статьи

Հազար տարվա պատմություն

Մարդկային գործունեության ցանկացած բնագավառ իր արդյունավետ կենսագործունեության համար հիմնվում է մի շարք մեթոդաբանական հնարքների վրա, որոնք հնարավորություն են տալիս գտնել հետաքրքրող հարցերի լուծման առավել արդյունավետ մեխանիզմները:

Քաղաքական գործընթացների համեմատաբար ճշգրիտ վերլուծության համար նման կարեւոր մի հնարք է պատմական անալոգիայի կիրառումը: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի:

Ու ինչպես կասեր մի փիլիսոփա` անուղղելի հիմար է նա, ով նույն տեղում սայթաքում է երկրորդ անգամ: Հայաստանի արտաքին քաղաքական ներկա իրադրության մասին խոսելիս 11-րդ դարի Մերձավոր Արեւելքի պատմությունն անգնահատելի մի «ուսուցիչ» է, ու նման սեփական փորձի վերիմաստավորումից հրաժարումը անուղղելի հիմարություն կարող է դիտվել հետագա սերունդների կողմից: Առավել եւս, որ ներկա հայաստանյան իրողությունները կարծես ստորեւ ներկայացվող պատմական էքսկուրսի արտապատկերումները լինեն:

Ինչպես ներկայիս Ռուսական կայսրությունը` 11-րդ դարի սկզբին նրա հոգեհայր Բյուզանդական կայսրությունը հզորացման մի նոր շրջան էր ապրում: Վասիլ 2-րդ կայսրը իր կեսդարյա կառավարման առաջին շրջանում նախ հասցրել էր վերջ տալ Բյուզանդիայի համար սովորական դարձած գահակալական երկպառակություններին ու ապա` կյանքի կոչել կայսրությունը ընդարձակելու ավանդական քաղաքականությունը: Վերջինիս արդյունքում, օգտվելով նվաճումների, կտակումների ու փոխանակումների մարտավարական հնարքներից, կայսրությանը կցվեցին Տայքի իշխանությունը (1000թ.), Բուլղարական պետությունը (1018թ.), Վասպուրականի թագավորությունը (1021թ.): Նույն 1021թ., հերթական կայսերական նվաճումների համար պարտադիր պատրվակները գործի դնելուց հետո, որոնց մեջ երբեմնի Տայքի իշխանությանը մաս կազմած երկրամասերի հանդեպ իրավահաջորդության շահարկումն էր, Վասիլ կայսրը ձեռնարկեց վրաց թագավոր Գեորգի 1-ի դեմ իր «վրաց-օսական» պատերազմը: Այդ ընթացքում Գեորգին հասցրեց ավերել ու հրդեհել իր ժամանակի Ցխինվալը` Տայքի Ուխտիք (Օլթի) քաղաքը, որն իր բնույթով ամբողջությամբ կովկասյան էթնոմշակութային արեալում էր գտնվում, սակայն կայսրության համար հանդես էր գալիս ֆորպոստի կարգավիճակում: Արդեն 1021թ. վերջերին բյուզանդական զորքերը հասցրել էին ռազմակալել վրացական թագավորության մեծ մասը: Տրապիզոնում Վասիլի անցկացրած ձմեռը ընդամենը շունչ քաշելու եւ պատերազմը նոր ուժով շարունակելու խնդիր էր լուծում: Հենց այս ժամանակ Անիում ոգեւորվում են ժամանակի «ռուսամոլ» տարրերը: Տրապիզոն` կայսեր սեւծովյան ձմեռոց է շտապում հայոց թագավոր Հովհաննես-Սմբատի պատվիրակությունը` փառամոլ կաթողիկոս Պետրոս Գետադարձի գլխավորությամբ: Սպասվում էր, որ գարնանը կայսրը արշավանք կձեռնարկի նաեւ Անիի թագավորության դեմ, այս դեպքում առիթ ունենալով այն, որ Հովհաննես-Սմբատը կայսրության դեմ պայքարում օգնության խոստում էր տվել Գեորգի 1-ին, ու օգտվելով Վասպուրականի միակցմամբ աքցանի մեջ առնված Բագրատունյաց թագավորության աննպաստ ռազմաստրատեգիական դրությունից` կայսերական բանակը կկոտրի հայերի դիմադրությունը:

1022թ. Տրապիզոնում «գրվեց հայերի կորստյան կտակ-նամակը, որովհետեւ Հովհաննես-Սմբատը պատվեր էր տվել հայրապետին, թե գրություն գրիր եւ կտակ տուր թագավորին (կայսրին), որ իմ մահից հետո իմ քաղաքներն ու երկիրը նրան եմ հանձնում որպես ժառանգություն» (Արիստակես Լաստիվերցի): Մեկ այլ սկզբնաղբյուր նշում է, որ թուլամորթ հայոց թագավորը, վերցնելով Անի քաղաքի բանալիները, անձամբ է գնացել Տրապիզոն` կայսեր մոտ ու նրան կտակել իր երկիրը: Այնուհետ «կայսրը գովեց նրա խոհեմությունը, պատվեց նրան մագիստրոսի աստիճանով եւ նշանակեց Անիի եւ Մեծ Հայք կոչված երկրի ցմահ իշխան» (Georgius Cedrenus):

Իհարկե անհայտ է, թե կայսրը, բացի թուլամորթ թագավորին մագիստրոսի աստիճանով պատվելուց, իսկ կաթողիկոսին աստվածահայտնության տոնին Քրիստոսի մկրտության խորհուրդը կատարելիս ջուրը ըստ հայոց կանոնի օրհնելու թույլտվություն տալուց բացի, նրանց «կողմնակի» այլ ինչ եկամուտներով է պատվել, սակայն ներկա իրողությունների հետադարձ անալոգիայի ուժով վստահությամբ կարելի է պնդել, որ նրանց է տրվել Պոլսի առեւտրի ու հնօրյա Սոչիում` Տրապիզոնում բուռն թափով իրականացվող շինարարության համար կրաշաղախի մատակարարման քվոտաների մեծ մասը: Առավել եւս, որ «Պետրոսը սաստիկ գանձասեր էր, որի պատճառով շատերը պախարակում էին նրան» (Արիստակես Լաստիվերցի), իսկ Հովհաննես-Սմբատը` «մարմնով թույլ ու տկար, պատերազմական գործերում թուլամորթ ու անփորձ» (Մատթեոս Ուռհայեցի):

1022թ. գարնանը կայսրը իսկապես անցավ հարձակման ու կարողացավ Գեորգիին պարտադրել հաշտություն կնքել իր հետ: Կայսրությանը կցվեցին Տայքը, Ջավախքը եւ Արդահանը:

Անիում պետական դավաճանություն իրականացրած երկոտանիներն այդ օրերին հրճվանքի մեջ էին ու մամլո ասուլիսների ժամանակ իրենց հերթ չէին տալիս «եթեր» դուրս գալու ու «ավետելու», թե ինչ փորձանքից ազատեցին երկիրը` կայսրը ավարտելով «օսական» պատերազմը, շրջանցելով Հայաստանը, դիմել է Պարսկաստանի վրա: Իսկ այն, որ Հայաստանի ու հայության անվտանգության խնդիրը կտակ-պայմանագրով հանձնել են Բյուզանդիային, ու որ հեռու չէ այն ժամանակը, երբ կայսրը կչոքի Անիի դռանը` իր եղն ու բրինձը պահանջելու, դրա մասին ոչ մի խոսք: Ի՞նչ լավ ժամանակներ էին: Միգուցե հազար տարին մեկ է այդպես լինում: Պետք էր օգտվել երկիրը բարգավաճեցնելու (կարդա` ավերելու) հնարավորությունից` հարստանալու ու եկեղեցիներ կառուցելու ժամանակներ էին: Հոգեւոր իշխանությունն էլ իր դիրքում էր: Կաթողիկոսին մեր եկեղեցին այդ օրերին պատեց սրբապսակով` անվանելով սուրբ հայրապետ (Մատթեոս Ուռհայեցի): Դիֆերամբներ սկսեցին երգվել Տրապիզոնում սուրբ հայրապետի ջրօրհնեքի արարողությունից: Այսպես. «Կայսրը մեծ պատվով ընդունեց նրանց: Երբ եկավ մեր Տիրոջ մկրտության տոնը, կայսրը պատիվ արեց տեր Պետրոսին ու հայոց վարդապետին, հունական կղերականներից բարձր դասեց նրանց, եւ հենց տեր Պետրոսին առաջարկեց առաջինը օրհնել ջուրը: Երբ Պետրոսը սուրբ մեռոնի ձեթը կաթեցրեց ջրի մեջ եւ սուրբ խաչի նշանով խփեց ջրին, ջրի վրա սաստկափայլ կրակ երեւաց, գետը մի տեղ կանգ առավ եւ չէր հոսում: Կայսրը եւ զինվորները, տեսնելով դա, սարսափեցին: Կայսրը խոնարհվեց, եւ տեր Պետրոսն իր աջով նրա գլխին օրհնյալ ջուր թափեց: Տեր Պետրոսը մեծ պարգեւներով վերադարձավ հայոց երկիրը, իսկ Վասիլը... այնուհետեւ համարվեց հայոց երկրի հայրը» (Մատթեոս Ուռհայեցի):

Գետը դարձ անող Տեր Պետրոսի ու մնացած հոտի համար այսուհետ կայսրը հայր էր հանդիսանում: Էլ ինչ պետություն ու պետականություն: Նման թիթիզությունները էլ ինչ են, եթե երկրիս երեսին կա царь-батюшка: Ու շատ խելք պետք չէր հերթական` Խծկոնքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցելիս խորիմաստ հայացքով քարտաշ վարպետներին հանձնարարել արձանագրել` «Որդիացեաղ եւ սիրեղի ճորտ Սարգիս, Գ-ից թագաւորաց Հոռոմոց առեալ Գ-ից պատիւ` անթիպատ պատրիկ, վեստ եւ դուկ արեւեղից»: Արձանագրությունը գրվել է 1033թ.` Հովհաննես-Սմբատի կառավարման տարիներին: Գրողն էլ հոգով «ճորտ» ժամանակի կարկառուն կերպարներից Վեստ Սարգիսն է` Պետրոս Գետադարձի գործակիցը հայրենիքը վաճառելու գործում: Ծննդով Սյունիքից այս մեծահարուստ իշխանը, ով հայոց թագավորի կենդանության օրոք առանց քաշվելու հպարտությամբ նշում է, որ ծառայել է բյուզանդական երեք կայսրերի, մի քանի տարի անց Հովհաննես-Սմբատի մահից (1041թ.) հետո փորձեց տիրանալ նաեւ հայոց գահին: Արիստակես Լաստիվերցին այդ կապակցությամբ գրում է. «Իսկ Հայաստանի գլխավոր իշխաններից մեկը, Սարգիս անունով, մտադրվեց թագավորել Շիրակի ու նրա շրջակա գավառների վրա, մանավանդ որ Հովհաննեսի տան ամբողջ գանձերը վերցրել էր իրեն, քանի որ մահանալիս ինքն էր նրան խնամակալում»: Դե այն տարիներին «ճորտերն» ամենուր չէին ու այդ փորձն ապարդյուն անցավ: Պահլավունիների օգնությամբ երիտասարդ Գագիկ թագավորին ի վերջո հաջողվեց ձերբակալել Վեստ Սարգսին: «Ապստամբին սպանել էր պետք. մինչդեռ Գագիկը Սավուղի նման երկրորդ Ագագին խնայելով` իր հետ կառք նստեցրեց, որի համար եւ Սավուղի պատիժն ստացավ. ապրեց մի կյանքով, որ ծանր է մահից» (Արիստակես Լաստիվերցի): Ընթերցողին նորագույն պատմությունից քաջածանոթ է ողբերգությամբ ավարտվող «իր հետ կառք նստեցնելու» երեւույթը ու այդ թեմայով կարելի է նաեւ չխոսել: Իսկ ահա պետականությունը կորցնելու երեւույթի մասին պետք է ամեն օր խոսել, որ ֆորպոստի գեներալ-գուբերնատոր կամ Կովկասի մուկ նորօրյա Վեստ Սարգիսները ականջներին օղ անեն, որ Լաստիվերցու «դավաճանին սպանել է պետք» բանաձեւը, որ չկիրառվեց 1040-ական թթ., մինչեւ հիմա ձայն է տալիս:

1045թ. Անիի թագավորությունն ընկավ: Ընկավ երկամյա հերոսական դիմադրությունից հետո: Նախ կայսրը պահանջեց կտակ-պայմանագրով իրեն հասանելիք ժառանգությունը, ապա գործի դրեց իր գործակալներ Վեստ Սարգսին, Պետրոս Գետադարձին ու մյուսներին, որոնց հորդորով Գագիկ 2-րդը մեկնեց Պոլիս: Չնայած Անին` հանձին քաղաքացիների ու զինվորականության իր պաշտպաններն ուներ, սակայն Անիի բանալիները Պետրոս Գետադարձի ձեռքով շուտով հայտնվեցին կայսեր մոտ ու հայոց պետականությունը դադարեց գոյություն ունենալ: Կայսրության քաղաքական խաղերում մի քանի անգամ գործիք դարձած Տեր Պետրոսն էլ կայսրությանը ճորտի նման ծառայելու պատճառով մաշվել ու անպետք էր դարձել (փչացրել էին) ու անտես սրբապսակը գլխին դեգերում էր այս ու այն կողմ: Կայսրությունն էլ կարծես իր գագաթնակետին էր ու նոր նվաճումներ էր մտմտում: Կայսերական հպատակ քաղաք դարձած Անիում էլ ճորտերն ամեն օր խոսում էին անպարտելի բյուզանդական զենքի, Անիի եղանակային պայմանների, Պոլսի հետ կապվածության ու մեկշաբաթյա տարբերության, կայսեր աստվածային շնորհների կամ էլ եվրոպական միապետերի ու Պապի հետ ուղղափառ դավանանքի համար առյուծ կտրելու ու նման բաների մասին:

Անիում, սակայն, միայն ճորտերը չէ, որ խոսում էին: Կային նաեւ այնպիսիք, ովքեր բարձրաձայնում էին, որ կայսրությունը կործանման եզրին է` բարքերի անկման, ազգային խնդիրների անտեսման, երկրի տարածական ծավալների համեմատ դեմոգրաֆիական պատկերի անհամապատասխանության, տնտեսական ներուժի կրճատման, կոռուպցիայի, բյուրոկրատական քաշքշուկների, հովանավորչության ու հատկապես բնակչության հայրենիքի խնդիրների հանդեպ ունեցած արհամարհանքի ու անհոգության պատճառներով: «Չար» լեզուներն էլ փսփսում էին, որ Արեւելքում երեւացող թուրքական սեւ ամպը շուտով կարկտահարելու է կայսրության ամբողջ տարածքը: Ճորտերի պատասխանն էլ բյուզանդական արջի անպարտելիությունն էր կամ` «ուժ ունես, խելք էլ պետք չի» բանաձեւը:

Անիի անկումից ընդամենը մի քանի տարի հետո կայսրությունը պետք է դիմագրավեր թուրքական հորդաների անդադար հոսքերին: Գալիս էին ու գալիս: Առանձին ճակատամարտերն ու ընդհարումները ոչ մի արդյունք չէին տալիս եւ կայսր Ռոմանոս 4-րդը որոշեց մեծ ու վճռական ճակատամարտով թուրքերի հարցերը լուծել: Մինչեւ ճակատամարտի սպասվելիք վայրին հասնելը կայսերական բանակի վերջին կանգառը դարձավ Կարսը, որտեղ կայսրը, արդեն տարիներ շարունակվող հայ-հունական դավանաբանական վեճերից դրդված, «այրեց Հայոց եկեղեցին եւ երդվեց, որ եթե հաղթի թուրքերին, կամ իսպառ բնաջինջ կանի հայերին, կամ հավատափոխ» (Միքայել Ասորի): Սուրբ նախրապետ Տեր Պետրոսն էլ վաղուց կենդանի չէր, որ «հայոց երկրի հորը» եւս մեկ անգամ խոնարհեցներ ու իր աջով նրա գլխին օրհնյալ ջուր թափեր` ի բարեբախտություն հայ-հունական դարավոր բարեկամության:

1071թ. Մանազկերտի ճակատամարտով ավարտվեց Բյուզանդական կայսրության երբեմնի փառահեղ ու ծավալապաշտական դարաշրջանը: Գերի ընկած Ռոմանոս կայսրը ստիպված էր մեծ փրկագնի եւ տարածքային զիջումների գնով վերադառնալ կայսրություն, որտեղ, սակայն, պետք է անձնատուր լիներ եւ կուրացվեր բյուզանդական զինվորականության ձեռքով: Հայաստանն էլ, մասնատված, սելջուկ-թուրքերի ու վրացիների ձեռքում էր գտնվում: Ընթերցողը թող չզարմանա վրացիների անունը լսելիս: Վասիլ կայսերը հնօրյա Օսիա-Աբխազիան զիջելուց որոշ տարիներ անց վրացիները կրկին տեր դարձան այդ երկրամասերին ու քանի որ ամենամեծ արժեքը նրանց համար պետականությունն էր, սրբությամբ պահպանեցին այն դարեր շարունակ` տալով Դավիթ Շինարարի, Թամար թագուհու նման միապետեր: