետ Պուտինի առաջադրման խնդիրն է: Կարելի է ասել, որ այն այս օրերին դարձել է Ռուսաստանի քաղաքական թիվ մեկ խնդիրը և կարող է բերել առավել վտանգավոր զարգացումների, որոնք ոչ միայն կազդեն ներռուսաստանյան առայժմ կայուն քաղաքական մթնոլորտի վրա, այլ նաև` Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ողջ հետխորհրդային տարածքի: Այդ իսկ առումով օրերս Պետդումայի փոխխոսնակ և միաժամանակ «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ Օլեգ Մորոզովի հայտարարությունը, ըստ որի 2012թ. նախագահական ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը կպաշտպանի Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը միայն այն դեպքում, եթե թեկնածուների ցուցակում չլինի վարչապետ Վլադիմիր Պուտինը, լրացուցիչ ահազանգ էր քաղաքական դաշտի դանդաղ եռացող կաթսայում:
Հարկ է նշել, որ Ռուսաստանում (ներառյալ` ԽՍՀՄ-ում) հատկապես վերջին հարյուրյամյակում իրավա-քաղաքական միջոցներով իշխանության փոխանցման և/կամ փոփոխության հարցերը եղել են ամենից խնդրահարույցը և մշտապես ուղեկցվել են քաղաքական վերնախավի կազմակերպած ինտրիգներով ու սուր հակադրություններով: Ռուսաստանում վերջին օրերին ծավալված իրադարձությունների խորապատկերին այսօր ևս այն կարծես թե դառնում է այդ երկրի գլխավոր քաղաքական խնդիրը:
Նշված հարցերի խնդրահարույց լինելը միաժամանակ պատճառ է հանդիսացել, որ պետական ուժային կառույցներն ու նրանց վերլուծական հիմնարկները զբաղվեն քաղաքական ճգնաժամերի համար լրացուցիչ մեխանիզմների մշակմամբ ու ներդրմամբ: REGNUM գործակալության արդեն հիշատակված հարցազրույցում ռուսաստանյան ղեկավար գործիչներին մոտ կանգնած Զատուլինն այս կապակցությամբ մասնավորապես նշում է. «Առավել ևս, որ մենք 1999 թվականին արդեն եղել ենք քաղաքական վերնախավի ժամանակավոր երկպառակության վիճակում և դրանից դուրս ենք եկել մեր հնարավորությունների վերածնման հույսով` Պուտինի հետ միասին»:
Պետք է ուշադրություն դարձնել, որ խոսքը Վլադիմիր Պուտինին վարչապետ նշանակելու և ապա նախագահ Ելցինի առջև հրաժարականի պահանջ դնելու և պարտադրելու մեխանիզմի մասին է:
Որքան էլ տարօրինակ հնչի, Ռուսաստանում ծավալվող քաղաքական այս զարգացումների տիրույթում առաջիկայում Հայաստանն ամենից խոցելի թիրախը կարող է դառնալ: Եվ այն էլ ոչ նրա համար, որ Ռուսաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն, առավել ևս քաղաքական ղեկավարության շուրջ տեղի ունեցող վերադասավորումները, բնականաբար, իրենց արտահայտությունը կգտնեն հայաստանյան քաղաքական դաշտում: Հայաստանի խոցելիությունն այս դեպքում ոչ թե դեպքերի հետևից ընթանալու մեջ է, այլ` առջևից:
Հայաստանյան քաղաքական դաշտում վաղուց նկատված իրողություն է, որ 1999 թվականին Ռուսաստանում քաղաքական ղեկավարության փոփոխությանը նախորդեցին նույնաբովանդակ զարգացումները մեր երկրում, որոնք, սակայն, Հայաստանում ընթացան քաղաքական դաշտի լուրջ վայրիվերումներով: Ռոբերտ Քոչարյանի նշանակումը վարչապետի պաշտոնում և ապա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առջև հրաժարականի պահանջ դնելու և պարտադրելու ճանապարհը նախադեպ, իսկ մեկ այլ տեսակետի համաձայն` քաղաքական փորձարկված մեխանիզմ ծառայեց Կրեմլում սահուն իշխանափոխություն կատարելու համար: Այդուհետ Ռուսաստանում առանց լուրջ խնդիրների ընթացող քաղաքական զարգացումները միայն հարկ էր պրոյեկտել Հայաստանի քաղաքական դաշտում: Հաստատված վարչախմբի համար ռուսաստանյան քաղաքական վերնախավի պարտադրած ծրագրերը ու հատկապես ընդօրինակումները դարձան մեր երկրի հիմնական քաղաքական օրակարգը:
Նշված գործընթացներից միակ շեղումը եղավ 2007-2008 թվականներին, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշում կայացրեց կրկին մտնել քաղաքական դաշտ և ընտրություններում հաղթանակից հետո ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը: Քաղաքական զարգացումները բերեցին նրան, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկվեց վարչապետի պաշտոնը ստանձնելու և հետևաբար` ռուսաստանյան վերադասավորումները կրկնելու հնարավորությունից, իսկ քաղաքական գործընթացներն էլ բոլորովին տարաբնույթ ուղիով ընթանալու հնարավորություն ստացան:
Այսօր Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացները բերել են նրան, որ ՀԱԿ-ի շուրջ համախմբված քաղաքական ընդդիմությունը վարչախմբի առջև կրկին դնում է արտահերթ նախագահական ընտրությունների պահանջ: Սակայն մեծ է վտանգը, որ պաշտոնական Մոսկվայի կողմից նշված պահանջը կարող է ընդունելի դառնալ ոչ այնքան հասարակական վստահությունը վայելող հայաստանյան ընդդիմության ճնշմանը դիմագրավելու և Հայաստանն իր վերահսկողության տակ պահելու համար: Արտահերթ ընտրությունները, որն առավել վտանգավոր է, Ռուսաստանի կողմից կարող են օգտագործվել սեփական ներքաղաքական խնդիրների լուծման համար որպես փորձադաշտ ծառայեցնելու համար: Ռուսաստանում 2012 թվականին սպասվող ընտրություններում, որտեղ նշմարվում են 1999 թվականից հետո արդեն երկրորդ ներքաղաքական ճգնաժամի տարրեր, ռասաստանյան քաղաքական վերնախավին կարող են դրդել ոչ ստանդարտ լուծումների ճանապարհով տանել նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումները:
Փորձարկվող մեխանիզմի հնարավորությունը սթափեցնող հանգամանք պետք է դառնա հայաստանյան ընդդիմության համար, քանզի վարչախումբը վաղուց է ապացուցել իր քաղաքական կամքի բացակայությունն ու արտաքին քաղաքական մարտահրավերների դեմ դիմադրողականության բացակայությունը: Հնարավոր զարգացումներում միակ ռացիոնալ և երկրի համար շահավետ ուղու ընտրությունը կարող է ստանձնել միայն ընդդիմությունը, եթե գործընթացները տանի երկրի շահերն ու արտաքին մարտահրավերները համադրելու ճանապարհով` թույլ չտալով, որ երկիրը վերածվի «պուտինյան» և «մեդվեդևյան» կլանների պայքարի դաշտի: