статьи

Քրեաօլիգարխիայի եւ քաղաքական կուսակցությունների փոխհարաբերությունների էությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ հոդվածը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցությունը: Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը»: Մայր օրենքի այս դրույթներից բացի, կուսակցությունների համար գործառութային նշաձող է սահմանում նաեւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի. «Կուսակցությունը անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության եւ պետության քաղաքական կյանքին մասնակցելն է»:

Հայաստանյան քաղաքական մշակույթը մեր աչքի առաջ ունենալով`կարելի է մի նուրբ հակադրություն նկատել ժողովրդի քաղաքական կամքը ձեւավորելու ու արտահայտելու` կուսակցությունների առաքելության եւ կուսակցությունների` պետության քաղաքական կյանքին մասնակցելու նպատակի միջեւ: Եւ իսկապես, քրեաօլիգարխիկ վարչակարգի պայմաններում կուսակցություններն ինչպե՞ս կարող են ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորման ու արտահայտման հիմնական միավորը դառնալ, երբ իշխող վարչախումբը իր ձեւավորած եւ ենթակայության տակ պահող քաղաքական գործընթացներում կուսակցություններին վերապահել է միայն մասնակցության հնարավորություն, եւ ոչ ավելին: Եւ ուստի, փորձենք շատ համառոտ ներկայացնել այդ մասնակցության էությունը:

Հայտնի է, որ քրեաօլիգարխիկ վարչախմբի ներսում եղած հարաբերությունները երկրի տարածական միջավայրը, ֆինանսատնտեսական ու առեւտրային դաշտերը առանձին հանցավոր կլանների միջեւ գործարքների միջոցով շարունակաբար վերաձեւելու եւ դրա շնորհիվ ենթակայության տակ հայտնված ռեսուրսների նկատմամբ անօրինական տիրապետություն հաստատելու գործունեություն են: Օրենսդրության ձեւական պահանջները պահպանելու, սեփական ֆինանսատնտեսական շահերը օրենքի ուժով պաշտպանելու եւ կարողությունները մեծացնելու համար քրեաօլիգարխիկ կլաններին նախորդ տարիներին անհրաժեշտ է եղել քաղաքական աստառ տալ ու որոշակի քաղաքական կառուցվածքի մեջ իրականացնել իրենց գործունեությունը: Այդ նպատակով ստեղծվել են այնպիսի խոշոր օլիգարխիկ կուսակցություններ, ինչպիսիք են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն:

Մյուս կուսակցությունները հարաբերվելիս ստիպված են եղել կամ համակերպվել այդ վիճակին, կամ` ոչ: Այսինքն` գնալ կամ այդ կուսակցությունների հետ պայմանավորվելու կամ էլ նրանց օրենքից դուրս հայտարարելու ճանապարհով: Երկրորդ ճանապարհը բավական վտանգներ է իր մեջ պարունակել եւ ենթադրել է օրենքի ուժն ու պետության հարկադրանքի միջոցներն իրենց ձեռքում կենտրոնացրած հանցավոր նման մեծ կառույցների հետ մտնել հակամարտության մեջ: Ըստ էության, սա հեղափոխական գործունեություն է ենթադրել, իսկ Հայաստանում բոլոր կուսակցություններն, ըստ էության, մինչ այժմ խուսափել են հեղափոխական կուսակցություններին բնորոշ գործունեություն ծավալելուց: Այդ իսկ պատճառով կուսակցությունները գնացել են անհամեմատ հեշտ ու անվտանգ` առաջին ճանապարհով:

Օլիգարխիկ կուսակցությունների հետ պայմանավորվելու գործընթացը ենթադրում է որոշակի առարկայի շուրջ բանակցությունների առկայություն: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի՞ շուրջ կարող են պայմանավորվել օլիգարխիկ եւ քաղաքական կուսակցությունները, երբ բոլորի համար ակնհայտ է, որ վարչախմբի հետ համեմատած` վերջիններս չունեն համադրելի ո՛չ ռեսուրսներ, ո՛չ կարողություններ եւ ո՛չ էլ ունակություններ, ուստի որպես հավասար գործընկեր կամ մրցակից կողմ քրեաօլիգարխիայի համար նրանք պահանջարկից դուրս են:

Այստեղ օգնության է գալիս արտաքին քաղաքական գործընթացներում հայերիս ընկալման համար բավական մատչելի մի երեւույթի ներկայացումը: Ինչպես հզոր պետությունների հետ հարաբերություններում փոքրերը երբեւէ հնարավորություն են տեսնում օգտվելու մեծերի հակասություններից ու հակադրություններից, այնպես էլ վերջին տարիների ներքաղաքական գործընթացներում հայաստանյան քաղաքական կուսակցությունների կենսափիլիսոփայությունն է դարձել վարչախմբի ներսում նման հակասություններ ու հակադրություններ ստեղծելու կամ նկատելու դեպքում կառչել առկա «բարեհաճ» իրավիճակից եւ փորձել օգուտներ քաղել դրանից: Այդ տեսանկյունից քաղաքական կուսակցությունների համար առավել խուստումնալից է եղել քրեաօլիգարխիկ կլանների շրջանում մի քանի տարիների պարբերականությամբ ծագող քաղաքական ու տնտեսական դաշտերի վերաբաժանումների ժամանակ ինչ-որ կշռաքարի դեր ստանձնելու միջոցով ընդհանուր գործընթացից օգտվելու ռազմավարությանը հետեւելը: Արդյունքում առանձին կուսակցությունների վերնախավերը տարիների ընթացքում վարչակարգի ընդհանուր հիերարխիկ կառույցի մեջ ստացել են քաղաքական ինչ-ինչ դիրքեր ու, ինչպես կարելի է նկատել նախորդ տարիների փորձից, նաեւ` տնտեսական առանձին լծակներ:

Այստեղ խոսքն, իհարկե, օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանությունների բարձրագույն պաշտոնների մասին չէ, որոնք ապահովում են քրեաօլիգարխիայի իշխելու հնարավորությունները: Նման շռայլություն քրեաօլիգարխիան չի կարող իրեն թույլ տալ: Խոսքը գործարքի մեջ մտնող քաղաքական կուսակցության լիդերի կամ վերնախավի կողմից հիմնականում Ազգային ժողովում պատգամավորական մանդատ ձեռք բերելու կամ էլ կառավարությունում նախարարի ու փոխնախարարի պաշտոն ստանձնելու մասին է: Ասվածի ապացույցը նախորդած տասնամյակում նման գործունեությամբ աչքի ընկած կուսակցությունների բավական նշանակալից մի շարանի առկայությունն է (Հայ հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն, Ազգային միաբանություն, Ազգային ժողովրդավարական կուսակցություն, Միացյալ աշխատանքային կուսակցություն, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ այլն):

Եթե քրեաօլիգարխիայի հետ պայմանավորվածությունների չգնալը, փոխարենը` հակամարտության մեջ մտնելը հղի է եղել վարչախմբի կողմից բռնաճնշումների ենթարկվելու վտանգով, ապա վարչախմբի հետ բանակցությունների մեջ մտնելու ու պայմանավորվածությունների գնալու ողջ գործընթացը քաղաքական կուսակցությունների համար հղի է եղել այս դեպքում արդեն հանրության վստահությունը լիակատար կորցնելու վտանգով: Հենց սա է պատճառ հանդիսացել, որ օլիգարխիկ կուսակցությունների հետ պայմանավորվելու գործընթացը քաղաքական կուսակցությունները փորձել են թաքցնել հանրությունից: Ստվերային գործարքները, բնորոշ լինելով քրեաօլիգարխիկ կլաններին, այս դեպքում մեծ ցանկությամբ ընդօրինակվել են հենց քաղաքական կուսակցությունների կողմից: Սակայն բոլոր այն դեպքերում, երբ հանրությանն այս կամ այն կերպ հայտնի են դարձել կուլիսային նման բանակցությունների փաստերը, կամ երբ ակնհայտ է եղել, որ օլիգարխիայի հետ պայմանավորվածությունների արդյունքում կատարվելիք քաղաքական դաշտի նոր վերաձեւումները ենթակա են լինելու բնական հրապարակայնացման, կուսակցությունները չեն խորշել իրենց վարքը բացատրել իբրեւ երկրում ընթացող օրինավոր ու պատշաճ քաղաքական գործընթաց:

Ուստի, վերադառնալով պետության ներսում քաղաքական միավորների` քաղաքականություն վարելու նորմատիվային հիմքերին` կարելի է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրության եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի միջեւ եղած եւ ստվերում մնացած կուսակցությունների գործառութային տարամիտությունը հանրային կյանքում մի կողմից քաղաքականություն իրականացնելու` կուսակցություններին վերապահված իրավունքների ու պարտականությունների, իսկ մյուս կողմից` քրեօլիգարխիկ կլանների մատուցած իրականության անհամապատասխանությունն է հենց ցուցանում: Այդ դրույթների միջով է հենց անցնում մի կողմից ժողովրդի քաղաքական կամքը ձեւավորելու ու արտահայտելու` կուսակցությունների առաքելության, եւ մյուս կողմից` քրեաօլիգարխիայի կազմակերպած քաղաքական կյանքին մասնակցելու` կուսակցությունների ցանկության միջեւ եղած կարմիր գիծը: Քաղաքական կուսակցություններն արդեն երկար տարիներ մասնակցում են պետության վարչական մարմիններն ու լծակները ուզուրպացրած քրեաօլիգարխիայի կյանքի երկարաձգման խաղին` ի հաշիվ ժողովրդի քաղաքական կամքի փոշիացման ու ոչնչացման: