статьи

Մեր էթնոհոգեբանական արատներից մեկի մասին-1

Շատերի համար տեսանելի է, որ հայոց քաղաքական մշակույթն ամբողջովին անընդունակ է հաղթահարել անկախությունից ի վեր ի հայտ եկած պետական շինարարության մարտահրավերները: Բայց որո՞նք են մեր քաղաքական դարավոր մշակույթի արատավոր առանձնահատկությունները, որ խանգարում են ինքնիշխան իրավական պետություն կառուցել: Ժողովրդի մտավոր ու հոգեւոր ունակությունները քաղաքական գործընթացում իրացվելիս քայքայիչ կամ արգելակող հոգեբանական ի՞նչ հիմնասյուների վրա են խարսխվում, որ չեն կարողանում հաղթահարել առկա մարտահրավերները: Չէ որ երբ խոսում ենք դոմինանտ մշակույթի մասին, ապա դրա կրողները պետք է ունենան համընկնող ու զուգակցվող հոգեբանական այնպիսի առանձնահատկություններ, որոնք մի կողմից մշտապես կխթանեն միեւնույն որակի տիրապետությունն ու բազմացումը, իսկ մյուս կողմից կխոչընդոտեն այլ որակի դրսեւորմանը կամ անգամ կոչնչացնեն վերջինիս: Այս հոդվածում կփորձենք անդրադառնալ հայոց քաղաքական մշակույթի հոգեբանական բացասական նման հիմնասյուներից մեկին:

Մարդու վարքի վրա ազդող գործոնների թվում առանձնահատուկ տեղ ունեն մարդկային ակտիվության ներքին խթանիչները, որոնք ի հայտ են գալիս այս կամ այն պահանջմունքի տեսքով: Փիլիսոփա Է. Ֆրոմն, օրինակ, մշակույթի ընդհանուր խորապատկերի վրա մարդկային հինգ հիմնական պահանջմունք էր առանձնացնում`հաղորդակցության պահանջմունքը, ստեղծագործական պահանջմունքը, սեփական արմատները զգալու ձգտումը, աշխարհի յուրացման (իմացության) ձգտումը, նմանության կամ պաշտամունքի օբյեկտի որոնման (ինքնանույնականացման) ձգտումը: Մարդկային համընդհանուր այս օրինաչափությունները հաշվի առնելով` կարելի է նշել, որ էթնոսի միջինացված անհատի մոտ անշուշտ գոյություն ունեն յուրահատուկ այլ ցանկություններ եւս, որոնք վճռորոշ նշանակություն են ունենում նրա վարքի վրա: Անհատական մակարդակում գտնվող նույնասեռ նման ցանկություններն ու դրանց իրացման ճանապարհներն էլ հենց արտապատկերվում են էթնոսի ընդհանրական ցանկությունների ու վարքաբանության մեջ: Նկատենք, որ ընդհանրական ցանկությունները հենց կոնկրետացված մարդկային պահանջմունքներն են ու կախված են ազգի ներկայացուցիչների մշակութային մակարդակից, ժողովրդի անցած պատմական ուղուց, երկրի աշխարհագրական դիրքից եւ այլ գործոններից:

Վերադառնալով մեր քաղաքական մշակույթին` նկատենք, որ հայերիս մոտ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու ու արդյունավետ քաղաքականություն վարելու համար խոչընդոտ հանդիսացող հոգեբանական առանձին արատները պետք է որ ընկած լինեն հենց խմբային ցանկությունների ու ձգտումների ոլորտում: Նման արատներն ի հայտ բերելու համար տողերիս հեղինակին հետաքրքիր էր հետեւել հայությանը մտահոգող կոնկրետ որեւէ իրադարձության շուրջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ծավալվող հանրային քննարկումներին: Առկա մեկնաբանությունները հնարավորություն ընձեռեցին կենտրոնանալ արատավոր ներքին նման մի ցանկության վրա:

Վերջին շրջանում հայությանը հուզող հիմնական խնդիրներից մեկը Սիրիայում գտնվող հայաբնակ վայրերից մեկում` Քեսաբում տեղի ունեցող ռազմական գործողություններն ու հայերի տեղահանություններն էին: Հետեւելով հանրային մեկնաբանություններին` ակնհայտ էր, որ Քեսաբի դեպքերի հարցում շատերի մոտ ցանկություն կար իրավիճակը գնահատել հուզական հարթությունում: Ցավ ապրելու հետ մեկտեղ` մեղադրանք էր ներկայացվում պատկան մարմիններին, կառույցներին, շրջանակներին կամ ինստիտուտներին: Սակայն, այդ դեպքերը բազում քաղաքացիների մոտ նաեւ առիթ էին իրենց անհատական, կլանային, խմբային դիրքորոշումները ներկայացնելու, ինչպես նաեւ հայոց ավանդական` Արեւմուտք-Արեւելք (Ռուսաստան) կողմնորոշումների բերած հակադրությունը վերաթարմացնելու համար: Ընդ որում դեպքերը միեւնույն հաջողությամբ մեկնաբանվում էին բոլորովին տարբեր դիրքերից` ի շահ հետապնդած կողմնորոշումների:

Բերենք երեք օրինակ:

Օրինակ 1. «Ռուսաստանի անեքսիայով ուրախացողներին ուզում եմ աչքալուսանք տալ, Թուրքիան նույն բանն է սկսել Քեսաբի և Լաթաքիայի հետ՝ ուզում են տեր կանգնել իրանց «պատմական տարածքներին», սակայն իրանց ոճի մեջ՝ հայերին տարհանելով իրանց բնակավայրերից, իրագործելով կանաչ մարդուկների գաղափարը՝ յանի իրանց զորքը չի, բայց իրականում իրանցն է ....»:

Օրինակ 2. «Քեսապի հայաթափման մեջ Ռուսաստանին են մեղադրում, այսքան իռացոնալ քաղաքական էլիտա անգամ թշնամիներին չեմ ցանկանում»:

Օրինակ 3. «Հարգարժան հայ ժողովրդավարներ: Ձեզ չի թվում, որ Ղրիմի պատճառով Արեւմուտքը վրեժ է լուծում Սիրիայի անմեղ հայերից: Դեպի նման ժողովրդավարությա՞ն եք դուք մեզ հրում: Մի անգամ նման ժողովրդավարներ ժողովրդին մղել են ցեղասպանության` պնդելով, որ երիտթուրքերը իշխանության են եկել ժողովրդավարական մտադրություններով: Օբաման շատ լավ գիտեր, թե ինչ կլինի, երբ թուրքերին գործելու հրաման տվեց: Արեւմտամետ բոլոր ժողովրդավարներին ցանկանում եմ, որ ամեն ինչի համար պատասխան տան` Հրանուշի հետ միասին: Դրեք բանվորական սաղավարտները եւ առաջ` Ղրիմի թուրքերի շահերը Ռուսաստանի դեսպանատան դիմաց պաշտպանելու: Դրա հետ մեկտեղ չմոռանաք ԱՄՆ դեսպանատան ծաղիկները ջրել»:

Բերված օրինակները վկայում են, որ քաղաքական որեւէ իրադարձության վրա կառուցված տարաբնույթ փաստարկները կարող են բոլորովին հակադիր դիրքորոշումների ճշմարտացիությունը կամ սխալականությունը միեւնույն հաջողությամբ թե՛ հաստատել եւ թե՛ հերքել: Սակայն մեր նպատակն այն չէ, թե որ կողմն է արտահայտում հարաբերական ճշմարտությունը: Հարկ է վեր հանել քաղաքականապես ակտիվ քաղաքացիների դիրքորոշումների չափազանց մոտիվացված ներքին ցանկությունները: Այստեղ մոտիվացիան մարդկային ցանկության իրացվելու նպատակաուղղվածությունը, կազմակերպվածությունն ու ակտիվությունն է ապահովում եւ դուրս է մեր տեսադաշտից: Եւ ուստի եթե ինքնահաստատման, ինքնավեհացման կամ այլ մոտիվները ընդամենը քննարկումների, դիրքորոշումների ու վարքի շարժիչ ուժն են, ապա ո՞րն է մեկնաբանություն թողնող միջինացված հայի խորքային ցանկությունը: