статьи

Բոլոր ճանապարհները տանում են «երրորդ Հռոմ»

Նախորդ հոդվածում երկխոսություն էր ծավալվել ՀՀ քաղաքացու ու մեր ղեկավար պաշտոնյաներից` քաղաքապետի միջև: Վերջինս քաղաքացուն հարց էր ուղղել. «Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ», որին հետևել էր պատասխան. «Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով»:
Հիմա փորձում եմ հասկանալ` քաղաքացիներիս խորհուրդ-պատասխա՞նն էր պատճառը, որ քաղաքապետին ստիպեց գնալ իր ճանապարհով: Մտածում եմ ու պատասխանը չեմ գտնում: Հույս ունեմ մինչև այս հոդվածի վերջին հասնելը գտնել պատասխանը: Դրա համար նախանշում եմ ելակետային երկու ուղի: Առաջին` քաղաքապետն իրապես անցավ քաղաքացիներիս ոտքերի տակից ու «Հող էիր, հող դարձար» սկզբունքով գնաց իր սև օրերը ողբալու: Երկրորդ` անցավ մեկ ուրիշի սրի տակով ու գնաց` առանց մնաս բարով ասելու:
Քանզի առաջինն իր նման սև կատակ է իրականում, մնում է շարժվենք երկրորդ ուղիով:
Ըստ պաշտոնական լրահոսի` սուր բանեցնողը մեր դրածո նախագահն է եղել, ում մոտ հանկարծ սկսել են «խոսել» թաքնված առաքինությունները: «Վայլուրի» թողարկմամբ` Շարմազանովն անգամ հասավ 2008թ. ու հիշեց Սերժի ուղերձում մատնանշված վերջինիս կառավարման տարիներին օրենքից վեր գտնվող մարդկանց բացառման խոստումը: Երկուսուկես տարվա ընթացքում կիրառված ինչպիսի՜ սկզբունքայնություն: Իսկ օպերատիվության տեսանկյունից` ահա ձեզ համար իսկական «վայ» լուր:
Որպեսզի այս ուղին հիմա էլ չվերածվի Շարմազանովի ներկայացրած խեղկատակության գովերգման, փորձենք պարզել իրական շարժառիթները: Մամուլում շրջանառվում է երկու հիմնական վարկած: Նախ` որ քաղաքապետի անօրինական գործողությունները բերել են Սերժի մերձավոր շրջապատը ներկայացնող անձանց պատվի, իրավունքների ու շահերի ոտնահարմանը, և ապա` որ հենց ինքը` քաղաքապետը, զոհ է գնացել Սերժի մերձավոր շրջապատը ներկայացնող որոշակի շրջանակի կազմակերպած խարդավանքին, ովքեր` օգտվելով Բեգլարյանի անհաշվենկատ ու անօրինական միջամտությունից` Սերժին համոզել են պատժել վերջինիս:
Ներկայացված երկու վարկածներն էլ մի մեծ խոցելի կետ ունեն: Ինքը` Բեգլարյանը, մինչ հանրությանը հայտնի դեպքը տեղի ունենալը, հանդիսանում էր Սերժի մերձավոր շրջապատի կարկառուն ներկայացուցիչը: Վարկածները խոսում են այն մասին, որ Սերժը երկու մերձավոր շրջապատ ունի: Մեկը օլիգարխիկ այն մեծ շրջապատն է, որի շնորհիվ նա բազմել է նախագահի աթոռին, իսկ մյուսը` իր փեսա Միշիկի շուրջը հավաքված, հիմնականում երիտասարդ կարիերիստներից կազմված փոքր շրջապատը: Վերջիններս, որքան էլ առավել մերձ լինեն ոչընտիրին, իրենց կարողություններով, հնարավորություններով, թվաքանակով ու այլ չափանիշներով անհամեմատ զիջում են առաջինին: Առաջին հերթին հենց այս հանգամանքը մեզ հիմք է տալիս կասկածի տակ առնելու շրջանառվող վարկածները:
Օրեր անց, ինչպես լինում է նման դեպքերում, ամեն ինչ իր տեղը կընկնի, ու հանրությունը կիմանա քաղաքապետի շուրջ տեղի ունեցածի իրական շարժառիթը: Սակայն, մինչ այդ, որպես նախկինում նույն թեմայի շուրջ ընթերցողի հետ զրույց ծավալած հեղինակ, ինձ իրավունք եմ վերապահում առաջ քաշելու մեկ այլ կարևոր վարկած` վերջինիս ճշմարտանմանության աստիճանի պարզումը թողնելով ընթերցողին:
Հասարակությանը վաղուց հայտնի է, որ Հայաստանի իշխանության ղեկին կանգնած ներկայիս գործիչների հայտնի ու անհայտ թելերը տանում են Մոսկվա: Այդտեղից են նաև ծագում Հայաստանում վերջին գրեթե մեկուկես տասնամյակում տեղի ունեցած քաղաքական գործընթացների շարժառիթները: Նշված ժամանակաշրջանում Հայաստանում քաղաքական իշխանության պահպանման կամ փոխանցման հարցում ռուսական հետքը հստակ տեսանելի է: Միայն սովորական համադրումն իսկ շատ բան է ասում: Այսպես` Ելցինի կառավարման վերջին տարիներն ու հրաժարականը համընկնում են Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին տարիներին ու հրաժարականին: Դրան հաջորդած Պուտինի տասնամյա դեսպոտության ու նրան կրկնօրինակող Քոչարյանի իշխանության ժամանակաշրջանը` նույնպես: Վաղուց է շրջանառվում, օրինակ, վարչապետից նախագահ մեխանիզմի կիրառությունը նախ Հայաստանում (ռուսական հատուկ ծառայությունների նախագծմամբ ու գործուն միջամտությամբ), ապա նաև` Ռուսաստանում 90-ական թվականների երկրորդ կեսին: Նաև` Դումայում և Ազգային ժողովում քաղաքական ուժերի ներկայիս միևնույն հարաբերակցությունն ու քաղաքական մյուս խոշոր գործընթացները, որոնց համադրումն ընթերցողն ինքնուրույն կարող է իրականացնել: Համադրվում են նաև քաղաքական նշանակությամբ մանր ու խոշոր բազում պարամետրեր (կարգախոսներ, փիար տեխնոլոգիաներ, դեպի միևնույն դաշտ ուղղորդվող տնտեսական, իրավաստեղծ, մշակութային գործընթացներ և այլն): Այս հոդվածի սահմաններում այդ ամենին անդրադարձ կատարել հնարավոր չէ: Ուստի սահմանափակվենք նշվածով:
Ներկայացված պատկերը ցույց է տալիս, որ քաղաքական ցանկացած մեծ իրադարձություն չի կարող անմասն մնալ ռուսական ազդեցությունից: Ընդ որում, որ վերջերս համապատասխան նույնաբովանդակ իրադարձությունն իր արտահայտությունը գտավ նաև ռուսական քաղաքական դաշտում: Հենց Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի պաշտոնանկության փաստն էլ այն հիմնական առիթն է, որ իր արտաքին հենասյան պատվերով Հայաստանի դրածո իշխանությանը պետք է մղեր գնալ նման` առաջին հայացքից անխելամիտ զոհողության: Իսկ պատճառն ընկած է այն նույն տրամաբանության դաշտում, որը ռուսական իշխանություններին ստիպել է նախորդ գրեթե մեկուկես տասնամյակում Հայաստանը վերածել կամ քաղաքական փորձադաշտի, կամ էլ երբևէ նախագծվելիք քաղաքական փորձարկումները այստեղ հաջող կիրարկելու հնարավորություն ունենալու համար` քաղաքական կցորդ-ֆորպոստի, որի քաղաքական դաշտի զարգացումները պետք է համապատասխանեցված լինեն Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին:
Ներկայացված նշածս պատճառական կապին որպես հակափաստարկ կարող է բերվել այն հարցապնդումը, թե արդյո՞ք Բեգլարյանը չէր համապատասխանում Մոսկվայի նորընտիր քաղաքապետին ներկայացվելիք պահանջներին, կամ որ նույնն է` երբևէ ռուսական փորձարկումներին ինչո՞վ պետք է խանգարեր, այն դեպքում, երբ հանդիսանում էր նույն ռուսական ազդեցության կրողը: Պատասխանը միանշանակ է` չէր համապատասխանում, քանի որ Լուժկովի ու Բեգլարյանի բիզնես-շահերը այնքան էին միահյուսված (դա է պահանջում նաև Հայաստանի նշածս կցորդ-փորձադաշտի կարգավիճակը), որ հնարավոր չէր դրանք տարանջատել:
Ժողովրդական առածն ասում է. «Երբ եզը ընկնում է, դանակավորները շատանում են»: Սպասենք սև կապիտալի վերաբաշխմանը: