статьи

Բագրատունյաց փառքը

Հայերի և վրացիների դարավոր բարեկամության մասին երկու ժողովուրդների շրջանում տարածված կարծիքը շատ դեպքերում զուրկ է մնում կոնկրետությունից և դառնում անհիմն շահարկումների առարկա:

Խնդրին անդրադառնալիս երբեմն էլ տրվում են այնպիսի մեկնաբանություններ, որտեղ հարաբերությունների իրական հիմքերը նսեմացվում են իրականում երկրորդական նշանակություն ունեցող հանգամանքների վկայակոչմամբ:
Երկու ժողովուրդների համատեղ կեցության պատմափիլիսոփայական մեկնաբանմամբ առաջնորդվելիս կարելի է նկատել, որ հայ և վրաց ժողովուրդների միջև եղած բարեկամական կապերը արտահայտությունն են ոչ միայն դարերի ընթացքում ծավալված մշակութային, քաղաքական ու տնտեսական փոխառնչությունների: Հայ և վրաց ժողովուրդների պատմության ավելի քան երկուսուկեսհազարամյա փորձը գալիս է վկայելու, որ միմյանց միջև հաստատված սերտ հարաբերությունների հիմքում ընկած է առավելապես անվտանգության խնդիրը: Կարելի է վստահաբար պնդել, որ հենց վերջինս էլ հայ և վրաց հասարակությունների մերձեցման հիմքն է մշտապես կազմել:
Դեռևս հնադարում երեք պետական կազմավորումների` Մեծ Հայքի, Վիրքի ու Աղվանքի ռազմա-ստրատեգիական հայեցակարգում գործում էին փոխլրացման, փոխօգնության և հավասարակշռման սկզբունքները:

Պետական ապարատի միջոցով կիրառություն գտնող այդ սկզբունքները հայերի ու կովկասյան ժողովուրդների փոխհարաբերություններում միմյանց անվտանգության ապահովման երաշխիքն էին դառնում: Վիրքի ու Աղվանքի համեմատ Հայաստանը բավական մեծ ու հզոր պետություն էր: Հենց այդ հանգամանքով պայմանավորված այն իր երկու փոքր հարևանների համար հզոր պատնեշ էր ծառայում. Պարթևական Արևելքի ու հռոմեական Արևմուտքի դեպի Կովկաս ծավալվելու ժամանակ դառնում էր նրանց անվտանգության գլխավոր երաշխավորը: Նմանապես Վիրքն ու Աղվանքը նույն դերն էին կատարում Հայաստանի համար վաչկատուն ցեղերի արշավանքների ժամանակ, երբ վերջիններս հաղթահարում էին Կովկասյան լեռնաշղթան: Վրաստանն այդ օրերին դառնում էր Կովկասյան լեռնաշղթայի կենտրոնական դռները (լեռնանցքերը) պահպանող ու պաշտպանող հիմնական պատվարը, իսկ Աղվանքը` արևելյան:

Միջնադարում, երբ Արևելքի ու Արևմուտքի մրցակցության գործում իրենց հերթափոխն էին ստանձնել Սասանյան Պարսկաստանն ու Բյուզանդական կայսրությունը, նախկին երեք սահմանակից պետականությունները զոհ գնացին նշված կայսրությունների նվաճողական քաղաքականությանը: Այդուհետ Սասանյան Պարսկաստանի կազմում ձևավորվեցին համապատասխանաբար Հայոց, Աղվանից ու ապա նաև Վրաց մարզպանությունները:

7-րդ դարում Սասանյան Պարսկաստանին փոխարինեց Արաբական խալիֆայությունը: Արաբները, նվաճելով Սասանյանների կովկասյան տիրույթները, հարկ համարեցին նախկին Վրաց ու Աղվանից մարզպանությունները մինչև Կովկասյան լեռնաշղթա ընկած բոլոր գավառների ու Հայաստանի հետ միասին միավորել մեկ վարչաքաղաքական միավորի մեջ (8-րդ դարի սկզբին): Այն ստացավ Արմինիա անունը:

9-րդ դարի սկզբին Արաբական խալիֆայությունում անկումային նախանշաններ երևացին: Հսկայական կայսրությունը կամաց-կամաց սկսեց չտիրապետել իր ծայրագավառները: Հայաստանում նույն շրջանում ազգային քաղաքական ուժերը հնարավորություն ստացան մեծացնել սեփական իրավունքների շրջանակը: Ինքնավարության համար պայքարին լծվեցին երեք մեծ նախարարական տոհմեր` Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները: Մրցակից Մամիկոնյանների բացակայության պայմաններում Բագրատունիների հնարավորություններն առավել գերադասելի էին: Արաբների հետ սերտ հարաբերություններն ու խալիֆայության պետական իշխանության հետ ճկուն դիվանագիտությունն առավել էին ամրացնում վերջիններիս դիրքերը:

Արմինիա կուսակալությունում Բագրատունիների կայուն դիրքն ու ծանրակշիռ ներկայությունը հենց այն գրավականը դարձան, որ այս տոհմին հնարավորություն ընձեռեց հավակնոտ մի ծրագրի գլուխ կանգնել: Խնդիր դրվեց Հայաստանում պետական ինքնիշխանության համար պայքարում հասնել ոչ միայն իրենց տոհմի գահատիրության, այլ նաև ամբողջ Արմինիա կուսակալությունում առանձին գավառների նկատմամբ սեփականատիրության հաստատմանը: Վերջինս Հայաստանն ու Կովկասյան տարածաշրջանը (այսինքն` ամբողջ Արմինիայի տարածքը) Բագրատունյաց դրոշի տակ միավորելու ծրագրի սկիզբը պետք է դառնար: Ծրագիր, որի գաղափարական հենքը Բագրատունիները տեսնում էին իրենց աստվածատրության գաղափարի դարաշրջանին համապատասխան մեկնաբանման մեջ: Այն է` հասնել քրիստոնյա բնակչության ու քրիստոնյա գահակալների համախմբմանը Բագրատունիների գահերեց ու աստվածահաճո իշխանության շուրջ:

9-րդ դարի երկրորդ կեսին Բագրատունյաց նախարարական տոհմը ներկայանում էր երեք մեծ տոհմաճյուղերի բաժանված: Պատմագիտական գրականության մեջ այս տոհմաճյուղերին տրվել է Շիրակի Բագրատունիներ, Տարոնի Բագրատունիներ և վրաց Բագրատունիներ անվանումը: Սրանցից յուրաքանչյուրը նույն այս ժամանակաշրջանում իր տոհմական ընդարձակ կալվածքներն ուներ, երբեմն գավառներ ընդգրկող: Երեք մեծ տոհմաճյուղերից յուրաքանչյուրը քաղաքական գործունեություն ծավալելու և ընդարձակվելու հստակ տարանջատված տարածական սահմաններում էր գործում: Շիրակի Բագրատունիներն իրենց ձեռքն էին վերցրել «արևելքը», Տարոնի Բագրատունիները` «արևմուտքը», իսկ վրաց Բագրատունիները` «հյուսիսը» (տարածաշրջանի բնաաշխարհագրական կառուցվածքն ու Արմինիա կուսակալության սահմանները տարածման հենց նման հնարավորություն էին ընձեռում):

Ի կատարումն տարածաշրջանը իրենց դրոշի տակ միավորելու ծրագրի, 10-11-րդ դարերում Բագրատունիների կողմից ազատագրված, գնված, ժառանգված ու գրավված առանձին գավառների և դրանց շուրջ հիմնադրված նորանոր տոհմաճյուղերի, թագավորությունների ու իշխանությունների թիվը մի քանի տասնյակի է հասնում: Հիշատակելի են Անիի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Ափխազա-վրացական, Կախեթ-Հերեթի թագավորությունները, Տարոնի, Սասունի, Մոկքի, Տայքի, Արտանուջի իշխանությունները և այլն:

10-րդ դարի կեսերին տարածաշրջանն իրենց դրոշի տակ միավորելու Բագրատունիների ծրագիրը հանդիպեց լուրջ խոչընդոտների: Բագրատունիների անհաջողություններն առաջին հերթին պայմանավորված էին Բյուզանդական կայսրության նոր հզոր էքսպանսիայով, որի արդյունքում դեպի արևմուտք ծավալվելու նրանց ծրագիրն ամբողջությամբ տապալվեց: Վերջ տալով Բագրատունյաց իշխանություններին Տարոնում ու շրջակա գավառներում` կայսրությունը փոխարենը նրանց հատուցեց` հենց Բյուզանդիայում կալվածքներ հատկացնելով և կայսերական ծառայության մեջ մտցնելով: Այդուհետ Բյուզանդիայում Բագրատունիների «արևմտյան» ճյուղի ներկայացուցիչներին մի քանի դար կարելի էր տեսնել պետական ու ռազմական ծառայության մեջ Տարոնացիներ ու Թոռնիկյաններ տոհմանունների տակ:

Մյուս կողմից` 10-րդ դարում Բագրատունիների անհաջողությունները պայմանավորված էին նրանց իշխանության տարածմամբ ահագնացած միջտոհմային, միջկրոնական ու միջէթնիկ խնդիրներով: Ներհայկական միջավայրում Արծրունիների ու Սյունիների հետ գոյություն ուներ հզոր մրցակցություն: Հավատքի դաշտում մի կողմից պայքար էր իսլամական աշխարհայացքի դեմ, մյուս կողմից` քաղկեդոնականության ու հակաքաղկեդոնականության միջև: Իսկ ազգային (ցեղային) խնդիրներում Բագրատունիներն ընդհանրապես դեմ էին առել մի այնպիսի մարտահրավերի (հատկապես բազմէթնիկ Կովկասում), որը աստվածահաճո քրիստոնյա հզոր արքայի գաղափարի միջոցով հնարավոր չէր լուծել: Կովկասում իրենց իշխանությունը տարածելու ժամանակ տարաբնույթ «ազգերն ու ազգությունները» Բագրատունիների գաղափարախոսական հայեցակարգում չէին տեսնում սեփական անվտանգության երաշխիքի հարցը: Հենց այն հարցը, որը հնադարում ընկած էր Հայքի, Վիրքի ու Աղվանքի միմյանց փոխլրացման, փոխօգնության և հավասարակշռման սկզբունքների հիմքում:

11-րդ դարում բյուզանդական էքսպանսիային ենթարկվեցին նաև Բագրատունիների «արևելյան» ու «հյուսիսային» ճյուղերը: Միաժամանակ տարածաշրջանն արևելքից ենթարկվեց սելջուկ-թուրքերի ավերիչ հզոր արշավանքներին: Միջտոհմային, միջկրոնական ու միջէթնիկ խնդիրներից զատ, պայքարել նաև արտաքին ճակատում` քաղաքակրթական երկու գերհզոր ուժերի հետ, Բագրատունիներն ի զորու չէին: Մեկը մյուսի հետևից սկսեցին ընկնել Բագրատունիների «հյուսիսային» և «արևելյան» ճյուղերը ներկայացնող իշխանությունները` Տայքի կյուրապաղատությունը, Անիի, Կարսի թագավորությունները: Բագրատունյաց քաղաքական միտքը պետք է լուծում գտներ վերջնական անկում ցուցանող այս մարտահրավերներին պատասխանելիս: Լուծումը գտնվեց: «Արևելյան» ճյուղի գլխավոր հենասյան` Անիի բռնազավթված լինելու պատճառով լուծումը տրվեց «հյուսիսային» ճյուղի` Վրաց Բագրատունիների քաղաքական մտքի միջոցով:

Վրաց Բագրատունիների պատվերով վրաց եպիսկոպոսներից մեկը` Լեոնտի Մրովելին (11-րդ դար) գրեց ներկայումս վրաց միջնադարյան գրականության հայտնի «Քարթլիի թագավորների կյանքը» երկը: Վերջինիս առաջին տողերը սկսվում էին հետևյալ վկայությամբ. «Նախևառաջ հիշատակենք, որ հայոց, քարթվելների (վրաց), ռանաց, մովականաց, հերաց, լեկաց (լեզգիների), եգերաց (մեգրելների) և կովկասաց հայրը մեկն էր` Թորգոմը: Սա որդին էր Թիրասի, որ էր որդին Գամերի, որ էր որդին Հաբեթի, որ էր որդին Նոյի: ...Նրա (Թորգոմի) երկրի սահմաններն այս էին. արևելքից` ծովն Գուրգանի (Կասպից), արևմուտքից` ծովն Պոնտոսի (Սև), հարավից` լեռն Որեթի (որ քրդերի երկրում է) և հյուսիսից` լեռն Կովկասի: ...Թորգոմի որդիների մեջ հայտնի դարձան ութ քաջարի ու անվանի հսկաներ, որոնց անուններն էին` առաջինը Հայոս, երկրորդը` Քարթլոս, երրորդը` Բարդոս, չորրորդը` Մովական, հինգերորդը` Լեկոս, վեցերորդը` Հերոս, յոթերորդը` Կովկաս, ութերորդը` Եգրոս»:

Այնուհետև Լեոնտի Մրովելին նկարագրում է բռնակալ Բելի դեմ ութ եղբայրների պատերազմն ու Բելի նետահարվելը Հայկից: Ապա նաև հիշատակում ավագ եղբոր` Հայկի իշխանության տակ եղբայրների խաղաղությամբ բնակվելը:
Բագրատունիների (Հայկի) գլխավորությամբ արտաքին թշնամիների դեմ պայքարելու ու նրա իշխանության տակ կովկասյան ժողովուրդների համերաշխ բնակվելու գաղափարը լայն արձագանք գտավ ամբողջ Կովկասում: Արդեն 12-րդ դարում Վրաց Բագրատունիների կարկառուն ներկայացուցչի` Դավիթ Շինարարի գլխավորությամբ նրա «կովկասյան» բանակը սկսեց տարածաշրջանի ազատագրման (միավորման) գործընթացը: Մեկը մյուսի հետևից սկսեցին ընկնել թագավորություններ ու իշխանություններ, քաղաքներ ու բերդեր: Դավիթ Շինարարի գործը շարունակեցին նրա հաջորդները: Թամար թագուհու ժամանակ` 13-րդ դարի սկզբին, Միացյալ Վրաստանն իր կազմում ընդգրկում էր արդեն Լեոնտի Մրովելու հիշատակած «ութ եղբայրներին» բաժին հասած երկրների գրեթե ողջ տարածքը (սելջուկ-թուրքերից ազատագրված էր նաև մեր հայրենիքի նշանակալից մի մասը` Անին, Կարսը, Դվինը և այլն):

Բագրատունիների այս միացյալ պետությունը թեև չուներ 9-րդ դարի իրենց նախահայրերի ծրագրած պետության մեծությունը, սակայն ներքին կառուցվածքով այն առավել անխոցելի էր և գաղափարապես հիմնավորված: Երկրի կորիզը կազմում էին հայերն ու վրացիները: Բանակի հրամանատարությունը տրված էր հայերին (Զաքարյաններին), երկրում դավանաբանական վեճերը նվազագույնի էին հասցված, կրոնական ու ազգային խնդիրներում հանդուրժողականություն էր տիրում, տնտեսական առումով երկիրը ծաղկում էր ապրում: Բագրատունիների գլխավորությամբ հայերը, վրացիները և կովկասյան շատ ժողովուրդներ լուծել էին իրենց անվտանգության և համերաշխ համակեցության խնդիրը:

Դարերի փորձը ներկայիս արտաքին սպառնալիքների համատեքստում կարևոր մի ուսուցիչ է Կովկասում հանդուրժողականության և համերաշխության հաստատման համար: Ինչպես դարեր առաջ, Կովկասում շատ խնդիրներ այժմ ևս կարիք ունեն լուծվելու հենց հայ-վրացական միասնությունը ապահովելու միջոցով: