статьи

Восточное партнерство - типичный американский проект

2013-03-15

Մոսկվայում նկատվում է որոշակի անհանգստություն, բայց, ամեն դեպքում, այստեղ չեն հասկանում այն քաղաքական տրամադրությունները, որ տիրում են Հայաստանում։
Վերջին երեք-չորս տարում (2008-ի աշուն-2013-ի ձմեռ) Ռուսաստանն ակնհայտ քայլեր է ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մերձենալու ուղղությամբ, ներառյալ այնպիսի կարևոր ուղղությունները, ինչպիսիք են թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը (բնականաբար, դա Ռուսաստանի համար ընդունելի էր միայն սեփական, ոչ թե ամերիկյան նախաձեռնությունների շրջանակներում), Դաշտային Ղարաբաղում Հայաստանին տարածքային զիջումների հարկադրական քայլերի մղելու փորձերը, քննարկվել են էներգամատակարարման հարաբերությունները, Ադրբեջանին մատակարարվել են ժամանակակից զինատեսակներ։ Բնականաբար, Ռուսաստանն ամեն կերպ ձգտել է այդ գործողություններին միանգամայն չեզոք բնույթ հաղորդել, սակայն Հայաստանում հասկացել են, որ, անկախ սուբյեկտիվ գործոններից, Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը կարող է այնպիսի «քաղաքական սակարկություն» անել, որից նրա մերձավորագույն գործընկերոջ շահերը կտուժեն։ Մոսկվայում երկու դիրքորոշում է ձևավորվել Հայաստանի հետ հարաբերությունների առնչությամբ։ Քաղգործիչների ու փորձագետների մի մասն այն կարծիքին է, որ Հայաստանի շահերի անտեսումը ոչ մի դրական բանի չի հանգեցնի` ո՛չ ռազմավարական, ո՛չ էլ մարտավարական առումով։ Մյուսները կարծում են, որ Հայաստանը բավական շատ բան է ստացել Ռուսաստանի հետ համագործակցությունից և ժամանակն է, որ հաշտվի քաղաքական ու տարածքային զիջումների անհրաժեշտության հետ։
Ռուսաստանի դիրքորոշումը կարելի է հասկանալ։ Ո՛չ արևմտյան, ո՛չ հարավային ուղղությունում Մոսկվան չի կարողացել այնպիսի վստահելի հարաբերությունների հասնել, որոնք ապահովեին իր քաղաքական և տնտեսական շահերը, ինչպես նաև լուծեին անվտանգության հարցերը։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների արմատական բարելավում չի նկատվում, իսկ Եվրոպայի առաջատար պետությունների հետ հարաբերություններն այնքան սերտ չեն, որքան ցանկալի կլիներ։ Չինաստանի հետ հարաբերությունները թեև հաջողությամբ զարգանում են, սակայն նա էլ շարունակ ուժեղացնում է դիրքերն այն տարածաշրջաններում, որտեղ Ռուսաստանի դիրքերն ավանդաբար ուժեղ են եղել։ Ռուսաստանը վերստին ձգտում է վերադառնալ Թուրքիայի և Իրանի առնչությամբ իր քաղաքականության ուժեղացմանը, տեսնելով, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն ավելի ու ավելի են վատանում։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների էական առաջընթացը Ռուսաստանին թույլ կտար շատ հարցեր լուծել էներգամատակարարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտում։ Խնդիրն այն չէ, որ, զարգացնելով հարաբերություններն այդ երկրների հետ, Ռուսաստանն անհրաժեշտաբար պետք է «հանձնի» Հայաստանի շահերը։ Ռուսաստանը այդ խնդիրները լուծելու չօգտագործված շատ ռեսուրսներ ունի` առանց անտեսելու Հայաստանի շահերը։ Բայց, երևի, որոշ քաղգործիչներ նկատի են ունեցել, որ, օգտագործելով «հայկական գործոնը», այդ խնդիրները փոքր-ինչ ավելի հեշտ կլուծվեին։
Սակայն Ռուսաստանին անհաջողություններ էին սպասում թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական ուղղությունում։ Թուրքիան և Ադրբեջանն այնքան շատ խնդիրներ ունեն, որ չեն կարող «շրջադարձ» կատարել իրենց արտաքին քաղաքականության մեջ և բոլոր հնարավոր առաջնային ուղղություններից ընտրել Ռուսաստանը` ի վնաս այլ գործընկերների։ Ռուսական արտաքին քաղաքականության շատ էական ձախողում է ղարաբաղյան թեման, ու թեև ընդունված է Ադրբեջանին մեղադրել որոշակի պայմանավորվածությունների ձախողման գործում, Մոսկվայում հազիվ են զսպում գնահատականներն այն առթիվ, որ Հայաստանը մեծ զիջումների չի գնում։ Ընդ որում, սկզբնապես ինքը նախաձեռնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ռուսաստանը բացահայտորեն դժգոհ էր, որ ԱՄՆ-ը փորձում է իրեն վերագրել այն։ Ռուսաստանի անհեռատես և իրավիճակային քաղաքականությունը հանգեցրեց ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Թուրքիայի ներգրավմանը, ապա և դարձավ նրա քաղաքականության շատ մեծ և իր իսկ Ռուսաստանի ընդունած ձախողում։ Հիմա Ռուսաստանը, ԱՄՆ-ի նման, աշխատում է թույլ չտալ, որ Թուրքիան միջամտի ղարաբաղյան խնդրին, բայց բանը բանից անցել է, և արդեն անհնար է Թուրքիան հեռու վանել այդ թեմայից, թեև մինչ այդ պահը` 2008 թ. վերջը, Թուրքիան այդ թեմայում, փաստորեն, չկար։ Բայց բանը միայն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները չեն։ Քաջ հայտնի է, որ Ռուսաստանը, մեղմ ասած, շահագրգռված չէր Իրան-Հայաստան ավելի հզոր գազամուղի կառուցմամբ, և այս պարագայում անհասկանալի մնաց երկրորդ ատոմակայանը և Հայաստան-Իրան երկաթուղի կառուցելու Ռուսաստանի մտադրությունը, ինչից կախված է երկրի կենսագործունեությունը։
Մեծ տհաճություններ կանխատեսելով, Հայաստանը դիմեց արմատական մերձեցման ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ի դեմս նրա` Եվրամիության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ։ Ս. Սարգսյանի այցը Վաշինգտոն, Փարիզ ու Վարշավա և պաշտպանության նախարար Ս. Օհանյանի այցերը ՆԱՏՕ, դարձան Արևմտյան ընկերակցության հետ հարաբերությունների ծավալման գագաթնակետ, որոնց նախորդել էին տարբեր մակարդակի շատ շփումներ։ Ռուսաստանին մտահոգում են այդ հարաբերությունները, նրան առանձնապես նյարդայնացնում են Հայաստանի ու Արևելյան Եվրոպայի մյուս երկրների հարաբերությունները «Արևելյան գործընկերություն» նախագծի շրջանակներում, որը նյարդայնացնում է նաև Ֆրանսիային ու Գերմանիային, քանի որ դա տիպիկ ամերիկյան նախագիծ է։ Միանգամայն պարզ է դարձել, թե ինչ մարտավարություն է ընտրել Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման գործում։ Երևանում այն կարծիքին են, որ ՆԱՏՕ-ին անդամակցության ջանքերը, անկասկած, հրահրիչ, ամբոխավարական և սադրիչ բնույթ են կրում, ինչով էլ զբաղված է, օրինակ, Վրաստանը երկար տարիներ, և ինչը հանգեցնում է առճակատման հետագա սրման միայն։ Հայաստանն ընտրել է ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության ուղին, դաշնախմբի խաղաղարար և այլ գործողությունների համար տրամադրում է ավելի խոշոր զորախմբեր։ Հարկ է նշել, որ իրենց քաղաքականության ծիրում Հայաստանի ներգրավման նպատակով ԱՄՆ-ի ու նրա եվրոպական գործընկերների, նախ և առաջ Ֆրանսիայի ձգտումը, փաստորեն, կապված չէ Ռուսաստանից Հայաստանին հեռացնելու խնդրի հետ։ ԱՄՆ-ն ու եվրոպացիները այլևս Հայաստանը չեն դիտարկում բացառապես ռուսական ռազմավարության հունում։ Հայաստանը, ինչպես նաև Հայկական հարցը, արդեն մի քանի տարի է, ինչ համարվում են Թուրքիայի «զսպման» քաղաքականության գործոն։ Այսինքն, տեղի է ունենում աշխարհաքաղաքական ընդօրինակում, երբ Հայաստանը դիտվում է այն նույն դերում և այն նույն գործառույթների շրջանակներում, ինչ նրան վերապահված էր տասնամյակներ ի վեր` ռուսական քաղաքականության մեջ։ Այժմ արդեն, բոլոր քաղգործիչները (որոնց, իհարկե, իրավամբ կարելի է քաղաքական գործիչ համարել) հասկանում են, որ եթե անգամ ռուս-թուրքական դաշինք չձևավորվի, այլ տեսնենք Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների սերտացում միայն, ապա նույնիսկ դա լուրջ վտանգ կներկայացնի Հայաստանի ազգային շահերի համար։ ՈՒստի ազգային քաղաքականությունը պետք է տարուղղվածություն ունենա։ Դրա հետ մեկտեղ, այն, ինչ անվանում են արտաքին քաղաքականության բազմաճյուղություն կամ տարուղղվածություն, սոսկ ցանկություն է կամ, ավելի ճիշտ, ինչ-որ «իդեալական վիճակ»։ Իրականում, բազմաճյուղությունը սոսկ արտաքին միջավայր է կամ, լավագույն դեպքում, ընդամենն անցումային փուլ` աշխարհաքաղաքական մի բևեռից մյուսին կողմնորոշվելու ճանապարհին։
Հայաստանը մնում է որպես Ռուսաստանի հուսալի գործընկեր և կարողացել է լիովին օգտվել նրա հետ համագործակցության բոլոր առավելություններից, քանի որ Ռուսաստանը գերակա տեղ է գրավում երկրի ռազմական շինարարության, անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման ասպարեզում։ Ռուսաստանից Հայաստանի կախման առիթով հնարավոր բոլոր մեղադրանքները և հեգնական գնահատականներն անլուրջ են, նման «կախյալություն» կցանկանային ունենալ Եվրասիայի շատ պետություններ, որոնց սպառնում են նույնպիսի վտանգներ, ինչպիսիք սպառնում են Հայաստանին։ Հարկ է ուշադրություն դարձնել այն բանին, որ Բալթյան-սևծովյան տարածաշրջանի բացարձակապես բոլոր պետությունները, որոնք դարձել են ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամներ, չեն կարողացել պատշաճ չափով արդիականացնել իրենց զինված ուժերը, ցանկալի դինամիզմ հաղորդել տնտեսությանը և շահեկան արտաքին քաղաքականություն վարել։ Արևմուտքի քաղաքականության «մրցանակակիր» այդ պետությունների համեմատ Հայաստանը վարում է ավելի իրատես արտաքին քաղաքականություն և ունի շատ ավելի մարտունակ բանակ։ Հայ հասարակությունը միշտ աչքի է ընկել «Աչքածակ լինելը լավ բան չէ» սկզբունքով, բայց Արևմուտքի, ընդ որում` Արևմտյան ընկերակցության բոլոր անդամների հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ընդունում են քաղաքական բոլոր խմբերը Հայաստանում և Սփյուռքում։ Ցանկալի չէր լինի, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները զարգանային Իսրայել-ԱՄՆ հարաբերությունների մոդելով, երբ (եթե ուշադիր լինենք) իսրայելա-ամերիկյան հարաբերությունների ամբողջ պատմությունը ԱՄՆ-ի քաղաքականության դեմ Իսրայելի պայքար է եղել։
Հայաստանը միշտ մերձեցման և ինտեգրման է ձգտել եվրասիական ասպարեզում, բայց միշտ չէ, որ նման կազմակերպությունների նպատակները, խնդիրներն ու գլխավորը` կանոնները, հասկանալի են եղել։ Լինելով ՀԱՊԿ-ի հուսալի մասնակից, Հայաստանը երկար տարիներ եղել է այդ ռազմական բլոկի անդամների կողմից Ադրբեջանին կատարվող զինամատակարարումների ականատեսը, այնինչ այլ երկրներում սպառազինություններ ձեռք բերելու Հայաստանի փորձերը Ռուսաստանի դժգոհությունն են առաջ բերում։ Երևում է, ենթադրվող Եվրասիական միությունը նախ և առաջ լինելու է տնտեսական միավորում, որի համար ստեղծվել են որոշ լուրջ նախադրյալներ, առաջին հերթին` Եվրասիական տնտեսական միությունը, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում «ազատ շուկաների» վերաբերյալ վերջերս ստորագրված լայն համաձայնագիրը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը և նրա նոր փուլի սպասումները ԱՊՀ երկրների վերնախավերին շփոթության մեջ են գցել, ինչը նպաստում է Ռուսաստանի շուրջ նրանց համախմբման միտումներին, սակայն, այսպես թե այնպես, այդ երկրների շահերը խիստ տարբեր են, և կան շատ էական հակասություններ, անգամ առավել մտերիմ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև։ Միավորիչ նախաձեռնություններից սպասելիքները մեծ չեն, բայց այդ պետություններն արդեն անցել են «այլընտրանքների» և «հույսերի» մի շարք փուլեր և կանգնած են ճգնաժամային շրջանի խնդիրների առջև։ Մեր կարծիքով, Հայաստանը կարող էր այդ նախագծին վերաբերվել ավելի հետևողականորեն և պահանջել պարզելու ենթադրվող միության անդամների վարքագծի կանոնները, ինչը կնշանակեր պաշտպանել նրա շահերը ինտեգրման և համագործակցության ռեժիմով։ Չափազանց շատ հարցեր են կուտակվել և առայժմ նշաններ չկան, թե դրանք կլուծվեն։
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունը ամենևին էլ երկու երկրների շահերի հակասությունը չէ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ հակասությունները բանակցությունների միջոցով հեշտորեն հարթվում են։ Չնայած այն բանին, որ Մոսկվայում կան տարբեր ազդեցիկ խմբավորումներ` իրենց տնտեսական շահերով, և դա չի կարելի համարել հարաբերություններում առկա դժվարության հիմնական գործոն։ Կա մի «գլխավոր պատճառ», այն է` Ռուսաստանը չունի կամ կորցրել է ձգտումը պահպանելու ուժի համաշխարհային կենտրոնի, այսինքն, մեծ տերության իր կարգավիճակը։ Ռուսաստանի քաղաքականությունը անկասելի ու սրընթաց կերպով «տնտեսականանում» է, և այդ միտումներում ներգրավված է երկրի բարձրաստիճան քաղաքական ղեկավարությունը։ Բոլոր պետությունները կախված են տնտեսական խնդիրներից, բայց մեծ տերություններից ոչ մեկը չի կարող իրեն թույլ տալ ցուցադրաբար «հանձնելու» իր մերձավոր գործընկերոջը` ի շահ առանձին խմբերի տնտեսական նպատակների։ Ռուսաստանի կարգավիճակի այդ ձևափոխությունն առաջին հերթին հասկացել են ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի գործընկերները և սկսել են, այսպես կոչված, «զուգահեռ հետևություններ» անել։ Միայն Հայաստանը չէ, որ ձգտում է աշխարհաքաղաքական մեկուսացում թույլ չտալ և զուգահեռ գործընկերների հետ հարաբերությունների զարգացում ապահովել։ Ըստ էության, Ռուսաստանի բոլոր գործընկերներն աստիճանաբար մերձենում են ՆԱՏՕ-ի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։ Որոշ ռուս քաղաքագետներ ու մեկնաբաններ ամբոխավարորեն հայտարարում են, թե «գործընկերները» լքում են Ռուսաստանը, որովհետև նա թուլացած է։ Բայց այդ «այլընտրանքի որոնումն» սկսվեց և ուժեղացավ հենց այն շրջանում, երբ Ռուսաստանը նկատելիորեն ամրացել է թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով։ Միջազգային հարաբերություններում նոր դիրքեր ձեռք բերած Ռուսաստանն է հենց ձգտում «զուգակշռության» քաղաքականություն վարել։ Բայց, միաժամանակ, բախվում է սեփական քաղաքական վերնախավի խութերին, որն այդպես էլ չի կայացել իբրև քաղաքականապես կուռ և ամբողջական մարմին։ Ըստ էության, բացակայում է նաև քաղաքական բանավեճի այն «դաշտը», որը կոչվում է հանրային «քաղաքական շրջանակ»։ Մոսկվայում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը, և ղեկավարությունը մի գլուխ անտեսում ու քննադատում է իր իսկ որոշումները, ջանալով պատասխանատվությունը բարդել գործընկերների վրա։ Միջազգային հարաբերությունները, նախ և առաջ Ռուսաստանի հարևան և համեմատաբար մտերիմ տարածաշրջաններում տիրող իրավիճակը, շատ հակասական են ու բարդ, և Մոսկվան դեռևս ի վիճակի չէ այդ խաղն արդյունավետ առաջ տանելու և միաժամանակ իր համար նպաստավոր վարկանիշ ստեղծելու։ Հայաստանում լավ են հասկացել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում այդպես էլ լիովին պարտավորեցնող կապեր չեն ստեղծվել։ Ռուսաստանը պատրաստ է, առանց իր գործընկերոջ շահերը հաշվի առնելու, փորձել շահ քաղել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ այս կամ այն պայմանավորվածությունից։ Բայց անգամ այդ խնդիրները կարելի է հաղթահարել, և ժամանակն է նոր հարաբերություններ կառուցել Հայաստանի և Ռուսաստանի միջև։