статьи

«Теперь, когда тюркские народы стали независимыми, пантюркизм стал опасным для Соединенных Штатов».

2012-10-19

ԱՄՆ-ի հետազոտական և վերլուծական կենտրոնները տասնամյակներ շարունակ ակտիվորեն քարոզել են պանթյուրքիզմի գաղափարները, բայց հիմա պանթյուրքիզմը դիտարկվում է ոչ թե որպես աշխարհաքաղաքական դոկտրին, այլ որպես մշակութային ցանց: ԱՄՆ-ը ծրագրեր չունի ստեղծելու միասնական թյուրքական պետություն` Թուրքիայի գերիշխանությամբ, այլ շահագրգռված է Կենտրոնական Եվրասիայի նորանկախ պետությունների ինքնիշխանության պաշտպանությամբ, միաժամանակ հնարավոր համարելով ինտեգրված տնտեսական և մշակութային-լեզվական տարածության ստեղծումը, որն ունենար շահերի ընդհանրություն, այդ թվում` ընդհանուր ռազմավարական հակառակորդների: Ինքնըստինքյան պանթյուրքիզմը որպես մշակութային ցանց նույնպես խիստ վտանգավոր է և բնավ հիմնավորված չէ ո՛չ պատմականորեն, ո՛չ մշակութային առումով, ո՛չ տնտեսապես, ո՛չ անվտանգության տեսակետից: Պանթյուրքիզմին հասցված ուժեղ հարված եղավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ստեղծումը, որը ներառում է թյուրքական երկու պետություն` Ղազախստանն ու Ղրղզստանը, ինչպես նաև իսլամական Տաջիկստանը: ՈՒզբեկստանն իր քաղաքական խաղն է խաղում, իսկ Թուրքմենստանը ձգտում է արտքաղաքական չեզոքության: ԱՄՆ-ը պանթյուրքիզմի գաղափարը համարում է չափազանց անկենսունակ, ժամանակավրեպ և անիրագործելի: ԱՄՆ-ին շատ ավելի հրապուրում են նեոօսմանիզմի դոկտրինում միավորված ռազմավարությունները: Այդ դոկտրինը ենթադրում է Թուրքիայի կողմից թյուրքական, բայց ավելի շուտ ոչ թյուրքական այն ժողովուրդների ու երկրների վրա ազդեցության տարածում, որոնք տարբեր ժամանակներում մտել են Օսմանյան կայսրության կազմի մեջ:
ԱՄՆ-ի համար մի այնպիսի հասկացություն, ինչպիսին նեոօսմանիզմն է, շոկ է առաջացնում: ՈՒստի ԱՄՆ-ի հովանու ներքո փորձեր են արվում զարգացնելու այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Սևծովյան համագործակցության կազմակերպությունը և ՎՈՒԱՄ-ը: ԱՄՆ-ն ավելի շատ շահագրգռված է Բալկաններում, Հյուսիսային և Հարավային Կովկասում, Ղրիմում, ՈՒկրաինայում, Բեսարաբիայում, ինչպես նաև Լևանտում (Սիրիա, Լիբանան, Իրաք, Իսրայել) Թուրքիայի ազդեցության մեծացմամբ: Այդ տարածաշրջաններում Թուրքիայի գործառական դերն է ավելի գրավում ԱՄՆ-ին: Այդուամենայնիվ, անգամ այդ նախագծերի շրջանակներում ԱՄՆ-ը համոզված չէ Թուրքիայի մասնակցության անվտանգությանը: Օրինակ, Թուրքիան կարող էր առաջատար դեր խաղալ ՎՈՒԱՄ-ի ձևավորման և գործունեության հարցում, բայց, երևի, ԱՄՆ-ը համապատասխան նախաձեռնություն չցուցաբերեց այդ ուղղությամբ: Թուրքիայի գործունեությունը Վրաստանում, նրա առանձին շրջաններում, հատկապես Աբխազիայում, Աջարիայում, ինչպես նաև Դաղստանում, Չեչնիայում, Կաբարդինա-Բալկարիայում, Ադըղեայում, Կրասնոդարի երկրամասում, Բուլղարիայում, Բոսնիայում, Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայում, Բեսարաբիայում անհրաժեշտ է դիտարկել որպես թուրք-ամերիկյան համատեղ նախագիծ: Այդ նախագծի համեմատ, Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ու Թուրքիայի մի որևէ այլ նախագիծ երկրորդական նշանակություն ունի: Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական և հետախուզական գերատեսչությունների հարաբերություններում մշտապես քննարկվում են Բալկաններում, Կովկասում և Ղրիմում թուրքական ռազմական և հետախուզական ներկայության ուժեղացման հարցերը:
Թուրքիայի դիրքերն այդ տարածաշրջաններում զգալիորեն ավելի ուժեղ են, քան Կենտրոնական Ասիայում: Այդ ներկայության մակարդակի հետ կարող են համեմատվել միայն Թուրքիայի դիրքերն Իրանում, նախ և առաջ, Իրանի թյուրքաբնակ և քրդաբնակ շրջաններում:
Հարկ է նշել, որ 90-ականների կեսերին ՈՒզբեկստանի և Թուրքմենստանի, ինչպես նաև Ղազախստանի վրա Ռուսաստանի ազդեցության զգալի ու սկզբունքային նվազումից հետո, ԱՄՆ-ը կորցրել է հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ` որպես այդ տարածաշրջանում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործոնի: ԱՄՆ-ը հասկանում է, որ Կենտրոնական Ասիայի երեք պետություններ` Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը, գտնվում են աշխարհաքաղաքական խոցելի դրության մեջ և միշտ կձգտեն գործակցական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ (իսկ Տաջիկստանը` նաև Իրանի հետ): Անկախ գոյության անցած ժամանակաշրջանում այդ երկրները, ինչպես նաև Հայաստանը, բոլոր հնարավորություններն ունեցել են Արևմտյան ընկերակցության հետ ինտեգրվելու ռազմական, քաղաքական ու տնտեսական ոլորտներում և, փաստորեն, լիովին օգտվել են այդ հնարավորություններից: Սակայն այդ համագործակցությունը բավարար չեղավ նրանց անվտանգությունն ապահովելու համար: Այդ երկրները նախընտրել են պահպանել գերակայությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում: ԱՄՆ-ը լավ է հասկացել դա և հազիվ թե պնդի, որ այդ պետությունները լիովին խզեն հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կովկաս-կասպյան և Կենտրոնաասիական տարածաշրջաններում ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցությունը քննարկելու համար անհրաժեշտ է ընդունել հետևյալ վարկածը. ԱՄՆ-ն այդ տարածաշրջաններում ունի շահերի միայն մեկ խումբ` նավթ ու գազ (ըստ էության` գլխավորապես նավթ) ստանալու շահը: Չափազանցություն չի լինի պնդել, որ ԱՄՆ-ն այդ շրջաններում ուրիշ արմատական շահեր չունի:
Վերջին տասը տարիներին ամերիկյան քաղգործիչները ձգտել են ձևակերպել իրենց նպատակներն ու անելիքները Կովկասում ու Կենտրոնական Ասիայում: Եղել են այդ տարածաշրջաններում արագորեն «ներդրվելու» մտադրություններ, եղել են հակառակ, ոչ պակաս կտրական մտադրություններ: Բանավեճ է ծավալվել այն հարցում, թե հարկ կա՞, արդյոք, ճնշում գործադրելու այդ երկրների վրա մարդու իրավունքների և ազատությունների խնդիրների առնչությամբ, թե՞ բավական է սահմանափակվել ԱՄՆ-ի քաղաքականության հանդեպ կառավարող վարչակազմերի բարեհաճությամբ: Ջ. Բուշի վարչակազմը, անօրինակ քայլեր ձեռնարկելով Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ապահովելու ուղղությամբ, դա կապում էր ոչ թե տարածաշրջանի խնդիրների, այլ հարևան Աֆղանստանի, Չինաստանի, Հարավային Ասիայի խնդիրների հետ: Ըստ էության, Կենտրոնական Ասիայում ամերիկյան ռազմական ներկայությունը համարժեք չէ տարածաշրջանի խնդիրներին: Ընդունելով այս վարկածը, կարելի է պարզել Թուրքիայի դերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության համար: Այդ տարածաշրջաններում Թուրքիայի դերը, ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից, սահմանափակվում է ոչ այնքան համարժեք շրջանակներով:
