Թուրքիա-Ռուսաստան. թեւութիկունք եղբայրություն
Նախորդ տարիներին ուկրաինական դեպքերը Ռուսաստանի ու Թուրքիայի համար երկկողմ հարաբերությունների սերտացման մի նոր փուլի հիմքը դրեցին: Թվում էր, թե երկու երկրներն անցնելու են փորձությունների մի ուղով, որում հնարավոր մարտահրավերները մեծ հարցեր կարող էին առաջացնել: Ռուս-վրացական հակամարտությունից հետո հետաքրքիր էր հետեւել պաշտոնական Անկարայի վարքին, երբ նրա ավանդական ակնկալիքների գոտում` Ղրիմում, ծավալվում էին Թուրքիայի շահերին հակասող ռազմաքաղաքական գործընթացներ:
Ուկրաինան, իր աշխարհագրական դիրքից ելնելով, Կովկասի հետ միասին Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի հատման հիմնական թատերաբեմերից է: Սեւ ծովում այլ տերությունների ներկայության, Ղրիմի շուրջ դարավոր մրցակցության խնդիրները ուկրաինական ճգնաժամի ընթացքում ստեղծում էին մտայնություններ առ այն, որ երկու տերությունները, ելնելով կենսական շահերի հատման ու սեփական ազդեցությունների ծավալման հանգամանքներից, հայտնվելու են կոշտ մրցակցության մեջ: Սակայն կրկնվեց 2008թ. ռուս-վրացական կոնֆլիկտի արդյունքում ձեւավորված «սցենարը»: Թուրքիան լոյալ դիրք գրավեց Կրեմլի` Ղրիմը Ռուսաստանի կազմ ընդգրկելու գործընթացի նկատմամբ, իսկ հետագայում պրոուկրաինական իր բոլոր նախաձեռնությունները սկսեց ծառայեցնել միմիայն մի կուրսի հաջողությանը` Ռուսաստանին դեպի փոխշահավետ երկկողմ հարաբերությունների դաշտ հակելուն եւ իր տնտեսական ու քաղաքական ծրագրերի կենսագործմանը ծառայեցնելուն:
Իհարկե այդ գործում Ռուսաստանը նույնպես կարողացավ ստանալ կոնկրետ շահաբաժիններ, քանզի իբրեւ մերձեցման այդ կուրսի շահառու, Թուրքիայից ավելիին ակնկալելու հիմքեր էր ստանում: Արդյունքում Կովկասում ու Ուկրաինայում Ռուսաստանի ազդեցության վերականգնման (ծավալման) քաղաքականությունը չունեցավ այնպիսի դիմադրություն, ինչպիսին կարող էր լինել, եթե Թուրքիան հաներ դեպի սեւծովյան տարածաշրջան այլ տերությունների ներգրավման հարցում եղած կոմունիկացիոն արգելքները:
Հարկ է նկատել, որ երկու տերությունների` Թուրքիայի ու Ռուսաստանի համար, միջանկյալ սեւծովյան-կասպիական մեծ ավազանում ծագող տարածաշրջանային կոնֆլիկտներն, այսպիսով, 2008թ. մինչ օրս, ծառայում են իբրեւ երկու երկրների մերձեցման գրավական: Ու այդ համատեքստում, երկուստեք խնդրահարույց ինչ-որ հարցի ի հայտ գալը կարծես թե կարեւոր ցուցիչ կարող էր դառնալ երկու երկրների կապերի ամրության աստիճանը հասկանալու համար: Նման հարցը երկու տերություններին եթե կանգնեցներ ինչ-որ էական խնդրի առաջ, ապա կծառայեր իբրեւ վերջնական մի փորձություն` առկա մերձեցման քաղաքականության կենսունակությունը ստուգելու գործում:
Նախորդ տարիներին նման մի հարց` Սիրիայի շուրջ զարգացումներում եղած անհամաձայնությունները, արդեն իսկ որոշակի անհանգստություններ պատճառել էին երկու երկրներին: Սակայն, Իրանի հետ Արեւմուտքի համաձայնությունների խորապատկերին` Իրանի դաշնակից Սիրիայի հարցում մտնել ինչ-որ անպետք հակադրության մեջ, այն դեպքում, երբ Մերձավոր Արեւելքում ռուսական եւ թուրքական ներկայության համար այլեւս ոչ մի «ոտատեղ» չկա, գրեթե խելագարության կամ հիմարության պես մի բան կարող էր լինել Ռուսաստանի ու Թուրքիայի համար: Ուստի Սիրիայի հարցում եղած հակասությունները միանգամից օրակարգից դուրս մնացին, երբ Ժնեւում ուրվագծվեց Իրանի հետ արեւմտյան տերությունների երկարատեւ փոխգործակցության հեռանկարը:
Երկու տերությունները լիարժեքորեն նշված փորձությանը դեմ հանդիման հայտնվեցին միայն այս տարվա ապրիլ ամսին: Մասնավորապես ռուսական քաղաքական վերնախավը էական երկընտրանքի առաջ կանգնեց Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի՞ն, թե՞ Գալիպոլիի ճակատամարտի կապակցությամբ Թուրքիայում անցկացվող միջոցառումներին մասնակցելու որոշում կայացնելիս: Ի վերջո ընտրությունը կանգ առավ ՌԴ նախագահ Վ. Պուտինի Երեւան այցելելու, եւ ցեղասպանության զոհերի հիշատակը անձամբ հարգելու քաղաքական նպատակահարմարության վրա:
Պուտինի երեւանյան այցը եւ ռուսական պաշտոնական ու մերձկառավարական շրջանակների կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության շուրջ արված հայտարարություններն ու միջոցառումները արժանացան Անկարայի բավական կոշտ արձագանքին: Սկզբում Թուրքիայի ԱԳՆ-ն, իսկ օրեր անց նաեւ նախագահ Էրդողանը մի «անդրադարձ» կատարեցին Ռուսաստանի պատմությանը: Առաջինը խորհուրդ տվեց հայացք ձգել սեփական պատմությանը, որտեղ «քիչ չեն այն դրվագները, որոնք ընկնում են «ցեղասպանություն» հասկացության տակ», իսկ երկրորդը Ռուսաստանին կոչ արեց «հիշել Ղրիմի մասին»:
Աչքի առաջ ունենալով Էրդողանի` աշխարհի հետ հարաբերվելու քաղաքական մշակույթն ու այլ գործընթացների նկատմամբ նախորդ նմանատիպ արձագանքները` կարելի է ասել, որ միջազգային հանրության համար ինչ-որ առումով սպասելի էր պաշտոնական Անկարայի նման պատասխանը: Ուստի, հիմնական քաղաքական ինտրիգը կայանում էր այլ բանում: Այն է` թե մինչեւ ուր կարող է հասնել Թուրքիայի հակազդեցությունը. արդյո՞ք նախագահ Էրդողանի շուրջ խմբված ժամանակակից թուրքական պետական վերնախավը պատրաստ է ռուս-թուրքական ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունները զոհել հանուն «ազգային արժանապատվության» վերականգնման:
Պետք է նկատել, որ ապրիլյան զարգացումներից դեռեւս չորս ամիս առաջ` դեկտեմբերի 1-ին, Էրդողանը մեծ հանդիսավորությամբ ընդունել էր պաշտոնական այցով Անկարայում գտնվող Պուտինին: Բացի կնքված ութ փաստաթղթերից ու տնտեսական փոխշահավետ նախագծերի շուրջ պայմանավորվածություններից, որոնց թվում կարեւոր ձեռքբերում էր «Թուրքական հոսք» գազատարը, Պուտինը մի նպատակային քայլ էր արել` Թուրքիային աներկբայորեն անվանելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակից:
Ընդամենը չորս ամիս հետո ռազմավարական դաշնակիցները միմյանց հետ արդեն խոսում էին սեփական պատմության հետ առերեսվելու եւ «ցեղասպանություն» հասկացության տակ ընկած պատմական դրվագները հիշելու մասին: Սակայն, բացի անցյալի հետ կապված երկուստեք մեղադրանքներից, որոնք ըստ էության նույնասեռ «թիրախներին» էին ուղղված` մի կողմից հայկական, իսկ մյուս կողմից թուրքական ազգայնական շրջանակներին, կարեւոր էր հասկանալ թե կոնկրետ ինչ այլ հետեւանքների կբերեր Հայոց ցեղասպանության հարցը երկկողմ հարաբերություններում:
Հենց այստեղ է, որ ապրիլի 24-ից հետո ծավալված զարգացումներում հստակ նշմարվեց մի հստակ ուղենիշ, որին անշեղորեն հետեւում էին երբեմնի ախոյան երկու տերությունները նաեւ նախորդ մի քանի տարիներին: Բոլոր այն ձեռնարկումները, որոնք միմյանց համար քաղաքական ու տնտեսական շահ էին ենթադրում եւ դուրս էին գտնվում երրորդ կողմերի հետ ունեցած նրանց փոխգործակցության ֆորմատից հետապրիլքսանչորսյան միամսյակում մնացին անփոփոխ: Այսպես, ոչինչ չխաթարեց որպեսզի ռուսական կողմի հետ համատեղ ավարտին հասցվի «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման նախապատրաստական աշխատանքները, շարունակվի բանակցությունները «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման եւ այլ ատոմակայանների շուրջ, ստեղծվի միասնական ձեռնարկություն` Հունաստանի սահմանի մոտ գտնվող Էդիրնե շրջանում գազը պահեստավորելու համար եւ այլն:
Ի՞նչ քաղաքական կուրս է սա: Չէ որ Պուտինի պրոհայկական քայլերից ու հայտարարությունից հետո չնայած Էրդողանի սպառնալիքներին, բայց ամեն դեպքում պաշտոնական Անկարան Մոսկվայից իր դեսպանին հետ կանչելու նախաձեռնությունը այդպես էլ չկենսագործեց, այն դեպքում, որ նույն հարցի համատեքստում Թուրքիան հետ էր կանչել Վիեննայում, Վատիկանում եւ Լյուքսեմբուրգում իր դեսպաններին:
Կարելի է արձանագրել, որ թուրքական խոցված ներկայիս «արժանապատվությունը» ունի կոնկրետ մի սահման. այն չի անցնում ռազմավարական այն սահմանագծերը, որոնք կապված են թեկունքի ամրության հետ: Երկու տերությունների համատեղ շփման գիծն ու ազդեցության ծավալման միջանկյալ տարածքները Ռուսաստանի եւ Թուրքիայի ժամանակակից պատմության համար ռազմավարական գործակցության հիմնարար գործոնի են վերածվել եւ անվանվում են մի բառով` թիկունք: Զուր չէ, որ Էրդողանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խնդրին, նշել էր` «Մենք շատ ընդհանրություն ունենք Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվան եւ ողջ աշխարհը պետք է հասկանան, որ այդ հարցը մեզ համար ունի հատուկ նշանակություն»։ Ընդհանրություններ ունեցող երկու երկրների համար սեւծովյան-կասպիական ավազանը թիկունք է, որը պետք է ամեն գնով պահել: Իսկ հատուկ նշանակության հարցերի համար կարելի է շատ կոշտ պատասխանել, բայց ոչ երբեք գործնական քայլերի դիմել`փոխգործակցությունը նվազեցնելու համար:
Ապրիլի 24-ին հաջորդած միամսյակում ծավալված զարգացումները վկայում են, որ Հայոց ցեղասպանության հարցը ռուս-թուրքական հարաբերություններում «բարեհաջող» ավարտել է իր «առաքելությունը»` երկու երկրների միջեւ եղած լարվածությունն արդեն անցյալում է, քննություն է բռնել ռազմավարական դաշնակցության ամրությունը որոշող գլխավոր փորձությունը: Եւ հետեւելով առանձին քաղաքագետների բնորոշումներին` կարելի է տարբեր ֆորմատներ առանձնացնել ռուս-թուրքական ներկայիս ռազմավարական գործակցությունը բնութագրելու համար, ինչպես` «մրցակցային գործընկերություն» կամ «հարկադրված մերձեցում» եւ այլն: Սակայն, կարծում ենք «թեւութիկունք եղբայրությունը» Բյուզանդական կայսրության այդ երկու ժառանգորդներին առավել բնութագրական կլիներ: