статьи

США могут оказаться в проигрышном положении

2013-02-19

Սովորաբար Լևանտ են անվանում Արևելյան Միջերկրականի բավական ընդարձակ տարածաշրջանը, որը փոխկապակցված է առանձնահատուկ տնտեսական հարաբերություններով: Սակայն «դասական» Լևանտի մեջ մտնում են միայն Լիբանանը, Սիրիան ու Պաղեստինը, որոնք եղել են Արևելքն ու Արևմուտքը կապող առևտրի օջախներ: Դա մի յուրահատուկ տարածաշրջան է, որը տարբերվում է արաբական աշխարհից, և որտեղ պատմականորեն ձևավորվել են համայնքային, կրոնական և քաղաքական յուրօրինակ հարաբերություններ: Այդ տարածաշրջանը, Պարսից ծոցի հետ մեկտեղ, Մերձավոր Արևելքում հակամարտության առանցքային ասպարեզ է դարձել:
Ծայրահեղականության և արմատականության հանդեպ ԱՄՆ-ի անհանդուրժողականությամբ է պայմանավորված այն, որ ԱՄՆ-ը շարունակում է պայքարն ընդդեմ Մերձավոր Արևելքի մյուս երկրներում բույն դրած համապատասխան կազմակերպությունների ու ենթակառուցվածքների: Այդ պայքարում առաջինը Լիբանանն ու Սիրիան են, հնարավոր է նաև Եմենը: ԱՄՆ-ը ուժեղ ճնշում էր գործադրում Լիբանանի ու Սիրիայի վրա, պահանջելով վերացնել այդ կազմակերպություններն ու դադարեցնել Պաղեստինի տարածքում գործող իսլամական արմատական կազմակերպություններին ցուցաբերվող աջակցությունը: Լիբանանի և հատկապես Սիրիայի համար դա, փաստորեն, անիրագործելի կամ դժվար իրագործելի խնդիր է: Լիբանանում մի այնպիսի կազմակերպություն, ինչպիսին «Հըզբոլլահն» է, շիական համայնքի առաջատար քաղաքական կուսակցությունն է: Այն ներկայացված է խորհրդարանում ստվարաթիվ խմբակցությամբ, կապեր ունի շատ պետությունների, նախ և առաջ Սիրիայի և Իրանի, ինչպես նաև Իրաքի հետ, նաև խոշոր ռազմական կազմակերպություն է: «Հըզբոլլահի» վրա լիբանանյան կառավարության ճնշումը կարող է հանգեցնել զինված և քաղաքական դիմակայության վերահսկմանը Լիբանանում, որտեղ մեծ դժվարությամբ փխրուն խաղաղություն է հաստատվել, և որևէ տնտեսական աճ չի նկատվում:
Ինչպես հայտնի է, լիբանանա-իսրայելական սահմանագլխին լիբանանյան զորամասեր չկան, սահմանը հսկում են «Հըզբոլլահի» զինված ջոկատները: ԱՄՆ-ը Լիբանանի նախագահից միանգամայն անառարկելի տոնով պահանջում է «Հըզբոլլահի» զինված կառույցների փաստական ոչնչացում, ինչը, ավելի շուտ, նշանակում է երկրում ամերիկյան զորախմբի ներկայություն, քանի որ Լիբանանի կառավարությունն ի վիճակի չէ ինքնուրույն լուծելու այդ խնդիրը: Դա դժվար կլինի նաև Լիբանանում գտնվող սիրիական զորախմբի համար: Բանն այն է, որ Լիբանանում և Պաղեստինում գործող իսլամական արմատական կազմակերպությունների հետ կապերն ու նրանց աջակցությունը Սիրիայի համար իր արտաքին քաղաքականության, որոշակի իմաստով նաև ներքին քաղաքականության, կարևոր տարրերն ու լծակներն են: Այդ կազմակերպությունների դեմ պայքարում Սիրիայի ջանքերը կհանգեցնեն այն բանին, որ նա կկորցնի արաբական աշխարհում ունեցած կարևոր դիրքերը, հնարավոր է նաև, որ դա հանգեցնի Իրանի և Իրաքի հետ հարաբերությունների վատթարացման: Միաժամանակ, հավանաբար ԱՄՆ-ը կարծում է, թե Լիբանանն առավել թույլ օղակն է արաբական այն պետությունների շղթայում, ուր լեգալ կամ կիսալեգալ կերպով իսլամական սուննիական և շիական արմատական կազմակերպություններ են գործում: Չնայած Սիրիան ավանդաբար համարվում է արաբական ռազմական տերություն և արաբական չորս առաջատար պետություններից մեկը, նրա այսօրվա ռազմաքաղաքական և տնտեսական դրությունը շատ խոցելի է, և նա վերջին ժամանակներս Թուրքիային զիջումներ է արել հանուն ազգային անվտանգության: ՈՒստի հայտնի իմաստով Սիրիան, ինչպես նաև Լիբանանը, կարող է դիտվել որպես խոցելի երկիր, որին հասցվող հրթիռառմբային հարվածները կարող են կործանարար հետևանքներ ունենալ նրա համար:
Կարելի է հնարավոր համարել, որ Լիբանանում և Սիրիայում գործող իսլամական արմատական կազմակերպությունների և նրանց ենթակառուցվածքների վերացման խնդիրներն ամերիկացիները միասնական ռազմական առաջադրանք են համարում: Այդ առաջադրանքը կարող է կատարվել հենց ԱՄՆ-ի կողմից, բայց կարող է նաև` Իսրայելի, որը ԱՄՆ-ի աջակցությամբ կարող է կամ հարվածներ հասցնել համապատասխան օբյեկտներին, կամ համապատասխան տեղեկություններ տրամադրել: Հարկ է նշել, որ արաբական երկրների փորձագետների շրջանում բավական տարածված կարծիք կա, թե Լիբանանին, Սիրիային, Եմենին հարվածներ կարող են հասցվել այն գործողության շրջանակներում, որ հնարավոր է իրականացվի Իրաքի գործողությունն ավարտվելուց հետո: Փաստորեն, ոչ ոք չի հավատում Լիբանանի, առավել ևս Սիրիայի դեմ ռազմական գործողության հնարավորությանը: Դրան զուգընթաց, Լիբանանն ու Սիրիան առավել ակտիվ իսլամական արմատական կազմակերպությունների ամենալայն կենտրոնացման վայրերն են, և հենց այդ երկրներն են դարձել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ այդ խմբավորումների ակտիվ գործունեության թատերաբեմ:
ՈՒշադրության առնելով այս հանգամանքները, կարելի է պնդել, որ Միջերկրական ծովի արևելյան ափին նախանշվող իրադարձություններն այնքան հեռագնա բնույթ են կրում և այնքան մոտիկից են շոշափում արաբական աշխարհի շահերն ու ինքնասիրությունը, որ պաղեստինյան խնդրի նշանակությունը նվազում է, և ԱՄՆ-ը դրա պատճառով չի սահմանափակի իր գործողությունները տարածաշրջանում: Լիբանանի ու Սիրիայի վրա անմիջականորեն ԱՄՆ-ի, ինչպես նաև արաբական որոշ պետությունների ճնշումը, այդ երկրների վրա ռազմական ներգործությունը լրիվ նվազեցնում են պաղեստինյան հարցի նշանակությունը, քանի որ այդ գործողությունները շատ ավելի կարևոր քաղաքական ու տնտեսական նշանակություն ունեն արաբական աշխարհի համար:
Արաբական ու եվրոպական քաղգործիչներն ու փորձագետները ճիշտ չեն համարում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին Իսրայելի մասնակցության բացառումը: Դա, իրոք, խնդրահարույց, անիմաստ ու վտանգավոր է ԱՄՆ-ի համար: Մինչև հիմա Իրաքի դեմ գործողությանը մասնակցություն ունենալու Իսրայելի ամեն մի փորձ ամերիկացիների կողմից համարվել է անընդունելի: Թուրքիայի հետ համատեղ որոշ ռազմամարտավարական խնդիրներ լուծելու, այդ թվում Սիրիային, Իրանին և Իրաքին հարվածներ հասցնելու Իսրայելի փորձերը նույնպես ԱՄՆ-ի համար անընդունելի են: Սակայն տարածաշրջանում իրադարձությունները հետագայում կարող են զարգանալ դժվար կանխատեսելի սցենարով, ուստի ռազմական գործողություններին Իսրայելի մասնակցությունը լիովին չի կարելի բացառել: Իսրայելի կարևորագույն խնդիրն է ոչնչացնել Իրանի բարձրտեխնոլոգիական օբյեկտները, իսլամական արմատականների բազաները, ինչպես նաև Իրանի ռազմածովային նավատորմը, որն Իսրայելը շատ վտանգավոր է համարում իր համար:
Բացի Իսրայելի անմիջական մասնակցությունից, ԱՄՆ-ը կարող է օգտագործել նրա հնարավորությունները Հորդանանի վրա ճնշում գործադրելու համար: Հարկ է նշել, որ առանց Սիրիայի և Լիբանանի նկատմամբ լիակատար գերիշխանության և վերահսկողության, ԱՄՆ-ը չի կարող պատշաճ ազդեցություն ձեռք բերել Մերձավոր Արևելքում: Սիրիան և Լիբանանը, հատկապես Լիբանանը, դարձել են տարածաշրջանի շատ ուժերի քաղաքական պայքարի ասպարեզ: Սակայն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ու Լիբանանի նկատմամբ վերահսկողության հաստատման դժվարությունը բացատրվում է ոչ միայն այստեղ տարածաշրջանի, այլև Եվրոպայի առաջատար պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի ազդեցությամբ, թեև վերջինիս ազդեցությունը գնալով թուլանում է: Ֆրանսիայի քաղաքականությունը, որին աջակցում են Գերմանիան ու Եվրոպայի կաթոլիկ շրջանները, չի հետապնդում ո՛չ նվաճողամտություն, ո՛չ գերիշխանություն, ընդհակառակը, Ֆրանսիան այդ տարածաշրջանում շատ նախընտրելի դիրք է գրավում, արաբներին հնարավորություն ընձեռելով ավելի կայուն և պահանջկոտ դիրք բռնել: Ֆրանսիան մերձավորարևելյան քաղաքականության մեջ միշտ զիջում է ԱՄՆ-ին, սակայն, այդուամենայնիվ, լավ դիրքեր ունի ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության ասպարեզում: Արաբական պետությունները հասկանում են Ֆրանսիայի նշանակությունը, ինչը «ազգային» քաղաքականություն վարելու և ԱՄՆ-ին դիմակայելու հարցում Եվրոպան օժտում է ինչ-որ ինքնուրույն դիրքորոշմամբ:
Լիբանանն ու Սիրիան առանցքային դեր են խաղում արաբա-իսրայելական հակամարտությունում, և նրանց դիրքորոշումից է մեծապես կախված այդ խնդրի հանդեպ արաբական առաջատար պետությունների վերաբերմունքը: Փաստորեն, առանց Սիրիայի կարծիքի ու վերաբերմունքի ճշտման դժվար է արաբա-իսրայելական հակամարտության առթիվ որևէ որոշում պատկերացնել: ԱՄՆ-ը փորձում է չեզոքացնել Սիրիայի դերը, օգտվելով նրա ռազմական ու քաղաքական խնդիրներից, երկրում ծավալված կործանարար քաղաքացիական պատերազմից, սակայն դա, այսպես թե այնպես, արմատապես կոշտ բնույթ չի կրում, քանի որ Սիրիան թե՛ ամերիկացիներին, թե՛ եվրոպացիներին, թե՛ ուժի մյուս կենտրոններին, այդ թվում` արաբական աշխարհին, միշտ ներկայացնում է արտաքին քաղաքականության ավելի քան ճկուն ու փոխզիջողական քայլեր:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի համար Սիրիայի ու Լիբանանի խնդրի կարևորության նվազման փաստարկներին, ապա անհրաժեշտ է ուշադրության առնել այն, որ ԱՄՆ-ը հասկանում է, որ ինքն ի վիճակի չէ լուծելու համաշխարհային և տարածաշրջանային բոլոր խնդիրները: Այսպես թե այնպես, ԱՄՆ-ը պետք է ընտրի գերակա ուղղությունները, այդ թվում` տարածաշրջանային քաղաքականության մեջ, և անտեսի խնդիրների մի մասը` հանուն այն խնդիրների լուծման, որոնցից կախված է իր ազգային անվտանգությունը: ԱՄՆ-ը բացահայտորեն խույս է տալիս Միջերկրական ծովի արևելյան ափի տարածաշրջանային խնդիրների լուծումից, որտեղ ինքը հսկայական ռեսուրսներ է ծախսել: Միաժամանակ, սիրիական և լիբանանյան խնդրի առկայության պայմաններում, ԱՄՆ-ը ակտիվորեն ձեռնամուխ է եղել Իրանի հարցի լուծմանը, մասնավորապես ձգտում է հնարավորություն ստեղծել իսլամական աշխարհում Իրանի գործողությունները խափանելու համար: Իրանը շարունակում է հենվել Լիբանանի և Սիրիայի իր գործընկերների վրա` նպատակ ունենալով ուժեղացնելու ազդեցությունը Մերձավոր Արևելքում, սակայն մյուս արաբական երկրներում ազդեցության ընդլայնման նրա հնարավորություններն ու հույսերն ավելի համեստ են: ՈՒստի Սիրիայում և Լիբանանում ազդեցության համար Իրանի պայքարը կշարունակվի այդ երկրների շիադավանների վրա հենվելով: Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը ժամանակի ընթացքում կփոխի իր վերաբերմունքը Լիբանանի ու Սիրիայի նկատմամբ, որոնք, ամերիկյան քաղնախագծողների հղացմամբ, պետք է դառնան «չեզոք գոտի», որտեղ ո՛չ Իրանը, ո՛չ Թուրքիան, և ո՛չ էլ Սաուդյան Արաբիան գերիշխող ազդեցություն չեն կարող ունենալ: Որոշ ժամանակ հետո հնարավոր է, որ ԱՄՆ-ը այդ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը համարի իր շահերի համար ավելի վտանգավոր, քան Իրանի ազդեցությունը: Սա հիմա դժվար է ենթադրել, բայց ԱՄՆ-ը վաղուց է Իրանն ընկալում որպես ոչ ագրեսիվ պետություն, որը նախընտրում է և հնարավորություն ունի «ոչ մեծ հարվածներ» հասցնելու` ի տարբերություն Թուրքիայի, որը լայն նվաճողական քայլեր է ծրագրում:
Դա կապված է այն բանի հետ, որ քաղաքակրթությունների բախման «պատմական նոր պայմաններում» Սիրիայի ու Լիբանանի խնդիրը նոր, պակաս ընդգրկուն ու տեղային բնույթ է կրում, և միայն ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությունն է այդ խնդրի միջազգային «կարգավիճակի» բարձրացման կարևորագույն գործոնը: Ըստ էության, Լիբանանի, Սիրիայի ու Պաղեստինի քաղաքական շատ ուժեր կարող են ԱՄՆ-ի գործընկերներ դառնալ: Արմատական և ծայրահեղական կարգի իսլամական քաղաքական կազմակերպությունները, հատկապես նրանք, որոնք կրում են միջազգային և վերազգային բնույթ, պաղեստինյան խնդիրն ինչ-որ գերնպատակ չեն համարում: Իհարկե, Երուսաղեմի հարցը շատ կարևոր է իսլամական աշխարհի համար, սակայն, փաստորեն, միայն Իրանի համար է այն «իսլամական պայքարի» գերակա խնդիր հանդիսանում: Պետք է հաշվի առնել, որ առավել խոշոր միջազգային իսլամական արմատական կազմակերպությունների ու շարժումների հիմնական հովանավորն ու կազմակերպիչն իր ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացրել է ոչ թե Երուսաղեմի ու Պաղեստինի, այլ միանգամայն այլ տարածաշրջանների ու աշխարհաքաղաքական ուղղությունների վրա` Հյուսիսային Կովկաս, Աֆղանստան-Քաշմիր, Աֆղանստան-Կենտրոնական Ասիա, Բալկաններ: Հենց այդ ուղղություններում և հատկապես Կովկաս-Կասպյան տարածաշրջանում ռազմավարական շահեր ունեն Սաուդյան Արաբիան և նրա գործընկերները` Պարսից ծոցի արաբական միապետությունները:
Սաուդյան Արաբիայի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերին զուգընթաց, իսլամական շարժումները համապարփակ բնույթ են ստանում, ինչը կապված է իշխանության խնդիրների հետ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը, Հորդանանը, Սիրիան, Ալժիրը, Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, ՈՒզբեկստանը, Տաջիկստանը և, այս կամ այն չափով, իսլամական երկրների մեծ մասը: Վերջին ժամանակներս Պաղեստինում իսլամական կազմակերպությունների ավելի լայն ճանաչումն անգամ չի կարող հանգեցնել այն բանին, որ նրանք առաջատար դիրք գրավեն պաղեստինյան շարժման ու հանրության մեջ: Միջազգային իսլամական շարժումների (նախ և առաջ «Մահմեդական եղբայրների») Պաղեստինում գործող առաջատար գործընկերները` ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադը», չեն կարողացել առաջադաս դիրք գրավել և չեն կարող հաշվի չնստել ժողովրդի աշխարհական կողմնորոշման հետ: Այս կապակցությամբ, արաբաիսլամական խնդիրների ասպարեզում պաղեստինյան հարցին լուսանցքային տեղի հատկացումը միանգամայն իրագործելի հարց է ԱՄՆ-ի և Իսրայելի խելամիտ քաղաքականության, այնպիսի պետությունների աջակցության պարագայում, ինչպիսիք են Եգիպտոսն ու Հորդանանը: Դրանում կարևոր դեր կարող է խաղալ Սիրիան, որը շարունակում է վարել հավասարակշռության քաղաքականություն, որի հիմքը գցել է Հաֆեզ Ասադը:
Միանգամայն ակնհայտ է դառնում, որ պաղեստինյան հարցի մասնակի և անգամ լիակատար կարգավորումը չի հանգեցնի ո՛չ արաբական պետությունների միավորմանը հակաիրաքյան ընդդիմությանը, ո՛չ արաբաիսլամական արմատականների խաղաղեցմանը, ո՛չ այնպիսի պետությունների հետ բնականոն հարաբերությունների հաստատմանը, ինչպիսին Իրանն է: Պաղեստինն ավելի շուտ պաղեստինյան ժողովրդի և Իսրայելի ազգային խնդիրն է, և անգամ արաբական առաջատար պետությունները դրա հետ կապ չունեն: Համաշխարհային իսլամական շարժումն իր գործունեությունը կասեցնելու միտում է դրսևորում, քանի որ իսլամական և ոչ մի պետությունում չի հաջողվել լուծել սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները, իսկ Աֆղանստանի վարչակազմը նույնիսկ հակակրոնական, բարբարոսական բնույթ ունի: Սակայն իսլամական շարժումն առայժմ մեծ զորություն ունի և բավական բարձր կազմակերպվածություն: Իսլամական կազմակերպություններն առայժմ առաջադրում են բավական լայնընդգրկուն խնդիրներ և չեն ուզում զիջել իրենց հակառակորդներին: Ընդ որում, իսլամական արմատական կազմակերպությունների գործունեության ընդլայնումն անշեղորեն նվազեցնում է Պաղեստինի նշանակությունը: ՈՒստի ԱՄՆ-ը կարող է հայտնվել տանուլ տվածի վիճակում, եթե, «հանձնելով» Իսրայելը և զիջելով իր դիրքերը Մերձավոր Արևելքում, բախվի հակաամերիկյան պայքարի ուժեղացման` իբրև ԱՄՆ-ի «թուլության» նկատմամբ արձագանքի: ԱՄՆ-ի համար ոչ մի իմաստ չունի կասկածի տակ դնելու Իսրայելի անվտանգությունը և բուն գոյությունը` հանուն իսլամական աշխարհի խնդիրներից սոսկ մեկի լուծման: Ավելին, Իսրայելի դեմ պայքարի թուլացումը կհանգեցնի հենց ԱՄՆ-ի և տարածաշրջաններում նրա գործընկերների դեմ պայքարի սաստկացման:
ԱՄՆ-ին չի հաջողվի մոտ ժամանակներս ստեղծել այլընտրանք Իսրայելին` նմանօրինակ ուժեղ, տնտեսապես զարգացած ու ռազմականացված պետություն: Դրա հետ մեկտեղ, վարչակազմը հաստատ որոշել է ստեղծել պաղեստինյան պետություն, ինչը կհանգեցնի արաբական և իսլամական աշխարհի հետ ԱՄՆ-ի խնդիրների մասնակի կարգավորման: Վաշինգտոնը հույս ունի, որ պաղեստինյան պետության ստեղծմամբ Լևանտի ամբողջ տարածաշրջանն ավելի մատչելի կդառնա ԱՄՆ-ի ռազմավարության համար: