Ո՞ւր է Բյուզանդիան
Հայաստանն առանց հայերի կայսերական ծրագիրը վերջին շրջանում չոքել է մեր տան շեմին և առավել ինտենսիվ է բախում դուռը: Հայաստանում լայն թափ է ստացել արտասահմանում բնակվող հայրենակիցների Ռուսաստանի Դաշնությունում կամավոր վերաբնակեցմանն օժանդակելու պետական ծրագիրը` կյանքի կոչված ՌԴ նախագահի 2006թ. հունիսի 28-ի հրամանագրով:
Համաձայն «Արտասահմանում բնակվող հայրենակիցների նկատմամբ ՌԴ պետական քաղաքականության մասին» ՌԴ ֆեդերալ օրենքի` «հայրենակիցներ» են համարվում նաև ԽՍՀՄ կազմի մեջ եղած հանրապետություններում բնակված անձինք, ովքեր ԽՍՀՄ փլուզումից հետո ստացել են տվյալ նորանկախ պետությունների քաղաքացիությունը: Ըստ այդմ` ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները տվյալ ծրագրի թիրախն են դարձել և սահմանված պայմաններն ընդունելու դեպքում կամավոր կարող են վերաբնակվել Ռուսաստանում (ֆորմալ առումով միայն 18-20 տարեկան չափահաս քաղաքացիները չեն ընկնում տվյալ կատեգորիայի տակ, սակայն ծրագրին նրանց ծնողների մասնակցության դեպքում, որպես ընտանիքի անդամներ` վերջիններս նույնպես կարող են վերաբնակվել Ռուսաստանում):
2011թ. դրությամբ ծրագրին մասնակցել են 2000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ: Ընդ որում` ներկայումս ծրագրին մասնակցելու համար դիմումները կարող են տրվել նաև ՌԴ տարածքում: Վերջինս արված է, որպեսզի ժամանակավոր աշխատանքի մեկնածների միջոցով ևս հնարավոր լինի լուծել Ռուսաստանի բնակեցման ծրագիրը: Ուստի ծրագրին մասնակցող ՀՀ քաղաքացիների թիվը այսուհետ անհամեմատ մեծ ցուցանիշեր է արձանագրելու:
Ծրագիրը Ռուսաստանի վերաբնակեցման համար հատկացված տարածքները բաժանում է երեք խմբի, որոնցից միայն առաջինում է գործում մատուցվող ծառայությունների ու վճարումների ամբողջ ծավալը, մյուս երկուսի համար համապատասխան ձևակերպումների առկայության դեպքում սահմանելով ընդամենը անվճար փոխադրում տվյալ երկրամաս և մի քանի ոչ էական արտոնություններ: Իսկ առաջին խմբի մեջ մտնող տարածքներ` Ռուսաստանի ռազմավարական առումով կարևոր սահմանամերձ երկրամասեր մեկնողները օգտվում են նպաստ և դրամական միանվագ օգնություն ստանալու իրավունքից: Նման տարածքների թվին են պատկանում, օրինակ, Պրիմորիեի երկրամասը, Ամուրի մարզը ևն:
Միջազգային ու տեղական մի շարք ուսումնասիրություններ ու հարցումներ փաստում են, որ 2010թ. Հայաստանը լքել է շուրջ 70.000 մարդ: Լքողները գլխավորապես մեկնել են Ռուսաստան և եղել են սոցիալապես անապահով և խոցելի խավի ներկայացուցիչները: Նշված ծրագրի առավել ինտենսիվ գործարկումով պարզ է դառնում, որ տարերայնորեն տեղի ունեցած նման մեկնումներին այժմ փոխարինելու են գալիս պետական ծրագրով կազմակեպված վերաբնակեցումները:
Այս ամենն առավել ցավ է պատճառում, երբ ուշադրություն ենք դարձնում մի շատ կարևոր հանգամանքի: Խոսքը վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն ծառայության ներկայացուցչության ղեկավար Սվետլանա Ստեպանովայի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տվյալ խնդրի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի մասին բացահայտումներին: Ըստ Ստեպանովայի` Հայաստանի կառավարությունը չի խոչընդոտում տվյալ ռուսական ծրագրի իրականացմանը, քանի որ նման քայլեր ձեռնարկելն իմաստ չունի: Վերջինս միաժամանակ մի հռետորական, իսկ իրականում` մեր կառավարության ճորտական կախումը ցուցանող հարց է առաջադրում` «Իսկ նրանք ինչպե՞ս կարող են խոչընդոտել»:
Թե որքան են հիմնավոր ու անկեղծ Ստեպանովայի խոսքերը` կարող ենք դատել հետևյալ փաստից: ՌԴ վերստուգիչ պալատի ոչ վաղ անցյալում հրապարակած տվյալները վկայում են, որ դեռևս 2007-2008թթ. ԱՊՀ ամենաշատ միգրացիոն պոտենցիալ ունեցող երկրների` Ղազախստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի և Ուկրաինայի տարածքներում Ռուսաստանի ֆեդերալ միգրացիոն ծառայության ներկայացուցչություններ չեն ստեղծվել տվյալ պետությունների իշխանությունների հակազդեցության պատճառով: Վերջիններս, թույլ չտալով նման ներկայացուցչությունների ստեղծումը, ինչպես նաև այլ միջոցներով խոչընդոտելով մեր կողմից քննարկվող ՌԴ պետական ծրագրի իրականացմանը, այդպիսով խափանել են ծրագրի արդյունավետությունն իրենց երկրներում: Նույն մարմնի տվյալները ցույց են տալիս, որ համապատասխան ներկայացուցչություններ գործում են միայն Հայաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Լատվիայում:
Այստեղ հարկ է մի փոքր պարզաբանում կատարել: Լատվիայում ներկայացուցչության հիմնադրումը թույլատրվել է, քանի որ այդ երկիրը շահգրգռված է ազատվել ռուս-լատվիական հարաբերություններում մշտապես դեստրուկտիվ դեր խաղացող և բնակչության մեջ տեսակարար մեծ կշիռ կազմող ոչ լատիշ ռուսախոս բնակչությունից: Թուրքմենստանը համաձայնել է, քանի որ ԱՊՀ տարածքում ամենամեծ սոցիալական արտոնություններից ու երաշխիքներից օգտվող նրա բնակչությանը հնարավոր չէ «կաշառել» Սիբիրում կամ Հեռավոր Արևելքում ինչ-որ արտոնություններ խոստանալով: Դե մնացած երեք աղքատ երկրների մասին խոսելն արդեն անիմաստ է դառնում: Միայն կարելի է գնահատել Ստեպանովայի անկեղծությունը, ով պնդում է, որ Հայաստանը դատարկելու ռուսական այս ծրագրին իշխանությունը բռնազավթած վարչակարգը չի կարող խոչընդոտել: Զարմանալի կլիներ, եթե իրականում կարողանար:
Հայաստանում մեր իսկ թողտվությամբ ստեղծված անմխիթար դեմոգրաֆիական պատկերին անդրադառնալիս հարկ է ևս երկու հանգամանք հաշվի առնել: Նախ, որ Ռուսաստանի պետական նման ծրագրի կենսագործումը Հայաստանում, ըստ էության, բերում է Հարավային Կովկասում նրա ռազմավարական դաշնակցի դիրքերի անհամեմատ թուլացմանը: Երկրորդ` Հայաստանում վերջին տասնամյակում անընդհատ ահագնացող սոցիալական ռեգրեսի հետևում (որն էլ քննարկվող ծրագրի կենսագործման արդյունքում մարդկային կապիտալ է մատակարարում Ռուսաստան) ուղղակի թե անուղղակի կանգնած է հենց պաշտոնական Մոսկվան: Զերծ մնալով ամեն տեսակ շինծու հայրենասիրական պոռթկումներից` հարկ է նկատել, որ երկու դեպքում էլ գործ ունենք ռուսական շահի գնահատման հետ:
Հայաստանում տնտեսական գրեթե բոլոր հզորություններն իր ձեռքը վերցնելով և Հայաստանում քրեաօլիգարխիկ ռեժիմի ամենաթողությունն օժանդակելով` ռուսական պետական մեքենան այժմ այն ծառայեցնում է իր ներկայիս շահերի սպասարկմանը: Եվ հետևաբար կարելի է ուղղակի արձանագրել, որ Կրեմլի համար պետական մերօրյա շահը կայանում է իր երկրի ռազմավարական առումով կարևոր սահմանամերձ տարածքների բնակեցման խնդիրը լուծելու մեջ: Արտաքին սպառնալիքների դեմ պայքարում ֆորպոստ Հայաստանում պաշտպանական պոտենցիալը մեծացնելը չի մտնում Կրեմլի իրական նպատակների մեջ: Կարելի է արձանագրել նաև, որ Մոսկվայի համար երբևէ Հայաստանը կարող է դառնալ միայն մանրադրամ աշխարհաքաղաքական կարևոր խնդիրները լուծելիս: Իսկ հայերը (նաև` ղրղզները, տաջիկները) հարկավոր են Հեռավոր Արևելքում Հրեական ինքնավար մարզի կողքին մի նոր ազգային «օջախ» ստեղծելու և չինական վտանգի դեմն առնելու համար միայն:
Մեծ եղեռնից հետո Արևմտյան Հայաստանը զրկվեց իր տերերից: Արտագաղթը խթանելու կրեմլյան նշված ծրագիրը Արևելյան Հայաստանը հայաթափելու առավել «քաղաքակիրթ» ձևերի համատեքստում է գտնվում: Ցեղասպանությունից հարյուր տարի անց հայությունը իր հայրենիքում խնդիր ունի կրկին գոյապահպանման հարց լուծել` այս անգամ արդեն Թուրքիայի հետ բարեկամություն անող Ռուսաստանին ընդդիմանալով: Այս ամենը հիշեցնում է դարեր առաջ հայությանը պարտադրված նմանօրինակ մի իրավիճակ, որը, ցավոք, կրկնվելու նշաններ է ցուցանում: Ռուս-թուրքական ժամանակակից սիրախաղերի տեսանկյունից արդիական է 6-րդ դարում երկու կայսրությունների` Բյուզանդիայի և Պարսկաստանի տիրակալներ Մորիկի և Խոսրովի միջև կայացած նամակագրության վկայակոչումը, որտեղ բյուզանդական կայսրը շատ անկեղծ գրում էր հայերի մասին. «Մի խոտոր և անհնազանդ ազգ կա մեր մեջ և պղտորում է: Բայց ես իմը ժողովեմ և Թրակիայում գումարեմ, իսկ դու քոնը ժողովիր և հրամայիր արևելք տանել: Եթե նրանք մեռնեն, ապա կմեռնեն մեր թշնամիները և եթե սպանեն, մեր թշնամիներին կսպանեն, և մենք խաղաղությամբ կապրենք: Որովհետև, եթե դրանք իրենց երկրում մնան, մենք հանգիստ չենք լինի»:
Չկան այլևս կայսրերը, չկա նաև Ռուսաստանի հոգեհայր Բյուզանդիան: Իսկ մենք կանք, պիտի լինենք ու պիտի շատանանք միայն Հայաստանում: Իսկ դրա համար ընդամենը մի բան է պետք` ազատվել օտարի բռնապետությունից (արդյունքում` նաև հոգեզավակի տիրապետությունից):