статьи

Չեք ուզում մեր ճորտը լինել, եղեք ուրիշի ստրուկը

Պետությունը կենդանի օրգանիզմ է: Այն առաջնորդվում է`կենսաբանական բոլոր կանոններն ու օրինաչափությունները հաշվի առնելով: Ունի հիվանդանալու եւ մահանալու, բուժվելու եւ ապրելու հատկություն: Այդ տեսանկյունից Հայաստանը մի կողմից քաղցկեղով հիվանդ, իսկ մյուս կողմից ինտենսիվ արյունահոսող «կենդանի դիակ» է հիշեցնում: Արա Հարությունյանը, խոսելով մեր պետական օրգանիզմը պատած մահացու հիվանդության մասին, տալիս է դրա լիարժեք նկարագրությունը.«Քաղցկեղային բջիջը, որը ոչ մի մասնագիտացված ֆունկցիա չունի բացի ուտելը, մետաստազներ է տալիս, այսինքն` սկզբնակետից հեռու շաղ է տալիս բուծած իր նմանակներին ողջ հնարավոր տարածքով, այդ տեղերում եւս փակում աշխատող ֆունկցիոնալ բջիջների սնուցումը, սպանում նրանց, սկսում թունավորել ողջ օրգանիզմն ու կործանում այն»: Այսօր հենց այս օրինաչափությունը, ինչպես նաեւ կապիտալիզմի բոլոր վայրի կանոնները միատեղված են ներքին գազանի անհագ ցանկության մեջ` ոչնչացնել երկրի բոլոր կենսական բջիջները, իսկ ավարտական փուլում հոշոտել զոհի վերջին պատառներն անգամ:

Լրահոսն այս օրերին պայթում է հերթական չարագույժ լուրը տարածելով՝ կառավարությունը ԱԺ է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել ավելի քան 200 տոկոսով: Միաժամանակ Ազգային ժողովն էլ իր որոշմամբ մերժել է գործազրկության նպաստի համակարգը` թողնելով 20 հազար գործազուրկ մարդու առանց 18 հազար դրամ նպաստի: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղցկեղային բջիջի կողմից ֆունկցիոնալ բջիջների հերթական սնուցման դադարեցում: Այդպիսով քաղցկեղն աշխատում է պետական օրգանիզմի վերջին հիմնարար բջիջների՝ հույսի, հավատի, սիրո, հանդուրժողականության, ուժի, կամքի ու եռանդի, կենսական տարածքները գրավել: Վերջնարդյունքը լիակատար անզորության թագավորությունն է, որտեղ տեր ու տնօրեն են անտարբերությունն ու անհաղորդությունը:

Սակայն միայն քաղցկեղը չէ, որ ոչնչացնում է պետությունը: Ամսեամիս, տարեցտարի Հայաստանը զրկվում է պետականաստեղծ հիմնարար կապիտալից՝ մարդկային ռեսուրսից: Տեւական ժամանակահատվածում բազմաթիվ անգամներ խոցված մարմինը թավալվել է գետնին ու արյունաքամ է լինում բռնագաղթի պատճառով: Անգամ եզակի ոլորտներ մասնավորին թողնված բիզնես-միջավայրն է կարողանում ադապտացվել այդ երեւույթին եւ շարժվել ըստ այդ պահանջարկի: Մի քանի տարի է տասնյակ «ձեռներեց վարորդներ», իրենց հայրենակիցներին օտար ամայի ճանապարհներին իջեցնելով, փորձում են քարից հաց քամել՝ դրամ վաստակելու այդ հնարավորությունն օգտագործելով: Հայաստանում բոլոր սյուներն անգամ ազդարարում են Ստավրոպոլ, Ռոստով, Գելենջիկ եւ այլ քաղաքներ կամ ինչ-որ «ստանիցաներ» տեղափոխող «մատչելի» ուղեւորափոխադրումների մասին: Բոլոր տոմսերը կարծես թե պատվիրված են: Վերջին գնացքն էլ անառիկ «Կարսի բերդից» այս անգամ տանելու է հենց ձեռներեց վարորդներին, երբ այլեւս միայն իրենց ստվերներին ընկերակից կունենան:

Սա արդեն տեսնում են բոլորը, կարիք չկա նույնիսկ աստվածաշնչյան ճշմարտություններ մեջ բերել: Պետական վիճակագրությունն անգամ ճշմարտությունը չի թաքցնում կամ ստում է չափավոր: Միգուցե «կենդանի դիակի» կարգավիճակին հանրությանը հարմարեցնելու խնդիրն է դրված: Ըստ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության հրապարակած վիճակագրության` 2009-ին Հայաստանը լքել է 25000 մարդ, 2010-ին՝ 46 700 մարդ, 2011-ին՝ 43 800 մարդ, 2012-ին՝ 42 800 մարդ: Իսկ ըստ ՀՀ ԱԱԾ կողմից գործարկված սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի` 2009-ին Հայաստանը լքել է 19 344 մարդ, 2010-ին՝ 37 941 մարդ, 2011-ին՝ 43 481 մարդ, 2012-ին՝ 44 809 մարդ:

Այս թվերի մեջ յուրաքանչյուր միավորը մի կաթիլ արյուն է, որը մեր արյունահոսող դիակից ներարկվում է այլ մարմնի մեջ: Զարգացած երկրները մարդկային կապիտալը վաղուց վերածել են դրամային համարժեքի եւ կադրեր են ներմուծում ու իրենց պետությունները հարստացնում այդ ամենաթանկ կապիտալով: Ըստ էության ընթանում է մարդկանց «բարեկիրթ» առեւտուր. զարգացած երկրները հետամնաց երկրներում գնում են բանող կամ տրամաբանող մարդուն: Իսկ ինչպե՞ս են նրանք կարողանում այդ գործը գլուխ բերել: Մեծ տերությունները գիտակ ու փորձառու կադրերի եւ նրանց ընտանիքի անդամների համար չեն խնայում ոչինչ՝ կյանքի ու գործունեության համար ստեղծելով համապատասխան պայմաններ, գրավիչ արտոնություններ ու երաշխիքներ:

Սակայն այլ է վիճակը ռազմավարական մեր գործընկերոջ դեպքում: Եւրասիայի հիվանդ անդամի՝ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը, իհարկե, հեռու է «բարեկիրթ» կոչվելուց: Դարեր շարունակ Եւրոպային քաղաքակրթապես նմանակող եւ տեխնոլոգիապես հետապնդող այս տերությունը ոչ թե գնում է մարդուն՝ այդ մարդու հետ աշխատանքի, արտոնությունների ու երաշխիքների շուրջ պայմանավորվելով (Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Եւրոպայի հետ այդ հարցում ոտք պարզել ուղղակի չի կարող, հնարավորությունները չեն ներում), այլ իր ողջ ներուժն օգտագործում է վասալական կախման մեջ գտնվող երկրներից էժան աշխատուժ ներմուծելու համար: Իսկ դրա համար պետք չէ պայմանավորվել յուրաքանչյուր մարդու հետ առանձին-առանձին: Հարկ է պայմանավորվել ճորտատեր կառավարիչների տեղական ընտրանու հետ. առեւտուրն արագ, իսկ ծախսված գումարներն էժան կստացվեն:

Կարիք կա այս պահին հիշել Ռուսաստանի կողմից ԱՊՀ տարածքում գործարկված «Հայրենակիցներ» ծրագրի մասին, քանզի այն արտաքնապես Արեւմուտքի կողմից իրականացվող մարդկանց «բարեկիրթ» առեւտրի նմանակումն է միայն (ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պաշտոնյանները սիրում են որպես արդարացնող փաստարկ այդ ծրագիրը համեմատել ԱՄՆ–ի «Գրին քարտ» ծրագրի հետ)՝ զինված նախկին ԽՍՀՄ-ի ռուսախոս բնակչությանը Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու գաղափարով: Իսկ ի բնե «Հայրենակիցներ» ծրագիրը սպասարկող կանտորաները խնդիր ունեն գլուխ բերել վասալական կախման մեջ գտնվող կամ գաղութացված երկրներում ճորտատեր կառավարիչների հետ պայմանավորվածությունները ավելցուկ բնակչությունը Ռուսաստանին վաճառելու գործում, վերահսկել այդ ուղղությամբ իրականացվող տվյալ կառավարիչների գործունեությունը եւ լայն քարոզչություն տանել բնակչության բռնագաղթը քողարկելու եւ դրական լույսի տակ գործընթացը ներկայացնելու համար: Այդ է պատճառը, որ Ռուսաստանում միգրանտներն ունեն ռազմագերու կարգավիճակ: Այդ մարդիկ 21-րդ դարի ստրուկներն են, գնված գաղութային երկրների տեղապահ կառավարիչներից եւ հետեւաբար նրանց առջեւ պարտավորություններ չունի ոչ ոք:

Կարծում եմ` վաղուց բանիմաց մարդկանց համար խնդիր է դարձել հասկանալ Հայաստանի իշխող վարչախմբի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Այդ տեսանկյունից արտագաղթը խթանելու երբեւէ անխելամիտ ու անհավանական թվացած պնդումները մնացել են արդեն անցյալում: Այսօր շատերն են խոսում վարչախմբի գիտակցված հայաթափման ու տեղահանման քաղաքականության մասին: Մենք հավանաբար պետք է շնորհակալ լինենք վարչապետից, որ շուտ բարձրաձայնեց իշխող վարչախմբի համար արտահանվող բնակչության անպետքության ու վտանգավորության մասին ճշմարտությունը: Իրենց վերահսկողությունից դուրս եղած բնակչության նույն այդ անպետքության մասին խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանը, երբ հարց էին տվել հեռավոր եւ բարձրլեռնային դատարկվող գյուղերի մասին: Ուստի գործազուրկ նպաստառուների բազմահազարանոց բանակը ստրուկների հերթական խմբաքանակն է, որ պետք է արտահանվի առաջիկայում։ Հայաստանյան քրեաօլիգարխիայի սոցիալական քաղաքականության բանաձեւը ի տես է դրված բոլորին, որն էլ ազդարարում է. «Չեք ուզում մեր ճորտը լինել, եղեք ուրիշի ստրուկը»:

Այսօր տապալված մարմնից վեր կանգնելն ու վերեւից քաղցկեղի ու արյունահոսող վերքերի շաղկապվածության մասին խորհելը մեզ համար կենսական խնդիր է դարձել: Լուծումները գալիս են միայն դրանից հետո։ Ընտրությունը բոլորինս է` լինել ստրուկ, ճորտ, թե արժանապատիվ քաղաքացի: