Մենք ենք ու մեր վառոդով լի տակառը
Ենթադրելի էր, որ Հայաստանի դե յուրե անկախության քսանամյա շրջանում արդեն իսկ հանրային հասուն վերաբերմունք պետք է ձեւավորված լիներ պետության ինքնիշխանության եւ դրա ամրապնդմանն ուղղված ինստիտուտների ու մեխանիզմների նկատմամբ: Իսկ սոցիալական շատ կառույցներ էլ արդեն լիարժեք գործող ինքնուրույն օրգանիզմներ պետք է դառնային: Սակայն, երկրի դիմադրողականությունը բարձրացնող հանրային-քաղաքական կառույցների մեջ այսօր առանձնանում են ընդամենը երեք թերզարգացած սոցիալական ինստիտուտներ: Միաժամանակ, ողջ հանրությանը պատած անզորության զգացումն էլ լրացուցիչ բեռ է դարձել պետության ինքնիշխանության մարտահրավերներին դիմագրավելու ճանապարհին:
Չնայած տարածված մտայնությանը, այդ թերզարգացած ինստիտուտների թվում խոսք չի կարող լինել բանակի մասին: Տարիներ շարունակ բանակում տիրող հանցավոր բարքերի պատճառով տասնյակ զինվորների սպանություններն ու ինքնասպանությունները, քրեաօլիգարխիայի կողմից սպա Վահե Ավետյանի սպանությանը ի պատասխան` բանակի անգործությունը, ապացուցում են այդ ինստիտուտի կայացվածության մասին հանրային կարծիքի գերագնահատվածությունը: Այս դեպքում խոսքն, առաջին հերթին, անկախության տարիներին ծնված եւ երկրի անկախությանը տիրական մոտեցում ցուցաբերող երիտասարդության մի ստվար զանգվածի մասին է, որը, սակայն, դեռեւս չի հասել ինստիտուցիոնալ լուրջ հաջողությունների ու կազմակերպական եւ մեթոդաբանական «դեգերումների» մեջ է: Մյուս կողմից` ունենք նաեւ թերի լրագրողական եւ քաղաքագիտական-վերլուծական հանրություններ, որոնց օգտակարության գործակիցը շատ ցածր է երկրի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերներին դիմագրավելու համար:
Ընդհանրապես, յուրաքանչյուր պետության հաստատուն արժեքը չափվում է առաջին հերթին նրա մարդկային կապիտալով ու ավարտուն տեսք ստացած սոցիալական կառույցներով: Երկրի հարստության հանքահումքային, ֆինանսական, տեխնոլոգիական, զինական եւ մյուս չափումները շատ ավելի քիչ նշանակություն ունեն երկրի բարգավաճման ու հզորացման գործում: Ուստի պատահական չէ, որ պետական համակարգի տարրերի եւ/կամ հանրային ինստիտուտների համագործակցությունը ու, ընդհանրապես, պետության մեջ սոցիալական կառավարումն ամենից վճռորոշ նշանակությունն ունեն պետական ինքնիշխանության պահպանման եւ հզորացման գործում:
Յուրաքանչյուր պետություն իր բնական կենսագործունեությունն ապահովելու եւ արտաքին մրցակցությանը դիմանալու համար խնդիր ունի` պետական կառավարման գործում ներքին ու արտաքին աղբյուրներից ներգրավելու կամ ինքնուրույն պատրաստելու որոշակի թվով մասնագետներ: Վերջին դարերին ժողովրդավարության եւ շուկայական հարաբերությունների վրա հիմնված նոր աշխարհակարգի ծավալման պայմաններում պետությունների բնական կենսագործունեությունն ուղղակիորեն կապվել է հանրությունների մասնագիտական որակների ու դրանք իրացնելու կարողությունների հետ: Այլ կերպ ասած` այս դեպքում մրցակցությանը դիմանալու համար պետությունները ստիպված են եղել ոչ միայն պետական կառավարման համար ներգրավել կամ պատրաստել որոշակի թվով մասնագետներ, այլ նաեւ հանրային կյանքում խթանել մասնագիտական բազմազանությունն ու որակների ինտենսիվ բազմապատկումը: Քանզի այլոց հանքահումքային ու կադրային կցորդը չդառնալու համար դա է պահանջել հանրությունների ու նրանց կազմած պետությունների բնական մրցակցությունը: Չմոռանանք, որ որպես սոցիալական ամբողջական օրգանիզմ յուրաքանչյուր պետություն մի գիշատիչ գազան է հիշեցնում եւ խնդիր ունի իր կենսագործունեությունն ապահովել` այլ «գազանների» «հացն ու ջուրը» կտրելով:
Դեռեւս խոր հնադարում ձեւավորված պետությունները պաշտպանվելու եւ/կամ կենսական տարածքների վրա սեփական իշխանությունը հաստատելու բնական (գազանային) մղումն ի կատար ածելու համար, սեփական մտքի արտադրություն հանդիսացող «տեխնոլոգիաները» բանեցնելու եւ մյուս «գազաններից» առաջ անցնելու դժվարագույն ճանապարհը ընտրելուց բացի, հնարավորության դեպքում կիրառել են շատ ավելի քիչ ծախսատար «գործիքակազմ»: Վերջինս հիմնված է եղել շատ պարզագույն մի սկզբունքի` տեղեկացվածության վրա: Հարկ էր տարբեր հնարքների միջոցով տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը, վերլուծել այն, դրա հիման վրա ծրագրել քայլեր ու հաղթել հակառակորդին: Այսպիսով, ասենք` բերդը գրավելու ժամանակ բաբանին փոխարինելու է եկել գաղտնուղին, իսկ բաբանի վրա ծախսված մարդկային ու հումքային ռեսուրսներին` լրտեսի կամ դավաճանի վրա ծախսված դրամը:
Խոր հնադարից մինչ օրս շատ բան է փոխվել պետությունների մրցակցության մեջ, գտնվել են նոր կատարելագործված մեթոդներ ու հնարքներ միմյանց «հաց ու ջուրը» կտրելու գազանային վարքում. մեկի տեղեկատվություն ստանալու ցանկությանը մյուսը պատասխանել է ապատեղեկատվությամբ, լրտեսին փոխարինելու են եկել ամբողջական գործակալական ցանցերը, մրցակից երկրում «դավաճաններ» գտնելու համար ի հայտ են եկել կոմպրոմատները եւ այլն: XX դարը լի է գերտերությունների հատուկ ծառայությունների կազմակերպած միջուկային եւ արդյունաբերական այլեւայլ տեխնոլոգիաների, գիտնականների կամ նրանց գիտական հայտնագործությունների հափշտակություններով, հայտնի անձանց քաղաքական սպանություններով, հանրություններին որոշակի վարք պարտադրելուն միտված տեռորիստական ակտերով եւ այլն: Բայց պետությունների ինքնապաշտպանության համար անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետելու, վերլուծելու եւ ըստ դրա քայլ անելու պարզագույն սկզբունքը, ինչպես տեսնում ենք, մնացել է անփոխարինելի ու առաջնային: Ասվածը հիմք է տալիս պնդել, որ յուրաքանչյուր պետության ուժն ու զորությունը ինչպես այսօր, ապագայում եւս չափվելու է երկրի ունեցած մարդկային կապիտալով` մասնագիտացած կադրերի առկայությամբ:
Այսօր յուրաքանչյուր պետության կառավարման գործում կարեւորագույն պայման է երկրում կոնկրետ որոշակի բնագավառների մասնագետների տեսակարար կշռի ու որակի ապահովումը։ Դրանով են պայմանավորված երկրի հաջողությունները, այլ երկրներին իր կամքը պարտադրելու կարողությունները, մյուս պետությունների` իր դեմ ուղղված քայքայիչ, թուլացնող ու ենթակայեցնող քաղաքականությանը դիմագրավելու ունակությունները։ Այլապես նման պետությունները ստիպված են ոտատակ ընկնել ու վերանալ կամ, լավագույն դեպքում, դառնալ այլոց հանքահումքային կցորդն ու առաջնային կրակն իր վրա վերցնող «ֆորպոստը»։
Պետական ինքնիշխանության հասնելու եւ այն պահպանելու տեսանկյունից յուրաքանչյուր պետություն հիմնվում է առավելապես երկու խումբ մասնագետների ծառայությունների վրա։ Դրանք մի դեպքում բաց աղբյուրներից եկող տեղեկատվության մասնագետներն են` արտաքին ու ներքին քաղաքական գործընթացները, իրադարձություններն ու խնդիրները ռազմավարական պլանավորման դիտանկյունից քննող, վերլուծող ու ըստ այդմ ծրագրեր մշակող քաղաքագետներն ու «խորհրդականները», իսկ մյուս դեպքում` փակ աղբյուրներից տեղեկատվություն հայթայթող, դրանք վերլուծող ու անհրաժեշտ ծրագրեր մշակող հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Իհարկե, սա բավարար պայման չէ պետական ինքնիշխանությունը պահպանելու համար։ Պետական ինքնիշխանության լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ են նաեւ կառավարող էլիտայի քաղաքական մտքի ու կամքի առկայությունը, տնտեսական կարողությունները, տեխնիկական որոշակի հնարավորությունները եւ այլն։ Բայց ամեն դեպքում չկա ու չի կարող լինել անկախ պետություն, որտեղ պետության կենսագործունեության ու պաշտպանության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու, այն վերլուծելու ու մշակելու խնդիրը դրված չէ սայլը քաշող ձիու կարգավիճակում:
Հայաստանում պետական ինքնիշխանության խնդիրը ներկայում ձեռք է բերել առաջնային նշանակություն: Սակայն, ինքնիշխանության պաշտպանության հանրային ցանկություններն անհամապատասխան են առկա վիճակին: Չեն համապատասխանում, քանի որ, մի կողմից, ունենք «ԱԱԾ» անունով վարագույր, որի հետեւում հետախուզության, հակահետախուզության եւ ռազմավարական ծրագրավորման գծով մասնագետներին գտնելու համար կպահանջվի անսպառ, բայց անտեղի ծախսվող էներգիա: Մյուս կողմից` ունենք թերզարգացած քաղաքագիտական-վերլուծական հանրություն, որի մասնագիտական գիտելիքների պաշարը, վերլուծական ունակությունները, փորձը հարյուրապատիկ զիջում են աշխարհի մյուս «գազանների»` սոցիալական կառավարման մեջ ներգրավված մասնագետների հնարավորություններին: ՌԴ նախագահի այցին ընդառաջ Հայաստանում այս օրերին համապատասխան տեղեկատվությամբ զինված եւ նոր տեղեկատվություն հավաքող ու վերլուծող հարյուրավոր օտար մասնագետներին ի «հակակշիռ» գործում են գերտերության ղեկավարի կոմֆորտի ապահովմանը լծված հարյուրավոր տեղական չեկիստներ եւ վերլուծության փոխարեն միայն իրենց տգետությունը ցուցանող վարչախմբի ենթակայությամբ գործող կամ մերձիշխանական պալատական գուսաններ: Պարզ է, որ անկախ վերլուծական միտքը չի կարող եղանակ ստեղծել այս գորշ համայնապատկերի մեջ:
Սակայն, մեր դեպքում ցավալին մրցակցային հնարավորություններն ու բնական այս անհավասարությունները չեն: Մասնագետներին ներկայացվող շատ պարամետրերի գծով ելակետային հնարավորություններն անգամ երբեմն խոսում են մեր առավելությունների մասին (կայսրությունների հետ շփման պատմական փորձ, աշխարհով մեկ սփռվածության պատճառով տեղեկատվություն ստանալու համեմատական մատչելիություն եւ այլն): Ցավալին մասնագիտական մտքի ու խոսքի կորուստն է հանրային դիսկուրսում: Այսօր գիտակից հանրության շրջանում տարածում գտած անզորության կամ անելանելիության զգացումը պայմանավորված չէ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ արտաքին մարտահրավերով: Հայաստանի դժբախտությունների խնդիրը մեր իսկ համատարած տգիտության, մասնագետների եւ մասնագիտական կարողությունների պակասի մեջ է: Եղած կադրային բանկն էլ օր -օրի սպառվում է երկու հանգամանքների պատճառով: Եթե արտագաղթի (բռնագաղթի) միջոցով տեղի է ունենում ոչ միայն բնակչության տեղահանություն, այլ նաեւ մասնագետների դժվար վերականգնելի կորուստ, ապա համատարած հանրային տգիտության պայմաններում տեղեկատվության ընդհանուր ծավալի մեջ կորչում է նաեւ մասնագիտական խոսքն ու դրա արժեքը:
Մեր ինքնիշխանությունը մեր ձեռքերով պետք է հաստատենք: Ոչ մի օտար տերություն մյուսի հետ մրցակցելիս «զարգացող» երկրներին չի օժտում ինքնիշխանությամբ կամ այդ երկրներում ստեղծում իրենց ինքնիշխանության համար մարտնչող սոցիալական ինստիտուտներ: Յուրաքանչյուր տերություն երրորդ աշխարհի երկրներում հաստատում է միայն իր գաղափարախոսությանն ու քաղաքական կարգերին ենթակա վարչակարգեր: Հայաստանում ունենք բազում թերություններով լի, բայց եւ կիսակայացած երեք սոցիալական ինստիտուտներ: Դրանց միջոցով էլ պետք է սկսենք ինքնիշխանության հաստատման մեր նպատակային ընթացքը: Իսկ Պուտինին մեր «պատասխանն» այսօր պետք է տրվի կինիկյան փիլիսոփայության լավագույն սկզբունքներով, հատկապես, որ այդ փիլիսոփայության նախահոր բնակավայրը մեր բիբլիական ներկայիս տնից շատ չէր տարբերվում:
Աթթիկան գրավելու ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացուն հայտնեցին, որ այնտեղ է գտնվում փիլիսոփա Դիոգենեսը: Ալեքսանդրը հույս ուներ, որ Դիոգենեսը կայցելի իրեն, սակայն անտեղի սպասումներից հետո ինքը գնաց նրա մոտ: Կանգնելով իր տակառին թինկը տված Դիոգենեսի գլխավերեւում` Ալեքսանդրն ասաց.
- Ես Ալեքսանդրն եմ, աշխարհի տիրակալը, ի՞նչ կցանկանաս, որ քեզ համար անեմ:
- Մի կողմ քաշվիր, դու խանգարում ես, որ արեւի ճառագայթներն իմ վրա ընկնեն,- պատասխանեց Դիոգենեսը: