статьи

Պառավ յարս` Հայաստանս

Բոլորիս է հայտնի Հայաստանի Հանրապետության աննախանձելի աշխարհագրական հարեւանությունը: Ունենք չորս հարեւաններ, որոնցից երկուսի հետ արդեն երկու տասնամյակ է, ինչ փակ են սահմանները: Միաժամանակ, Թուրքիայի հետ դարավոր մեր թշնամությունը համաշխարհային պատմության մեջ ազգերի միմյանց ատելության դասագրքային նմուշի է վերածվել: Իսկ Ադրբեջանի հետ քսանամյա զինադադարի առկայությունն ու դեռեւս չավարտված պատերազմական վիճակը հղի են ապագայում նոր արյունահեղությունների վտանգով:

Նորանկախ Հայաստանի պատմության ողջ շրջանն այսպիսով ընդամենը երկու հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ բնականոն հարաբերություններ զարգացնելու ներուժ է իր մեջ պարունակել: Ըստ ամենայնի` հենց այդ երկրներով անցնող ճանապարհներն էլ մեզ հնարավորություն են տվել հարաբերվել աշխարհի հետ, ստեղծել ինչ-որ շահեր, այլոց հետ դառնալ գործընկեր ու միջազգային հարաբերությունների ընկալելի սուբյեկտ: Սակայն, չնայած Հայաստանի իշխող վարչախմբի արդեն տարիներ ձգվող սնափառությանը, ակնհայտ է, որ վերջին քսանամյակում ո՛չ Իրանի, եւ ո՛չ էլ Վրաստանի հետ Հայաստանը չի կարողացել լիարժեք ռազմավարական գործընկերային հարաբերություններ հաստատել: Անշուշտ դրան խանգարել են մի շարք հանգամանքներ, որոնք, չնայած տիրապետող կարծիքին, շատ դեպքերում օբյեկտիվ չեն էլ եղել եւ նշվել են որպես այդպիսին` արդարացնելու համար Հայաստանի արտաքին քաղաքական անհաջողությունները:

Անշուշտ, աշխարհաքաղաքական առումով Հայաստանի` դեպի Վրաստան եւ Իրան ռազմավարական ծավալման հիմնական խոչընդոտը Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո Իրանի եւ Վրաստանի տարամետ կողմնորոշումներն են եղել, ինչպես նաեւ Իրանի հետ Արեւմուտքի լարված հարաբերությունները: Սակայն, բացի այդ, Վրաստանի հետ անկեղծ ու տեւական ռազմավարական գործընկերություն չձեւավորելու գործում առկա են եղել նաեւ էական մի շարք այլ հանգամանքներ եւս: Ակնհայտ է, որ մեր երկրների միջեւ հաստատված հարաբերությունների խորապատկերին ընկած էին Ջավախքի խնդիրը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Վրաստանի առավել բարձր ռազմավարական գործընկերությունն ու ավելի մեծ ապրանքաշրջանառությունը, որպես տրանզիտ երկիր Վրաստանի կարգավիճակը, Թուրքիայից ու Ադրբեջանից Վրաստանի էներգետիկ կախվածությունը, մեր ռազմավարական հիմնական դաշնակից Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ լարված, առանձին ժամանակահատվածներում անգամ թշնամական հարաբերությունները եւ այլ մանր ու խոշոր հակընդդեմ շահեր:

Վրաստանից զատ, նույնն էր նաեւ Իրանի դեպքում: Այսպես, Հայաստանի եւ Իրանի մշակութային, կրոնական, քաղաքական ու տնտեսական համակարգերի էական տարբերությունները թե՛ մեր հանրության բացարձակ մեծամասնության եւ թե՛ առավել եւս կառավարող շրջանակների գիտակցությունում մշտապես ասոցացվել են անընդունելի ու հակազգային երեւույթների հետ եւ հետեւապես դեզինտեգրացնող դեր կատարել: Այսօր այնպիսի արհեստական կարծրատիպեր, ինչպիսիք են իսլամը որպես չարիք դիտարկելը, քաղաքական իշխանության նկատմամբ հոգեւորականության այս կամ այն ազդեցության բացառումը, առանձին հանրույթների կրոնասովորույթային իրավական համակարգերի մերժումը (եւ այլն) մեր գիտակցության մեջ դեռեւս կարոտ են փլուզման:

Այսպիսով, կարելի է ասել, որ նշված խնդիրները (հակընդդեմ շահերը) ու դրանք լուծելու մեր անտաղանդությունն այս տարիների ընթացքում բնականորեն մեզ վանել են Վրաստանից ու Իրանից եւ այդ երկրների մոտ ոչնչացրել մեր հետ իսկապես ռազմավարական գործընկերություն հաստատելու ցանկությունն անգամ: Այդ է պատճառը, որ ներկայում, երբ տարածաշրջանում արդեն իսկ ուրվագծվում են Իրան-Վրաստան-Սեւ Ծով-Եւրոպա քաղաքական նոր վեկտորի գործարկման լայն հնարավորությունները, բոլորի ուշադրությունը գամված է ոչ թե սեւ խոռոչի վերածված Հայաստանի, այլ շատ ավելի կանխատեսելի ու հարաբերվելու նրբանկատություն ունեցող երկրի` Ադրբեջանի վրա: Այս օրերին ՆԱՏՕ-ի ռազմակայանում ցանկալի հյուր է դարձել ոչ թե Հայաստանի նախագահը, այլ ` Ադրբեջանի:

Այդ դեպքում ո՞վ ենք մենք եւ ի՞նչ հանգրվանում ենք գտնվում: Սեպտեմբերի 3-ին սկսված եւ մինչ օրս շարունակվող գործընթացով, պարզվում է, մենք հայտ ենք ներկայացրել` դառնալու աշխարհի այն միակ ուրվական պետությունը, որը չի ստեղծել հարեւաններից գոնե մեկի հետ երկարատեւ շահերի վրա հիմնված ռազմավարական (առաջին հերթին` ռազմաքաղաքական) որեւէ կայուն փոխգործակցություն, բայց «խելահասություն» է ունեցել ինքն իրեն ստրկության մատնել աշխարհի ամենահետամնաց, ամենաանկայուն, ամենախնդրահարույց, ամենադաժան երկրին: Ավելին, դառնալու աշխարհի այն միակ ուրվական պետությունը, որն այսուհետ շրջապատված է լինելու իր գոյությամբ բացարձակապես չշահագրգռված հարեւան պետություններով: Մի ուրվական պետություն, որն իր գաղութային կարգավիճակից ելնելով, վտանգի աղբյուր է դիտարկվելու հարեւանների համար, քանզի սպասարկելու է բացառապես գաղութատիրոջ շահը, կատարելու բացառապես նրա ցուցումները: Մի ուրվական պետություն, որում տիրող աղքատությունն ու սովը, հանցավորությունն ու ներքին անկայունությունը մշտապես խնդիրներ են ստեղծելու հարեւանների համար: Մի ուրվական պետություն, որը հարեւան պետությունների «ընտանիքում» խանգարելու է բնական համակեցությանը եւ իր ֆինանսական ներարկումներ ու հումանիտար օգնություններ մուրալու քաղաքականությամբ ստիպելու է, որպեսզի իր հետ վերաբերեն ինչպես անաշխատունակ ու անպետք մի բոռի, կամ արյունախում տիզի, կամ էլ …

Օրերս անցնում էի Երեւան քաղաքի Կոմիտասի փողոցով: Միայնակ քայլելու հնարավորությունը բնականաբար խորհելու առիթ էր ստեղծել: Մտքերս կենտրոնացել էին 2013թ. սեպտեմբերի 3-ի եւ դեկտեմբերի 2-ի լիակատար նվաստացումներից հետո տարածաշրջանում Հայաստանի դերակատարության ու նշանակության գնահատման վրա: Վերը նկարագրված մտքերի ողջ շարանը ստիպում էր գտնել այսօրվա տիպական մեր կերպարանքի ուրվագծերը, երբ դիմացս հայտնվեց մի ծեր տատիկ: Ձեռքին ունենալով երեք գիրք (որքան նկատեցի ռուսերեն գրքեր էին` խորհրդային տարիներին տպագրված գեղարվեստական գրականության տարբեր մատենաշարերից)` նա ձմռան ցրտին փորձում էր գնորդ գտնել: Մայթի մի «բանուկ» (վերջին տարիների բռնագաղթը բառերն անգամ կաշկանդում է ու չակերտների մեջ դնում) հատվածում մոտենում էր ինչ-որ տեղ շտապող անցորդներին եւ խնդրում գոնե մի գիրք գնել իրենից: Ցուրտն ու սովը հաղթահարելու մղումը ստիպում են յուրաքանչյուրին հնար գտնել գոյը պահպանելու համար: Սակայն ոչ տատն էր հետաքրքրում անցորդներին եւ ոչ էլ նրա հնացած ռուսերեն գրքերը: Անգամ վայրենի համակեցության մեջ բոռ ու տիզ ազգերը նպատակային նշանակություն ունեն, բայց պառաված ազգերը` երբեք: Իմ առջեւ մի ոտքով գերեզմանում գտնվող Հայաստան տատս էր: