статьи

«Основная цель семьи Али - сохранить власть и приумножить богатство»

2012-02-26

Հեյդար Ալիևն իրենից հետո թողեց մի քաղաքական ժառանգություն, որը, նախ և առաջ, ենթադրում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, ինչը բխում էր հետխորհրդային ադրբեջանական պետականության «հիմնադրի» անձնական փորձից ու բնույթից:
Արտաքին քաղաքականության ասպարեզում հարաբերությունների ու գործընկերության բազմազանության մեջ յուրօրինակ ոչինչ չկա, և դրան այս կամ այն չափով ձգտում են Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի բոլոր նորանկախ պետությունները: Դրա հետ մեկտեղ, իրական քաղաքական պրակտիկան շատ հեռու է բազմավեկտոր քաղաքականություն վարելու` պետությունների ղեկավարների ձգտումից: Կենտրոնական Ասիայի և Կովկասի` արտաքին լուրջ սպառնալիքների ու մարտահրավերների առջև կանգնած պետությունները հարկադրված էին կողմնորոշվել առաջատար գործընկերների հարցում, որոնց հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ էին հաստատվում:
Կասկած չկա, որ Բաքուն միշտ ձգտել է որոշ հեռավորություն պահպանել Թուրքիայից, ավելի ճիշտ, հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելով, չկորցնել ինքնուրույնությունը, չդառնալ նրա «վիլայեթ»: Դա էլ է Հ. Ալիևի քաղաքական ժառանգությունը, ով հասկանում էր, որ Թուրքիայից չափազանց մեծ կախումը կարող է հանգեցնել իր ընտանիքի իշխանազրկմանը: Ալիևների ընտանիքի գլխավոր նպատակը միշտ էլ եղել է իշխանության պահպանումն ու հարստության կուտակումը, իսկ մնացածը` ազգային անվտանգությունը կամ, այսպես կոչված, «տարածքային ամբողջականությունը», ստորադասված են վերը նշված նպատակին: ՈՒստի Ադրբեջանը երկար ժամանակ վարել է ոչ թե դեպի Թուրքիա գերակա կողմնորոշման քաղաքականություն, այլ դեպի ԱՄՆ և Մեծ Բրիտանիա, և հենց Լոնդոնում են գտնվում Ալիևների ընտանիքի ակտիվների երաշխիքները: Ադրբեջանը, փաստորեն, կատարել է նավթի ու գազի արդյունահանման և առաքման, ռազմական տարանցման ապահովման և հետախուզական օբյեկտների տեղակայման, հիմնարար քաղաքական շատ ծրագրերի համաձայնեցման, այն է` ԱՄՆ-ի հետ ռազմական և քաղաքական համագործակցության և Ռուսաստանի ու Իսրայելի հետ հարաբերությունների հաստատման ամբողջ ծրագիրը:
Անցած 15 տարում, հատկապես վերջին տարիներին, Ադրբեջանը, փաստորեն, սպառել է այն բոլոր սկզբունքային նյութական և քաղաքական ռեսուրսները, որ կարող էր առաջարկել, ավելի ճիշտ տրամադրել ԱՄՆ-ին ու նրա գործընկերներին: Իսկ արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանի ամենամեծ «հերոսությունն» այն էր, որ նա որոշակի չափով սահմանափակեց իր արտաքին, առավել ևս ներքին քաղաքականության համաձայնեցումը Թուրքիայի հետ: Այս պայմաններում ԱՄՆ-ն սկսել է ավելի բացահայտորեն Թուրքիայից Ադրբեջանը հեռու պահելու քաղաքականություն վարել, ինչը, թերևս, Հարավային Կովկասում Թուրքիայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության գլխավոր էությունն է: Այդուամենայնիվ, Արևմտյան ընկերակցությունն այդպես էլ Ադրբեջանին ղարաբաղյան հարցի լուծման հստակ հեռանկարներ չի առաջարկել, ինչն Ադրբեջանի քաղաքական-քարոզչական գլխավոր խնդիրն է: Ինչ վերաբերում է փոխհարաբերությունների մյուս հոդվածներին, ապա Արևմուտքը համարում է, որ Ադրբեջանն իր շնորհիվ է հարստանում, և Թուրքիայի հետ հարաբերություններում նա պետք է առնվազն հաշվի առնի ԱՄՆ-ի ու եվրոպացիների շահերը:
ԱՄՆ-ի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը, որոնց նպատակն էր Թուրքիան ներքաշել Հայաստանի հետ պարտավորեցնող հարաբերությունների մեջ և դրանով իսկ ուժեղացնել վերահսկողությունը Անկարայի նկատմամբ, հսկայական հիասթափություն առաջացրին Ադրբեջանում: Հիասթափության պատճառը ոչ թե ղարաբաղյան խնդիրը մոռացության մատնելու և կարգավորման հունից Թուրքիայի դուրս գալու երկյուղներն էին, այլ Թուրքիայի կողմից Ադրբեջանի ազգային շահերի անտեսման նախադեպի ստեղծումը: Թուրքիան ղարաբաղյան հարցի կարգավորման հանդեպ իր «շահագրգռությունը» ցուցադրում էր ոչ թե այդ տարածքի պատճառով, այլ ձգտում էր մի «բարեպատեհ» պատրվակով դուրս պրծնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից, քանի որ ցանկացած դրական արդյունք կարող է դառնալ Թուրքիայի հանդեպ արտաքին վերահսկողության հարցում «հայկական գործոնի» ուժեղացման պատճառ: Եվ ոչ հրապարակային քաղաքականության այդ հանգամանքը չեն կարող չհասկանալ Բաքվում, որն իրականում շատ ավելի է նեղացած Թուրքիայից, քան հայտարարում է: Եվ Ադրբեջանի ղեկավարությունը վճռեց գնալ «վա բանկ», շուռ գալ դեպի Ռուսաստան, ինչը, իհարկե, ամենաանհեթեթ քայլն էր: Ի՞նչ է իրականում նշանակում այդ շրջադարձը, և ինչի՞ կարող է դա հանգեցնել:
Նախ և առաջ, անհրաժեշտ է հասկանալ, որ այդ «աշխարհաքաղաքական շրջադարձից» մեծ բան չփոխվեց տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության մեջ: Ռուսաստանն ուշի ուշով հետևում է իրավիճակին և դա ինչ-որ մեծ բան չի համարում: Պետք է հասկանալ, որ նավթի արդյունահանման և առաքման ստեղծված միջտարածաշրջանային համակարգը կողմնորոշված է ոչ թե դեպի հյուսիս, այլ դեպի արևմուտք, ու հիմա, փաստորեն, ոչինչ հնարավոր չէ անել այդ իրողությունը փոխելու համար: Արևմուտքում ոչ ոք թույլ չի տա իրենից ոչինչ չներկայացնող մի պետության, ինչպիսին Ադրբեջանն է, անտեսել բազմամիլիարդ ներդրումներն ու հաղորդուղիները և փոխել նավթի ու գազի հոսքի ուղղությունը: Այսինքն, նավթի ու գազի առաքման առաջադրանքը պետք է կատարվի մինչև վերջ, և այստեղ ոչ մի կասկած լինել չի կարող: Միաժամանակ, միջազգային չափանիշներով այդ էներգետիկ համալիրի նշանակության առումով ևս խնդիրներ են առաջացել: Այսպես, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան առաջատար նավթամուղը, օրինակ, այդպես էլ նախագծային լիակատար կարողություն չհավաքելով և նոր դժվարությունների առաջ կանգնելով նավթի ծավալների հարցում, կորցրել է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական նշանակությունը: Աշխարհում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ` կապված ընդհանուր էներգետիկ իրավիճակի հետ, այդ թվում` գնային իրողությունների, որոնք, փաստորեն, տեղայնացրել և զգալիորեն փոքրացրել են ադրբեջանական նավթի նշանակությունը:
Տնտեսական և ռեսուրսային իմաստով, ադրբեջանական նավթի նշանակության նվազումը մեծ մասամբ կապված է, ինչպես նախատեսված էր, իրաքյան նավթի արդյունահանման աճի ու, փաստորեն նավթ արդյունահանող երկրների շարք Իրաքի վերադարձի հետ: Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը ժամանակին դարձավ ուղղակի տեղային հոսք, որը պետք է Թուրքիայի և Իսրայելի պահանջարկը բավարարեր, որը կազմում էր տարեկան մոտ 30-32 մլն տոննա: Ներկա իրավիճակում Ադրբեջանն աշխարհաքաղաքական փակուղում է, չունի այլընտրանքի հնարավորություն: Ադրբեջանն ի վիճակի չէ դառնալու նաև միջտարածաշրջանային նշանակության շատ թե քիչ խոշոր նախագծի համար գազի միանձնյա ակունք: Բաքուն, փաստորեն, որևէ հնարավորություն չունի իր նավթի ու գազի պաշարներն օգտագործելու արտաքին քաղաքական ազդեցության համար, և Արևմուտքում այս առումով ոչ մի անհանգստություն չունեն: Այնպես որ, Բաքվում բացահայտորեն գերագնահատել են «ադրբեջանական գործոնի» նշանակությունը միջազգային քաղաքականության մեջ: ՈՒստի, թերթելով ադրբեջանական մամուլը, կարելի է այն հետևությանը հանգել, որ Բաքվում, ինչպես և Երևանում, բնավ էլ լիովին և անմիջապես չեն կարողացել հասկանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործի էությունը:
Մոսկվայում ամերիկացիներից վատ չեն հասկանում, թե ինչ փակուղային ու խոցելի վիճակի մեջ է Ադրբեջանը, ինչպես նաև, ԱՄՆ-ի նման, ռուսներն էլ են Ադրբեջանի «նոր քաղաքականությունն» ընկալում իբրև հարկադրական քայլ, որը պետք է դիտարկել որպես ապավինում Ռուսաստանին` Բաքվի կրած վիրավորանքների ու հիասթափությունների դիմաց: Շատ հապճեպ կլիներ Ադրբեջանի կողմից Ռուսաստանի հետ նոր հարաբերությունների կառուցումը կապել ղարաբաղյան խնդրի լուծման հետ: Ադրբեջանի վերնախավը հասկանում է, որ Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես կովկասյան քաղաքականության դիրիժոր` ներկա միջազգային պայմաններում, և, առաջվա նման, ընդունակ չէ Ղարաբաղը նվիրելու Ադրբեջանին: Ղարաբաղյան խնդիրն իր քաղաքականության հուն մտցնելու նպատակով տարբեր փուլերում Ռուսաստանի ձեռնարկած փորձերը միշտ էլ ձախողվել են և մեծացրել Հայաստանի և հայ հանրության զգոնությունը Ռուսաստանի լոյալության և որպես գործընկեր նրա հուսալիության առնչությամբ: Նույնիսկ Հայաստանի այժմյան քաղաքական ղեկավարությունն ի վիճակի չէ գոնե մասամբ նման ծառայություն մատուցելու Մոսկվային: Իհարկե, ղարաբաղյան խնդիրը, ամեն դեպքում, շարունակում է մնալ Ադրբեջանի առաջնահերթ անելիքների թղթապանակում, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք Ադրբեջանը, իբր, ձգտում է վերանայել, պետք է դիտել որպես հիմնավորում Բաքվի արտաքին քաղաքականության ընդհանուր սխեմայի կառուցման գործում: Ադրբեջանին օդի ու ջրի նման անհրաժեշտ է Արևմուտքին ցույց տալ, որ ինքն այլընտրանք ունի արտաքին քաղաքականության ասպարեզում, բայց երբ մի բան օդի ու ջրի նման է անհրաժեշտ, անհնար է շատ բան ստանալ քաղաքական սակարկությունից:
Արտաքին քաղաքականության ծավալման ներկա փուլում Ռուսաստանը լիովին կողմնորոշված է թե՛ ղարաբաղյան հակամարտության, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ իր գերակայությունների հարցում: Այդ սխեման ու տրամաբանությունը շատ պարզ են, ու կոնկրետ գործողություններն էլ թերևս, այնքան բարդ չեն լինի: Ռուսաստանը պատրաստ է զարգացնելու հարաբերություններն Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններում և որքան ասես խոր, սակայն մինչև այն սահմանը, քանի դեռ Հայաստանն իր գործընկերն է ներկա ձևաչափով: Այդ սխեման Մոսկվայի քաղաքական ձեռնածուների «տառապանաց» ծնունդն է և այլընտրանք չունի: Հայաստանում, երևում է, պատշաճ չեն գնահատել, թե որքանով են Մոսկվայում մտահոգված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերով: Հնարավոր է, գործ ունենք այդ երկյուղների տրամաբանությունը չընկալելու և այն բանի հետ, թե ռուս քաղգործիչները որքան չեն վստահում Թուրքիային և Ադրբեջանին քաղաքական հարցերում: Հարկ է նշել, որ Ռուսաստանը երկյուղում է ոչ թե թուրքական քաղաքականության և տնտեսության մեջ Հայաստանի ներգրավումից, այլ այն բանից, որ նոր պայմաններում արդեն ոչ թե Ռուսաստանը, այլ ԱՄՆ-ը կդառնա Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը` թուրքական սպառնալիքների դեմ հանդիման: Ամերիկացիների կողմից Հարավային Կովկասում նոր հարաբերությունների ստեղծումը մեծապես կանխորոշում է ԱՄՆ-ի նոր դերը Հայաստանի համար, Հայաստանի վերածումը նոր «Իսրայելի», երբ Թուրքիայի վրա ներգործության «հայկական գործոնը» կուժեղացվի: Ընդ որում, Հայաստանի դերը շատ շոշափելի կդառնա ռուս-թուրքական դաշինքի ձևավորման որևէ ծրագրի ձախողման գործում:
Անհրաժեշտ է նշել, որ չնայած Թուրքիային Եվրամիություն խցկելու ԱՄՆ-ի մի շարք կեղծ ջանքերին, վերջինս երբեք Թուրքիան չի համարել Եվրոպայի մաս, այլ միայն «Մեծ Մերձավոր Արևելքի»: Թուրքիայի գործառույթները Եվրոպայում հետաքրքրություն չեն ներկայացնում ԱՄՆ-ի համար: Այլ բան են Մերձավոր Արևելքն ու այն տարածաշրջանները, որտեղ Թուրքիան կարող էր զանազան գործառույթներ իրականացնել: Դրա հետ մեկտեղ, Հարավային Կովկասի պետությունները սկզբից ևեթ ամերիկացիների ու եվրոպացիների կողմից դիտվել են որպես եվրոպական քաղաքական և սոցիալ-մշակութային տարածության մաս: Եթե Ադրբեջանի առումով դեռ կարող են անակնկալներ լինել Եվրոպայի գնահատականներում, ապա Վրաստանն ու Հայաստանը ապագայում մեծ խնդիրներ չեն ունենա Եվրոպային ինտեգրվելու հարցում: Տարածաշրջանների ու պետությունների տեղի ու դերի այդ դասավորությունը չի ենթադրում այն սերտ քաղաքական համագործակցությունը, որի մասին հրապարակավ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով: Հարավային Կովկասը, ներառյալ Ադրբեջանը, պետք է ճանաչում գտնի որպես Թուրքիայի արտքաղաքական հավակնությունների աշխարհաքաղաքական զսպիչ: Նույնպիսի դեր են կոչված խաղալու Կիպրոսի, Էգեյան ծովի, Բուլղարիայի, Հյուսիսային Իրաքի, Սիրիայի, Ղրիմի և, վերջապես, Իրանի խնդիրները: Այն բանի համար չի Թուրքիայի շուրջ ստեղծվում նրա նվաճողամտության զսպման «անվտանգության գոտի», որպեսզի Հարավային Կովկասում կառուցվեն ապագա հարաբերությունների մասին ինչ-որ հովվերգական պատկերացումներ: Ի դեպ, Վրաստանն արդեն իր մաշկի վրա զգացել է Թուրքիայի նշանակությունը որպես «բարեկամի» և «գործընկերոջ» և, այսպես թե այնպես, համապատասխան հետևություններ կանի դրանից: Իրավիճակը մի փոքր զավեշտալի է նրանով, որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի մերձեցումը, որին ԱՄՆ-ը շատ հանգիստ էր վերաբերվում, հնարավոր է, նրա կողմից գնահատվում է իբրև Թուրքիայից Ադրբեջանը հեռու պահելու գործոն:
Միանգամայն հնարավոր է, որ Մոսկվայում արդեն մշակված լինի Ադրբեջանի հետ հարաբերությունների ծավալման ավելի մանրամասն սխեմա: Մենք նման տվյալներ չունենք մեր տրամադրության տակ, բայց որոշ նախանշաններ վկայում են, որ Մոսկվայում աշխատում են Ադրբեջանը դիտարկել իբրև այնպիսի մի պետություն, որն ունեցած խնդիրների բովանդակությամբ նույն շարքում է գտնվում Կենտրոնական Ասիայի երկրների հետ, որտեղ Ռուսաստանն ունի գերակայությունների և հարաբերությունների կառուցման մոտեցումների ու հեռանկարների որոշ նախագծեր: Ռուսաստանը երբեք ուշադրությունից դուրս չի թողել Ադրբեջանն իր քաղաքականության ուղեծրում ներգրավելու խնդիրը և պատրաստ է եղել ինչ-որ չափով վերանայելու գերակայությունները Հարավային Կովկասում: Դա չի նշանակում, սակայն, թե Ռուսաստանը նպատակ ունի լիովին անտեսելու Հայաստանի շահերը, բայց, այսպես թե այնպես, նա կզոհաբերի իր առավել հավատարիմ գործընկերոջ շատ շահեր, ինչը, հեռանկարի առումով, կհանգեցնի տարածաշրջանում նրա ներկա դիրքերի կորստյան: