статьи

Պատերազմի աստվածը հաղթանակի համար մեզանից նոխազներ է ուզում

Օրեր առաջ Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը, ի պատասխան այն հարցին, թե Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ՊՆ երեք գեներալներ ազատվեցին աշխատանքից, արդյոք դա բավարար քայլ չէ՞ զգոնության, լրջության մեկնարկի համար, հայտարարել էր․

«Այն չէ, որ կարելի է հրամանագրեր գրել եւ ազատել ինչ-որ մարդկանց պաշտոնից։ Եթե այդ մարդիկ ինչ-որ մեղք ունեն, ապա ի՞նչ է նշանակում ազատել պաշտոնից: Պետք է քրեորեն հետապնդելի առարկաներ դառնան: Եթե այդ մարդիկ իսկապես զինվորի արյունով հաց կամ գումար են վաստակել, դրանք մարդ չեն, դրանք առարկա են կամ իր են: Մենք պետք է համապատասխան օրենքով պատժենք նրանց»։

Այս հայտարարությունը թվում է, թե զգուշացում էր բոլոր նրանց համար, ովքեր տարիներ շարունակ թալանել են բանակը եւ երբեք չեն մտահոգվել, որ պետության ու ժողովրդի անվտանգությունը թուլացնելու համար պատասխանատվության կենթարկվեն։ Սակայն հույս ունենալ, որ երբեւէ սրիկան կհասկանա իր վարքի հակահանրային բնույթը, կամ կոռուպցիայի մեջ հմտացածը կհրաժարվի հեշտ հարստանալու սովորությունից անտեղի է։ Բանակում հսկայական ֆինանսական, նյութական միջոցներ են շրջանառվում: Եւ այդ համակարգի փակ բնույթը «ջերմոցային» պայմաններ է ստեղծում, որ ամեն տեսակ պարազիտներ ինտենսիվ կերպով բազմանան պետության համար կենսական այդ օրգանիզմում։ Պետության անվտանգության դեմ ուղղված այնպիսի արարքներ, ինչպիսիք են դուրսգրումները, հավելագրումները, «ատկատները», մսխումները, կաշառքը, գողությունը դարձել են մեր բանակի խոցը։ Բանակում բնավորված հրեշն անգամ ներկայիս պատերազմական պայմաններում ուտում է ոչ միայն նրա նյութական բարիքները, այլ նաեւ՝ որպեսզի հեշտ մարսի կերածը՝ խմում է զինվորների արյունը։

Ապրիլի 25-ին Իջեւանի զորամասերից մեկի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային երկու վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող, 18-ամյա Հովհաննես Պետրոսյանը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Սակայն Հովհաննեսի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը, բացառում է ինքնասպանության վարկածը: Եւ այդ կապակցությամբ ունի լրջագույն հիմքեր։ Ըստ նրա՝ «Առաջին օրն էլ մասնագետները եկան, իմ ներկայությամբ բացառեցին ինքնասպանության վարկածը՝ ելնելով իր դիրքից, հրացանի դիրքից, բացի այդ՝ գլխի շրջանում ստացած երկու կրակոցից է մահացել, ոնց կարա երկու տեղ խփելով ինքնասպան լինի»։

Բացի դեպքի կոնկրետ հանգամանքներից ու առկա ապացույցներից, ինքնասպանության վարկածը մերժվում է նաեւ այն փաստից ելնելով, որ զինվորի մահվան կապակցությամբ գոյություն ունի նրան սպանելու կոնկրետ շարժառիթ։ Ըստ այդմ՝ Հովհաննեսը կարող էր սպանվել բանակի թալանի դեմն առնելու իր սկզբունքայնության արդյունքում։ Զինվորի հայրը պատմում է, որ դեպքից որոշ ժամանակ առաջ նրա որդին իրեն հայտնել էր՝ «պապա, գողություն են անում, ընկել են ոտիս հետեւից: Կալոնկեն փակել եմ, ֆռֆռում ա, չի կարում բենզին գողանա, մանթո նայում ա դեմքիս: Ասեց՝ պապ, ավտոս կգնա պազիցիա կմտնի, կմնամ առանց բենզինի, կխփեն»։

Նման դեպքերը մեր բանակում նորություն չեն։ Վերջին քսան եւ ավելի տարիների ընթացքում բանակում ըստ պաշտոնական տվյալների տեղի են ունեցել հարյուրավոր ինքնասպանություններ։ Դրանց գերակշիռ մասով հանրությունը միշտ կասկածներ է ունեցել, որ կատարվել է զինվորների սպանություն եւ ոչ թե ինքնասպանություն։ Այսօր զինվորի ինքնասպանության ցանկացած դեպք հանրության մոտ միանգամից կասկածների տեղիք է տալիս, քանզի մարդիկ համոզված են, որ իրենց մշտապես խաբում են։ Մարդկանց մոտ չկա այն վստահությունը, որ յուրաքանչյուր նոր դեպքով մատուցվում է ճշմարտությունը։

Մարդաթափ եղած երկրում զինվորների մահվան դեպքերն ու բանակի նյութական միջոցների թալանն ազդում են պետության պաշտպանունակության վրա։ Սակայն մեր անվտանգությանը նույնքան մեծ վնաս է հասցնում հանրային այն անվստահությունը, որը գոյություն ունի զինվորական հանցագործությունների կապակցությամբ կատարվող հետաքննության, նախաքննության ու դատաքննության նկատմամբ։ Երբ խոսում ենք ժողովրդի ու նրա մասնիկը կազմող զինվորի մարտունակ ոգու մասին, ապա գործ ունենք մարդկային որոշակի հոգեվիճակի հետ։ Բանակի նկատմամբ հանրային վստահությունը կազմում է մարտական ոգու ամուր հիմքը։ Վերջինս ձեւավորվում է նաեւ բանակում առանձին դեպքերի, իրադարձությունների պաշտոնական մեկնաբանությունները կասկածի ենթարկելու հիմքերի բացակայությամբ։ Եւ ընդհակառակը՝ պետության կարեւորագույն ինստիտուտի՝ բանակի նկատմամբ ցանկացած տեսակի անվստահություն ուղղակի ազդեցություն է գործում մարտական ոգու վրա՝ նրան տանելով անկման։

Ներկայումս ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ այլեւս հնարավոր չէ թաքցնել բանակի մարդկային, նյութական ռեսուրսների ու մեր ժողովրդի սրտում հոգեբանական ավերածությունների փաստը։ Քանի դեռ պատերազմի շունչը մեր ականջներն է շոյում, անվտանգ ու ապահով ապրելու պահանջմունքը ստիպում է օր առաջ ազատվել բանակի մեջ բուն դրած պորտաբույծներից։ Սակայն զբաղեցրած պաշտոններից մի քանի գեներալի ազատելու օրինակներով ընդամենը թոզ է փչվում մեր աչքերին։ Դրանք պատասխանատվության կանչելու օրինակներ չեն, այլ միայն՝ դեպքերը կոծկելու ու ժողովրդական ցասումը թույլ չտալու։

Հույս ունենալ, որ երբեւէ բանակի, առավել եւս պետության ղեկավարությունը ի վերջո լուծում կտա Հայաստանի անվտանգությանը սպառնացող ներքին խնդիրներին՝ կարճամտություն է։ 18-ամյա Հովհաննես Պետրոսյանի մահվան դեպքը վկայում է, որ անգամ լայնամասշտաբ պատերազմի վտանգը չի սթափեցնում ինչպես բանակում բուն դրած պարազիտին, այնպես էլ՝ բանակի ղեկավարությանը։ Այստեղ վիրաբուժական մոտեցում է պետք, քանզի այդ ղեկավարությունը շատ դեպքերում նույն պարազիտ օրգանիզմի մի մասն է կազմում։ Գեներալ Բալասանյանի խոսքը այսօր արժեքավոր է նրանով, որ բոլորիս ուշադրությունն է հրավիրում զինվորի արյան գնով սեփական թալանը կազմակերպած պարազիտներին պատժի ենթարկելու անհրաժեշտության վրա։ Ովքե՞ր պետք է պատժեն պարազիտին, այն դեպքում, որ ոչ գործող վարչախումբը եւ ոչ էլ ռազմական ղեկավարությունը չեն ցանկանում դա անել։ Արտաքին թշնամու դեմ պայքարում զինվորը ամուր պաշտպանում է մեզ, սակայն ներքին թշնամու դեմ պայքարում մենք չենք կարողանում պաշտպանել զինվորին։ 18-ամյա Հովհաննես Պետրոսյանը իր սկզբունքային կեցվածքով փորձել է ամրացնել, առավել անվտանգ դարձնել սահմանագիծը ու հատուցել է կյանքով։ Մենք՝ քաղաքացիներս, ինչպե՞ս ենք հատուցում ներքին թշնամուն, ինչպե՞ս ենք լուծում Հովհաննեսի վրեժը։ Քանի դեռ պատասխանատվության չի կանչվում ու պատժի չի արժանանում ներքին թշնամին, սպասել, որ արտաքին թշնամու դեմ պայքարում սահմանին էական հաջողություններ կունենանք՝ անտեղի է։ Զինվորին, ով պայքարում է արտաքին թշնամու դեմ, սակայն արդեն տարիներ շարունակ գտնվում է ներքին թշնամու հարվածների տակ մեր իսկ մեղավորությունն է։ Եւ այդ մեղքերի թողության համար, որպեսզի երկրում խաղաղություն լինի ու արտաքին թշնամին չհամարձակվի պատերազմել մեր դեմ, այսօր պահանջվում է քավության խոշոր նոխազներ «զոհաբերել» պատերազմի աստծուն։ Միայն այդ կերպ կմաքրվենք բոլորս մեր պարտականությունը չկատարելու ու անգործություն ցուցաբերելու մեղքերից։ Հենց այդ կերպ բանակում կկանգնեցվի ինքնասպանությունների, «ատկատների», թալանի շարանը, ի հայտ կգան գումարներ զենք ու սպառազինություն գնելու համար, կվերականգնվի վստահությունը բանակի ղեկավարության նկատմամբ։

Սակայն առայժմ չգիտես ինչու ստիպված ենք գոհ լինել բանակից երեք գեներալների ազատ արձակման փաստով, ովքեր ըստ ամենայնի նմանապես գոհունակությամբ վայելում են տարիներով իրենց թալանածը։