Հատկանշական է, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև առնվազն երեք տասնամյակ համաձայնություն է եղել պանթյուրքիզմի նպատակների ու խնդիրների սահմանման շուրջ: ԱՄՆ-ում պանթյուրքիզմը մեծ հաճույքով մեկնաբանել են որպես առավելապես թյուրքական բնակչության, ինչպես նաև թյուրքախոս շրջաններ ու ազգություններ ունեցող պետությունների հասարակական, մշակութային ու լեզվական և տնտեսական համագործակցության հայեցակարգ: Այդ անկասկած քաղաքական դոկտրինի օրինականացումը մեծապես իրականացվել է ԱՄՆ-ի առաջատար մտավոր և հետազոտական կենտրոնների կողմից, որոնք ստանում էին Թուրքիայի կառավարության կազմակերպական-ֆինանսական օգնությունն ու աջակցությունը:
Պանթյուրքիզմի օրինակարգության խնդիրը լուծվում էր այն համընթաց խնդիրներին զուգահեռ, որոնք հանգում էին Թուրքիային և հարևան երկրներին ու շրջաններին առնչվող ավանդական հայացքների, պատմության և պատմական փաստերի վրա գրոհներին: Ոչ միայն վերլուծական, այլև գիտահետազոտական ընկերակցությունը ներկայացնող մասնագետները կասկածի էին ենթարկում պատմական այն գործընթացի մի վիթխարի շերտ, որը ձեռնտու չէր Թուրքիային օրախնդիր քաղաքական տեսակետից: Կասկած չկա, որ ԱՄՆ-ի պաշտոնական հիմնարկները մեծ դեր են խաղացել այդ ծայրաստիճան միտումնավոր գործունեության պաշտպանության գործում: Այդուամենայնիվ, ԱՄՆ-ում և արևմտյան աշխարհում այդ ջանքերը պատշաճ ճանաչում չգտան և պատշաճ ազդեցություն չգործեցին հասարակական կարծիքի վրա: ԱՄՆ-ի վարչակազմը, ըստ էության, երբեք չի դիմել այդ մշակումներին, հասկանալով այդ կարգի «գիտական» աշխատանքների խոցելիությունը: Ներկայումս նշաններ կան այն բանի, որ ԱՄՆ-ը որոշակի չափով վերանայել է իր վերաբերմունքը պանթյուրքիզմի դոկտրինի նկատմամբ: Եթե առաջ Վաշինգտոնի պաշտոնական անձինք, ինչպես նաև ԱՄՆ-ի վարչակազմին սերտաճած փորձագետները լիովին ընդունում էին պանթյուրքիզմի մասին ձևակերպումը որպես մշակույթի, լեզվի ու հասարակական հարաբերությունների ոլորտում գործադրվող ջանքերի ընդհանրություն, ապա այժմ տեղի է ունենում դիրքերի վերանայում, և ամերիկացիներն ավելի զգուշությամբ են մեկնաբանում պանթյուրքիզմի դոկտրինը, ձգտելով առհասարակ չհիշատակել այդ նախագիծը: ԱՄՆ-ն առաջվա նման շատ է վախենում, որ պանթյուրքիզմի դոկտրինին իր մասնակցության կասկածները կարող են մեծանալ: Սա նոր պատճառաբանություն չէ: Բայց տվյալ դեպքում ամերիկացիները մտահոգված են արդեն ոչ միայն բացահայտորեն ռասիստական դոկտրինին մասնակցության հնարավոր մեղադրանքներով, այլև վախենում են այն նույն հետևանքներից, որ վտանգավոր ակնկալիքների շրջանակներում քննարկում են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը: Իսլամական խնդիրների ամերիկացի նշանավոր հետազոտող Շիրոն Հանթերի կարծիքով, իրականում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ միշտ էլ երկյուղներ եղել են պանթյուրքիզմի առնչությամբ, բայց եթե առաջ ԱՄՆ-ը ձգտում էր օգտվել այդ գաղափարից, որն ուժեղ է Թուրքիայում, ապա հիմա, երբ թյուրքական ժողովուրդներն անկախացել են, պանթյուրքիզմը վտանգավոր է դարձել ԱՄՆ-ի համար, որն աշխատում է այդ տարածաշրջաններում յոլա գնալ առանց Թուրքիայի աջակցության: Բրիտանացի հետազոտող Էդմոնդ Էրզիգի (Մանչեստրի համալսարան) կարծիքով, հիմա դեռ շուտ է հետևություններ անել պանթյուրքիզմի նախագծի հաջողությունների ու անհաջողությունների մասին, Եվրասիայում տեղի են ունենալու շատ իրադարձություններ, դեռևս հստակեցված չէ ուժերի ճիշտ դասավորությունը, հասկանալի չէ, թե Թուրքիան ինչ մեթոդներ կնախընտրի այդ ընդարձակ տարածաշրջանում և որքանով շահագրգռված կլինի իր քաղաքական դիրքերի ուժեղացմամբ: Այդ գնահատականները, իհարկե, մեծապես արտացոլում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետազոտական և վերլուծական կենտրոնների կարծիքներն ու դիրքերը, բայց ընդհանուր առմամբ նշվում է, որ Թուրքիան ձգտում է չցուցադրել իր մեծ շահագրգռությունը պանթյուրքիստական նպատակներով ու գերակայություններով: Թուրքիայի համար պանթյուրքիստական դոկտրինի հրատապության առաջնայնության մասին բանավեճի շրջանակներում կարելի է հանգել հետևյալ եզրակացության: Պանթյուրքիզմը, որի արմատները հասնում են Օսմանյան կայսրության փլուզման և նոր թուրքական ազգի ձևավորման ժամանակները, միշտ դիտարկվում է իբրև Թուրքիայի արտաքին քաղաքականության հզոր ու անցած քաղաքական ռեսուրս, ու չնայած այդ ուղղությամբ եղած ձախողումներին ու հաջողություններին, պանթյուրքիզմի դոկտրինը կիրացվի անկախ ամեն ինչից, այն առայժմ բնութագրվում է «սինուսոիդային» գործընթացներով կամ «ալիքներով», որոնք առաջանում են ներքին ու արտաքին գործոնների ազդեցությամբ: Անկարայում հասկացել են, որ Եվրասիայում Թուրքիայի դիրքերի հաստատման «գրոհային» եղանակները չեն գործում, և նախընտրում են իրենց քաղաքական և տնտեսական ներկայության հետևողական մեծացումը: ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Եվրասիայում Թուրքիայի վարած քաղաքականությանը, աշխատելով առանց կոշտության ու ստիպողության հնարավորինս խրախուսել կամ սահմանափակել Թուրքիայի այս կամ այն գործունեությունը, քանի որ ԱՄՆ-ն այդ խաղում Կենտրոնական Ասիայի վերաբերմամբ բավարար հնարավորություններ չունի, սակայն Կովկասի տարածաշրջանում ամերիկացիներին այդ մարտավարությունը հաջողվում է մեծ չափով:
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի համար միանգամայն անսպասելիորեն Իրաքի իրադարձությունների ու գործընթացների դասավորությունում ծագեց մի խնդիր, որն ուղղակի առնչություն ունի պանթյուրքիստական գաղափարների հետ: Խոսքն Իրաքի թուրքոմանների (թուրքմենների) մասին է, որ Թուրքիան ակտիվորեն շահարկում է իր օգտին: ԱՄՆ-ի համար դա միանգամայն ավելորդ խնդիր է, որի հետ կարող են կապված լինել ապագայի անակնկալ մարտահրավերները։ Հատկանշական է, որ ամերիկյան առաջատար վերլուծական հիմնարկության` «Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» (CSIS) ղեկավարները, ուր վաղուց և հետևողականորեն մշակվում է «Թուրքական ծրագիրը», նախընտրում են իրարից առանձնացնել թուրքական քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում ու Կովկասում և «պանթյուրքիզմ» հասկացությունը, ըստ երևույթին հասկանալով, որ չնայած Թուրքիայի ձգտմանը պանթյուրքիզմը ներկայացնելու իբրև հասարակական ծրագիր, այնուհետև «աջակցություն» ապահովելու այդ նվաճողամտական դոկտրինի համար, մտավոր և քարոզչական միջավայրում այն դառնում է ավելի կարևոր խնդիր:
Ամերիկա-թուրքական հարաբերությունները կրում են բավական հակասական բնույթ, պարունակում են փոխբացառող միտումներ և, այս կապակցությամբ, հետաքրքրություն են ներկայացնում Մերձավոր Արևելքում ու Կենտրոնական Եվրասիայում ԱՄՆ-ի քաղաքականությունը քննարկելիս: 2001 թ. ԱՄՆ-ում մի արտասովոր ղեկավար խումբ ստեղծվեց Ջ. Բուշի վարչակազմում: ԱՄՆ-ում ընդունված է Ջ. Բուշի թիմի անդամներին անվանել նորպահպանողականներ, թեև նորպահպանողականները քաղաքական գործիչներ են, որոնք հետևում են որոշակի գաղափարների ու գաղափարախոսության, համարում են, որ գաղափարները մեծ նշանակություն ունեն քաղաքականության մեջ, այդ թվում` արտաքին:
Դեմոկրատական կուսակցության մեջ շատ կան բավականին պահպանողական քաղգործիչներ: Այդուամենայնիվ, այդ կուսակցությունը վերջին տարիներին առաջարկում է առավել գաղափարականացված քաղաքականություն: Ներքին քաղաքականության մեջ դեմոկրատները շեշտը դնում են սոցիալական բարեփոխումների վրա: Արտաքին քաղաքականության մեջ դեմոկրատները հետևում են տարբեր առիթներով ու պատճառներով տարածաշրջանների ու պետությունների գործերին լայնորեն միջամտելու քաղաքականությանը, նախ և առաջ օգտագործելով մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության սկզբունքները` անտեսելով կոնկրետ հասարակությունների ավանդույթները, քաղաքակրթական տեսակը:
Ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցության մեջ ուժեղ են «իրական քաղաքականության» կողմնակիցները, որոնք աշխատում էին Ջ. Բուշի վարչակազմին պարտադրել իրենց դոկտրինն ու հայացքները, հատկապես արտաքին քաղաքականության մեջ: Ջ. Բուշի երկրորդ ժամկետով վերընտրվելուց հետո նրա վարչակազմում տեղի ունեցան էական փոփոխություններ, նախ և առաջ կապված վարչակազմից նորպահպանողականության ճամբարի հիմնական դեմքերին հանելու հետ: ԱՄՆ-ի պետքարտուղար նշանակվեց Քոնդոլիզա Ռայսը` բավական վճռական մի քաղաքական գործիչ, որը, սակայն, բնավ էլ նորպահպանողականների թիմից չէր: Ի տարբերություն Բ. Քլինթոնի թիմի, որտեղ քիչ չէին Թուրքիայի խնդիրների մասնագետները, Ջ. Բուշի վարչակազմը պակաս ուներ այնպիսի մարդկանց, որոնք կկարողանային կողմնորոշվել այդ հարցերում: Բ. Օբամայի թիմում բավականաչափ մասնագետներ կան Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գծով, ներառյալ Իրանն ու Թուրքիան: Բ. Օբաման ձգտում է Թուրքիայի անտեսման և նրա հանդեպ կոշտ ճնշումներ բանեցնելու փորձերի փոխարեն վարել ավելի ճկուն քաղաքականություն, որը, սակայն, նույնպես միտված է նրա ազդեցության ու հավակնությունների զսպմանը:
Ամեն դեպքում, ԱՄՆ-ի վերաբերմունքը պանթյուրքիզմի դոկտրինի նկատմամբ բացահայտորեն փոխվել է. ամերիկացիները դրան վերաբերվում են ավելի զգուշավոր և, ըստ էության, թշնամաբար: