Սահման սրանց, արիւն իւրեանց
Ներկա վարչակարգի ձեռքին Հայաստանը խորը բարոյահոգեբանական ճգնաժամ է ապրում ու օր օրի գլորվում անդունդը:
Շուրջը կատարվող անօրինականություններին հարմարված հայ հանրության համար այս եզրահանգումն արդեն տրիվիալ ճշմարտություն կարող է դիտվել: Իսկ վարչակարգի սպասարկուները, լսելով նման եզրահանգման մասին, կարող են դիմել իրենց սիրած ձեռնածությանը` ամենօրյա տարաբնույթ դեպքերի շարանով իսկ ակնհայտ պետության անկման փաստին տալով անհեթեթ պատասխաններ: Կարող են մեկնաբանել, օրինակ, որ առանձին մասնավոր դեպքերով պետության կենսագործունեության վրա ազդող ինչ-որ երևույթներ չեն լինում, ընդհանրական եզրակացություններ էլ չեն կազմվում: Հենց այս առաջին հայացքից ճշմարտանման մեկնաբանությունն էլ ինձ ստիպում է վերադառնալու այդ խնդրին:
Ինչպես օվկիանոսի սառցաբեկորի երևացող մասը հիմք է սառցաբեկորի չերևացող մասի մեծության մասին պատկերացում կազմելու համար` ցանկանում եմ անդրադառնալ առանձնակի դեպքերի ոչ մասնավոր բնույթին, քանզի ամեն ինչ դեպքերի «մանրուքների»` խորքային պատճառների մեջ է: Ու հատկապես, որ նման մասնավոր դեպքերի ետևում թաքնված են խոշոր երևույթներ, որոնք բնութագրում են հասարակության ներկայիս հուսահատական ու անորոշության մեջ գտնվելու վիճակները:
Նախորդ տարիներին հանրությունը լրահոսով մի քանի անգամ հանդիպել է մահվան ելքով ավարտվող այնպիսի երևույթի մասին հիշատակությունների, ինչպիսին վենդետան է կամ մասնագիտական լեզվով` արյան վրեժի շարժառիթով կատարված դիտավորյալ սպանությունը: Այս տարին ևս բացառություն չէր: Ու, ինչպես կարելի է կանխատեսել կատարվելիք եզրահանգումից, վերջինը չի լինի:
Հատկանշական է, որ այս տարի արյան վրեժի թիրախ են դարձել արդեն ծերերն ու երեխաները: Այսպես, եթե ապրիլի 21-ին Այգուտ գյուղի 70-ամյա մի բնակիչ եղբոր արյան վրեժը լուծելու շարժառիթով սպանել էր 82-ամյա իր համագյուղացուն, ապա օրեր առաջ հայ հանրությունը ցնցվեց արդեն երեխայի դաժան սպանության փաստով: Նոյեմբերի 14-ին, Արտակ Մելքոնյանը իր մեկ տարի առաջ սպանված 13-ամյա որդու` Սոսի արյան վրեժը լուծելու շարժառիթով սպանեց 13-ամյա Սարգիս Վարդիկյանին: Մարմնի տարբեր հատվածներում դանակի 17 հարված ստացած պատանուն հարևանները տեղափոխել էին հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել: Արտակ Մելքոնյանն այնուհետև ներկայացել էր ոստիկանության Էրեբունու բաժին և կամավոր հանձնվել իրավապահներին:
Գրեթե բոլոր ամբիոններից Հայաստանի ծաղկման գովքով տարված ու ամենօրյա «Հայլուր» թատրոնը ներկայացնող սպասարկուներին հարկ է զգուշացնել, որ մի օր վենդետան կարող է թակել նաև իրենց դռները, եթե օր առաջ չձերբազատվենք այս հանցավոր վարչակարգից: Ու որպեսզի հանրությանն առավել մատչելի դառնա մտահոգությունս` մի փոքր անդրադարձ կատարեմ նշված երևույթին:
Արյան վրեժի սովորույթը գալիս է հնադարից և հանդիսանում է հասարակական հարաբերությունների հանրային կարգավորման ինքնուրույն մի մեխանիզմ` պայմանավորված պետության բացակայությամբ կամ այնպիսի պետության գոյությամբ, որն ի վիճակի չէ ապահովելու իրավակարգի գոյությունը: Վերջինս հատուկ է հատկապես քրեապետություններին, որտեղ իշխանությունն ու կրիմինալը այնքան են սերտաճած, որ հասարակական հարաբերությունների կարգավորման հիմքում պետության հարկադրանքի ուժին ու մեխանիզմներին փոխարինում են քրեական տարրերի բռի ուժն ու մաֆիոզ-կլանային մեխանիզմները: Նման դեպքերում կրիմինալի համար արյան վրեժը իշխանության հաստատման ու պահպանման գործում դառնում է սեփական ամենաթողությունը երաշխավորող հիմնական միջոցներից մեկը:
Սակայն հայաստանյան վերը նշված դեպքերը վկայում են, որ արդեն գործ ունենք ոչ միայն նախորդ տարիներին կրիմինալի կողմից կիրառություն գտած որոշակի մեխանիզմի հետ, այլ` հասարակական ավելի լայն շերտերի մոտ արյան վրեժի սովորույթի արտահայտման: Եթե այս երևույթի հետընթաց տրամաբանությամբ շարժվենք, ապա կարելի է նաև նկատել, որ գործ ունենք իրավակարգի պահպանության խնդրում անկարող թույլ պետությունից դեպի պետության ժխտում շարժվող հասարակական գործընթացի հետ: Դրա համար հիմք են արյան վրեժ իրականացնող հասարակական տարբեր շերտեր ներկայացնող անհատների այն հուզական հոգեբանական դրդապատճառները, որոնք վերջիններիս հակում են մի կողմ թողնել ի բնե պետության երաշխավորած պատժի մեխանիզմները և դիմել ինքնադատաստանի: Իսկ հակում են, քանի որ պետությունը իրավապահ մարմինների միջոցով չի երաշխավորում իր քրեական օրենսդրության մեջ հռչակած մի շարք հիմնարար սկզբունքների գոյությունը: Մասնավորապես խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքներին: Այսպիսով, պաշտպանություն չգտնելով պետությունից, որը վերածվում է քրեական ու բիզնես շահեր ունեցողների մի մեծ ակումբի, հասարակությունը պաշտպանություն է փորձում գտնել ավելի փոքր սոցիալական խմբերում: Հենց այս մղիչ ուժով էլ առանձին անհատներ հակվում են իրենց ազգականության ու ընտանիքի միջոցով սեփական անվտանգության ու պաշտպանության խնդիրը լուծելու գործին: Վերջինս էլ դառնում է հետադարձ մի մեխանիզմ` անձի կյանքի նկատմամբ ոտնձգության դեպքում նրա ազգականներին ստիպում է դիմել արյան վրեժի սովորույթին:
Նշվեց արդեն, որ նման կարգավորումը վերաբերել է պետական կառույցներին նախորդած շրջանում տոհմացեղային կյանքով ապրող հասարակություններին: Այստեղ այն հանդես է եկել որպես բնական կարգավորման այնպիսի մի միջոց, որը հասարակության առանձին անդամների յուրաքանչյուր ոճրի համար ապահովել է հատուցման մեխանիզմ և դրա ուժով թույլ չի տվել, որ հասարակության մեջ գերիշխի ամենաթողությունն ու քաոսը: Այն փոխարինել է պետության այնպիսի գործառույթների, ինչպիսիք են պետության կողմից քաղաքացիների անվտանգության ու պաշտպանության ապահովումը, ինչպես նաև պետությանը վերապահված հրապարակային իշխանության կիրառմամբ գործադիր (իրավապահ) և դատական մարմինների միջոցով արդարադատության իրականացումն ու հանցավորության մեկուսացումը հանրությունից: Ասվածի բնորոշ օրինակ կարող է ծառայել նախաիսլամական շրջանի արաբական հասարակությունը:
Նախաիսլամական ժամանակաշրջանի արաբական հասարակության սոցիալ-իրավական կացութաձևը բնորոշվում էր տոհմա-ցեղային կարգերով, որտեղ կարևորվում էր ցեղային ու առավել` տոհմային պատկանելությունը: Արաբական տոհմերը արյունակից հարազատների միավորումներ չէին: Յուրաքանչյուրը մի քանի սակրալ գործողություններից հետո կարող էր դառնալ որևէ տոհմի առանձին ներկայացուցչի «եղբայրը», որով մտնում էր տոհմի ու նրանից վեր գտնվող ցեղի պաշտպանության տակ: Իսկ նման պաշտպանությունը կենսական անհրաժեշտություն էր, քանի որ իր խմբից դուրս արաբն ընդհանրապես անձ չէր դիտվում: Յուրաքանչյուր բնակիչ, ով իր տոհմից ու ցեղից դուրս էր հայտնվում` զրկվում էր օգնություն ստանալու հնարավորությունից և առանց որևէ պատասխանատվության կարող էր սպանվել, իսկ նրա ունեցվածքը` ավարի մատնվել: Պատճառն այն էր, որ ոչ մեկի հետ նա կապված չէր լինում արյան վրեժի` օրենքի ուժ ունեցող պարտավորությունը իրագործելու սկզբունքով: Իսկ արյան վրեժը ցեղերի միջև հարաբերություններում եղած վայրի բռնության միակ զսպող հանգամանքն էր: Հենց արյան վրեժի սովորույթի ուժով էլ ցեղերի ու տոհմերի միջև արգելված էին թշնամությունը և արյունահեղություններ բերող ամեն տեսակի ընդհարումները: Նման խմբերում յուրաքանչյուր չափահաս տղամարդ պարտավոր էր արյան վրեժի մասնակից դառնալ` սպանելով իր տոհմակցի սպանողին կամ մարդասպան տոհմակցին պաշտպան կանգնելով: Այսինքն` ցեղի անդամի նկատմամբ ֆիզիկական բռնության, սպանության դեպքերում ցեղի մյուս անդամները պարտավոր էին վրեժ առնել: Ընդ որում, դա տարածվում էր ոչ միայն մեղավոր անձի նկատմամբ, այլև` նրա տոհմի ու ցեղի բոլոր անդամների: Սա հանդիսանում էր տոհմացեղային փոխօգնության և համերաշխության ամենից ուժեղ արտահայտությունը, որի ժամանակ ցեղի ցանկացած անդամ իրեն պատասխանատու էր զգում թե՛ ցեղակիցներից յուրաքանչյուրի արարքների և թե՛ այլոց կողմից իր ցեղակիցների դեմ ուղղված արարքների համար: Առանձին դեպքերում ցեղերի միջև արյան վրեժը երբեմն ձգվում էր մինչև մի քանի տասնամյակ և ունենում շատ ծանր հետևանքներ` ընդհուպ մինչև միմյանց երկուստեք ոչնչացում: Բայց սա տոհմացեղային հասարակարգի վաղ շրջանում էր, դեպի ուր ներկայումս շարժվում է նաև հայ հանրությունը: Ուշ շրջանում արյան վրեժի կիրառությունը գրեթե զրոյի էր հավասարեցված, քանի որ բացառվում էր անձի կյանքի դեմ ոտնձգությունը. դարերի փորձն իրենն ասում էր: Իսկ մենք ութհազարամյա պատմություն ունենք: Ծառից ծառ թռնողների ինչ-որ դարերի փորձն ինչ է, երբ մեր հազարամյակների փորձով արդեն ճոպանուղով ենք սարից սար թռնում:
Հայաստանյան իրականության մեջ ներկայումս արյան վրեժի կիրառության փաստը հենց այն «մանրուքներից» մեկն է, որ ցուցանում է երկրի անկման աստիճանը: Հանցավոր վարչակարգին միգուցե հարմար ու հարիր է «գողական» բարքերի մեջ լող տալը: Ու հասարակության մեջ արյան վրեժի փաստին էլ կարող են ուշադրություն չդարձնել: Ի վերջո դա իրենց հիշեցնում է սիցիլիական մաֆիան. մի երանելի կառույց` Դոն Կոռլեոնեի գլխավորությամբ: Սակայն մի փաստի գոնե «պտի» (օգտվելով ոչընտիրի «ոսկեղենիկ» բառապաշարից) ուշադրություն դարձնեն: Որպեսզի խոսքս հասցեական լինի, արտահայտվեմ երկրորդ դեմքով.
- Պետությունը հետզհետե տանում եք դեպի նախապետական վայրենի ժամանակներ, որտեղ արյան վրեժի սովորույթը մաֆիոզ-կլանային կառույցներից դուրս է հորդում դեպի հասարակության տարբեր շերտեր, և որտեղ դուք արդեն դառնալու եք հիմնական թիրախներից մեկը: Իրավապահ մարմիններում ու բանակում կատարվող սպանությունների, ինքնասպանությունների ու «ինքնասպանությունների» շղթան միգուցե շուտով հասնի նաև ձեզ: Հետևաբար մի խորհուրդ կարող եք ձեր «բարձր» գողական դիրքերից լսել` «Ձեր կաշին փրկելու խնդիր եք լուծելու, ուշքի եկեք»: