Ղրիմը եւ հրեական հարցը-3
Երկրորդ համաշխարհային պատերազմը Ղրիմի ժողովրդագրական պատկերի եւ տնտեսական կացության վրա հսկայական բացասական ազդեցություն ունեցավ: Ղրիմում ապրող ժողովուրդների բազմազանությունը պատերազմող կողմերին հնարավորություն էր տալիս ռազմական ու քաղաքական տարբեր նպատակներ կյանքի կոչել կամ վնասներ կրել: Հաշվի առնելով երկու կողմերի այդ ժողովուրդներին իրենց ծրագրերում օգտագործելու լայն հնարավորությունները` թե ԽՍՀՄ-ը եւ թե Գերմանիան Ղրիմը թշնամուն թողնելուց առաջ կամ այն նվաճելուց հետո (ազատագրելիս) իրականացնում էին ամբողջական ժողովուրդների տեղահանություններ եւ կոտորածներ:
1941թ. օգոստոսին ԽՍՀՄ ղեկավարությունը կազմակերպում է Ղրիմում բնակվող գերմանացիների տեղահանությունը (մոտ 53 000 մարդ): Նույն թվականի աշնանը գերմանացիների կողմից Ղրիմը օկուպացնելուց հետո թերակղզին զրկվում է իր տասնյակ հազարավոր հրեա բնակիչներից: 1942թ. սկզբին Կերչի թերակղզին Կարմիր բանակի կողմից ժամանակավորապես ազատագրվելուց հետո տեղահանվում է տեղի իտալացիների համայնքը: 1944թ. մայիսին, երբ Ղրիմը արդեն վերջնականապես գտնվում էր Խորհրդային բանակի վերահսկողության տակ, գերմանացիներին օգնելու ու օժանդակելու պատճառաբանությամբ կազմակերպվում է 183 000 թաթարների տեղահանությունը: Իսկ նույն թվականի հունիսին այդ նույն հիմքով նաեւ հայերի (մոտ 10 000 մարդ), բուլղարների (12 000 մարդ), հույների (15 000 մարդ) տեղահանությունը: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նաեւ ավելի փոքրաքանակ ժողովուրդների, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիների թիվը, 1944թ. Ղրիմից աքսորված անձանց թվաքանակը կազմում է 225 000[1]: Առավել խոսուն թիվ է այն, որ եթե 1939թ. Ղրիմի բնակչությունը կազմում էր 1 126 000 մարդ, ապա 1944թ. հոկտեմբերին` ընդամենը 379 000:
Սակայն Ղրիմում ապրող առանձին ժողովուրդների այս բռնագաղթը արդյո՞ք պայմանավորված էր միայն խորհրդագերմանական ռազմաքաղաքական հակամարտությամբ:
«Երկրորդ արշավանքը»
Ղրիմում Հրեական ինքնավար հանրապետություն ստեղծելու ծրագիրը երկրորդ անգամ քաղաքական գործընթացներում ի հայտ է գալիս 1943թ. գարնան վերջում:
Այդ ծրագիրը գործարկելու նախաձեռնությունը ըստ էության հենվում էր նախորդ ծրագրի փորձառության վրա եւ այդ իսկ պատճառով նրա քաղաքական-գաղափարախոսական հիմնավորման համար չկար ոչ մի խոչընդոտ: Տվյալ խնդրով զբաղված ուսումնասիրողների մի մասը գտնում է, որ այն Ստալինի կամ ԽՍՀՄ ղեկավարության մյուս կարկառուն դեմքերի մտահղացումն էր: Ըստ այն ուսումնասիրողների, ովքեր ծրագրի վերագործարկման հեղինակ են ճանաչում Ստալինին` դրա կենսագործումը պայմանավորում են ԱՄՆ-ի եւ հատկապես հրեական ֆինանսական շրջանակների հետ քաղաքական գործակցություն ծավալելու ԽՍՀՄ հրամայականով` նպատակ ունենալով պատերազմում հաղթելու եւ պատերազմի պատճառով ավերված առանձին տարածքներն ու տնտեսությունը վերականգնելու համար ներգրավել օտարերկրյա հրեական կապիտալը: Ըստ այլ ուսումնասիրողների` նախաձեռնության հեղինակները Մոլոտովն ու ԽՍՀՄ մյուս ղեկավարներն էին, ովքեր խնդիր ունեին լուծել պատերազմի ընթացքում Արեւելյան Եւրոպայից եւ ԽՍՀՄ օկուպացված տարածքներից փախստական դարձած բազմամիլիոնանոց հրեաների սոցիալական, տնտեսական, ազգային խնդիրները:
Մի այլ խումբ են կազմում այն ուսումնասիրողները ովքեր գտնում են, որ այդ նախաձեռնությունը գալիս էր կոնկրետ հրեական ազգային շրջանակներից, ովքեր պատերազմի ընթացքում հրեաների բնաջնջման կամ հալածանքների ենթարկվելու դրվագներն աչքի առաջ ունենալով` հարմար էին գտնում ԽՍՀՄ ղեկավարության առջեւ կրկին բարձրացնել առանձին ինքնավարություն ունենալու իրենց ցանկությունը: Ամեն դեպքում տասնամյակների հեռավորությունից տեսանելի է, որ այդ ծրագրի վերագործարկման համար կային տարբեր շահառուներ, ովքեր իրենց հետապնդած նպատակների համար պատրաստ էին գործակցել միմյանց հետ:
Ծրագրի վերագործարկման ընթացքում որպես գործող հիմնական սուբյեկտներ հանդես են գալիս ԽՍՀՄ մշակույթի եւ գիտության հրեա առանձին գործիչներն ու նրանց ղեկավարած Հրեական հակաֆաշիստական կոմիտեն:
1943թ. այդ կոմիտեի նախագահ Միխոելսը եւ հրեա պոետ Ֆեֆերը (ով միաժամանակ նաեւ խորհրդային հատուկ ծառայությունների աշխատակից էր) Գերմանիայի դեմ ԽՍՀՄ պատերազմում արտասահմանի հրեական տարբեր շրջանակների ֆինանսական ու բարոյական օգնությունը կազմակերպելու նպատակով մեկնում են երկարատեւ (յոթամսյա) շրջագայության ԱՄՆ, Մեքսիկա, Կանադ եւ Մեծ Բրիտանիա: Սակայն, բացի պատերազմում կոնկրետ ու առարկայական օգնությունից, ինչպես պնդում է Գենադի Կոստիրչենկոն` «…1943թ. ամռանը գալով ԱՄՆ` Միխոելսը եւ Ֆեֆերը ստացել էին Մոլոտովի թույլտվությունը ամերիկյան սիոնիստների հետ վարել բանակցություններ` Ղրիմից նացիստներին վտարելուց հետո այնտեղ հրեաների վերաբնակեցման համար նյութական օժանդակություն հատկացնելու շուրջ»[2]:
ԱՄՆ-ում ուղեւորության կոորդինացումը իրականացնում էր խորհրդային հետախուզության ռեզիդենտ Զարուբինը: Վերջնս մինչ այդ ուղեւորությունը վստահելի անձանց միջոցով կարողացել էր դրական նախատրամադրություններ փոխանցել հատկապես ԱՄՆ հրեական գիտական շրջանակներին` ԽՍՀՄ-ում հրեաների անվտանգության եւ բնականոն կենսագործունեության հետ կապված: Հենց այդ ժամանակ է, որ այնպիսի կարկառուն հրեա գիտնականներ, ինչպիսիք էին Ռ. Օպենգեյմերը եւ Ա. Էյնշտեյնը, ծանոթացել էին պատերազմից հետո Ղրիմում հրեական ինքնավար հանրապետություն կազմավորելու Ստալինի ծրագրի հետ եւ ոգեւորված այդ ամենից դարձել էին ԽՍՀՄ-ի հետ մերձեցման առաջամարտիկները:
1943թ. հուլիսի 16-ի իր համարում «Պրավդա» թերթը հայտնում էր` «Սոլոմոն Միխոելսը եւ Իցիկ Ֆեֆերը Չիկագոյից ստացել են հաղորդագրություն, որ «Ջոյնթ»-ի հրավիրած հատուկ խորհրդաժողովը սկսել է արշավ, որպեսզի ֆինանսավորի հազար հատ սանիտարական մեքենաների ձեռքբերումը Կարմիր բանակի կարիքների համար»: Հրեական, այդ թվում սիոնիստական կապիտալի ներգրավման համար գործի էին դրված բոլոր լծակները, քաղաքական, ֆինանսական, գիտական կապերն ու գաղափարական հիմնավորումները: Միաժամանակ հրեաների կողմից կար ամենաբարձր մակարդակով կրկին պայմանավորվելու մեծ ցանկություն ու նախաձեռնողականություն: Այդ շրջագայության արդյունքում Խորհրդային զինված ուժերի համար Հրեական հակաֆաշիստական կոմիտեն կարողանում է հանգանակել ԱՄՆ-ից 16 միլիոն դոլար, Անգլիայից` 15 միլիոն, Մեքսիկայից` 1 միլիոն, Պաղեստինից` 750 000 եւ այլն:
Պատվիրակության օտարերկրյա հրեական տարբեր շրջանակների հետ պայմանավորվածություններից եւ բարեհաջող վերադարձից հետո, Միխոելսին ընդունում է Մոլոտովը: Ուսումնասիրողները համակարծիք են, որ այս հանդիպման ժամանակ է Մոլոտովը ակնարկել խորհրդային հրեաների անունից Ղրիմում ինքնավար հանրապետություն ստեղծելու խնդրանքով ԽՍՀՄ ղեկավարությանը դիմելու հարմար ժամանակի մասին: Կան ուսումնասիրողներ, ովքեր գտնում են, որ Մոլոտովի ակնարկը կատարվել է հենց Ստալինի ցուցումով, չնայած նրան, որ այդ դիմումը հասցեատիրոջը հասնելու առումով հետագայում անորոշ ճակատագիր ունեցավ[3]:
1944թ. հունվարին հրապարակախոս ու գրաքննադատ Էպշտեյնն (ով Հրեական հակաֆաշիստական կոմիտեի պատասխանատու քարտուղարն էր, բայց ինչպես Ֆեֆերը, նաեւ խորհրդային հատուկ ծառայությունների աշխատակիցը) ու Ֆեֆերը կազմում են Ստալինին ուղղված գրության նախագիծը, որը հավանության է արժանանում Միխոելսի եւ ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմի` Մոլոտովի տեղակալ հրեա քաղաքական գործիչ Լոզովսկու կողմից: «Ղրիմի մասին գրություն»-ը Ստալինի քարտուղարությանն է հանձնվում 1944թ. փետրվարի 15-ին: Այն ստորագրել էին Հրեական հակաֆաշիստական կոմիտեի ղեկավարությունը` Միխոելսը, Էպշտեյնը եւ Ֆեֆերը: Սակայն, մտավախություն ունենալով, որ այդ գրությունը Ստալինի սեղանին չի դրվի, մեկ շաբաթ անց նույն գրությունը Լոզովսկու միջոցով այս անգամ արդեն հասցեագրում են Մոլոտովին` հույսով, որ նա այն քննարկման կներկայացնի ԽՍՀՄ պետական կառավարման բարձրագույն ատյաններում:
Գրության մեջ մատնանշվում էր հրեաների վիճակը մինչ պատերազմը եւ պատերազմի ընթացքում տեղի ունեցած արհավիրքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերմանացիների կողմից գրավված տարածքներում հրեական բնակավայրերը դարձել էին զանգվածային գերեզմաններ, իսկ փրկվածները սփռվել էին ողջ երկրով մեկ, նպատակ ունենալով խթանել հրեա ազգաբնակչության տնտեսական աճն ու զարգացումը Խորհրդային Հայրենքիում` դիմումի հեղինակները նպատակահարմար էին համարում հետպատերազմյան այլ խնդիրների հետ մեկտեղ դնել նաեւ ԽՍՀՄ-ում Հրեական խորհրդային սոցիալիստական հանրապետություն ստեղծելու հարցը: Ըստ հեղինակների, այդ նպատակով ամենից հարմարը Ղրիմի տարածքն էր, որը ուներ թե բնակչության մեծ ներգաղթ ընդունելու հնարավորություն եւ թե ազգային շրջաններում հրեաների հաջող զարգացման փորձ[4]:
Ստալինին ուղղված գրությունը, առանց ինչ-որ մեկին դիմումի վրա վերահասցեագրման, հայտնաբերվել է արխիվում: Հայտնի է նաեւ, որ Մոլոտովին ուղղված մյուս գրությանը ծանոթացել են ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության այլ անդամներ: Երկու գրություններն էլ նույն այդ ժամանակ թողնվել են առանց քննության: Սակայն դիմումը առանց քննության թողնելու հանգամանքը եւ «հրեական հարցով» Ստալինի նոր ցուցումների բացակայությունը դեռեւս չեն վկայում այդ փուլում խնդիրը կրկին սառեցնելու Ստալինի ցանկության մասին: Ընդհակառակը հետագա դեպքերը եւ, հատկապես, ԱՄՆ բարձրագույն ղեկավարության ու դիվանագիտական կորպուսի այդ խնդրում ներգրավվելու փաստերը վկայում են, որ Ղրիմի հետ կապված «հրեական հարցը» Արեւմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Ստալինի համար ծառայել է որպես կարեւորագույն քաղաքական մեխանիզմ` այլ հարցերում առավելություններ ստանալու համար:
Հրեա ազգային գործիչների կողմից գրության կազմման եւ հասցեատերերին ուղարկելու ժամանակ Ղրիմը դեռեւս ազատագրված չէր: Այն ազատագրվեց երկու-երեք ամիս անց` 1944թ. ապրիլ-մայիսին: Սակայն դա չէր խանգարում, որ գրության կազմման շրջանում ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպան Հարիմանը Մոսկվայում մասնավոր զրույցներում ու կուլիսային հանդիպումներում արդեն քննարկումներ ծավալեր Ղրիմում հրեական հանրապետություն կազմավորելու եւ ԱՄՆ ֆինանսիստների այդ խնդրում օժանդակելու շուրջ: Միխոելսի եւ Ֆեֆերի ԱՄՆ այցից եւ սիոնիստական տարբեր շրջանակների հետ պայմանավորվածություններից հետո (հայտնի է, որ նրանք հանդիպել էին նաեւ հրեա հայտնի քաղաքական գործիչ, ապագա Իսրայել պետության առաջին նախագահ Խ. Վեյցմանին[5]) Ղրիմի հետ կապված «հրեական հարցը» դարձել էր նաեւ ԱՄՆ արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներից մեկը: Եւ կարելի է հավատ ընծայել այն տեղեկությանը, որ ընդամենը երեք ամիս հետո, երբ դեռ մի քանի օր էր ինչ ազատագրվել էր Ղրիմը, թաթարների, հայերի, հույների ու մյուս ժողովուրդների 225 000-անոց բռնագաղթը հետեւանք էր ոչ միայն (ոչ այնքան) Ֆաշիստական Գերմանիայի հետ այդ ժողովուրդների համագործակցության, այլ նաեւ (որքան)` հրեաների վերաբնակեցումը առանց խոչընդոտների իրականացնելու համար Ղրիմի տարածքը այլ ժողովուրդներից ազատելու շուրջ 1943թ. նոյեմբերի վերջին Թեհրանում կայացած կոնֆերանսում ԱՄՆ նախագահ Ռուզվելտի եւ Ստալինի միջեւ կայացած համաձայնության:
Այս տեղեկությունը գալիս է Միլովան Ջիլասից` Հարավսլավիայի փոխնախագահից, ով Իոսիպ Բրոզ Տիտոյի հետ ԽՍՀՄ գաղտի այցելության ընթացքում (հավանաբար պատերազմի վերջում) մասնավոր զրույցի ժամանակ հարցրել էր Ստալինից, թե ինչու 1944թ. գարնանը Ղրիմից արտաքսվեցին թաթարները: Նրա խոսքերով, Ստալինը վկայակոչել էր Ռուզվելտի առջեւ ստանձնած իր հանձնառությունը` Ղրիմը մաքրել հրեա վերաբնակիչների համար: Այստեղ հարկ է նկատել, որ համաձայն 1992-1994թթ. Ռուսաստանի մամուլի եւ տեղեկատվության նախարար Միխայիլ Պոլտորանինի` հենց ինքը Ռուզվելտը մեկն էր այն ամերիկացիներից, ով դեռեւս 1930-ական թթ.` հրեական «առաջին արշավանքի» ժամանակ, գնել էր ԽՍՀՄ թողարկած «ղրիմյան» ակցիաներից: Այդ ակցիաները ԽՍՀՄ-ը թողարկել էր «Ջոյնթ»-ի ֆինանսական օգնությանը որպես երաշխիքային փոխհատուցում` Ղրիմի 375 000 հեկտար գրավադրված հողի դիմաց[6]:
[2] Костырченко Г. В. Тайная политика Сталина. Власть и антисемитизм. М.: Международные отношения, 2001, с. 429.
[5] Այդ մասին տես, օրինակ, ԽՍՀՄ պետանվտանգության նախարար Իգնատեւի ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Մալենկովին ուղղված նամակում http://www.pseudology.org/Veizman/Pismo_Ignatiev.htm
[6] Как Крым чуть не стал Израилем, "Аргументы и Факты", №43, 2008 г., http://www.aif.ru/society/history/6856