статьи

Քաղաքական ավանդույթների պատմությունից – 3

Շարունակելով խոսել ազգային քաղաքական ավանդույթների ներկա քաղաքական կյանքի վրա թողած ազդեցության մասին` այս անգամ հարկ ենք համարում անդրադառնալ հայ ժողովրդի պատմության ընթացքում զգալի հետք թողած մեկ այլ նախարարության քաղաքական ավանդույթներին:

Արծրունիներ

Արծրունիներն իրենց ծագումը տալիս էին Ասորեստանի Սենեքերիմ թագավորից (Ք. ա. 7-րդ դար): Ըստ տոհմական ավանդության` Սանասար և Ադրամելեք եղբայրները, սպանելով հորը` Սենեքերիմին, փախել էին Հայաստան: Եղբայրներից մեկից` Ադրամելեքից էլ սերում էին Արծրունիները:

Ինչպես և Բագրատունիները, այս տոհմի ուրարտական շրջանից (առավել վաղ քան Սենեքերիմը) ծագելու փաստը պատմագիտությունն ընդունում է աներկբայորեն: Մասնավորապես այդ է վկայում ուրարտական Արծիբիդինի դիցանունը, որը եղել է Արծրունիների հովանավոր աստվածությունը:

Ծագումից զատ տոհմական ավանդությունը Արծրունիներին Մերձավոր Արևելքում Ք. ա. 7-3-րդ դարերում ծավալված կարևոր իրադարձությունների մասնակիցն էր դարձնում: Պատմվում էր Մարաստանի, Պարսկաստանի, Լյուդիայի տիրակալների, Ալեքսանդր Մակեդոնացու, Սելևկյանների, Պտղոմյանների ու Արշակունիների հետ Արծրունիների սերտ քաղաքական կապերի մասին:

Արծրունիների ռազմաքաղաքական գործունեությանը վերաբերող նման տեղեկությունները, որքանով որ նմանվում են ինքնավեհացնող ավանդազրույցների, նույնքանով էլ խոսում են հնադարում այս տոհմի խաղացած մեծ դերի մասին: Այդ է վկայում մասնավորապես նաև այն փաստը, որ Ք. ա. 3-1-ին դարերի Ծոփքի թագավորական տան ներկայացուցիչների և Արծրունիների տոհմական շատ անձնանուններ նույնական են:

Արծրունիների տոհմական կալվածքը գտնվում էր Վասպուրականի Աղբակ գավառում: Տոհմական ավանդությունը նրանց վաղ շրջանի կալվածք դիտարկում էր Արզնը (Աղձն գավառը Աղձնիքում), իսկ Աղբակում հաստատվելը ժամանակագրում Արտաշես Ա-ի շրջանում (Ք. ա. 2-րդ դար): Սակայն, Արծրունիների ուրարտական ժամանակաշրջանից ծագելու փաստը վկայում է, որ Աղբակը նրանց նախնական տարածքն է եղել և Արզնով փոխարինվել է տոհմի ասորեստանյան ծագման ազդեցությամբ:

Ք. ա. 1-ին դարում Տիգրան Մեծի զորավարներից էր Մեհրուժանը, ում պատմաբանների մեծամասնությունը իրավամբ ընդունում է որպես Արծրունի: Նա էր, որ հանձնարարություն ստացավ կասեցնել Լուկուլլոսի առաջխաղացումը դեպի Տիգրանակերտ և ով առաջադրանքը կատարելիս ընկավ հերոսի մահով:

Արշակունյաց շրջանում Արծրունյաց տոհմը մեկն էր այն մեծ նախարարություններից, որ պատերազմի ժամանակ մարտադաշտ էր հանում մինչև հազար զինվոր: Սկսած 3-րդ դարից Արծրունիների ռազմաքաղաքական դերակատարությունն առավել ընդգծված էր: Դա պայմանավորված էր Իրանում Սասանյան տոհմի իշխանության գալուց հետո Հայաստանի ու Պարսկաստանի միջև պատերազմների պարբերական բնույթով: Իսկ խոշոր նախարարությունների թվում պարսկական սահմանին մոտ գտնվում էին հենց Արծրունիների կալվածքները: Ուստի հարկ էր լինում նրանց գլխավորությամբ կազմակերպել երկրի պաշտպանության գործը: Սակայն հենց նույն` սահմանակցության հանգամանքը Արծրունիներին երբեմն դրդում էր հովանավորություն ու անվտանգության երաշխիքներ փնտրել պարսից արքաների մոտ: 4-5-րդ դարերում պատմությանը հայտնի են նման մի քանի դեպքեր:

5-րդ դարում` Արշակունյաց թագավորության անկումից հետո, Արծրունիները հայոց ազատագրական պայքարի առաջամարտիկներից էին: Հատկապես նշանակալից էր նրանց մասնակցությունը Վարդանանց պատերազմին, երբ Ավարայրի ճակատամարտում Ներշապուհ Արծրունին գլխավարում էր հայոց բանակի կենտրոնական զորախումբը:

Մարդպետական կալվածքների տնօրինման շնորհիվ Արծրունիներն արդեն 6-7-րդ դարերում կարողացան իրենց հզորությամբ անհամեմատ առաջ անցնել Վանա լճի շրջակայքի և Վասպուրական աշխարհի նախարարական մյուս տոհմերից: Իսկ 8-րդ դարի սկզբում` Ռշտունյաց կալվածքների (հատկապես` Աղթամար կղզու և Վան բերդաքաղաքի) միակցումից հետո, նրանց իշխանությունը ձեռք բերեց ռազմաաշխարհագրական կարևոր դիրք ու տնտեսական ինքնաբավ հզորություններ: Այդուհետ Հարավային Հայաստանի շատ տոհմեր (Անձևացի, Գազրիկյան, Ակեացի ևն) ընկան նրանց քաղաքական ազդեցության տակ:

Արծրունիների արագ հզորացումը 8-րդ դարի երկրորդ կեսին անհանգստացրեց արաբ ոստիկաններին: Արաբական արշավանքների ու բռնաճնշումների զոհը դարձան նախ Սահակ, Համազասպ և Գագիկ Արծրունի եղբայրները (755թ.), ապա նաև Գագիկի որդիներ Համազասպն ու Սահակը (786թ.): Սակայն, արաբների թշնամական ձեռնարկումները չկասեցրին Արծրունիների վերելքը: Միայն այն փաստը, որ արդեն 9-րդ դարի կեսին հանդես են գալիս մոտ երկու տասնյակ Արծրունի սերնդակից իշխաններ (որոնք առանձին դեպքերում պայքարում էին անգամ միմյանց դեմ), խոսում է այս տոհմի ծավալման մեծ չափերի մասին: Նույն շրջանում էր, որ Արծրունիները տեր դարձան նաև Անձևացիների կալվածքներին և իրենց հզորությամբ համեմատելի դարձան միայն Բագրատունիներին ու Սյունիներին:

9-րդ դարի երկրորդ կեսին և 10-րդ դարի սկզբում Արծրունիների հարաբերությունները շրջակա ավատատերերի, այդ թվում` Բագրատունիների ու Սյունիների հետ շատ անկայուն էին: Հաջող դաշինքներն ու ավերիչ երկպառակությունները փոխարինում էին միմյանց: Սակայն, այդուհանդերձ, Արծրունիներն այդ ընթացքում շարունակեցին աստիճանական զարգացման, աստիճանական ծավալման, նյութական բարիքների աստիճանական կուտակման ու դրանք երկրի բարեշինմանը ուղղելու այն նույն ուղին, որը նրանց հաջողությունների էր բերել նախորդ դարերում: Նշված ուղին զուգորդվում էր դիվանագիտական ու քաղաքական արդյունավետ քայլերով:

Այսպես, արտաքին հարաբերություններում կարևոր գործիքի էր վերածվել խալիֆայության, ինչպես նաև օտար և հայ իշխանությունների հետ ճկուն քաղաքական գործակցությունը, որի ժամանակ կիրառվում էր թե՛ կոշտ ընդդիմացումների և թե՛ շահավետ միավորումների մարտավարությունը: Իսկ ներքին խնդիրներում վասալական կախման մեջ գտնվող ավատատերերի հետ փոխեփոխ գործի էին դրվում ուժով հարկադրելու, խոսքով համոզելու, խնամիական կապերի միջոցով հաշտվելու կամ նրանց կալվածքներին տիրանալու միջոցները: Հենց նույն այդ ռազմավարության արդյունքում արդեն 908 թվականին Արծրունիները կարողացան հասնել թագավորական իշխանության, որը շուտով ճանաչեցին նաև Արաբական խալիֆայությունն ու Բյուզանդիան:

10-րդ դարի առաջին կեսը` Գագիկ Արծրունու թագավորության շրջանը, Արծրունիների հզորության գագաթնակետն էր: Ամբողջ թագավորությունում զարկ տրվեց կառուցապատման ու բարեկարգման գործին: Երկիրը վերածվեց մի մեծ շինհրապարակի: Հիմնվեցին (վերականգնվեցին) քաղաքներ, գյուղեր ու ագարակներ: Վանում, Ոստանում, Աղթամար կղզում և այլուր կառուցվեցին բերդեր, պալատներ, եկեղեցիներ, ջրմուղներ, Վանա լճի ափին նավամատույցներ, հիմնվեցին պարտեզներ, անտառներ և այլն: Արծրունիների քաղաքական ու տնտեսական հզորությունն էր պատճառը, որ այդ շրջանում Հայոց հայրապետը հարկ համարեց կաթողիկոսական աթոռը Դվինից փոխադրել Աղթամար: Իսկ Բյուզանդիան էլ որպես Հայաստանի գահերեց թագավոր ճանաչեց ոչ թե Աբաս Բագրատունուն, այլ` Գագիկ Արծրունուն:

Գագիկին հաջորդած թագավորների շրջանում` շուրջ ութսուն տարի, Արծրունիների թագավորությունը համեմատաբար խաղաղ մի շրջան ապրեց: Սակայն, արդեն 11-րդ դարի սկզբին Արծրունիները ստիպված էին համաժամանակյա պայքար մղել արևելքից իրենց ամայացնող արշավանքները տարածող սելջուկ-թուրքերի և արևմուտքից` Բյուզանդական կայսրության դեմ: Վերջինս սպառնում էր կլանել Վասպուրական աշխարհը, եթե Սենեքերիմ Արծրունի թագավորը իր թագավորությունը չհանձներ կայսրությանը:

Ստեղծված դրությունից ելք գտնելու նպատակով Սենեքերիմ Արծրունին հրավիրում է իշխանների խորհուրդ, որտեղ որոշվում է թագավորության հողերը հանձնել Բյուզանդիային և փոխարենը վերցնել կայսրության առաջարկած Սեբաստիան և իր նահանգը: 1021 թվականին Սենեքերիմը ազատանու և բնակչության մի մասի հետ գաղթում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքը` կայսրությանը թողնելով իր թագավորությունը: Ըստ միջնադարյան աղբյուրների` կայսրությանը տրված շեն ու ծաղկուն բնակավայրերի թվում էին 8 (10) քաղաք, 4000 (4400) գյուղ և 72 բերդ:

Սակայն, Արծրունիների թագավորական տան հետ Սեբաստիա փոխադրվեցին ոչ բոլոր Արծրունիները: Այս տոհմի քաղաքական գիծը Վասպուրական աշխարհում 11-րդ դարում շարունակեցին Արծրունյաց տոհմի այլ իշխաններ: Դարի կեսերին քիչ թե շատ դիրք ուներ Խաչիկ Արծրունին, իսկ դարավերջին` Աբդլմսեհ Արծրունին: Այս շրջանում Արծրունիների իշխանությունը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզով և Վանա լճի ափին գտնվող Ամյուկ բերդով:

1113 թվականին Աբդլմսեհ Արծրունու որդին` Դավիթ եպիսկոպոսը, պատրվակ դարձնելով Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսի դեռահասությունը, իրեն հռչակեց Ամենայն Հայոց Կաթողիկոս: Սակայն Կիլիկիայում գումարված ժողովում մերժում ստանալուց հետո վերջինս իրեն հռչակեց արդեն ինքնուրույն աթոռ և հիմնադրեց Աղթամարի կաթողիկոսությունը: Այդուհետ Արծրունիների քաղաքական ավանդույթները փոխանցվեցին երկրամասի կաթողիկոսությանը, որը հիմնավորվել էր Արծրունիների վերջին բաստիոն Աղթամար կղզում:

13-րդ դարի վերջին Աղթամարի կաթողիկոսությունը Դավիթ Արծրունու ժառանգներից փոխանցվեց Սեֆեդինյան տոհմի ներկայացուցիչներին, ովքեր մայրական գծով նույնպես Արծրունիներ էին: Դրանից հետո Աղթամարի կաթողիկոսությունը, Արծրունիների քաղաքական ավանդույթներին տուրք տալով, մի վերջին անգամ փորձեց վերականգնել Վասպուրականի անկախությունը 15-րդ դարի կեսերին: 1466 թվականին Ստեփանոս Դ Սեֆեդինյան կաթողիկոսի կողմից «ըստ նախնեաց իւրոց Գագկայ» թագավոր օծվեց Սմբատ Սեֆեդինյանը: Սակայն Սմբատին վիճակված չէր կրել Արծրունյաց փառքը վերականգնողի պատիվը:

Այդուհետ Արծրունիների քաղաքական ավանդույթներն իրենց կենսունակությունը պահպանելու էին Վասպուրականում ու մասնավորապես նրա կենտրոն Վանում բնակվող բնակչության շրջանում: Արծրունիների երկհազարամյա կայուն վարքակարգը շատ կողմերով բնավորվելու էր վանեցիների ենթագիտակցության մեջ ու կիրառվելու` քաղաքական փոխհարաբերություններում:

Գալով մեր օրերին` դժվար չէ նկատել, որ Վանից ծագող ՀՀ պետական այրեր Կարեն և Ստեփան Դեմիրճյանների քաղաքական գործունեության մեջ նշմարվում են Արծրունիների դարերի փորձությունը բռնած քաղաքական ավանդույթները: Խորհրդային կայսրության շրջանում կենտրոնական իշխանության հետ հարաբերություններում Կարեն Դեմիրճյանի քաղաքական կեցվածքը, Հայաստան երկրի բարեշինմանը, ինչպես նաև միջնադարյան Վանի օրինակով մայրաքաղաք Երևանի քաղաքային կոլորիտի ու քաղաքային ավանդույթների ձևավորմանն ուղղված նրա ձեռնարկումները գալիս են ապացուցելու Արծրունիների քաղաքական ավանդույթների կենսունակությունը: Իզուր չէ, որ Հայաստանի բնակչության ստվար մի հատված Կարեն Դեմիրճյանին Գագիկ Արծրունու օրինակով անվանում էր Կարեն Շինարար:

Կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության անկախության և պետականության կառուցման գործում հայր և որդի Դեմիրճյանների լրջախոհ, ողջամիտ ու սկզբունքային քաղաքական կեցվածքը շարունակությունն է Արծրունիների հազարամյա քաղաքական ավանդույթների: Հայաստանյան ներկա քաղաքական գործընթացներում ևս, ի դեմս Ստեփան Դեմիրճյանի, իր կյանքն է վերագտնում հայրենիքի ազատության, պետության անվտանգության ու ժողովրդի բարեկեցության համար մտահոգ Արծրունի գործչի կերպարը: