Աշխարհաքաղաքական ներկա տեղաշարժերն ու Կովկասը-7
Եվրոպայի եւ Ասիայի քաղաքակրթական սահմանների վրա տեղի ունեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերն աչքի առաջ ունենալով` բացի սահմանակից տերությունների շահերը գնահատելուց, հարկ է նաեւ մեր ուշադրությունը բեւեռել Կովկասի ներուժի եւ դրանք իրացնելու նրա հնարավորությունների վրա: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական բախումների առանցքի վրա տարբեր ուժեր ազդելու կամ հակազդելու, ծավալվելու կամ դիմադրելու գործընթացների մեջ են ներգրավվել: Ուստի հարկ է պարզել, թե Կովկասը ի՞նչ ինքնուրույն խաղացողներով ու գործոններով է ներկայանում այդ գործընթացներում:
Կովկասի ներկայիս աշխարհաքաղաքական նշանակությունը վերլուծելիս, առաջին հերթին պետք է կանգ առնել նրա քիչ թե շատ սուվերեն կամ ազատ գործելու իրական ներուժ ունեցող սուբյեկտների վրա: Այդպիսիք վեցն են եւ ունեն ինքնուրույնության տարբեր աստիճան: Նրանցից միայն երեքն են լիարժեք ճանաչված պետություններ:
Միջազգայնորեն ճանաչված երեք հանրապետությունների թվում Ադրբեջանն ունի ամենից մեծ սուվերենությունն ու ազատ գործելու կարողությունը: Այդ գործում, համեմատած մյուս սուբյեկտների, դեր են խաղացել նրա թե՛ տարածքի ու բնակչության մեծությունը, թե՛ աշխարհագրական դիրքն ու տրանզիտ երկրի կարգավիճակը, թե՛ էներգետիկ ռեսուրսների գոյությունն ու դրանք տարբերակված իրացնելու հնարավորությունները, թե՛ տերությունների հետ ուղղակի դիմակայության բացակայությունը եւ թե՛ այդ ամենը հանրագումարի բերող քաղաքական մշակույթի առկայությունը` հղկված «Ալիեւ» ընտանիքում: Այսօր արդեն, նշվածներին գումարվել է նաեւ մեծարժեք ու բազմաֆունկցիոնալ սպառազինության առկայությունը:
Վրաստանը, չնայած ֆինանսական եւ ռազմատեխնիկական ոլորտներում կախված է արտաքին ուղղակի ներարկումներից ու օժանդակություններից, բայց եւ ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերություններ պահպանելու միջոցով կարողանում է որոշակի ինքնուրույնություն ապահովել Կովկասի շուրջ ընթացող տերությունների մրցավազքում: Նրա տրանզիտ երկրի կարգավիճակը, հատկապես` գործող էներգետիկ նախագծերն (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուպսա նավթամուղեր, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղ) ու դրանց բերած օգուտները, վրացական քաղաքական վերնախավին հնարավորություն են ընձեռում դրանք օգտագործել ի շահ երկրի ինքնիշխանության: Սակայն, այնուամենայնիվ, բանակի կախվածությունը ԱՄՆ ռազմական գերատեսչությունից երկիրը զրկում է լիարժեք սուվերենությունից:
Հայաստանի դիրքերն առավել նվազ են առաջին երկուսից: Ուղղակի քաղաքական կախվածության մեջ հայտնվելով Ռուսաստանից` Հայաստանն իր էներգետիկ հզորությունների մեծ մասը, սահմանակից երկու տերությունների հետ սահմանների պաշտպանությունը, ողջ դիվանագիտությունն ու հատուկ ծառայությունը, արդյունաբերական ձեռնարկությունների զգալի հատվածը հանձնել է Կրեմլի տիրապետությանը: Իշխող վարչախումբը դրա դիմաց ակնկալում է ստանալ արտաքին անվտանգություն, իսկ երկրի ներսում` սեփական իշխանության հարատեւություն: Չնայած սպայակազմի կոռումպացվածությանը, իսկ բարձրագույն ղեկավարության դեպքում նաեւ բարոյազրկմանն ու ամենաթողությանը` պետական ինստիտուտների թվում քիչ թե շատ երկրի սուվերենությունը պաշտպանելու պաշար է պահպանում միայն հայկական բանակը:
Կովկասում չճանաչված կամ մասնակի ճանաչված սուբյեկտների թվում առանձնահատուկ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Տարածաշրջանում ուժերի հավասարակշռման ու կայունացման գործում ԼՂՀ բանակն արդեն երկու տասնամյակ է, ինչ վերածվել է լրջագույն աշխարհաքաղաքական գործոնի: Նրա թվաքանակն ու սպառազինությունը գերազանցում են բազմաթիվ ինքնիշխան երկրների բանակների համապատասխան հնարավորությունները: ԼՂՀ-ի քաղաքական նշանակությունը, սակայն, միայն կազմակերպված բանակի մեջ չէ, այլ նաեւ` Իրանի հետ վերահսկելի սահման ունենալու:
ԼՂՀ գոյությունը շահագրգիռ տերություններին լիարժեք հնարավորություն է տալիս ծրագրավորել ու կենսագործել Իրանին ու Թուրքիային զսպելու սեփական ռազմավարությունները: Օրինակ, իբրեւ սառեցված հակամարտության մեջ գտնվող երկիր, Ադրբեջանին զինում են Ռուսաստանն ու Իսրայելը, որը սակայն աշխարհաքաղաքական առավել մեծ շահերի համատեքստում տեղավորվում է Արեւմտյան տերությունների` Իրանին զսպելու հայեցակարգի մեջ: Պաշտոնական Անկարային զսպելու հարցում նույնպիսի օրինակ է շահագրգիռ ուժերի կողմից Թուրքիայի Նախիջեւանի միջոցով Ադրբեջանի հետ կապվելու պանթուրքական ծրագրերի տապալման գործընթացը: Առանձին մեծ տերություններ տարիներ շարունակ իրենց այդ շահերն իրացնում են հենց ԼՂՀ միջոցով: Միաժամանակ, ԼՂՀ բանակի կողմից ղարաբաղյան հակամարտության շփման գծի ինքնուրույն վերահսկողությունը` մյուս տերություններին ու կովկասյան հանրապետություններին նաեւ թույլ է տալիս մեղմել Ռուսաստանի` Հայաստանի ու Ադրբեջանի հետ ուժի դիրքերից խոսելու կարողությունը, ինչպես նաեւ չեզոքացնել պաշտոնական Անկարայի ու Բաքվի հետ Կրեմլի ստվերային գործարքների գնալու հնարավորությունը: Այստեղ հարկ է նկատել, որ երբեւէ խաղաղապահների մուտքը հակամարտության գոտի կխախտի ուժերի հավասարակշռությունը Կովկասում, եւ, հատկապես, կտրուկ կթուլացնի ԼՂՀ-ի ու նրա բանակի` Կովկասում ինքնուրույն սուբյեկտ ու գործոն մնալու շանսերը:
Կովկասի ինքնուրույն քաղաքական սուբյեկտների թվում մասնակի ճանաչված պետություն է Աբխազիան, որի գոյությամբ շահագրգիռ են Սեւ ծովի համար պայքարի մեջ գտնվող բոլոր երեք տերությունները` Ռուսաստանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ն: Ռուսաստանի համար Աբխազիան ծառայում է իբրեւ սեւծովյան նավատորմի կարեւոր հենակետ եւ մեծացնում է այդ երկրի առափնյա վերահսկելի մարտավարական հատվածը: Բացի այդ, Կովկասում ծավալվելու եւ Վրաստանին զսպելու գործում վրաց-աբխազական սառեցված հակամարտությունն առաջնային նշանակություն ունի Կրեմլի համար:
Թուրքիան վաղուց արդեն ոչ ֆորմալ քաղաքական ու տնտեսական կապերի մեջ է գտնվում Աբխազիայի հետ: Հյուսիսային Կովկասում ծավալվելու, չերքեզական ու չեչենական խաղաքարտերից օգտվելու, Վրաստանին թուրքական կապանքների մեջ պահելու գործերում Անկարայի համար Աբխազիան անդրծովյան առաջնային հենակետի կամ իր ազդեցությունը տարածելու անուղղակի լծակի դեր է կատարում: Աբխազիան կարճաժամկետ կտրվածքում նման լծակի դեր է կատարում նաեւ ԱՄՆ-ի համար: Վրաստանը իր տարածքային ամբողջականության վերականգնման եւ արտաքին վտանգները չեզոքացնելու հարցերում ստիպված է մշտապես հետեւել ԱՄՆ խորհուրդներին: Երկարաժամկետ կտրվածքում Աբխազիան ԱՄՆ կողմից դիտարկվում է նաեւ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի վերահսկողության բազմատարր համակարգի մի բաղադրիչ:
Կովկասի ինքնուրույն քաղաքական սուբյեկտների վերջին ներկայացուցիչը Չեչնիան է: Չնայած արդեն գրեթե մեկուկես տասնամյակ է, ինչ Ռուսաստանը պատերազմի միջոցով վերականգնել է իր ֆեդերալ իրավասությունները հյուսիսկովկասյան այդ ապստամբ հանրապետության նկատմամբ, սակայն վերջինս դեռեւս շարունակում է աշխարհաքաղաքական գործընթացներում պահպանել իր սուբյեկտայնությունը: Ըստ էության, Կրեմլը Չեչնիայում իր իշխանությունը կարողանում է պահպանել միայն ամենամյա հսկայածավալ ֆինանսական դոտացիաներ հատկացնելու եւ լեռնային այդ հանրապետությունում իր հատուկ ծառայությունների ողջ ներուժն օգտագործելու միջոցով: Բնակչության ունեցած պատերազմական փորձառությունը, ազգի թայփայական կենսակերպը, իսլամի (շարիաթի) ու ադաթի հսկայական ազդեցությունը նրանում, նախկինից մնացած արտաքին կապերը, այդ թվում` ֆինանսական հոսքեր ապահովելու գործում, պատերազմի ու հակաահաբեկչական գործողությունների արդյունքում եղած մահերի` բազում ընտանիքներում արմատավորած ատելությունը, որպես ինքնուրույն միավոր չեչեն գրոհայինների ներգրավումը Ուկրաինայում ծավալվող պատերազմական գործողություններում եւ այլ հանգամանքներ վկայում են, որ կովկասյան գործընթացներում այս սուբյեկտի դերակատարությունը շատ բարձր աստիճանի վրա է գտնվում:
Բացի ներկայացված սուբյեկտներից Կովկասում գոյություն ունեն նաեւ սուբյեկտայնության չնչին ներուժ ունեցող էթնիկ խմբեր ու պետական կազմավորումներ, որոնք, սակայն, Կովկասի շուրջ ընթացող քաղաքական տեղաշարժերի ժամանակ այս կամ այն չափով դառնում են գործոններ եւ օգտագործվում տարբեր պետությունների կողմից: Ուստի տվյալ միավորների նշանակությանը պետք է վերաբերել` հենց քաղաքական խաղացողների կողմից օգտագործվելու հեռանկարից ելնելով: Առավել նշանակալից նման միավորների թվում են չերքեզները, լեզգինները, ավարները, թալիշները, Հարավ Օսեթական Հանրապետությունը:
Կովկասում քաղաքական լանդշավտի վրա ազդող գործոնների թվում առանձնահատուկ տեղ ունեն նաեւ իսլամական կրոնաքաղաքական հոսանքները: Եթե սուննիական, սուֆիական ուղղությունները եւ ջաֆարիական կրոնաիրավական դպրոցը Կովկասում ավանդաբար ներկայացված են եղել, ապա Հյուսիսային Կովկասում սալաֆիական ուղղությունը (վահաբականությունը) ոչ վաղ անցյալում խոր արմատներ ձգած երեւույթ է: Այն ռուսական հեգեմոնիայի դեմ ազատագրական պայքար ծավալելու եւ հյուսիսկովկասյան ժողովուրդներին իսլամի դրոշի ներքո միավորելու կարեւոր գործիքներից մեկն է: Վերջին տարիներին Ադրբեջանում, վահաբական արմատական իսլամական կազմակերպություններից բացի, արմատներ էր փորձում ձգել նաեւ չափավոր իսլամական գյուլենական շարժումը, որը սակայն ներկայում դեմ է առել պաշտոնական Բաքվի կոշտ հակազդեցությանը:
Էթնովարչական ու կրոնագաղափարախոսական գործոնների հետ մեկտեղ Կովկասում մշտապես բախվել են տարբեր երկրների ու միջազգային կորպորացիաների տնտեսական շահերը: Կովկասի հանքահումքային պաշարների քաղաքական նշանակության հարցում ավանդաբար առաջնային տեղում եղել են գազանավթային արդյունաբերական շրջաններն ու դրանց արդյունահանման շուրջ կայացվող քաղաքական համաձայնությունները: Վերջին տարիներին ածխաջրածնային պաշարներին գումարվել են նաեւ մետաղական հանքերը: Վերջիններիս տնօրինելու գործում տերությունների կամ վերազգային կորպորացիաների միջեւ ի հայտ է եկել լուռ մրցակցություն: Ապագայում Կովկասում լրջագույն քաղաքական տեղաշարժեր ենթադրվում են նաեւ քաղցրահամ ջրի պաշարների շուրջ հնարավոր շահերի բախման արդյունքում:
Կովկասում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում հիմնական տնտեսական գործոնների թվում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ էներգետիկ-տրանսպորտային տրանզիտ նախագծերն ու երթուղիները:
Կովկասն իրար է կապում Եւրասիայի թե՛ հյուսիսն ու հարավը, եւ թե՛ արեւելքն ու արեւմուտքը: Ընդ որում՝ երկաթգծերի եւրասիական սարդոստայնում 20-րդ դարում Մերձավոր Արեւելքը Կովկասում ուներ երկու պատուհան` Գյումրու եւ Ջուլֆայի երկաթուղային հանգույցները, որոնք Հայաստանի դերը բազմապատիկ անգամ մեծացնում էին: Ներկայումս կառուցվող Աստարա-Ռեշտ-Ղազվին եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծերն արդեն Ադրբեջանի միջոցով իրար կկապեն համապատասխանաբար Ռուսաստանին ու Իրանին եւ Թուրքիային (դեպի Եւրոպա ելքով) ու Կենտրոնական Ասիայի երկրներին (դեպի Չինաստան ելքով): Արդյունքում նշանակալիորեն կմեծանա Ադրբեջանի դերը տարածաշրջանում, բայց միաժամանակ, ռազմաքաղաքական դաշտում կփոքրացնի նրա անկաշկանդ գործելու հնարավորությունները:
Էներգետիկ նախագծերի հարցում հիմնական մրցակցությունն ընթանում է գազային խողովակաշարերի շուրջ: Արդեն մի քանի տարի ԱՄՆ-ն եւ եւրոպական երկրները Հարավային Կովկասի տարածքը օգտագործելու միջոցով փորձում են կենսագործել Ռուսաստանը շրջանցող տարբեր նախագծեր, որոնց ընդհանրական անունն է «Հարավային գազային միջանցք»: Դրա հետ մեկտեղ ռուսական «Հարավային հոսք» գազամուղի նախագիծը տապալելու նպատակով ԱՄՆ կոշտ միջամտությունը բալկանյան երկրների իրավասությանը պատկանող գործերին (ամենավերջին օրինակը Բուլղարիայի հրաժարումն էր այդ նախագծից) նպաստում է Կովկասում մրցակցության եւ հակադրության խորացմանը:
Սակայն հարկ է նկատել, որ ներկա աշխարհաքաղաքական դասավորությունում, երբ Ռուսաստանի առջեւ փակվում են դեպի արեւմուտք կողմնորոշված նրա բոլոր ինտրիգային էներգետիկ պատուհանները (այդ թվում` ուկրաինական), իսկ Իրանին էլ Մերձավոր Արեւելքում լայն ներգրավման դաշտ է հատկացվում, անորոշության է մատնվում ընդհանրապես Ռուսաստանի կողմից իր գազանավթային ծորակը Եւրոպայի դեմ որպես քաղաքական գործիք բարեհաջող բանեցնելու ապագան: Այսօր Իրան-Արեւմուտք բարելավվող հարաբերությունների խորապատկերին կասպիական-կենտրոնասիական էներգակիրների փոխադրման առկա նախագծերի հետ մեկտեղ Կովկասում սկսել են շրջանառվել Իրանից դեպի Եւրոպա էներգակիրների փոխադրման նախնական նախագծեր: Դեպի Կովկաս ուղղված այդ խողովակաշարերի նախագծերն իրենց հերթին լայն հնարավորություններ են բացում Իրանի` այս տարածաշրջանում խաղաղ ներգրավման եւ Ռուսաստանի հետ բնական հակադրության մեջ հայտնվելու համար:
Կովկասում քաղաքական գործոն հանդիսացող երեւույթների թվում կարեւոր արժեք է ստացել նաեւ կովկասյան հանրապետությունների քաղաքական ռեժիմների խնդիրը: Կախված պետական կառավարման մասնակի ժողովրդավարական, ավտորիտար կամ օլիգարխիկ ձեւերից` հատկապես Արեւմտյան տերությունները ճանապարհ են տեսնում տվյալ խնդիրն օգտագործել սեփական ազդեցությունը տարածելու եւ իշխող վարչակազմերի նկատմամբ հանրային ու միջազգային ճնշման լծակներ ստանալու համար: Այս գործոնը հարավկովկասյան հանրապետություններն իրենց հերթին միաժամանակ ծառայեցնում են սուբյեկտայնության չնչին ներուժ ունեցող էթնիկ խմբերի կամ ներկովկասյան հանրային տարբեր խմբերի ու շրջանակների մոտ համակրանք շահելու եւ մրցակցային դիրքեր ապահովելու համար:
Անշուշտ, բացի ներկայացված գործոններից, Կովկասում այս կամ այն չափով դեր են խաղում նաեւ քիչ նշանակալից այլ հանգամանքներ ու երեւույթներ եւս: Սակայն, ներկայացվածը բավարար է աշխարհաքաղաքական բախումների ներկայիս առանցքի վրա տեղ գտնող գործընթացներում ու զարգացումներում Կովկասի դերակատարության աստիճանը եւ ընդհանուր միտումները պակերացնելու համար: