Մշտական բարեկամների ու շահերի մասին
Հայկական ծաղրանկար
Վերջերս շրջանառվեց այն տեղեկատվությունը, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն ամրագրող պայմանագրում սպասվում են փոփոխություններ ու լրացումներ:
Վերջինս, մասնավորապես, ենթադրում է նաեւ մի դրույթի արձանագրում, ըստ որի Ռուսաստանը կստանձնի Հայաստանի անվտանգության երաշխավորի «պարտավորությունները»: Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ այս լրացում-փոփոխությունների ստորագրման օրը մեր «Հանրապետական» անասնաֆերմայի տկարամիտ հորթերը կհրավիրեն իրենց հերթական մամլո ասուլիսներն ու հերթական ավետիսը մեզ կտան այն մասին, որ իրենց գոմի պատերն այս տասնամյակակազմիկ իրադարձությունից հետո ավելի ամրացան, քանի որ Ստալինի անվան հարեւան ֆերմայի ցուլիկները ստանձնել են մեր ֆերմայի անվտանգության երաշխավորի պարտականություններն, ու որ այսուհետ մենք գորշ գայլերին շինած ունենք:
Հիմա հարց է ծագում` այդ պարտավորություններ ասած բլիթը, որ հերթական անգամ կհրամցնեն մեզ, չակերտներո՞վ պետք է ուտենք, թե՞ առանց չակերտների: Խնդիրն այդքան էլ բարդ չէ: Նախ հարց տանք մեզ` ո՞ւմ նախաձեռնությունն է սա` Հայաստանի արբունքի տարիքի հասած տկարամիտ հորթիկների՞, թե՞ Ռուսաստանի նրանց տարիքակից ցուլիկների: Մեր հորթերն առանց այդ էլ պատեհ-անպատեհ հրճվալից էյֆորիայի մեջ էին ՀԱՊԿ անունը լսելիս ու տալիս: Ուղեղի այդ ինչ գերլարում էր, որ նրանց պայծառացրեց, թե շուտով Հայաստանի անվտանգությանը սպառնացող ոհմակների դեմն առնելու համար ՀԱՊԿ-ն իր ղրղզ-ղազախներով ոչինչ է, պետք է այդ կազմակերպության պապայի փեշակի տարողունակությունը մեզ հովանի անել: Ոչինչ, որ աշխարհում բոլոր հարգին ու կարգին պետությունները ռազմաքաղաքական դաշինքների են մաս կազմում: Մենք հո նրանց թայը չենք, մենք առաջադեմ ենք` ժամանակին համահունչ: Այժմ անհրաժեշտ է նոր հեծանիվ հայտնագործել ու աշխարհին համոզել, որ ռազմաքաղաքական դաշինքները սուտ-սուտ բաներ են, իսկ գերտերությունների ուղղակի երաշխիքները` քաղաքական նոու-հաու միջազգային հարաբերություններում: Ասենք` մի քիչ ուշացել ենք առաջինը կոչվելու համար: Բայց դե Օսիան ու Աբխազիան հո ճանաչված պետություններ չեն: Դարեր անց ո՞վ է հիշում քրիստոնեությունն առաջինն ընդունած Օսրոյենեին: Դարեր անց էլի միայն մեզ կհիշատակեն «քաղաքակրթական» այս մեծ ակտի առաջամարտիկը լինելու համար:
Գիտեմ, որ ընթերցողին չհամոզեցի, որ տկարամիտ հորթերը կարող են այսքան «առաջադեմ» լինել: Ու գիտեմ թե ինչու: Թե՛ Օսիան եւ թե՛ Աբխազիան իրենք չընտրեցին Ռուսաստանին իրենց անվտանգության երաշխավոր: Ռուսաստանն ինքն իրեն ընտրեց այդ երկրների անվտանգության երաշխավորի դերում: Դեպքերն էլ ընթացան ռազմական դասական օպերացիաներին համահունչ: Ու հենց Ռուսաստանի նախաձեռնությամբ է, որ հիմա այս դրույթները մտել են շրջանառության մեջ նաեւ մեզ մոտ: Բայց եւ հեռու չէ այն օրը, որ մեր տկարամիտ հորթերը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, օտարալեզու դպրոցների բացման եւ այլ դեպքերի նման, ի լուր աշխարհի ու մեր հասարակության հայտարարեն, որ այս նախաձեռնության հեղինակն էլ են իրենք: Նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը (հասկացիր` մարտնչող ներքին տգիտություն) այդ է պահանջում:
Ռուսական բնանկար
Սակայն այս ամենն ասելու համար չէ, որ ես հարկ համարեցի անդրադառնալ այս խնդրին: Հարցն այն է, թե ինչո՞ւ հիմա Ռուսաստանն առաջ քաշեց նման ծրագիր: Այս հարցն է, որ պետք է հուզի ամենքիս: Իսկապես ՀԱՊԿ-ն Հայաստանին տալիս է անվտանգության գերազանց երաշխիք, ու ո՛չ Հայաստանին եւ ո՛չ էլ` Ռուսաստանին հարկ չկա մտորել երկկողմանի ֆորմատով անվտանգության հիմնարար նոր բանաձեւեր մշակելու մասին (Հայաստանի համար ռազմավարական տեսանկյունից դեպի ՀԱՊԿ կողմնորոշման հաջողականությունը այլ հարց է): Արդեն իսկ հավաքական պայմանագրով բոլոր մասնակից պետությունները հանդիսանում են միմյանց անվտանգության երաշխավորը: Եվ քանի որ տեսանելի ապագայում ՀԱՊԿ լուծարման խնդիր չի նշմարվում, հարցն իր պատասխանին է սպասում:
Ռուսաստանը ներկայումս ձեռնարկել է ռազմաքաղաքական մի նոր գործընթաց, որի դիմաց «օսական պատերազմը» մի փոքր ընդհարում կարող է երեւալ: Ղարաբաղյան խնդիրը հենց այն հիմնաքարն է, որն ընկած է ռուսաստանյան այս նախաձեռնության հիմքում: Ղարաբաղի միջոցով Ադրբեջանին հնազանդեցնելու, իսկ մաքսիմում ծրագիր` ենթարկելու խնդիր է առաջ քաշվում (ու այս համատեքստում հենց պետք է դիտարկվի նաեւ Հայաստանի ընդդիմության առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան խնդրին առաջնահերթություն տալու մարտավարությունը, որը մինչեւ հաջորդ համապետական ընտրություններ ընդդիմության պասիվությունը արդարացնելու գործնականում քաղաքագիտորեն բավական հաջող քայլ է նաեւ հանդիսանում): Ռուսաստանի առջեւ արդեն գրեթե երկու տարի դեպի Ադրբեջան քաղաքական ինտերվենցիա կազմակերպելու եւ ուժային լծակներին տիրելու խնդիր է դրված եղել, որի անհաջող ընթացքը, սակայն, ներկայումս հանգեցրել է ռազմական ինտերվենցիա կազմակերպելու ծրագրի մշակմանը: Իսկ օսական օպերացիան նախօրինակ է ծառայելու, սակայն քիչ փոփոխված ձեւով: Քանի որ ներկա իրողություններով Ռուսաստանն անգամ տեսականորեն չի կարող իրավապայմանագրային դաշտ բերել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը, մշակվել է ղարաբաղյան հակամարտության շղթայաձեւ ռեակցիայի միջոցով` Հայաստանի միջոցով պատերազմի մեջ ներքաշվելու մարտավարությունը: Ռուս-վրացական պատերազմից հետո առավել քան ակնհայտ է այն մեթոդաբանությունը, երբ Ռուսաստանը հակառակորդ պետությանը հակում է իրեն ձեռնտու քայլերի ու ապա շագանակներ քաղում դրանից: Ռուսաստանի Ադրբեջանի հետ հաջող ռազմաքաղաքական գործարքները (C-300-ի վաճառք եւ այլն) ունեն նրա զգոնությունը թուլացնելու եւ հակամարտության բորբոքման դեպքում չեզոք դիրքորոշում որդեգրելու պատրանք ստեղծելու նպատակ: Այս դեպքում Ադրբեջանի Հայաստան ինտերվենցիան ռազմական գործողությունների վերսկսման դեպքում տեխնիկական խնդրի է վերածվում: Ռազմատնտեսական պոտենցիալների բավարար կորուստներից հետո կհետեւի Ռուսաստանի միջամտությունը` արդարության վերականգնման եւ հումանիտար աղետի կանխման անվան տակ: Ռուսաստանի Հայաստանի անվտանգության երաշխավորի կարգավիճակը իրավական տեսանկյունից հնարավորություն կտա դիմագրավել միջազգային հանրության դիմադրությունը Ռուսաստանի երկու երկրներ ռազմական մուտքին: Հարավային Կովկասի հերթական ռազմակալումն ու մաքսիմում ծրագիր` իր նման խաղաղության աղավնու հետ սերտ ինտեգրացիոն պայմանագրերի կնքումը հաջորդ պլանում են: Վերջին պլանում ՌԴ մաս կազմելը կլինի: Կթմբկահարվի երկու հասարակությունների պատերազմներից հոգնածությունը եւ սեփական պետություն կառուցելու անճարությունը (սոցիալական աստղաբաշխական անհավասարությունը, կոռուպցիան, խանական համակարգը եւ այլն): Հենց ՌԴ իրավասուբյեկտության ապահովման խնդիրն է, որ Ռուսաստանին մղում է ՀԱՊԿ-ից դուրս նոր անվտանգության բանաձեւ մշակել ՀՀ հետ: ՀԱՊԿ միջոցով նկարագրված ընթացքը ապահովելու դեպքում հնարավոր չէր լինի հասնել Հարավային Կովկասում Ռուսաստանի միանձնյա ներկայության իրավական ապահովմանը: Ռուսաստանի հետ համատեղ ՀԱՊԿ անվտանգության համակարգն այս դեպքում դեր կխաղա այնքանով, որքանով ժամանակին եւ ներկայում Հայաստանի համար դեր էին ու են խաղում երկու գրեթե իրար կրկնող Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը: Վերջիններիս նման Հայաստանի անվտանգության երաշխիքի շաղկապումը մի դեպքում ՀԱՊԿ-ին, մյուս դեպքում` Ռուսաստանին, Ռուսաստանին հնարավորություն կտա լուծել դեպքերի տարբեր զարգացումների դեպքում նրա միջամտության մարտավարական խնդիրները միայն, իսկ ռազմավարությունը կմնա նույնը` կայսերական ծավալապաշտությունը: