Interviews

Все материалы размещаются на языке оригинала.
«Ադրբեջանում տարվում է պատերազմի հռետորաբանություն, իսկ Հայաստանում՝ խաղաղության» Հարցազրույց քաղաքագետ Սարո Սարոյանի հետ -Պարոն Սարոյան, անկախության հռչակումից հետո արդեն երկար ժամանակ է, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվում: Այս տարի ինչպիսի՞ նախադրյալներ կան դրա համար: -Ղարաբաղյան հակամարտությունը սովորական մի հակամարտություն չէ, որտեղ լոկալ շահեր են բախվում եւ որի կարգավորումն ի զորու են կազմակերպել երկու հանրությունները կամ արտաքին ուժային կենտրոնները։ Այս հակամարտությունը Մերձավոր Արեւելքում գործող ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանմանն է ծառայում։ Ուստի շատ սխալ է, երբ մեր հանրությանը մշտապես սնուցվում է օբյեկտիվ իրականությունից կտրված այն տեսլականը, թե հակամարտության կարգավորման գործում հայությանը խաղաղասիրությունն է պակասում։ Այսօր հակամարտության կարգավորման նախադրյալներ ես չեմ տեսնում։ Անցած տարի քառօրյա պատերազմը, Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը, Թուրքիայի ներքին անկայուն իրավիճակը, Մերձավոր Արեւելքում կատարվող մեծամասշտաբ վերափոխումները ինձ բոլորովին այլ բանի մասին են ասում։ -Ապրիլյան պատերազմի կրկնություն հնարավոր համարու՞մ եք: -Ամեն պատերազմ յուրահատուկ է։ Ոչ թե հնի կրկնության մասին կարող է խոսք լինել, այլ նոր պատերազմի՝ իր խնդիրներով, ծրագրերով։ Նոր պատերազմի վտանգ կա եւ այդ մասին խոսելուց չպետք է փախչել։ Երբ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականության առանցքն է կազմում, երբ այդ երկիրը նորանոր զենքեր է ձեռք բերում, երբ տարածաշրջանում թուրքական նսեմացած շահերը կոմպենսացնելու հարց է առաջ գալիս, մենք իրավունք չունենք դեմագոգիայով զբաղվել ու խոսել հայ եւ թուրք ժողովուրդների հաշտության մասին։ Անցած տարի 800 հեկտարի կորուստը պետք է լռեցներ բոլոր այն տգետներին, ովքեր կարծում են, որ Հայաստանի խնդիրները գալիս են ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունից եւ շտապ պետք է խաղաղության հաստատման համար քայլեր կատարել։ Անցած տարի տեղի է ունեցել ստատուս-քվոյի փոփոխություն եւ մենք դրան պետք է շատ լուրջ վերաբերվենք։ Այսօր մեր իրականությունն այնպիսին է, որ Ադրբեջանում տարվում է պատերազմի հռետորաբանություն, իսկ Հայաստանում՝ խաղաղության։ Ես այնքան պարզամիտ չեմ, որ ուղղակի կապը չտեսնեմ երկու երեւույթների միջեւ։ Թշնամու ագրեսիվ պահվածքը սեփական հանդուրժողականությամբ ու հեզությամբ դիմավորողները կամ տգետ պետք է լինեն կամ շահառու։ Հակված եմ կարծել, որ ազգային շահը պաշտպանելու մակերեսային փաթեթավորման խորքում ընկած է մեր «պետական այրերի» տգիտությունը։ 1920 թվականին մեր ազգի նույն այդ տգետ հատվածը պացիֆիստական գաղափարներով նախապատրաստեց ազգի ու նրա բանակի կործանումը։ Պատերազմը նախականխում են թշնամու դեմ ադեկվատ ուժի ցուցադրությամբ։ Այսօր մեր շուրջը եղած հանդուրժողականության ու հեզության քարոզը եւ մասնավորապես ղարաբաղյան հարցում փոխզիջումների մասին գործող վարչախմբի եւ ընդդիմության առանձին հատվածի հրապարակային արված ուղերձները ինձ եւս մեկ անգամ համոզում են, որ մեծ է նոր պատերազմի վտանգը եւ ներկայացրածս նպատակային քարոզն ուղղակի կապ ունի ոչ թե խաղաղության, այլ պատերազմի հետ։ – ԼՂՀ անկախության ճանաչումը որքանո՞վ է անհրաժեշտ: -Դե ֆակտո Արցախն ավելի ինքնիշխան է, քան Հայաստանի Հանրապետությունը։ Ի տարբերություն ՀՀ-ի Արցախում օտարերկրյա ռազմաբազա չկա, իսկ նրա սահմաններն էլ հսկում են միայն հայ զինվորները։ Մեզ շատ դեպքերում հրամցնում են այն կեղծիքը, թե ԼՂՀ ճանաչումը առիթ կծառայի պատերազմի վերսկսման համար։ Բայց, չգիտես ինչու մոռանում են, որ անցած տարի պատերազմ սանձազերծելիս Ադրբեջանը ոչ մի առիթի չսպասեց։ Պատերազմի ցանկության դեպքում առիթներ կգտնվեն։ Եթե մենք վերացարկվենք ղարաբաղյան խնդրում հայությանը պարտադրված կեղծ դիլեմայից, այն է՝ կա՛մ «հող` կարգավիճակի դիմաց» բանաձեւի միջոցով բանակցություններ, կա՛մ պատերազմ, ապա կտեսնենք, որ ԼՂՀ-ի ճանաչումը բոլոր առումներով արդարացված է։ Պետության ճանաչումը սեփական իրավունքները հասկանալու, դրանցով առաջնորդվելու, իրավունքների իրացման ժամանակ որոշակի կամք դրսեւորելու արտահայտություն է։ Սակայն միայն ԼՂՀ ճանաչումը բավարար չէ, որպեսզի ղարաբաղյան խնդրում հայ ժողովուրդը ազգային, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ իր պետական խնդիրների լուծմանը հասնի։ Դա հնարավոր է միայն երկու պետությունների հանրությունների շրջանում հանրաքվեի միջոցով դեռեւս 1988 թվականին սկիզբ առած «Միացում» ազգային-ազատագրական շարժումն իր վերջնական հանգրվանին հասցնելու դեպքում։ Ցավոք, այսօր ո՛չ սեփական իրավունքների գիտակցումը կա ՀՀ-ում եւ ոչ էլ կամքը։ Ներկայումս Հայաստանում իրենց քաղաքական ու պետական գործիչներ երեւակայող մարդիկ միայն կարողանում են կատարյալ հեզություն ու հանդուրժողականություն քարոզել։ Զրուցեց` Ա. Սիմոնյանը 2017-01-26