статьи

Կիևն ու իր Մայդանը

Այս օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում են հայտնվել Ուկրաինայում ընթացող հեղափոխական զարգացումները: Այնտեղ կատարվող իրադարձությունները հուզում են նաեւ հայաստանյան գիտակից հանրությանը: Բոլորի համար ցանկալի է հասկանալ, թե ինչ է կատարվում հետխորհրդային այդ երկրում: Ի՞նչ է իրենից ներկայացնում կիեւյան Մայդանը, ինչպե՞ս է, որ արդեն ոտքի են ելել Ուկրաինայի մյուս քաղաքները, ինչո՞ւ այնտեղ քաղաքացիական գիտակցությունն ակնհայտ բարձր է մեր հանրության քաղաքացիական գիտակցությունից: Ինչո՞ւ, օրինակ, Ուկրաինայում հանրային լայն շերտերն անհաղորդ են այնպիսի տխմար մի թեզի նկատմամբ, ինչպիսին հանրային երեւույթները, իրադարձությունները, առանձին քաղաքացիների կամ խմբերի այս կամ այն վարքը «չքաղաքականացնելու» Հայաստանում մեծ կիրառություն գտած թեզն է:

Այս հարցերի պատասխանները հնարավոր չէ ստանալ, եթե հանրությունը զուրկ է պետություններում քաղաքական գործընթացները մեկնաբանելու բազային գիտելիքից, մարդկության պատմական փորձը հասկանալուց ու վերագնահատելուց, քաղաքական գիտելիքը իմաստավորելուց: Այդ տեսանկյունից Կիեւում եւ ուկրաինական մյուս քաղաքներում հանրային ընդվզումները հասկանալու, «Մայդանի» գործառույթը ըմբռնելու համար հիմնարար գիտելիք են մեզ մատուցում անտիկ դեմոկրատիայի զարգացման պատմությունն ու դրանցում քաղաքների դերի լուսաբանումը:

Ընդհանրապես հարկ է նկատել, որ մարդկության պատմության (բառի քաղաքակրթական իմաստով) առաջընթացի հիմքում մշտապես կանգնած է եղել քաղաքը: Քաղաքով է պայմանավորված եղել պետությունների առաջացումն ու զարգացումը: Քաղաքով է պայմանավորված եղել փոխադարձ օգուտի գաղափարի՝ հանրային գիտակցության մեջ մի նոր աստիճանի բարձրացումը, որն, արդեն, մարդկանց պարտադրում էր քաղաքացիական դիրքորոշում ու վարքագիծ դրսեւորել: Փոխադարձ օգուտի այդ նոր աստիճանը` համընդհանուր բարիքի գաղափարը, արդեն ուղղված չէր միայն նեղ` համայնքի բնակիչների շահերն ապահովելուն, այլ իր մեջ ներառում էր նաեւ սոցիալական տարբեր շերտերի շահերի համադրում:

Որպես կենդանի օրգանիզմ անտիկ քաղաքի բարձրակետը հնարավորինս ինքնաբավ եւ քաղաքական ինքնուրույնություն ունեցող պետության տեսլականն է եղել: Այդ նպատակին հասնելու համար պետությունը (քաղաքը) փոխադարձ որոշակի իրավունքների եւ պարտականությունների մեջ էր մտնում իր քաղաքացիների հետ: Կախված փոխադարձ կապի մեծությունից ու ամրությունից` պետությունները (քաղաքները), անկախ իրենց զբաղեցրած տարածքի մեծությունից, լինում էին հզոր կամ թույլ, բարգավաճ կամ աղքատ եւ այլն:

Ժողովրդավարական պետության հզորությունն, այսպիսով, ուղիղ համեմատական է իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների համառությանն ու ուժին, ինչպես նաև քաղաքացիների` իրենց պարտականությունները բարեխիղճ կատարելու ունակության մեծությանը: Այդ նպատակին հասնելու, ինչպես նաև նշված փոխադարձ կապի մեծությունն ու ամրությունն ապահովելու համար երբևէ ստեղծված ամենակենսունակ մեխանիզմը քաղաքացիների մասնակցությունն է եղել պետական կառավարմանը:

Պատմականորեն այնպես է ձևավորվել, որ քաղաքացիների մասնակցությունը պետական կառավարմանը ժողովրդավարական պետություններում իրացվել է երկու ճանապարհով: Պետության բնակչության քանակից կախված կիրառվել են կամ քաղաքացիների կողմից ուղղակի որոշումներ կայացնելու, կամ ներկայացուցչական մարմինների միջոցով պետական կառավարմանը մասնակցելու ձեւերը: Այդ իսկ պատճառով հատկապես հին ու միջին դարերում քաղաքներում (որոշակի վայրերում` համաքաղաքային հրապարակներում) գումարվել են ժողովրդական ժողովներ, որտեղ կայացվել են պետական նշանակության որոշումները, ընտրել են պետական պաշտոնեությանը եւ այլն: Պատմության նոր ու նորագույն շրջանում կիրառություն է գտել առավելապես քաղաքացիների՝ ներկայացուցչական մարմինների միջոցով պետական կառավարմանը մասնակցելու ձեւը: Սա ներկայիս ընտրական մեխանիզմների միջոցով բոլորիս քաջ հայտնի ճանապարհն է: Ժողովրդավարական պետության կառավարման այս երկու համակարգերի աղբյուրն, այսպիսով, պետության քաղաքացիներն են, որոնք օժտված են որոշումներ կայացնելու կամ ընտրելու իրավասությամբ:

Եթե ժողովրդական ժողովներում, քաղաքացիների ուղղակի մասնակցությամբ ու որոշումներ կայացնելով, երբեւէ հնարավոր է եղել առավել արդար պետական կառավարման հասնել, ապա ընտրական մեխանիզմները կեղծելու միջոցով բազում սրիկաներ տարբեր ժամանակաշրջաններում կարողացել են նաեւ ուզուրպացել (յուրացնել) իշխանությունն ու թուլացնել կամ անկման հասցնել շատ ու շատ պետություններ: Այդ իսկ պատճառով թե՛ անցյալում, եւ թե՛, առավել եւս, ներկայում ընտրական մեխանիզմների չգործելու պայմաններում քաղաքի (պետության) ու քաղաքացու փոխադարձ կապն ապահովող միակ հիմնական միջոցը դարձել են (դառնում են) այն նույն ժողովրդական ժողովները, որոնց միջոցով քաղաքացիները կարողանում են իրացնել պետական կառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը:

Պատմականորեն այնպես է ձեւավորվել, որ ժողովրդական ժողովները եւ նրանց մարմնացում քաղաքների հրապարակները բոլոր ժամանակներում երբեք չեն դարձել ամորֆ ու իմաստազուրկ, ժամանակավոր երեւույթներ: Օրինակ, ներկայիս եվրոպական քաղաքակրթության պորտալարը մեզ տանում է դեպի հենց անտիկ պոլիսի այն էներգետիկ դաշտը, որը հունական քաղաք պետություններում կոչվում էր ագորա, իսկ Հռոմում` ֆորում: Այստեղ էր կենտրոնացած հանրային կյանքը, որով էլ այն քաղաքի սիրտն էր դառնում: Ժողովրդական ժողովների ընթացքում ծավալվող քաղաքական սուր քննարկումներն ու դատական վիճաբանությունները հիմք հանդիսացան, որ ժամանակի ընթացքում «ֆորումին» տրվի նաև ներկայումս շատ կիրառական «քննարկումների վայր» իմաստը: Այս հրապարակներում, ինչպես ներկայիս կիեւյան Մայդանում, տեղ էին գտնում այնպիսի իրադարձություններ, որոնք դառնում էին ողջ քաղաքի ու պետության առաջընթացի հիմքը:

Այս օրերին Ուկրաինայում կատարվող դեպքերը ուկրաինական ազգային պետության կերտման, ինքնիշխանության հաստատման, քաղաքացիական հանրության լիարժեք ձեւավորման, քաղաքացիական իրավունքների նվաճման մի գործընթաց է: Իհարկե, մեծ է հավանականությունը, որ այս գործընթացը չի կարողանա քաղաքական լիարժեք հանգուցալուծման բերել` երկիրը կարող է մասնատվել: Ամեն դեպքում, այն ինչին կհասնի Մայդանում սկիզբ առած պայքարը, Ուկրաինայի ապագայի վրա մնայուն հետք կթողնի: Մասնատման դեպքում Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կկիսի Արեւելյան ու Արեւմտյան Գերմանիաների ճակատագիրը: Ժողովրդավարացող, արդիականացող ու հզորացող Արեւմտյան Ուկրաինան մշտապես ընդօրինակելի երկիր կդառնա Ռուսաստանի արդյունաբերական մեքենայի հումքային աղբյուր եւ կցորդ դարձող Արեւելյան Ուկրաինայի համար: Իսկ միացյալ Ուկրայինայի պարագայում, այն մարտահրավեր կդառնա Եւրասիայի հիվանդ անդամ հետամնաց Ռուսաստանի համար` ռուսական առաջադեմ հանրային խավերի մոտ դառնալով ընդօրինակելի պետական կառուցվածքի ու կառավարման ձեւի մշտական տիպար: Այդուհետ սլավոնական նոր լուսաբացը միգուցեեւ կրկին «Կիեւյան Ռուսիայի՞ց» սկսի: